Մեր զինվորն ուժեղ ու անպարտ է

0
34

Ճակատագիր

Նրա թիկունքին ողջ հայ ժողովուրդն է` միասնական բռունցք դարձած…

Խաչփարը (Արարատի մարզ), ինչպես մեր շատ համայնքներ, թեև սահմանագոտուց բավականին հեռու է, բայց այստեղ էլ զգացվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լարված իրավիճակի շունչն ու տագնապը: Թերևս, մի փոքր էլ ավելի, քանզի Խաչփարը նաև իր գիրկն է առել Թալիշից, Մատաղիսից, ինչպես և Մարտակերտից ժամանակավորապես տարհանված ընտանիքների:

-Խաչփարը,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում նախ ասաց համայնքապետ Շահեն Մարտիրոսյանը,- արցախյան պատերազմի սկսվելուց հետո` 1990-ական թթ. վերաբնակեցվել է գրեթե նույն ճակատագիրն ապրած մարդկանցով: Մենք ժամանակին մեր մաշկի վրա զգացել ենք հայրենի տուն ու տեղը թողնելու, թշնամու վայրագություններից մի կերպ խույս տալու անասելի ցավն ու դառնությունը: Այսօր ապաստանել ենք առնվազն 20 երեխայի (2 ամսակաԽաչփար փախստականնից մինչև 6-րդ դասարանցի)` իրենց մայրերի ու տատիկների հետ: Տղամարդիկ մնացել են դիրքերում` պաշտպանելու իրենց հայրենի հողը: Ընդունել ենք գրկաբաց, շրջապատել հոգատարությամբ և ապահովել հնարավոր ամեն ինչով…

Հրաչուհի Ռաֆայելյան (գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար).- Այդ ընտանիքների գալուն պես մենք նրանց կողքին էինք: Անմիջապես մտահոգվեցինք նրանց առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու խնդրով, եղած կարիքների բավարարմամբ: Այդպես` ամեն օր: Մեր ուշադրության կենտրոնում են բոլորը: Այնուհանդերձ, բոլորն էլ օր առաջ ուզում են վերադառնալ իրենց հայրենի տները…

-Ամենակարևորն այն է,- շարունակեց պարոն Մարտիրոսյանը,- որ ականատեսն ենք ճակատագրական ծանր փորձության պահին մեր ազգի համախմբմանն ու մեկ միասնական բռունցք դառնալուն: Գյուղում ընդամենը 1 ժամվա ընթացքում հավաքված օգնությունը` մոտ 30 արկղ, շատ արագ Արցախ ուղարկվեց: Ցուցակագրված կամավորների թիվը հասնում է 40-ի. առաջինը ես եմ, նաև որդիս է` բոլորս էլ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ռազմաճակատ մեկնելու պատրաստակամությամբ: Նաև ուրախ և հպարտ եմ զգում` տեսնելով մեր բնակիչների այն անկեղծ մղումն ու սրտագին նվիրումը, որով լցված են նման ծանր իրավիճակում հայտնված իրենց հայրենակիցներին ամեն կերպ օգտակար լինելու,  աջակցելու նպատակով: Հրաշալի ժողովուրդ ունենք, հրաշալի սերունդ է մեծանում: Մարդիկ իրենց, կարելի է ասել, վերջին 5 կամ հազար դրամը նվիրաբերում են այդ տարհանված ընտանիքների կարիքների բավարարմանը: Ամեն ինչ արվում է կամավոր, սրտի ու խղճի թելադրանքով: Գյուղապետարանն էլ իր հերթին և՛ դրամական օգնությամբ, և՛ ցանկացած հարցում սատար է կանգնում այդ ընտանիքներին: Թիկունքն ամուր ու ապահով պետք է լինի, որպեսզի առաջին գծում կանգնած զինվորի մարտական ոգին բարձր լինի: Ինչ խոսք, անչափ ցավալի են այն կորուստները, որոնք կրեցինք ազերիների ոտնձգության հետևանքով, բայց և չենք կարող ոգևորություն չապրել` տեսնելով մեր ժողովրդի միահամուռ պոռթկումն ու անպարտ, ըմբոստ ոգին…

