Միասնական ու համատեղ ջանքերով

0
5

Ժողովրդի կողքին կանգնել և թև ու թիկունք լինել նրան

Համախմբում

-2012 թվականից Արարատ գյուղական համայնքի ղեկավարն եմ,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Կարեն Ղազարյանը:- Շատ խնդիրներ ենք այս ընթացքում լուծել: Ամենակարևորը` խմելու ջրինը, որ մինչ այդ մեծ գլխացավանք էր գյուղի համար: Ներքին ցանցը շատ վատ վիճակում էր, ջուրը տեղ չէր հասնում: Ավելի քան 26 կմ երկարությամբ ջրագիծ փոխվեց: Հաջորդը` մանկապարտեզի խնդիրը: Նրա երկու մասնաշենքն էլ հիմնովին քանդված ու քայքայված էին: Մեր շատ լավ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի միջնորդությամբ հասանք այն բանին, որ նրա առաջին մասնաշենքը 2013-14 թթ. հիմնանորոգվեց: Երկրորդն է վերանորոգվում, և եթե ոչ այս տարեվերջին, ապա 2018-ի սկզբներին այն պատրաստ վիճակում կհանձնենք մեր երեխաներին: Մեր պատգամավորը նաև անձնական միջոցներից 3-4 մլն դրամ ներդրում արեց գույք ձեռք բերելու համար: Հուշահամալիրի հիմնանորոգումն ենք կատարել, այն իր շրջակա տարածքով ժամանցի ու հանգստի լավ վայր է դարձել: Այս տարի արդեն ինչպես մեր, այնպես էլ համայնքի բնակիչների, բարերարների միջոցներով նրա տարածքում գտնվող լողավազանը վերանորոգեցինք: Ունենք տարբեր մարզաձևերի /կարատե, բռնցքամարտ, ըմբշամարտ, ֆուտբոլ/ թիմեր, որոնք շարունակում են հաջողություններ գրանցել: Չնայած մարզադպրոց, ֆուտբոլի դաշտ չունենք, բայց ունեցած հնարավորություններով նվազագույն պայմաններ, տանելի հարմարություններ ենք ստեղծել մեր երեխաների մարզման համար: Առաջարկել ենք Վ. Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հին մասնաշենքը դարձնել մարզադպրոց, ինչն արժանացել է վարչապետ Կարեն Կարապետյանի հավանությանը: Ներկայումս այդ նպատակով նախահաշվարկային աշխատանքներ են տարվում: Համայնքի զարգացման հնգամյա ծրագրում ներառել ենք նաև սպորտի, տուրիզմի զարգացման, աշխատատեղերի ստեղծման, սոցիալական խնդիրների նվազեցման գործնական քայլեր և այլն: Մասնավորապես, աշխատատեղերի առումով  գործարար ծրագրեր ենք առաջ քաշել, հանգստի գոտի ստեղծելու կոնկրետ նախագիծ- առաջարկ ունենք, ինչի իրականացման համար արդեն իսկ որոշակի աշխատանք է տարվում: Ամենակարևորը` ունենք անհրաժեշտ հնարավորությունները, մնում է եղածը ճիշտ, նպատակային օգտագործել: Ճիշտն ասած, <<Գեոպրոմայնինգ>> ընկերության հետ նախնական պայմանավորվածություն ունենք` նրա ներդրումով հաջորդ տարի մինի մարզահրապարակ կառուցելու վերաբերյալ: Ընկերությունը մեզ ավտոբուս է նվիրել, ինչը թույլ կտա ուսանողների համար վարձակալածը փոխարինել դրանով: Արդյունքում մեր միջոցներից կտնտեսվեն, բացի այդ, ավտոբուսը կծառայի նաև համայնքի բնակչությանը: Ասֆալտապատում ենք արել, ճիշտ է, ոչ այնքան շատ, բայց ամեն տարի քիչ-քիչ անում ենք: Բարեկարգման  և այլ կարգի աշխատանքներ մշտապես ենք անում…

Ինչպես այնուհետև հավելեց պարոն Ղազարյանը, գերեզմանատեղիի խնդիր են ունեցել և կարողացել են կարճ ժամանակում այն լուծել: 3 դպրոց ունեն, և ամեն տարի որոշակի չափով վերանորոգում են իրականացնում գյուղապետարանի միջոցներով:

