Միասնական` ի շահ համայնքի, նրա բնակչի

0
34
Ստեղծվել է համախոհների թիմ, որ գործում է հանուն հայրենի գյուղի բարգավաճման…

Համախմբում

    Լոռու մարզի Արևաշող համայնքի ղեկավար Պերճ Պապիկյանը համակարծիք է այն հարցում, որ եթե համայնքի ղեկավար ես, ուրեմն պետք է լավ ընկերություն ունենաս և, միաժամանակ, չպետք է մարդկային հարաբերություններում զգացնել տաս, թե ղեկավար ես: Քեզ պետք է պահես այնպես, ինչպիսին կաս, ինչը լավ ընկեր, լավ մարդ լինելու հանգամանքով է թելադրված ու պայմանավորված: 
      Մանկուց ծնողներից հետո սիրել է ընկերներին: Ունի լավ ընկերներ: Գյուղում կատարված ահռելի աշխատանքներում իրենց արժանի բաժինն ունեն նաև երիտասարդ ու ավագ տարիքի ընկերները: Խոսելով այդ մասին, նա հատկապես Ազնավուր Ադամյանին հիշեց, ով կենտրոնական փողոցի ասֆալտապատման ժամանակ ամեն ինչ արել է, անգամ` իրենից շատ, ընդ որում` ոչ թե ֆինանսապես, այլ 2 ամիս հետևողական ու սրտացավ կանգնած է եղել <<գործի գլխին>>: Եվ ոչ միայն նա. նրա հետ կանգնած են եղել գյուղի մյուս բոլոր լավ երիտասարդները: Ի դեպ, հրաշալի աշխատանք է արվել, արդյունքն ակնառու է: ՌԴ-ում ունի շատ ընկերներ, ովքեր պատրաստակամորեն օգնում են: Ունի 1000 ընկեր, և այս թիվը գնալով ավելանում է: Ընկերները մնացել են նույնը, երբեք չեն փոխվել: Օգնում են ոչ միայն իրեն, այլև բոլորի կողքին էլ կանգնած են: Բախտը բերել է, որ այսքան ընկերներ ունի:
    Այս համոզմանն է Պերճ Պապիկյանը, ով համայնքը ղեկավարում է 2012 թվականից: Ըստ նրա, ընկերությունը պահպանելու համար միայն մաքրություն է հարկավոր: Հոգո՛ւ մաքրություն: Իրեն ընկեր կարող են լինել լավ մարդիկ, ովքեր կարող են իրական ընկերություն անել և գաղափար ունենալ ընկերությունից: Ավագ ընկերներից մատնանշեց վաղամեռիկ Սամվել Ադամյանին, ով կառուցել է եկեղեցին, նախկին գյուղապետ Վարուժան Խաչատրյանին, ով շատ բան է արել ու անում է գյուղի համար: Նա այսօր էլ կանգնած է իրենց կողքին, աջակցում է բոլոր հարցերում, հետևողական է, որ բոլոր խնդիրները համատեղ ուժերով ժամանակին լուծում ստանան: Ավագ ընկերները լավ հետք են թողել գյուղի կյանքում, երիտասարդներն էլ նրանց օրինակով են առաջնորդվում: Պահում-պահպանում են ավագների ստեղծածը` իրենցն ավելացնելով: Կողքիդ ունենալով խորհրդատու ու աջակից ավագ ընկերներ, դժվարությունները հեշտ ես հաղթահարում, խնդիրները դյուրին են լուծվում և հաջողությունները չեն ուշանում: Ընդհանուր առմամբ, պարոն Պապիկյանի խոսքերով, գյուղի համար շատ լավ ու գնահատելի գործեր են արել մեծապատիվ ու հարգարժան շատ մարդիկ` Նելսոն Գրիգորյան, Սենիկ Պետրոսյան, Համլետ Խաչատրյան, Անուբախ Համբարյան…