Մեր զրույցը համայնքապետի հետ ընդհատվեց, երբ վերջինս հեռախոսազրույց ունեցավ Արցախի մարտական դիրքերում, զինվորների կողքին գտնվող գյուղի դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Վիկտոր Ստեփանյանի հետ: <<Ընկեր>>-ին նա ասաց. <<ԵԿՄ կազմում ժամանել ենք Արցախ, մարտական դիրքեր: Մասիսի տարածաշրջանի 13 զինղեկ այստեղ ենք: Բոլորս էլ համախմբված մեր զինվորի կողքին կանգնած ենք: Թշնամին այս անգամ ևս տեսավ մեր ուժը: Մեր սահմանն ամուր է, ոչ մի քայլ չենք նահանջելու: Այսօրվա զինվորները մեզանից առավել են, ուժեղ ու պինդ: Բոլորն էլ պատրաստակամ օգնում են առաջնագծում կանգնածներիս, ինչը մեզ առավել գոտեպնդում է…>>:

Ի դեպ, Շահեն Մարտիրոսյանի դստեր` Արփինեի ուսանողական ընկերները ևս ինքնակամ ու սրտաբուխ միացել են արցախցի երեխաներին հոգատարությամբ շրջապատելու գործին: Իրենց հնարավորությունների չափով մայրաքաղաքից օգնություն են բերել գյուղ` նրանց համար:

Բնականաբար, առավել ակտիվ ու նախաձեռնող են երիտասարդները: Նրանցից Կարենն ասաց. <<Ով ինչով կարողանում` օգնում է: Մենք պատրաստակամորեն առաջին իսկ կանչի դեպքում կանգնած ենք յուրաքանչյուրի կողքին: Համակարգում ենք այդ օգնությունը, հավաքված միջոցները տեղ հասցնում…>>:

-Մատաղիսից ենք,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Օհանյանը:- Ամեն ինչ անսպասելի ու տագնապահարույց էր: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ վիճակում էին հատկապես երեխաները, երբ արկեր էին պայթում գյուղի վրա: 1992-ին ես այդ ամենը, կարելի է ասել, ապրել էի, տեսել, գիտեի, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Ճարահատյալ թողեցինք մեր տուն ու տեղը… Մեզ այստեղ շատ լավ են ընդունել, ջանում են ամեն կերպ գոհացնել, շրջապատել են հոգատարությամբ, բայց մեր ուշքն ու միտքն այնտեղ է: Շատ շնորհակալ ենք գյուղի ղեկավարությունից, գյուղապետից, որ մեզ շատ ջերմ է վերաբերվում, ամեն օր գալիս է, անկեղծ հետաքրքրվում մեր վիճակով: Շնորհակալ ենք բոլորից, որ մեզ օգնում, հույս ու հավատ են ներշնչում: Երեխաները որևէ բանի կարիք չունեն, դպրոց են հաճախում… Մեր ժողովուրդը շատ փորձություններ է տեսել, ծանր օրեր ապրել, և պիտի հավատանք, որ սա էլ կանցնի, որ Արցախը վերջնականապես անվտանգ, ազատ ու անկախ ապրելու իրավունք կնվաճի: Ես հավատում եմ, բոլորն էլ հավատում են, որ մեր ազգի արդար դատը կհաղթի վայրենի ու բիրտ ուժին, որ թուրքը մի օր, ուզի թե չուզի, կհամակերպվի իրականության հետ և մեզ հանգիստ կթողնի…:

Լիլիթի սկեսուրը` Ալվինան, չկարողացավ զսպել հուզմունքը. <<Մեզ այստեղ, ճիշտ է, լավ ենք զգում, բայց ես իմ հողն ու ջուրն եմ ուզում, ուրիշ ոչինչ: Թող խաղաղություն լինի, և ես իմ ընտանիքի հետ վերադառնամ տուն>>

SHARE