Մենք` մեր ուժերով

0
5

Կառավարությունն էլ իր հերթին է աջակցում

Շնորհ

<<Ընկեր>>-ի զրույցը Արգել համայնքի ղեկավար Մաթևոս Ավագյանի հետ, որպես <<հնաբնակ>> ղեկավարի, ծավալվեց թե՛ աշխատանքային գործունեության և թե՛ ընկերության շուրջ: Ընդ որում, այդ զրույցն անկեղծ էր ու բովանդակալից:

-Համայնքը ղեկավարում եմ 1999 թվականից,- ասաց պարոն Ավագյանը:- Շուրջ երկու տասնամյակ, և այդ ընթացքում բավականին աշխատանք է կատարվել, խնդիրներն էլ քիչ չեն եղել: Այդ խնդիրներն ամբողջովին լուծել չի հաջողվել, ինչը ոչ միայն համայնքի հնարավորություններով է պայմանավորված եղել, այլև մեր երկրի ընդհանուր վիճակով: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Արգելը, քաղաքատիպ ավան լինելով և այդ հանգամանքից ելնելով` ժամանակին հարևան գյուղական բնակավայրերին զիջելով ունեցած հողատարածքները, միայն 1996 թ. է գյուղի կարգավիճակ ձեռք բերել` այդպես էլ սակավահող մնալով: Խոսքը շուրջ 3 հազար հեկտար վարելահողի մասին է, որից, այնուամենայնիվ, ընդամնեը 200 հեկտար անջրդի հողատարածք վերադարձվեց Արգելին: Կառավարության ծրագրով, մարզպետի անմիջական օգնությամբ, այն ջրարբիացվեց, դարձվեց ոռոգելի, և այսօր այգիներ են հիմնվում, սակայն, այդուհանդերձ, եղածը շատ քիչ է գյուղում ապրողի համար…

Համայնքապետի տեղեկացմամբ, գազաֆիկացում է իրականացվել, խմելու և ոռոգման ջրագծեր են անցկացվել: Կոմունիկացիոն անհրաժեշտությունները ժամանակի ընթացքում բավարար լուծում են ստացել: Ներհամայնքային ճանապարհները մշտական խնամք ու հոգատարություն են պահանջում: Արտաքին լուսավորությունը, բացառությամբ մեկ-երկու փողոցի, ապահովված է: Մի խոսքով, համայնքի բյուջեի սուղ միջոցներով արվել է ամեն հնարավորը, իսկ առավել ծախսատար ծրագրերի իրականացման գործում օժանդակել է կառավարությունը:

-Իրականացված աշխատանքներում,- շարունակեց Մաթևոս Ավագյանը,- մեծ դերակատարում ունի ընկերությունը: Ժողովրդական խոսքը շատ տեղին ու արդարացված է այստեղ` ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես: Իրոք, առանց ընկերների դժվար կլիներ: Դա զգացել եմ թե՛ մինչև գյուղապետ ընտրվելը, թե՛ պաշտոնավարման շրջանում: Եթե ցանկացած հարաբերությունում ընկերական մթնոլորտ չձևավորվի, ապա ինչ-որ բան հաստատ այն չի լինի, հաջողությունը լիարժեք չէ: Հայերիս պարագայում, առավել ևս, ընկերությունն արժևորված է: Մարդուն առանց ընկերոջ շատ դժվար է պատկերացնել: Չեմ սիրում, երբ ասում են լավ ու վատ ընկեր կամ ընկեր է, ընկեր չէ: Շատ ընկերներ ունենալը, ըստ իս, վերացական արտահայտություն է, քանի որ շատ հաճախ ծանոթին անգամ ընկեր են համարում: Դեմ եմ ընկեր հասկացության իմաստազրկմանը, չարաշահմանը: Ընկերդ քեզ համար կարևորագույն պահերին պետք է կողքիդ կանգնած լինի, առավել ևս` ուրախ առիթի դեպքում: Այս առումով շատ հաճախ եմ բանավիճում` պնդելով, որ ուրախություն կիսելն ավելի դժվար է, քանի որ մարդը պիտի կարողանա ընկերոջ լավով ուրախանալ, ինչը ձևական չի կարող լինել: Եթե հոգով ու սրտով չես արտահայտում դա, ապա անմիջապես զգացվում է: Այսինքն, ուրախությունը կեղծելն այնքան էլ հեշտ չէ, ինչը տխրության դեպքում մի փոքր այլ է` ստացվում է: Օգտվելով պատեհ առիթից, ընկերներիս ցանկանում եմ շատուշատ ուրախություններ, քանի որ այդպիսի առիթների դեպքում ես ինձ շատ լավ եմ զգում և, իրոք, սրտանց կիսում եմ այն ընկերներիս հետ: Անկախ ամեն ինչից, հարազատիդ նեղ օրվան պիտի հասնես, լինես նրա կողքին: Ծնող, երեխա, ընտանիք, ընկեր` սրանք այնպիսի բարձր ու թանկ  արժեքներ են, շատ բարձր հարթության վրա, որ չի կարելի համեմատության մեջ դնել: Ընկերությունը կյանքի ուրախություն է, շնորհ ու վայելք: Մեծ սիրտ ու հոգի պիտի դնել դրա մեջ, անսահման կամենալ ընկերոջդ` միշտ լավն ու բարին: Ամենամեծ շնորհը ոչ այնքան ընկեր ձեռք բերելն է, որքան այն պահել-պահպանելը: Ինչպես քո կյանքի լավագույն պահերն ու ակնթարթները, այնպես էլ ընկերությունը պիտի կյանքիդ անբաժան մասնիկը դառնա, մեջդ խորությամբ ներծծված լինի…

 

SHARE