Միասնական, միահամուռ և համախմբված

0
32

Ոգու հաղթանակ` ընդդեմ վայրենի խաժամուժի դավադիր ու անարգ ոտնձգության

Վերջին շրջանում, արցախյան հայտնի իրադարձություններով պայմանավորված, մեր ժողովուրդն իր համախմբվածությամբ, զինվորի ու բանակի կողքին կանգնելու հաստատակամությամբ, հայրենի երկրին ինչ-որ կերպ օգտակար լինելու անկեղծ ցանկությամբ մեկ անգամ ևս ցույց տվեց, որ մենք միասնական ուժ ենք ոչ միայն պատմության մեջ, անցյալում, այլև այդպիսին ենք նաև այսօր: Քանզի միասնությունը մեր էության, մեր արյան մեջ է և այն ավելի արտահայտիչ է դառնում վտանգի, ծանր փորձության պահին…

Հիրավի, ապշեցուցիչ է արտաքին ագրեսիայի պայմաններում մեր հասարակության` սեփական երկիրը պաշտպանելու գործում հավաքական կամք ցուցաբերելու զորեղ վճռականության դրսևորումը: Բանն այն է, որ Արցախի ազգային-ազատագրական պատերազմից հետո իրադարձությունները Հայաստանում, ցավոք, զարգացել են այնպես, որ հանգեցրել են սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական ծանր, անմխիթար իրավիճակի: Դա էլ իր հերթին հասարակական կյանքում արատավոր խնդիրների դրսևորման պատճառ է դարձել, ինչը և հետին պլան է մղել հանրային մի շարք առաքինություններ ու որակներ:

Եվ ահա, այս պայմաններում, ասես, հրավառության բռնկում, ասես, բոց ու փայլատակում: Պարզվում է, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունն իր խորքում պահպանում է շատ կարևոր որակներ, շատ կարևոր հատկանիշներ և դրանք ի ցույց է դնում ապշելու արագությամբ, ապշելու աստիճանի: Ադրբեջանն, ըստ էության, բախվել է մի կողմից հայկական զինված ուժերի մարտունակ դիմադրությանն ու արժանի հակահարվածին, իսկ մյուս կողմից Հայաստանի և Արցախի ժողովրդի ոգու հուժկու, հզոր էներգիային:

Հասարակության հսկայածավալ, այսպես ասած` հողանցված, բայց երբևէ չկորած էներգիան արագորեն կուտակվեց և ապրիլյան այդ չարաբաստիկ չորս օրերին իրացվեց բանակի միջոցով` տալով ահռելի արդյունք, դիմագրավելով չափազանց ահեղ մարտահրավերի: Բնավ պատահական չէ, որ, իր ողջ թերություններով հանդերձ, բանակն է, համընդհանուր գնահատումների համաձայն, հայկական պետականության ամենակայացած ինստիտուտը, կառույցը: Ահա թե ինչու հայ հասարակության ահռելի էներգիան իրացվում է միայն այն ժամանակ, երբ այն համարժեք է բանակի խնդիրներին ու գործառույթներին:

Հետևաբար, խաղաղ ժամանակաշրջանում կամ կենսագործունեության այլ բնագավառներում հանրային հսկայական էներգիան նույն արդյունավետությամբ իրացնելու համար կա քաղաքական ինստիտուտների, կայացած համակարգերի կարիք: Այսինքն, տվյալ իրադարձութունները ցույց տվեցին, որ Հայաստանում կա հասարակական ահռելի էներգիա, բայց բանակից բացի գործնականում չկան այդ էներգիան իրացնելու կոչված անհրաժեշտ ինստիտուտներ կամ կառույցներ:

Ըստ այդմ, ակնհայտ է դառնում, որ մեր երկիրն արդյունավետ փոփոխությունների և բնականոն ընթացքի համար թե՛ հանրային, թե՛ քաղաքական, թե՛ պետական մակարդակով ինստիտուտների կայացման խնդիր ունի: Միայն այդ պարագայում մենք կհպարտանանք ոչ միայն ռազմական ձեռքբերումներով ու հաղթանակներով և կունենանք պետականության այնպիսի արդյունք, որն արդեն առաջին իսկ հայացքից ցանկացածի մեջ կսպանի թեկուզ փոքր-ինչ ագրեսիվ նկրտումների հեռավոր մտադրությունն անգամ:

Այդուամենայնիվ, եթե Ադրբեջանը դեռ չի հասկացել, ապա այս վերջին դեպքերից հետո պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է` Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և միասնական ոգու ահեղ դիմակայությանը:

SHARE