    Պապիկյանի խոսքով, իրեն ընկեր են նաև համայնքապետարանի աշխատակիցները, թեև ինքը տարիքով կրտսերն է: Շատ նվիրված կոլեկտիվ է ստեղծված, ամեն ինչ արվում է, որ համայնքը զարգանա, բնակիչների համար լավ լինի: Մարդկայնորեն պետք է վերաբերվել բնակիչներին, մարդկային մոտեցում ցուցաբերել, որպեսզի վստահություն առաջանա, դիմացինդ իրեն լավ զգա: Այդքան շատ ընկեր ունենալն իրեն ուժ է տալիս ցանկացած իրավիճակում: Համատեղ արված ամեն նոր գործ նոր ոգևորություն է առաջ բերում, նոր նախաձեռնություններ ծնում: Գյուղի բարգավաճման համար շատ գործեր են արվել, շատ ծրագրեր իրագործվել: Նրա հետ զրույցից պարզ դարձավ, որ ընկերությունով ապրող անձնավորություն է: <<Առանց ընկերության կյանքը ոչինչ է>>,– մեր այս կարգախոսն, ասես, նրա համար լինի: Ընկերություն անելը Պերճի համար ապրելակերպ է: Եթե խոսքն ընկերոջ մասին է, ուրեմն բոլոր զենքերը պիտի վայր դնել` այսպիսին է ընկերության բարձր արժեքը լիովին գիտակցող ու գնահատող Պերճ Պապիկյանը…   
    Գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Հրահատ Կոստումյանը նշեց, որ Պապիկյանը, որպես գյուղապետ, շատ գործունյա է, հետևողական գյուղին վերաբերող բոլոր հարցերում: Կարճ ժամանակ է ղեկավարում, հիմնական աշխատանքները կատարվել են 2013-ին: Նախորդ տարի վերջնականապես լուծվեց համայնքի 25 տարվա վաղեմության ամենացավոտ հարցը` կառուցվեց երկրաշարժից քանդված կենտրոնական ճանապարհը: Այն կառուցվեց նոր տեխնոլոգիաներով, ջրահեռացման խողովակներով, սելավատարներով, առվով, մայթեզրով, անգամ` ճանապարհային նշաններով: Այս հարցի լուծումը շատ տեսանելի էր և մեծ արձագանք գտավ համայնքում: Նշենք, որ ճանապարհի կառուցումը ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից էր, արվել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամով, ՀԲ վարկային ծրագրով: Այստեղ ներդրվել է, ընդհանուր առմամբ, 400 մլն դրամ: 
   Թեև նախկին գյուղապետ Խաչատրյանի օրոք գիշերային լուսավորություն անցկացվել էր, բայց եղած փոքր լուսամփոփները փոխվեցին, նորերը տեղադրվեցին, որ ավելի հարմար ու լուսավոր են: Նախատեսվում է այս տարի մյուս թաղամասերում էլ գիշերային լուսավորություն անցկացնել: Այն թաղամասերում, որտեղ գրունտային ճանապարհներ կան, պետք է վերանորոգվեն: Ֆուտբոլի դաշտ է կառուցվել, ինչը կարևոր է նաև այն առումով, որ մինչև երկրաշարժը գյուղն այս մարզաձևի լավ ավանդույթներ է ունեցել: Պարոն Կոստումյանի ասելով, դիմել են պատկան մարմիններին, որպեսզի հանդիսապահ կառուցվի: Համայնքի բյուջեով 2,5 մլն դրամ են նախատեսել` ֆուտբոլի դաշտում ջրագիծ, լուսավորության ցանց անցկացնելու, նոր նստարաններ տեղադրելու համար: 
   Կառուցվել է համայնքային նոր կենտրոն. Սոցներդրումների հիմնադրամի միջոցով, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: 13 մլն դրամ համայնքն է ներդրել, 33 մլն դրամ մարզպետն է հատկացրել: Աշխատանքներն սկսվել են 2012-ին, ավարտվել հաջորդ տարի: Ընդհանուր հաշվով, այստեղ կատարվել է 160 մլն դրամի աշխատանք: Մանկապարտեզի 2 խումբ է հաճախում 40-50 երեխա: Այն երկհարկանի է, լավ ու բարեկարգ վիճակում, գույքով ապահովված, սենյակները կահավորված: Կառուցվել է համայնքի և մարզպետարանի /33 մլն դրամ/ համաֆինանսավորմամբ: Գույքը ձեռք է բերվել <<Շեն>> ԲՀԿ-ի և <<Օրանժ Արմենիա>> ընկերության միջոցներով` մոտ 10 մլն դրամ, 1 մլն էլ համայնքն է հատկացրել:  
