Մեր երկրում էլ կարելի է հաջողության հասնել

0
100

Բանաձև

Եթե նվիրվում ես սիրածդ գործին, հավատով ու լավատեսությամբես լցված երկրիդ ապագայի հանդեպ…

watermarked_Exegnadzori pahaconeri gorcaran Sargis Poxosyan (1)  -Նախորդ տարվա հոկտեմբերին եմ ձեռք բերել գործարանը,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Եղեգնաձորի պահածոների գործարանի հիմնադիր տնօրեն Սարգիս Պողոսյանը:- Այս տարվա փետրվարից սկսել ենք շինարարական աշխատանքները և արդեն հունիսի 15-ից սկսել արտադրանք տալ: Ճիշտ է, կարևոր է քանակը, բայց մենք շեշտն ի սկզբանե դրել ու հետագայում էլ դնելու ենք որակի վրա: Եվ պատահական չէ, որ <<Արմպրոդէքսպո 2015>>-ին բարձր որակի համար ոսկե մեդալ շահեցինք: Արտադրում ենք, ընդհանուր առմամբ, 63 տեսակ` կոմպոտներ, հյութեր, մուրաբաներ և բանջարեղենային պահածոներ:

  Մեր հարցադրմանն ի պատասխան, պարոն Պողոսյանը նշեց, որ հիմնականում մթերելու են Վայոց ձորի միրգն ու բանջարեղենը, քանի որ այն համային ու որակական առանձնահատուկ հատկանիշներ ունի, պարզապես` շատ լավն է. <<Մեր արտադրատնտեսական գործունեության կարևոր նպատակներից մեկն այն է, որ խթանենք մարզի գյուղատնտեսության զարգացումը, ընդ որում` բերքի աճեցման սկզբնական փուլից սկսած: Կանգնենք հողագործի, գյուղացու կողքին և աջակցենք նրան, որպեսզի ի վիճակի լինի արդյունավետ վարելու սեփական տնտեսությունը: Նաև` մասնագիտական առումով ցուցաբերենք մեր օժանդակությունը և ամեն կերպ նպաստենք, որ հողի աշխատավորի եկամուտը, շահութաբերությունը հնարավորինս ավելանան: Գյուղացուն պիտի ճիշտ ուղղությունը ցույց տալ, կողմնորոշել, որպեսզի իր ծանր աշխատանքի արդյունքում ստացվածը նրա համար ապրուստի բավարար պայմաններ ապահովի: Մարդը պիտի իր ամբողջ երեսով դառնա դեպի հայրենի հողն ու ջուրը, սրտով ու հոգով նվիրվի հարազատ բնաշխարհի ծաղկեցմանն ու բարգավաճմանը: Ծրագրում ենք մեր տարածաշրջանի հողատարածքներում զարկ տալ օրգանիկ գյուղմթերքի մշակմանն ու արտադրությանը: Այս պարագայում, ինչ խոսք, կավելանա եկամտաբերությունը: Առհասարակ, եթե նկատի ենք առնում մեր մարզի սահմանամերձ լինելու հանգամանքը, ապա պետք է ամեն ձեռնարկում նպատակաուղղենք այն գերագույն, գերակա խնդրի լուծմանը, որ մեր բնակավայրերը հզորանան ու ամրապնդվեն, արտագաղթը կանխվի: Մի խոսքով, այստեղ ապրող մարդը պիտի զգա, ավելին` վստահ լինի, որ իր մասին մտածում են, իր թիկունքին կանգնած են, բազմակողմանի ուշադրության ու հոգատարության արժանանա: Այդ կերպ, ինչ խոսք, մենք մեր երկրի համար ապահով ապագայի հստակ երաշխիքներ ենք ստեղծում…>>:

  Ձեռնարկության ղեկավարն այնուհետև նշեց, որ դեռ նոր են մտնում շուկա, հետևաբար, շատ հարցեր ու խնդիրներ կարգավորելու  անհրաժեշտություն է զգացվում: Թողարկված արտադրանքն իրացվելու է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, ԱՄԷ-ում և այլուր: Արտադրանքի արտաքին տեսքին ևս մեծ ուշադրություն են հատկացնելու: Այո, պատշաճ որակը նաև պատշաճ փաթեթավորում, տեսք է պահանջում:

