Մեր հավատարիմ ընկերն ու բարեկամը

0
12

watermarked_Ebrem Bagratich   Շատ խառնակ ժամանակներ ենք ապրում: Մի կողմից` զեխ ու շվայտ ծախսեր, մյուս կողմից` մի կտոր հացի համար դաժանագույն պայքար:

  Որպես նախկին կուսաշխատող, ով իր ժամն ու օրը չի պատկերացրել առանց հանրօգուտ աշխատանքի, չի կարող մոռանալ ժողովրդի արարումները, Հայաստան հայրենիքի ծաղկումն ու զարգացումը: Իսկ ինչ է կատարվում այսօր: Ուր են այնպիսի ուժերը, որոնք ոչ հեռավոր ժամանակներում Հայաստանը փրկեցին անհետացման վտանգից, կարողացան շունչ հաղորդել երկրին, իրենց մտքի ու մկանների ուժով հիմնել արդյունաբերական հսկաներ, ծաղկեցնել գյուղը, զարկ տալ գիտությանը, մի խոսքով քայլ պահել աշխարհի զարգացած երկրների հետ:

 Իսկ հիմա…

  Փողի համար պայքարը դարձել է գերխնդիր ու բարոյական առանցք: Եվ դրա սահմռկեցուցիչ հետևանքը` կաշառակերություն ու չքավորություն, արտագաղթ ու համատարած հիասթափություն:

  Բարեբախտաբար միշտ էլ պատահում են մարդիկ, ովքեր կամովին որդեգրվում են խավարը ցրելու նվիրական գաղափարի` սեփական մոմը վառելով…

  Այսպես. հինգ տարի առաջ հնչեց նորաստեղծ <<Ընկեր>>թերթի ձայնը` մարդկային թմբիր, անընկալություն, նվաստացում ու վեհություն ցրող, հուսահատվածներին դեպի վեհության լուսավոր գագաթները տանող ձայնը:

  <<Ընկերը>>համառորեն որոնում է նրանց, ովքեր մեր դժվարին ժամանակներում կարողանում են հաղթահարել ներկայիս տառապալից պայմանները, գտնում է (ավելի ճիշտ հայտնաբերում է) նրանց, ովքեր չեն մոռացել, որ իրենց Վաստակած հացի թեկուզ մի պատառը, թող որ գուցե և շատ փոքր, պատկանում է կարիքավորին, նրան, ով զրկված է հող մշակելու, իր հացը սեփական քրտինքով վաստակելու վաղնջական հնարավորությունից:

  Ինձ համար հաճելի անակնկալ էր թերթի 1-ին համարի առաջնորդողը: Խմբագրությունը խոստանում էր պատմել մեր օրերում փնտրվող իսկական ընկերության ու բարեկամության դրսևորումների մասին:

  Խմբագրությունը խիզախորեն ստանձնել է մեր օրերի մամուլի քամահրած թեմատիկները, տուրք չի տալիս ասպարեզը գրաված օրապակաս հարցազրույցների համաճարակին:

  Գաղտնիք չէ, որ շատ թերթերի եռանդաշատ, բայց թոթովախոս լրագրողները` զինված ժամանակակից ձայնագրիչներով, հաճախ մատուցում են էժանագին էֆեկտավոր դատարկություններ, ասես բնավ չմտահոգվելով, որ ասելիքն ունենա հրատապության, խորության, առավելագույն հասարակական հնչեղություն:

  <<Ընկերը>>բարեբախտաբար փորձում է հրաժարվել այս գործողությունից, հատկապես այն թեմաներից, որոնց հասարակական արժեքը գրեթե զրոյական է:

   Խմբագրությունը մեկընդմիշտ կանխորոշել է իր տեղն ու դերը զինել պարտքի ու պարտականության հաստատ գիտակցությամբ, այն է` ծառայել աշխատավոր մարդուն: Թերթը հետևողականորեն որոնում է ու գտնում աշխատանքային հաջողություններ արձանագրած, ավաղ, այն սակավաթիվ ղեկավարների, ովքեր դառնում են իրենց համայնքների ճշմարիտ ընկերն ու օգնականը, համախոհների հետ լծվում դժվարությունները միասնաբար հաղթահարելու գործին, բաց ճակատով ներկայանում համերկրացիների քննախույզ հայացքին:

  Շատ դժվար է մեր օրերում հանդիպել իսկական ընկերոջ ու բարեկամի:

  Ահա հենց այդպիսինն է <<Ընկեր>>անունը արդարացնող թերթը, որն այսօր տոնում է իր ծննդյան հնգամյակը:

  Կարդալով թերթի համարները, մի տեսակ թեթևություն ես զգում, որ ներկայիս շահասիրական ժամանակներն այնուամենայնիվ չեն կարողացել ապականել մարդկային հոգիները… Ուրախանում ես` հանդիպելով մարդկանց, ում կապում են համայնքային, ասես թե համայնական շահերը, համատեղ ջանքերով կառուցում դպրոց, ջրագծեր ու ջրանցք, հովանավորում ուսումնածարավ երեխաներին, աջակցում անօգնական ծերերին, մի խոսքով` կատարում հանրօգուտ, ազգաշահ աշխատանքներ, որոնք ոչ հեռու ժամանակներում թողնված էին պետության իրավասությանը:

  Թող առաջիկա բոլոր տարիներին նույն ավյունով իրականացնի իր քարոզչական-տեղեկատվական առաքելությունը, այսօր իսկ արդեն իրոք սիրված ու փնտրվող <<Ընկերը>>…

  Մեր շնորհավորանքն ու ջերմ ձեռքսեղմումը քեզ, հարգելի <<Ընկեր>>:

Եփրեմ Թադևոսյան

Եղեգնաձորի պատվավոր քաղաքացի

SHARE