     Առհասարակ, եթե հետ գնանք, ապա պիտի արձանագրենք, որ շատ բան է կառուցվել այս տարիների ընթացքում: 2006-ից հետո կառուցվել է հանգստի գոտի, որտեղ նաև լիճ կա, որը միաժամանակ ոռոգման ջրամբար է ծառայում: Այս ծրագիրն իրագործվել է Խաչատրյանի ղեկավարման օրոք, մարզպետարանի և համայնքի համատեղ ներդրումով: 
   <<Կենտրոնական ճանապարհն ասֆալտապատվել է մինչև գյուղապետարան: Անհրաժեշտություն է զգացվում ասֆալտապատելու ողջ ճանապարհը` մինչև Շենավան, քանի որ այն ունի ռազմաստրատեգիական նշանակություն: Միակն է, որ կապում է Լոռու մարզը Շիրակին: Հիմնական առաջնահերթությունը սա է: Կցանկանայինք, որ գյուղում ստեղծվեին աշխատատեղեր: Բացվեր նախկին կարի ֆաբրիկան: Գյուղը սակավահող է, հիմնականում կարտոֆիլ ու կաղամբ ենք աճեցնում, որոնք էլ դժվարությամբ են իրացվում: Մեր չափահաս տարիքի բնակիչները մեծամասամբ բարձրագույն կրթություն ունեն: Խորհրդային շրջանում գյուղը ուղղորդված էր դեպի արդյունաբերությունը, այդ ոլորտի մասնագետներ շատ կան, բայց, ինչպես նշեցի, համապատասխան աշխատատեղեր չկան: Նախկին խոշոր ձեռնարկություններն այսօր չկան: Ներկայումս Արկադի Համբարձումյանը փորձում է վերագործարկել թռնաբուծության ճյուղը, և հուսանք, որ մեր գյուղացիների համար էլ այնտեղ աշխատատեղ կգտնվի: Զբաղվածության խնդրի բարելավումը կկանխեր արտագաղթը: Թեև բնակարանաշինության արդյունքում մարդկանց ոտքը կապվել է իր հողին, բայց, այնուամենայնիվ, արտագաղթելու միտումը դեռևս պահպանվում է>>,– ասաց գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սևադա Սահակյանը:   
    Շարունակելով իր խոսքը, նա կարևորեց, որ երիտասարդները բնակարանի խնդիր ունեն, ինչում պետք է պետությունն օգնի: Պետք է բարելավել մարդկանց սոցիալական պայմանները, որպեսզի չլքեն երկիրը, պետք է բնակարան ու աշխատանք ունենան: Արևաշողը 3 հազար բնակիչ ունի, բայց գնելիությունը ցածր է, ինչն էլ բխում է սոցիալական վիճակից: Այսօր դպրոցի աշակերտների թիվը 2,5 անգամ պակասել է: Երիտասարդությանը պետք է կապել իր գյուղին` նրա համար գոյատևման պայմաններ ապահովելով: Կան խոստումնալից երեխաներ, ում համար զբաղմունքի, ժամանցի պայմաններ պետք է ստեղծել: Ֆինանսական խնդրի լուծումով կստեղծվեն, իհարկե, մարզամշակութային խմբակներ: Աղետի գոտու վերացման ծրագրով բնակարանաշինությունն ավարտին է մոտենում, կառուցվել է մոտ 200 բնակարան: Այդպիսով, շատ քիչ է մնացել աղետի գոտի հասկացության վերացմանը: Արդեն ուշադրությունն ուղղելու են մարզամշակութային կյանքի զարգացմանը, ավանդույթների վերականգնմանը: Մնում է, որ նորաստեղծ ընտանիքների համար բնակարանի խնդիրը լուծելու հնարավորություն ստեղծվի: Աշխատանքներ իրենց ուժերի ներածին չափով արել են: 
   Հ. Կոստումյանը նշեց, որ այս տարի դպրոցը պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվելու է: Խմելու ջրի քանակի բարելավման համար 2012-ին կառուցվել է 700 տոննա տարողությամբ ջրամբար, քլորատուն, նոր ջրատար: Կատարվում են ջրագծերի ընթացիկ վերանորոգումներ: Ջրի կորուստների բացառման հաշվին գյուղի ջրամատակարարման ինտենսիվությունը բարելավվել է: Մարզի մակարդակով գյուղը միշտ եղել է առաջատար, ինչի համար խրախուսվել և պարգևների է արժանացել:  
