Միասնաբար ու համախմբված

0
17

Համայնքի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում

Փոխըմբռնում

   Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի համար կարևորն աշխատանքն է և պատրաստ է օրնիբուն նվիրվել իր գործին` որևէ հանգամանք հաշվի չառնելով: Չէ՞ որ ինչ էլ անես կամ չանես, երևում է, և բոլորն են տեսնում: 2012 թվականից է ղեկավարում համայնքը: Սկզբունքորեն դեմ է իր կատարածի մասին բարձրաձայնելուն` նշելով միայն, որ աշխատանքներ դեռ շատ ունի անելու և հուսով է ավարտին հասցնել բոլոր նախանշած ձեռնարկումները:

   Համայնքապետին մտահոգողը հիմնականում ճանապարհների խնդիրն է: Ջանում են ամեն ինչ անել, որպեսզի դրանք փոքրիշատե հարթ կամ բարեկարգ լինեն, բայց` ապարդյուն: Խճապատումն, ըստ էության, արդյունք չի տալիս, քանի որ անձրևների դեպքում փոսերն էլի ի հայտ են գալիս: Ելքն ասֆալտապատումն է, բայց համայնքի աղքատիկ բյուջեով դա հնարավոր չէ: Հուսով են, որ մարզպետի օգնությամբ շատ մոտ ապագայում ինչ-որ լուծում կգտնվի, և գոնե աստիճանաբար, փուլ առ փուլ, ի վերջո կունենան բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհ: Համենայնդեպս, խոստացել են մինչև տարեվերջ որոշակի քայլեր ձեռնարկել:

  Պարոն Գալստյանի խոսքերով, անկախ այդ ամենից, գյուղապետից նվիրված աշխատանք ու գյուղացու նկատմամբ ուշադրություն, հոգատարություն է պահանջվում: Բնակչի հետ բնականոն հարաբերություններ ապահովելն առաջնահերթ է: Նա հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում է, իր վերաբերմունքով ու մարդկային մոտեցմամբ ոգեշնչում, հույս ու հավատ ներշնչում համագյուղացիներին: Գյուղացին էլ փոխադարձաբար իր կողքին է, քանի որ հաշվի է նստում նրա կարծիքի, խորհրդի ու առաջարկների հետ: Համախմբված են, միասին են ձեռնարկում համայնքին վերաբերող քայլերն ու անելիքները: Եթե լավ նախաձեռնություն է, ապա բոլորն էլ միավորվում են դրա շուրջ, մեկտեղում ջանքերն ու հնարավորությունները:

   Ամենակարևորը` փոխադարձ պատրաստակամություն կա միասին հաղթահարելու առկա դժվարությունները: Լավ գիտակցելով, որ բոլոր խնդիրները միանգամից լուծել անհնարին է, թեկուզ փոքր առաջխաղացումն ու հաջողությունը ոգևորում են, լավատեսություն ներշնչում: Սամվել Գայստյանն իրեն միանշանակ համարում է իր գյուղացու ընկերը: Դա շատ կարևոր է, քանզի առանց այդպիսի հարաբերությունների ձևավորման, առանց այդպիսի մոտեցման այսօր որևէ հաջողություն չես կարող ակնկալել:

   Ընկերությունը, Ս. Գալստյանի խորին համոզմամբ, մաքրություն ու անկեղծություն է պահանջում: Ունեցած շատ ընկերների հետ հենց այդ առաջնահերթությամբ էլ շփվում է: Հպարտ է իր ընկերներով և դա, իրավամբ, մեծ հարստություն, երջանկություն է համարում: Ընկերական մեծ շրջապատը տարիների ընթացքում է ձեռք բերել: Ընկերները տարբեր բնագավառներում են աշխատում, ինչն էլ օգնում է, որ նրանց օգնությամբ հարազատ գյուղի, իր գյուղացու համար շատ գործեր հաջողությամբ առաջ տանի:

  Ականատես էինք, թե ինչպես էին ընկերները մեծ եռանդով աշխատանքներ տանում մանկապարտեզի տարածքում: Նպատակը` կանաչապատում, բարեկարգում: Պատեհ առիթն օգտագործելով, Սամվել Գալստյանը շնորհավորեց ինչպես իր համայնքի, այնպես էլ բոլոր հայ աղջիկներին ու մայրերին Կանանց միամսյակի առթիվ` ցանկանալով նրանց անսահման երջանկություն, սեր ու ժպիտ…