Միասին, ձեռք ձեռքի`հօգուտ համայնքի զարգացման…

0
14
Համախմբում

 -Համայնքը ղեկավարում եմ 2010 թվականից,- մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Մեծամորի գյուղապետ Էդվարդ Միրզոյանը:- Այս տարիներին իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ: Կան նաև խնդիրներ, որոնք պետք է լուծվեն առաջիկայում: Այդ խնդիրների լուծման, ինչպես նաև այլ գլոբալ ծրագրեր իրականացնելու նպատակով կրկին առաջադրել եմ թեկնածությունս մարտի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Արված գործերից նշեմ մի քանիսը: Խճապատվել են գյուղամիջյան և դաշտամիջյան բոլոր ճանապարհները. այնպիսի վիճակ էր, որ անգամ թրթուրավոր տրակտորները չէին կարողանում անցնել այդ ճանապարհներով և մարդկանց տեղափոխել: Խճապատվել է գերեզմանատան տարածքը, ծառեր են տնկվել: Գրեթե 50 տոկոսով լուսավորվել է գյուղը: Վերանորոգվել է մշակույթի տան տանիքը և մի հատված, որտեղ գյուղապետարանն է: Տեղադրվել են կանգառներ: Նշվում են բոլոր տոները: Փոխվել է մանկապարտեզի տանիքը և պատուհանների մի մասը: Ամբողջական վերանորոգման ու նորացման դեպքում մեծ գումար կպահանջվի, ինչի հնարավորությունը մենք, ցավոք, չունենք: Այստեղ մեծապես զգացվում է կառավարության աջակցության կարիքը, որպեսզի շուտ կարողանանք ավարտել այդ աշխատանքները, այլապես մեր բյուջեի հնարավորություններին ապավինելու դեպքում հազիվ կարողանանք մի քանի տարում գործը գլուխ բերել: Մանկապարտեզի տարիքի մոտ 80 երեխա ունենք, ահա թե ինչու այն գործարկելը հրատապ անհրաժեշտություն է դառնում: Ստիպված հարևան գյուղերի մանկապարտեզներ են հաճախում: Վերոնշյալ աշխատանքները կատարվել են համայնքի բյուջեի միջոցներով, ինչպես նաև մեր բնակիչներն են իրենց աշխատանքով մասնակից դարձել այդ ամենին: Ոռոգման ջուր ունենք: Ճիշտ է, մի քիչ թանկ է <<նստում>> մեզ վրա, քանի որ պոմպերով է մղվում, բայց գյուղացիներն օգտվում են: Խմելու ջուրն արտեզյան է, նույնպես պոմպերով է մղվում: Ջրի ընդհանուր պաշարները պակասել են, այլևս ինքնաշատրվանող չեն, ահա թե ինչու պոմպերի միջոցով է տրվում խնդրի լուծումը: Առաջադրել եմ թեկնածությունս, որպեսզի կիսատ գործերն ավարտի հասցնեմ: Վերընտրվելու դեպքում առաջնահերթ մանկապարտեզի խնդրին լուծում կտամ…

     Պարոն Միրզոյանն այնուհետև հավելեց, որ գյուղն ընդհանրապես բնական գազ չի ունեցել, և այսօր այդ խնդրի լուծումն իրենց ուժերից վեր է: Դիմել են վերադաս մարմիններին, որպեսզի միջամտեն կամ օգնեն ներգրավվելու որևէ ծրագրում: Բնական գազի բացակայության պատճառով մարդիկ էլեկտրաէներգիայից են օգտվում, ձմռանն ամսական մոտ 12 մլն դրամ հոսանքի վարձ ենք մուծում, այն դեպքում, երբ հարևան մեծ բնակավայրերը դրա կեսի չափ անգամ չեն վճարում: 
   1450 բնակիչ ունի Մեծամորը: Գյուղացին հիմնականում զբաղվում է հողագործությամբ, չնայած համայնքի հողատարածքները քիչ են: Համայնքապետին իր դժվարին աշխատանքում օգնում են ինչպես գյուղացիները, այնպես էլ ընկերները: Փոխըմբռնման մթնոլորտ կա գյուղում, փոխադարձ հարգանք է տիրում: Պարոն  Միրզոյանն իր հերթին ջանում է առավելագույնս օգտակար լինել իր բնակիչներին, նրանց մենակ ու անօգնական չթողնել բազում խնդիրների դեմ հանդիման: Ցանկացած հարցով դիմելիս գտնում է որևիցե լուծում, երբեք չի անտեսում իր խոսքն ու խոստումները: Անում է, հասնում դժվարին իրավիճակում հայտնված համագյուղացուն: Սոցիալապես անապահով ընտանիքների օգնության համար համապատասխան գումար են նախատեսել, տրամադրում են խիստ անհրաժեշտության դեպքում: Առանձնահատուկ ուշադրության են արժանանում հաշմանդամները, ծնողազուրկ երեխաները, տարեցներն ու միայնակները: Կանգնած է բոլորի կողքին: Ոչ ոք անտեսված չէ: Գյուղացու խնդիրը հավասարապես նաև իրենն է: 
    Էդվարդ  Միրզոյանը թեև առաջիկա ընտրապայքարում մրցակից ունի, բայց համոզված է, որ գյուղացին  իր վստահության քվեն կրկին տալու է իրեն և համատեղ ուժերով ու ջանքերով լծվելու են Մեծամորի զարգացման ու բարգավաճման գործին…
SHARE