Մի՛ վարկաբեկեք շինարարի համբավն ու հեղինակությունը

0
1

Պատասխանատվություն զգացեք գոնե ձեր խղճի առաջ և խուսափեք աններելի աղավաղումներից

Հորդոր

-Մոտ 50 տարվա շինարար եմ,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց <<Հայր և որդի Բեգլարյաններ>> ՍՊԸ հիմնադիր Վոլոդյա Հովհաննիսյանը:- Աշխատել եմ ընդամենը 3 տեղ. նախ` շինկազմակերպություն, ապա <<Գյուղշինտրեստ>> և Էջմիածնի քաղաքապետարանի ջեռուցման վարչություն` գլխավոր ինժեներ, տնօրեն, իսկ արդեն 1990-ից` շինվարչության պետ: Այնուհետև` սեփականաշնորհում, և <<Հայր և որդի Բեգլարյաններ>> ընկերության կազմավորում: Երկար տարիներ զբաղվում ենք շինարարությամբ: Վերջին 10 տարում աշխատել ենք ֆրանսիացիների հետ, ավելի շուտ` <<Պեռնո Ռիկարի>>, կատարել նրա բոլոր պատվերները: Ներկայումս նաև բետոնի, պանելի, եվրոդռների ու պատուհանների արտադրություններ ունենք: Հիմա շատ դժվար է, առանձնապես` շինարարության համար: Այսօր գոնե, փառք Աստծո, փոքրիշատե գործ ունենք: Շուրջ 10 մարդ զբաղված է: Էջմիածնում ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կառուցվում է ստադիոն, և արդեն 1 տարի է` այդ նպատակով մեր բետոնն ու պանելն են օգտագործում: Նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցում կատարվող շինարարությանն ենք նյութեր մատակարարում, ինչպես նաև մասնավոր սեկտորին: Երևանում ՊՆ բնակելի շենքի կառուցմանն ենք մասնակցում` դռներ ու պատուհաններ մատակարարելով: Դժվարություններն այսօր, ինչ խոսք, շատ են: Նախկին ծավալներն էապես նվազել են: Մեր ժամանակներում ով ասես շինարար է դարձել, ավելի շատ խնամի-ծանոթ-բարեկամ կապն է գնահատվում, քան իսկական գործը: Տենդեր շահելը խնդիր է դարձել մեզ նման շինկազմակերպության համար, այն պատճառով, որ պատահական մարդիկ են հայտնվել ասպարեզում և եղանակ են ստեղծում: Վերցրել են իրենց ձեռքն ամեն ինչ և ինչ պատահի` միայն իրենք են անում: Դրանց կառուցածներին էլ նայում ես` <<լացդ>> գալիս է, ամաչում ես, որ շինարար ես…

Դժվար չէ հասկանալ վաստակաշատ շինարարի արդարացի դժգոհությունն ու զայրույթը, ով մասնագիտական պատվախնդրությամբ է լցված և շատ լուրջ կազմակերպություն է ղեկավարում: Ժամանակին նրան այնպիսի պատասխանատու աշխատանքներ են վստահվել, ինչպիսին, օրինակ, <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով Էջմիածնի տարածաշրջանի 12 համայնքի ոռոգման ցանցի անցկացումն էր` մոտ 2 մլն դոլար արժողությամբ շինարարություն. <<Ցավալի է, որ ոլորտն այսօր այս վիճակին են հասցրել: Պրոֆեսիոնալները հետին պլան են մղվել: Հեշտացել է լիցենզիա հանելը: Ծիծաղելի է հնչում, բայց, ասենք, 200 դոլարով կարելի է շինկազմակերպություն բացել, իհարկե, թղթի վրա, զուտ` անձնական քմահաճույքով: Փեսան կամ քավորն էլ որ պաշտոնի եղավ, վե՛րջ, լիքը <<պատվերներ>> կունենա և կսկսի շինարարություն անել: Որքան էլ վարչապետն ասի` արդար, արդար, միևնույն է, տենց բան գոյություն չունի: Ինքը վերևում է, ուզում` ասում է, բայց ներքևում չի կարողանում, չեն կարողանում: Թող մարդու կենսագրությանը նայեն, հետո միայն գործեր վստահեն: Տենդերը դնում են, ասենք, 1 մլն դրամ, գալիս են 50 տոկոս էժան դնում` տանում են, ինչի հետևանքն այն է լինում, որ որակով աշխատանք չեն անում, հետո սկսում են վերականգնել` իբր, սխալվել ենք: Չեն կարողանում աշխատանքն ավարտել, ինչպես կկարողանան, երբ մի բանի արժեքը, ասենք, 1000 դրամ է, բայց 500 դրամով սարքեն. հնարավոր չէ: Հետաքրքիր է, որ այդ տենդեր տվողները չեն ասում` այ ընկեր, դու ոնց կարող ես քո առաջարկած գումարով այդ գործն անել: Իրոք, ցածր գնով անհնարին է որակյալ, ընդունված նորմերին համապատասխան աշխատանք կատարել, անպայման կեղծ մի բան, խաբեություն կամ անազնիվ արարք կա: Ո՜վ է տեսել նման բան. թող 5 կամ 10 տոկոսի տարբերությամբ լինի շահույթը: Շինկազմակերպությունը իրավունք ունի 10 տոկոս շահույթ ստանալ, թող 10 չստանա, 5 կամ 3 ստանա, այդ տատանումը պետք է լինի, բայց որ 50 տոկոս` դա աներևակայելի ու անհնարին է: Այսօր տենդերները 30-50 տոկոսով էժան են դնում, և դա պատվիրատուներն էլ ստիպված ընդունում են, քանի որ օրենքն ասում է` ով էժան է դրել, նրան ենք տալիս, բայց հետո պարզվում է, որ իրենց մարդիկ են շահել: Ահա թե ինչու չեմ հավատում, որ այսօր տենդեր ասածը իրոք գործում է: Իմ խոսքերին տեր եմ, կարող եմ վարչապետին անձամբ դա ապացուցել: Թող նայեն տենդերներ շահած շինկազմակերպությունների աշխատանքները, ամեն ինչ ձախողված, տապալված է: Ամեն ինչ` մեզ, մեր բարեկամներին, դրա համար էլ երկրում մարդ չի մնացել, ժողովուրդն էս օրին է… Մասնագետ ենք ման գալիս` չկա: Բոլորը դրսերում են: Շատ վատ է, շինարարությունը հետին պլան է մղվել: Խոշորացրել են մի քանի կազմակերպություններ և իրենց ձեռքը վերցրել ամեն ինչ: Հսկայական շրջանառություն ունեն, միլիոնների եկամուտներ են ստանում: Տենդերն էլ են իրենք շահում, եղած պատվերներն էլ… Իսկ մնացածներն ի՞նչ անեն, չաշխատե՞ն: Էջմիածնում, օրինակ, մեկ-երկու կազմակերպություն կա տենդեր շահող, էն էլ պարզ է, թե ումն են: Մնացածը` բախտի քմահաճույքին մատնված, գործ չունեն: Իսկական շինարարին այսօր մի կողմ են թողնում, նրան անգործության մատնում` փոխարենն իրենց շահադիտական նկրտումներն առաջ մղելով: Իսկ դրա արդյունքը տեսնում ենք` անորակ, անպիտան շինարարություն, շինարարի, կառուցողի բարի անվան ու համբավի ուղղակի վարկաբեկում: 1930-ական թթ. որակի շինարարություն են անում, որպեսզի էժան լինի, ինչը գալիս է իրենց դրած տենդերներից: Շինարարական նորմերն անտեսվում են: Էջմիածնում, նկատի ունեմ եկեղեցու տարածքը, շինարարության ոլորտը բարձիթողի վիճակում է, ոչ մի լավ բան: Նրա հնամենի ճարտարապետական դեմքն անգիտակցաբար աղավաղում են: Համայն հայության հոգևոր մայրաքաղաքն արժանի չէ նման վերաբերմունքի…>>:  

Վոլոդյա Հովհաննիսյանի խոստովանությամբ, եթե նորից ծնվեր, ապա նորից շինարար կուզենար լինել: Նրա համոզմամբ, շինարարն աշխարհի ամենալավ մասնագիտությունն է, և ցավալի է, որ այսօր ոմանք վարկաբեկում են այն, ապականում շինարարի բարձր վարկն ու հեղինակությունը: Շինարարությունը դժվար, բայց հաճելի աշխատանք է: Ամենակարևորը` մնայուն ու հարատևող արժեք է: Իսկական շինարարը հոգի է դնում իր աշխատանքի, իր կառուցածի ու ստեղծածի մեջ: Եվ քանի որ որդին` Խաչիկն է իր գործը շարունակում, ուստի մշտապես հորդորում է նրան երբևէ տեղ չտալ անորակ ու անճաշակ աշխատանքին, խղճի առջև պատասխանատու լինել, ճշտապահ ու բարեխիղճ:

Անվանի շինարարն ու ոլորտի հմուտ կազմակերպիչ ղեկավարն իր հետքը, իր ձեռագիրը թողել է, մնայուն արժեքներ ստեղծել, այնպիսի ժառանգություն, որը միմիայն արժանի հպարտություն է առաջացնում: Թեև իր ամենօրյա լարված ու պատասխանատու աշխատանքում կորցրել է առողջությունը, այդուհանդերձ, այնպիսի ձեռքբերումներ է ունեցել, որ չի ափսոսում ոչնչի համար: Նրա խոսքով, լավ շինարարը վատ մարդ չի կարող լինել` կամեցող է, քչով բավարարվող, ուրիշի տունը չքանդող… Խոր ցավ է ապրում, որ մերօրյա կառույցներում ավելի շատ են  անճաշակությունը, անգիտակից և անպատասխանատու վերաբերմունքն ու ոչ պրոֆեսիոնալիզմը:

Անդրադառնալով շինարարների ընկերության հարցին, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ շինարարների մեջ շատ ազնիվ ընկերություն կար. <<Հիմա մրցակցություն է, թող չնեղանան, շատ էժանագին սպեկուլյատիվ բաներ կան, մարդկային գործոնը մի կողմ է դրված, և միայն` շահ: Իսկ նախկինում լուրջ մարդիկ էին շինարարները, այն ժամանակ ամեն ինչ իր տեղում էր: Ընկերություն էին անում, և մինչև հիմա էլ դա շարունակվում է, քանզի իսկական շինարարը նաև ազնիվ ու լավ ընկեր է: Բայց, հուսով եմ, այսօրվա մեր ապրած ժամանակը երկար չի տևի, վատն ու անազնիվը կանցնեն-կգնան, լավն ու արժեքավորը կմնան: Ժամանակն է խոսքից գործի անցնելու, ամեն մեկին իր տեղը ցույց տալու: Կգա, հավատացած եմ, նաև այդ ժամանակը: Լավ է լինելու, մարդիկ խելքի են գալու: Մտածելու են պատիվ, անուն ու հարգանք թողնելու մասին: Փողն, անշուշտ, լավ բան է, կարևոր անհրաժեշտություն, բայց չպիտի գերի դառնալ դրան, ամեն ինչում նյութական շահն առաջ չմղել: Բարություն արեք, մարդի՛կ, ձեր խղճին ու արդարությանը դեմ մի գնացեք: Ի՞նչ եմ ցանկանում: Ուզում եմ, որ երկիրս լցվի հայրենասեր, աշխատող, գործն առաջ տանող, համեստ ու արժանավոր մարդկանցով և որ լավագույնները գնահատված լինեն…>>:    

SHARE