Մեր խնդիրներն ինքներս պիտի լուծենք

0
31

Հոգածություն

Համախմբված ու համերաշխ աշխատելով, բերք ու բարիք արարելով

<<Լինում են մանկության, աշխատանքային, ծառայողական ընկերներ: Ընկերոջը պիտի սիրես, հարգես, վստահես: Փառք Աստծո, ես այնպիսի ընկերներ ունեմ, որ եթե, ասենք, դժվար պահերին ծնողներիս, ընտանիքիս հետ չկիսվեմ, ապա ընկերոջս հետ անպայման կկիսվեմ: Ընկերություն անելը շատ լավ բան է, երբ կարողանում ես սրտիդ խոսքը, գաղտնիքը ընկերոջդ վստահել, երբ դժվար կացության մեջ ես հայտնվում ու ելքեր չես գտնում, զրուցելու, թեթևանալու ցանկություն ես ունենում: Ընկերությունը նվիրում է պահանջում: Հին ընկերների նկատմամբ վստահություն կա: Երբ ընկերոջ հետ ճանապարհ ես անցել, ռազմի դաշտ գնացել, բնական է, այդ ընկերոջը պիտի ավելի տեղ տաս, վստահես…>>,– ընկերության վերաբերյալ այսպես արտահայտվեց Մարտիկ Թևոնյանը` Արարատի մարզի Արալեզ համայնքի ղեկավարը:

Պարոն Թևոնյանը համայնքապետ է ավելի քան քառորդ դար` 25 տարի: <<Ընկեր>>-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում պաշտոնավարման նման երկարակեցությունը, այսպիսի պատասխան հնչեց. <<Ես այս գյուղում եմ ծնվել, մեծացել, գյուղս սիրում եմ, անմնացորդ նվիրվել եմ ու իմ պարտականությունները կատարել եմ: Անմնացորդ ծառայել եմ պետությանն ու իմ ժողովրդին: Ժողովրդի ուրախությունների մասնակից եմ եղել, տխուր պահերին իրենց կողքին եմ եղել, ինչից ելնելով էլ ժողովուրդն իր գնահատականն է տալիս` վստահելով իր քվեն: Պիտի համայնքիդ ժողովրդին վստահես. եթե վստահություն եղավ, ուրեմն արդյունք էլ կլինի, աշխատանք էլ կլինի: Գյուղն իր կոլորիտով, իր դժվարություններով, լավ օրերով ապրում է` մեկը մյուսի վրա հույս դնելով: Մեր խնդիրները մենք մեր ուժերով պիտի լուծենք: Համայնքային բյուջեն կարողանում ենք ամեն տարի կատարել, մեր առջև դրված խնդիրները` նույնպես: Գյուղում հուշարձան չունեինք: Հայոց ցեղասպանության 100-ամյա հոբելյանի առթիվ հուշարձան համալիր կառուցեցինք…>>:

Արվածի կողքին ունեն նաև խնդիրներ: Ճանապարհները վատ վիճակում են, տեղումների ժամանակ անհարմարություններ են առաջացնում, բայց և կամաց-կամաց համայնքի միջոցներով պետք է բարեկարգվեն: Այս մտահոգությունն արտահայտելով, համայնքապետը նաև այն համոզմանն է, որ եթե բնակիչն ինչ-որ հարցով դիմել է ղեկավարին, ապա վերջինս թող մի պահ իրեն դնի դիմացինի դրության մեջ և խղճի մտոք, հնարավորության սահմանում, օրենքի տառին համապատասխան սատար կանգնի նրան. <<Գյուղը երեխայիդ նման պիտի սիրես, և դրա պատասխանը ժողովուրդը, բնականաբար, տալու է: Բոլորս ուս-ուսի տված պիտի համայնքը կառուցենք: 24 ժամ հասանելի եմ բնակչիս համար: Պետական ատյանների դռները ծեծելով` փորձում եմ լուծել գյուղիս ու գյուղացուս բոլոր խնդիրները, անգամ` անձնական: Թող մեր երկրին խաղաղություն լինի, մենք էլ կաշխատենք, համախմբված բերք ու բարիք կստեղծենք…>>:

Գյուղի մշակույթի տան տնօրեն Լուսինե Մավիյանը մեզ հետ զրույցում հետևյալն ասաց. <<Արալեզը, 2013 թ. Գյումրիում և Վանաձորում մասնակցելով ԱՊՀ երկրների հետ համատեղ Արտէքսպո ցուցահանդեսային միջոցառմանը, ճանաչվել է մշակութային լավագույն համայնք: Դրան նվիրված ֆիլմ է նկարահանվել, որտեղ ներկայացվում է Արալեզ համայնքի մշակութային արտադրանքը: Ունենք քանդակագործ վարպետ, ով հայտնի է իր աշխատանքներով: Շատ շնորհալի երեխաներ ունենք, որ սովորում են Թերլեմեզյանում: Պարոն Թևոնյանի ղեկավարման շրջանում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել: Ողջ գյուղը գազաֆիկացվել է: 2015-ին կառուցված հուշարձան համալիրը գյուղի ամենասիրելի վայրերից մեկն է դարձել: Ունենք բուժամբուլատորիա, մշակույթի տուն, հրաշալի դպրոց: Համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք և ինչով հպարտանում ենք: Մանկապարտեզ չունենք, բայց ունենք նախակրթարան: Ամեն ինչ արվում է, որպեսզի համայնքի բնակչի համար հնարավորինս լավ լինի: Պարոն Թևոնյանը շատ անհանգիստ մարդ է, պատասխանատվության մեծ զգացում ունի, գիշերն էլ չի քնի, եթե համայնքում ինչ-որ բան այն չէ կամ կիսատ մնացած գործ կա: Պահանջկոտ է, բայց ոչ մանրախնդիր: <<Զարթոնք>> պարային համույթի /75 սան/ բոլոր հագուստների ծախսերը հոգում է համայնքի ղեկավարը: Ունենք բոլոր տարազները: Մշակութային, մարզական միջոցառումները խրախուսվում են, համայնքապետարանը միջոց չի խնայում այդ նպատակի համար: Երգչախումբ ունենք, այլ խմբակներ: Ինչ որ արվում է, արվում է առավելագունս լավ: Բոլորն իրենց ուժերը ներդնում են, որպեսզի արդյունքը լավ լինի և գոհացնի ընդհանուրին…>>:

 

SHARE