  Խոսելով ընկերության, դրա դերի ու կարևորության մասին, Սարգիս Պողոսյանն առանձնացրեց հետևյալը. <<Առանց վստահելի ու անշահախնդիր ընկերոջ անհնար է որևէ լավ գործ ձեռնարկել, հաջողության հասնել: Մարդը հզոր է իր շրջապատով, իր թիմով: Առանձին անհատը որքան էլ մարդկային բարձր որակներ ունենա, հզոր լինի, միևնույն է, եթե կողքին չունի կոմպետենտ մարդիկ, չի կարողանա լավագույնս ներկայանալ: Ընկերներիս մեծ մասը գալիս են մանկության տարիներից, ինչը ենթադրում է, որ այդ ընկերությունն ստեղծված է պարզ, մաքուր ու ազնիվ զգացմունքների վրա: Ամենամեծ խորհուրդն ընկերության հարցում ստացել եմ հորիցս: Նա ասում էր. <<Եթե դու ուզում ես ամուր ընկերություն ունենալ, ապա պետք է զիջող լինես>>: Փոխզիջումն, այո, ընկերության հարատևման գլխավոր երաշխիքներից մեկն է: Այսպիսի մի արտահայտություն կա. <<Արածդ 100 լավությունը մարդիկ հեշտությամբ մոռանում են, չարածդ մի բանն էլ չեն կարողանում մոռանալ>>: Սա, իհարկե, այնքան էլ ընդօրինակելի չէ ընկերական հարաբերություններում, եթե այսպես առաջնորդվես, ապա հաջողության չես հասնի: Դավաճանությունը բոլոր առումներով անընդունելի ու անհանդուրժելի է…>>:

   -Լրատվամիջոցների դերը մեր հասարակական կյանքում, ինչ խոսք, մեծ է,- ընդգծեց պարոն Պողոսյանը:- Բայց, ցավոք, չգիտես ինչու, դրանք հիմնականում հեղեղված են վատ, բացասական լուրերով, հոռետեսական կանխատեսումներով և այլն: Եթե այս տեսանկյունից մոտենանք նաև <<Ընկեր>> թերթի զարմանահրաշ գոյությանը, ապա այն, իրոք, աստվածահաճո գործ, առաքելություն է կատարում: Դրական զգացումներ ես ունենում այն ամենից, ինչը մատուցում է թերթն իր էջերում: Ապագայի հույս, հավատ ու լավատեսություն է առաջացնում, ինչն առավել ևս այսօր շատ կարևոր է մեր երկրի, մեր ժողովրդի համար: Ազգանվեր գործ է անում թերթը: Այո, անգնահատելի առաքելություն, բարի գործ եք կատարում և մեծ դերակատարում կարող եք ունենալ մեր հասարակական կյանքում: Համոզված եմ, որ երկրի իշխանությունների ցանկությունն էլ դա է` հավատի, վստահության մթնոլորտի ստեղծում, հանդուրժողականության ապահովում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսին այցելեց մեր ձեռնարկություն, ինչի արդյունքը եղավ այն, որ մատչելի, մեզ ձեռնտու վարկ ենք ստանում: Լավը ինչպես չնշես, ինչպես չլցվես հավատով, որ նման գործելակերպի արդյունքում լավ երկիր, զարգացած տնտեսություն ենք ունենալու: Տեղի իշխանություններն էլ, մարզպետի գլխավորությամբ,  պատրաստակամ մեր կողքը կանգնած են: Շատ կուզենայի, որ մեր մտածելակերպից ջնջվեր այն թեզը, որ առանց թիկունքի, առանց <<վերևների>> մեր երկրում հաջողության հասնելն անհնարին է: Թող իմ փորձը շատերի համար օրինակ լինի` առանց որևէ միջնորդության, առանց հավելյալ լծակներ օգտագործելու արտադրություն կազմակերպել, պետական օժանդակություն ստանալ…