-Եթե կա խնդիր,- շարունակեց համայնքի ղեկավարը,- ապա այն անպայման բարձրաձայնում ենք, փորձում լուծման եզրեր գտնել` կանգ առնելով ամենաէֆեկտիվ տարբերակի վրա: Ինչպես կարելի էր նկատել, կատարված աշխատանքները թվարկելիս երբևէ չասացի ես` ընդգծելով մենքը: Այո, ես միայնակ չեմ արել, և այդ մենքի մեջ հիմնականում նկատի ունեի ընկերներիս, բարեկամներիս: Լավ ընկեր ունենալը պետք է, իրոք, ոչ միայն կռվի ժամանակ, զանազան խնդիրներ առաջանալիս, այլև ամեն տեղ, մանավանդ, եթե գործ ունես համայնքի հետ, ինչի դեպքում արդեն ավելի մեծ բեռ ու պատասխանատվություն ես ստանձնում: Ունեցար շատ ընկերներ, ուրեմն փոխադարձաբար նաև քիչ խնդիրներ կունենաս: Եթե մենակ եղար, շուրջդ հավատարիմ ընկերներ չունեցար, ապա որևէ հաջողության չես հասնի, էլ չեմ ասում, որ ի վիճակի չես լինելու պաշտոնավարել: Լավ ընկերների առկայության, նրանց բարի կամեցողության արդյունքում, 2012-ից սկսած, տարիների ընթացքում գյուղ եմ կառուցել: Բախտս նաև բերել է Արայիկ Գրիգորյանի հարցում, ով առաջինը ընկեր է, ապա միայն ԱԺ պատգամավոր: Ինչով կարողանում` օգնում եմ մեր բնակչին, իսկ այն հարցերում, երբ դժվարանում եմ, դիմում եմ նրա օգնությանը, ինչը չի ուշանում: Պարոն Գրիգորյանի ցանկությունն ու հորդորն էլ հենց դա է` միասնական ու համատեղ ուժերով լուծել ժողովրդի առջև կանգնած խնդիրները, նրան ամեն ինչում թև ու թիկունք լինել: Ընկերության արդյունքում է, որ լավ ավտոբուս ենք նվեր ստացել: Ընկերների աջակցության շնորհիվ պատշաճ մակարդակով աղբահանություն ենք իրականացնում: Աղբատար ավտոմեքենան էլ գինու գործարանի նվերն է: Յուրաքանչյուրը պետք է լինի իր համայնքի ընկերը, այսինքն, մենք պետք է ոչ միայն իրար ընկեր լինենք, այլև գյուղի, մեր տան, մեր երկրի ընկերները լինենք: Իսկ երբ սկսենք գնահատել մեր տունը, մեր գյուղը, մեր երկիրը, պետության ղեկավարությանը /լիարժեք գնահատականի մասին է խոսքը/, միայն այս դեպքում լավ օրի կլինենք: Ընկերությունն` իր տեղը, հարգանքն ու պատկառանքը` իր տեղը: Ես համերաշխության կողմնակից եմ, որքան մենք ջերմ ու միասնական ընկերներ լինենք, այնքան մեր կողքի թշնամին մեզանից կվախենա: Երբ ընկեր էր, ընկերաբար էինք վերաբերվում, այսօր թշնամի է դարձել, նույն կերպ կպատասխանենք: Ամենակարևորը` մեր ներսում իրար հետ լավ լինենք, մեր երկիրը շատ սիրենք: Համբավն ու հեղինակությունն ամենակարևորն ու ամենանվիրականն են: Հայրս էլ, պապս էլ մեծ հարգանք են ունեցել, լավ անուն ու բարի հիշատակություն թողել: Ես գալիս եմ նրանցից, նրանց ժառանգն եմ, և պարտավոր եմ արժանավոր զավակ լինել: Պարտավոր եմ նրանց ստեղծածին իմն էլ ավելացնել, իմ խոսքն ասել…

<<Ընկեր>>-ի այցելության օրը համայնքապետարանի նախաձեռնությամբ, հաշմանդամների միջազգային օրվա առթիվ, շուրջ 40 հաշմանդամի նվերներ հանձնվեցին: Դա, անշուշտ, այն խոսուն վկայություններից մեկն էր, որ այստեղ բնակչի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեն: Հատկապես` տոնական առիթների դեպքում: Գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում են այսօր շինարարական աշխատանքներ տարվում: Կա նաև կիսակառույց մեկ այլ եկեղեցի, որն օծվել է 1990-ական թթ. Վազգեն Սարգսյանի հորդորով: Նրա ողբերգական մահվանից հետո չի կառուցվել, կիսատ է մնացել: Համայնքապետի դասընկերներից մեկը ցանկություն է հայտնել եկեղեցու շինաշխատանքները հաջորդ տարվանից վերսկսել, ինչին կաջակցեն թե՛ գյուղապետարանը, թե՛ բնակիչները: Այսպիսի պայմաններում, երբ համախմբվածություն ու միասնություն կա, հաջողություններն ու ձեռքբերումներն օրինաչափ են դառնում: Համայնքի ղեկավարի դերն այս ամենում, ինչ խոսք, բավականին մեծ է ու ծանրակշիռ:

Արարատում նաև եզդի ազգության ընտանիքներ են ապրում` շուրջ 50: Նրանց նկատմամբ, ինչպես հավաստիացրեց Կարեն Ղազարյանը, շատ ջերմ ու ընկերական վերաբերմունք կա: Բոլորն էլ միմյանց մերված` հաշտ ու համերաշխ ապրում են ու աշխատում: Առհասարակ, գյուղում մթնոլորտը ջերմ ու ընկերական է, և ընդհանուրի ցանկությունն ու նպատակը մեկն է` շեն ու զարգացող համայնք ունենալ, ինչի ամար կան իրական նախադրյալներ…

 

SHARE