   Հաճելի է, անշուշտ, տեղեկանալ, որ նախկին գյուղապետը, կոնկրետ այս դեպքում` Վարուժան Խաչատրյանը, շարունակում է իր ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում: Պերճ Պապիկյանը նրա իրավահաջորդն է: Խաչատրյանի օրոք է կառուցվել առողջության առաջնային պահպանման կենտրոնը` համայնքի ներդրմամբ: Ունեն նաև հանդիսությունների սրահ, որը ծառայում է համայնքի բնակչությանը: Ստեղծված է ընկերական, համախոհների թիմ, որի համառ ու համբերատար աշխատանքի արդյունքում հաջողվել է բարելավել գյուղի վիճակը: Իհարկե, շնորհիվ նաև Լոռու մարզի ղեկավարության, կառավարության, ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի, ընկերների, որ սատար են կանգնել Արևաշող համայնքին…
    -Եկել ենք փոխըմբռնման,- հավելեց պարոն Կոստումյանը,- կառավարությունն էլ մեզ վստահել է, հավատացել, որ այդ գումարները չեն փոշիացվի, նպատակին կծառայեն: Տեսել են, որ տնտեսելով աշխատանքներ ենք տարել, դրա համար էլ մեզ ընդառաջել են մեր ղեկավարները: Կառավարությունը, տեսնելով, որ սուղ միջոցներից գումար ենք տրամադրում համայնքի հիմնախնդիրների լուծմանը, կանգնել է մեր կողքին, և այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ մեր ղեկավար Պապիկյանն ունի աշխատասիրություն, պատասխանատվություն, գործին նվիրվածություն, սեր դեպի համայնքը, բնակչության հետ կիրթ վարվելակերպ, ինչը ժառանգել է նախկին գյուղապետ Վարուժան Խաչատրյանից: Խաչատրյանն է այս կոլեկտիվն ստեղծել: Մինչև օրս էլ կանգնած է համայնքի կողքին: Իր հնարավորությունները ներդնում է համայնքի զարգացման գործում: Կօգնի` ինչով կարող է: Ինչ հարցով դիմեն բնակիչները` կաջակցի: Նախկին և ներկա գյուղապետերը իրար հետ համագործակցելով, գյուղը կառուցում են…
    <<Մեծի իրավունքով Խաչատրյանը բոլոր հարցերում օժանդակում է: Եթե խորհրդակցելու կարիք է լինում, ապա դիմում ենք իրեն, առանց տրտնջալու կլսի, անհրաժեշտ խորհուրդները կտա: Շատ լավ կազմակերպչական ջիղ ունի: Բոլոր առումներով մեր կողքին է: Գյուղում նրան շատ հարգում ու սիրում են: Իր մեկ խոսքով գյուղը կարող է հանել ոտքի: Ինչպես հիմքը դրել է, այնպես էլ ուզում է, որ շարունակվի: Համայնքին վերաբերվում է այնպես, ինչպես ծնողը` երեխային: Բոլոր աշխատանքները կատարվել են համատեղ, քրտնաջան աշխատանքով: Գեղեցիկ ընկերական մթնոլորտ է ստեղծվել>>,– ասացին մեր զրուցակիցները: 
    Առաջատար մասնագետ, գանձապահ Անահիտ Ավետյանն էլ իր հերթին հավելեց. <<Պապիկյանն էլ շատ լավ ընկեր է: Որպես ղեկավար, ընկերություն է անում բոլորի հետ: Համայնքի բնակիչների ընկերն է` ով կամ ինչ տարիքի ուզում է լինի: Շատ համեստ, ընկերական մարդ է, մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր: Որպես ղեկավար` իր բարձրության վրա է. կամային է, աշխատասեր, համառ, քաջատեղյակ համայնքի ու մարդկանց խնդիրներին: Սիրված ու հարգված է բնակիչների կողմից…>>: 

Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE