Միայն բարձր որակի ապահովման դեպքում

0
1

Կարող ենք պատվախնդիր լինել գործընկերային մեր հարաբերություններում

Արտադրություն

<<Նիգ>> ԲԲԸ /քաղաք Ապարան/ խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Ռաֆիկ Ղազարյանի հետ <<Ընկեր>>-ի զրույցը ընկերության և նրա գործունեությանն առնչվող հարցերի շուրջ է:

-Ես ձեռնարկությունում աշխատել եմ հենց սկզբից,- ասաց պարոն Ղազարյանը:- Արդեն մոտ 50 տարի է: Նախկինում` ռադիոտեխնիկական իրերի գործարանն էր, որը 1995 թ. սեփականաշնորհվելուց հետո դարձել է բաժնետիրական ընկերություն: Հիմնականում մասնագիտացվել է ռադիոսարքերի արտադրության մեջ: Տվյալ սարքերն արտադրվում և առաքվում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին: Դա, բնականաբար, կատարվում է մեր պաշտպանության նախարարության միջոցով: Ունենք զինվորական հսկիչ` ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի հսկողությամբ էլ ամբողջ արտադրանքն ուղարկվում է ՌԴ: Այնտեղ գործում է մեր պաշտոնական ներկայացուցչությունը, որի միջոցով էլ հիմնականում հավաքագրվում են պատվերները: Արտադրում ենք 2-72 կոնտակտանի ռադիոսարքեր, էլեկտրական միացուցիչներ` շղթայում այդքան կոնտակտներ միացնել-անջատելու համար:

-Ի՞նչ կասեք մասնագետներով ապահովվածության խնդրի մասին:

-Ունենք շատ լավ մասնագետներ` փականագործներ, հավաքող բանվորներ, կարգավորողներ, ինժեներներ: Հիմնականում` շրջատաշ ավտոմատ հաստոցների կարգավորողներ և ավտոմատավարներ: Աշխատողների թիվը հասնում է 60-ի: Առայժմ, ճիշտ է, մասնագիտական առումով, այսպես ասած, չենք խեղճանում, բայց գնալով այդ խնդիրը բարդանում է` անհանգստության տեղիք տալով: Այն իմաստով, որ երիտասարդությունը չի ձգտում դեպի արտադրություն: Դա, ընդհանուր առմամբ, մեր երկրի համար այսօր լուրջ խնդիր է դարձել: Հնարավոր ամեն պայման ստեղծում ենք, որպեսզի երիտասարդը, մեզ մոտ գալով, իրեն հարմարավետ զգա և կապվի արտադրությանը: Աշխատավարձը 70-140 հազար դրամի սահմաններում է: Աշխատողները ճանապարհածախսի խնդիր չունեն` տրանսպորտ ենք հատկացրել նրանց տեղափոխելու համար: Նորմալ աշխատանքային հարաբերություններ են ձևավորված, մարդկային մոտեցում ենք ցուցաբերում, մտնում մարդկանց դրության մեջ: Եթե ինչ-ինչ հարցով դիմում են, աշխատում ենք դրական լուծում գտնել: Բնականաբար, աշխատանքային կարգապահության, արտադրանքի որակի ապահովման հարցերում մեր խստապահանջությունը երբևէ չենք թուլացնում:

-Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպում, խոչընդոտներ ունենում:

-Պարզ է, որպես բաժնետիրական ընկերություն, պետք է շահույթ ապահովենք, ինչը սակայն միշտ չէ, որ հաջողվում է մեզ: Ջանում ենք աշխատատեղերը պահել, մեր բանվոր-մասնագետներին չկորցնել: Նյութերը ներկրում ենք Ռուսաստանից և այստեղ վերամշակելով ու պատրաստի արտադրանք դարձնելով` նորից այնտեղ ուղարկում: Դա հենց այնպես, հեշտ ու հանգիստ չի ստացվում, մանավանդ որ որակի հարցում էլ բարձր սահմանաձող ունենք: Աշխատում ենք որքան հնարավոր է բարձր որակի հումք ներկրել, որպեսզի խոտանի հավանականությունը նվազագույնի հասցվի: Քանի որ և՛ հումքի ներկրումը, և՛ պատրաստի արտադրանքի առաքումը հիմնականում կատարվում են օդային տրանսպորտի միջոցով, ուստի վերջնարդյունքում մեր ծախսն անհամեմատ մեծանում է: Էլի եմ ասում, մեր արտադրանքը պետք է անպայման որակյալ լինի, քանի որ օգտագործվում է ռազմական արդյունաբերության մեջ: Ամեն տարի Ռուսաստանի ՊՆ հատուկ ինստիտուտից հանձնաժողով է գալիս մեր գործարան, ատեստացիա անցկացնում այստեղ, ինչի հիման վրա էլ մեզ համապատասխան սերտիֆիկատ է հանձնվում: Դրանից հետո միայն կարող ենք պատվերներ ստանալ և ձեռնամուխ լինել դրանց կատարմանը: Մեզ ներկայացվող տեխնիկական բոլոր պահանջները պարտավոր ենք անթերի իրականացնել: ժամանակի ընթացքում կատարելագործության ենք հասցրել արտադրական գործընթացները և այսօր այնպիսի արտադրանք ենք տալիս, որը ոչ մեկ չի արտադրում: Ի վիճակի ենք նաև լայն սպառման առարկաներ արտադրել, բայց դրանց ինքնարժեքը բարձր է ստացվում, հետևաբար, շուկայի մրցակցությանն այս առումով չենք դիմանում:

-Հե՞շտ է, արդյոք, ռուսաստանցի գործընկերների հետ աշխատելը:  

-Նախ ասեմ, որ մենք ի վիճակի ենք ընդլայնելու արտադրության ծավալները, եթե, իհարկե, համապատասխան պահանջարկ լինի և պատվերների քանակն ավելանա: Որքան էլ ավելանա, միևնույն է, կկարողանանք արտադրել և գոհացնել մեր պատվիրատուներին: Ինչ վերաբերում է գործընկերային հարաբերություններին, ապա դրանք ջերմ ու կառուցողական են: Ռուսական կողմի հետ աշխատելը շատ հեշտ է: Պարտաճանաչ են, և խնդիրներ մեր միջև հիմնականում չեն առաջանում: Ահա թե ինչու նաև մարդկայնորեն ու ընկերական ենք մտերմացել միմյանց: Առանց դրա, ըստ էության, հնարավոր չէ:

-Արդեն կես դար այս ձեռնարկությունում եք, Ձեր կյանքի լավագույն տարիներն այստեղ եք անցկացրել, և դժվար չէ ենթադրել, որ ամուր թելերով եք կապված նրան: Ի՞նչ խոհեր ու մտորումներ եք ունենում այդ մասին մտաբերելիս:

-Խորհում եմ, որ այս տարիների ընթացքում ոչ այնքան կորցրել եմ, որքան գտել ու վաստակել: Գործարանը, կարելի է ասել, ինձ ամեն ինչ է տվել` մասնագիտական հմտություններ, բարձր որակավորում, կոլեկտիվի սեր ու հարգանք, ընկերական շրջապատ և այլն: Տվել է ամեն ինչ, այն ամենը, ինչն անհրաժեշտ է մարդուն կյանքում: Աշխատանքը գեղեցկություն է, աշխատանքն ամեն ինչ է, հասարակության մեջ մարդու դիրքն ապահովելու լավագույն միջոց: Շատ ընկերներ ունեմ: Ընկերությունով ապրող, ընկերությունը գնահատող մարդ եմ: Պետք է ասեմ, որ արտադրության մարդիկ իրենց մարդկային ու ընկերական որակներով շահեկանորեն առանձնանում են մնացածներից: Իրենց կարգապահությամբ, հարցերին մոտենալու, լուծումներ գտնելու, դիմացինին ընդունելու և ճանապարհելու յուրահատկությամբ: Եթե մարդուն պիտի պատասխանես` անկախ դրական է դա, թե բացասական, այնպես պիտի անես, որ նա գոհ հեռանա: Ընկերությունն անշահախնդրության դեպքում հաստատ կպահպանվի: Անշահախնդրություն` գումարած ազնվություն, մաքրություն… Ընտանեկան փոխադարձ մտերմությունը ևս դրա պահպանման ու հարատևման երաշխիք կարող է լինել:

Շատ ուրախ եմ, որ <<Ընկեր>> անվանմամբ թերթ գոյություն ունի: Նրան հարատևություն եմ ցանկանում` ինչպիսին մեր կյանքի բոլոր վսեմ ու գեղեցիկ արժեքների հարատևությունն է: Ընկերությունն ինքնին մեծ գաղափար է, որը պետք է կրել ու տանել արժանապատվորեն, հպարտությամբ, ինչը և տեսնում եմ <<Ընկեր>>-ի պարագայում…   

SHARE