Մինասյան տոհմի լուսավոր շառավիղն ու արժանի հետևորդը

0
245

Մարտական ընկերներն ու մտերիմները` Արցախյան ազատամարտի հերոս ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ մասին
Հայրենապատում
<<Մենք կանգնած ենք իրար դեմ ու պիտի մեկս զոհվի…>>
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
(<<Սիսական>> գումարտակի ազատամարտիկ)
     Միշտ հիշում եմ Աղվանի հոր` Հրանտ Մինասյանի հետևյալ խոսքերը, որոնք ասաց նրա զոհվելուց մի քանի տարի անց. <<Դեռ շատ լրագրողներ կգան` Աղվանիս մասին գրելու: Դրա համար չեմ ուզում, որ որդուս ոտնահետքերը մարեն սարերում, իսկ ձեռքի հպումները` մեր դռներին ու իրերի վրա>>…
      Այս հուզիչ խոսքերը շատ-շատ տպավորություն են թողել ինձ վրա: Իրականում, թերևս, Աստծո օր չկա, որ Աղվանին չհիշեմ, ինչը գալիս է ափսոսանքի ու այն մեծ սիրո զգացումից, որ ունեմ նրա հանդեպ: Տասնյակ տարիներ անց անգամ Աղվանի կորստի ցավը չի մեղմվում, ընդհակառակը` գնալով ավելի է խորանում: Գրած բանաստեղծությունները կարդալով, սկսում եմ ավելի հասկանալ, ավելի գտնել նրան` կրկին համոզվելով, թե ինչ հանճարեղ ընկեր եմ ունեցել, որ 18-20 տարեկանում այդպիսի տողեր է գրել:
  Աղվանը շատ գեղեցիկ էր, կապտա-կանաչավուն աչքեր ուներ, բարեհամբույր ու կյանքով լեցուն երիտասարդ էր: Բանաստեղծություններում այնքա՜ն թախիծ ու տխրություն կա, բայց նա կյանքում որքա՜ն ժպտերես ու հումորով էր… Աղվանի ծննդավայր Լծենի տղամարդիկ որսի գնալիս նրան չեն ուզում հետները տանել, քանի որ շատ չարաճճի էր ու անվախ: Անվախ լինելը վատ չէր, բայց զգուշության պակասը զգացնել էր տալիս, ինչը հատկապես տվյալ պարագայում անթույլատրելի է: Աղվանը հզոր էր` այդ տարիքում տղամարդկային հատկանիշներ դրսևորելով: Որոշածն անպայման պիտի իրագործեր: Սկզբունքային էր, ընդ որում`այն աստիճանի, որ անգամ ծնողներն ու եղբայրը նրան դեմ գնալ չէին կարող: Մեր հրամանատար Աշոտ Երկաթը /Աշոտ Մինասյան/ միևնույն ընտանիքից երկուսի չէր տանում ռազմի դաշտ: Սակայն այդ պահանջն իրենց պարագայում չգործեց: Հակառակ հրամանատար եղբոր հորդորներին, Աղվանը մնաց նրա կողքին` միասին ամենաթեժ մարտերի մասնակցելով: Դրանցից մեկը Քելբաջարի /այժմ` Քարվաճառ/ գրավումն էր: Նախապես գիտեինք, որ դժվարին մարտ է մեզ սպասվում, բայց տղաների մեջ վախի զգացում չկար, ինչը և ակամայից ինձ էր փոխանցվել: Չեմ կարող չհիշել այնտեղ Աղվանի գործած սխրանքը, որի մասին ինձ պատմել է Վիվա Սամվելը: Մենք հարձակվող տղաների հետևից էինք գնում` պահեստային էինք: Սամվելն Աղվանի հետ քայլել է կողք-կողքի: Նրանց առաջխաղացումը կասեցվել է: Բարձունքին մի քար անգամ չի եղել, որպեսզի պաշտպանվեին: Մի փոքր քարի հետև թուրքն է թաքնված եղել ու կրակել: Աղվանը մեկեն` կտրուկ ոտքի է կանգնել և կրակել թուրքի ուղղությամբ: Հարվածի ուժգնությունից թշնամին մեխվել է տեղում և մեջքով ընկել վար: Ապա մի կերպ մյուսները ճողոպրել են, և մեր տղաներն առաջ են շարժվել: Ահա, թերևս, հենց Աղվանին էր տրված այդպես անվախ թուրքի դեմ կանգնելն ու կրակ բացելը: Քաջությունը նրա արյան մեջ էր: Այստեղ անպայման հիշենք նրա տողերը. <<Մենք կանգնած ենք իրար դեմ ու պիտի մեկս զոհվի, տեսնես` որիս կտանի ճակատագիրը զորեղ>>:

Քաջի համար ի՜նչ ճակատագիր… Նրա մեջ համեստությունն այնքան շատ էր, որ դա կապում էր ճակատագրի, այլ ոչ թե իր հերոսության հետ: Ամեն անգամ նրան կարդալուց մի նոր փիլիսոփայական միտք եմ ինձ համար հայտնաբերում: 18 տարեկանում է գրել <<Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու>> բանաստեղծությունը` նվիրված Սպիտակի երկրաշարժին: Թաքնվելով բեռների հետևում, հասել է աղետի վայր, որտեղ դժոխային տեսարանների է հանդիպել, անասելի ողբերգությունից գայլերի պես ոռնացող մարդկանց: Աղվանի տողերում ենք հանդիպում` նման արհավիրքին ինչ կարող ես անել, եթե ոչ ոռնալ գայլի պես… Երբ լուսանկարվելու առիթ էր լինում, Աղվանն ասում էր. <<Ես զոհվելու եմ, ինձ նկարեք>>: Ինչ խոսք, ոչ միայն նա, այլև բոլորս էինք պատրաստ մեռնելու, քանզի կռվի էինք գնացել` չմտածելով մահվան մասին: Հպարտությունը մեզ ուժ էր տալիս, և նահատակվելու վախ կամ սարսափ ոչ մեկիս մեջ չկար: Մեր ջոկատը բոլոր մարտերում հաղթանակներով է պսակվել` քիչ զոհեր տալով: Մեր հրամանատարի պատգամն ու հորդորն էր դա. <<Հաղթանակ` առանց զոհերի>>: Ջաբրայիլը գրավելու ժամանակ նա ասել է. <<Այնտեղից զինվորներ /նկատի է ունեցել 18-ամյա զինակոչիկներին` /շատ են բերում, մենք ինչ գնով էլ լինի` պիտի գրավենք այդ 3 գյուղերը և զոհեր տալու իրավունք չունենք…>>: Գրավեցին մերոնք այդ գյուղերը: Ինձ, այսպես ասած, խնայեցին©©© Աշոտ Երկաթը 18-ամյա զինվորներին աշխատում էր առաջապահ դիրքեր չբարձրացնել… Երբ Ֆիզուլիում մեր ջոկատի տղաները դիրքեր էին բարձրանում, Գորիսի զինվորները հանգիստ շունչ էին քաշում: Իրոք, <<Սիսական>> գումարտակը, որտեղ էլ եղել է, ինչ մարտի էլ մասնակցել, միշտ էլ հաղթանակներ է տարել: Շատ հաճախ, ցավոք, մեր ոչ հեռու անցյալի այս ժամանակաշրջանի պատմությունը ճիշտ չի ներկայացվում: Չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնել, չափազանցնել մեկի արածը` ի հաշիվ մյուսի: Ահավասիկ, հեռուստատեսությամբ հաղորդում էր գնում Քելբաջարի գրավման մասին: Խոսվում էր Ավոյի` Մոնթե Մելքոնյանի մասին, ով, անկասկած, մեծ լումա ունի Արցախի ազգային-ազատագրական պատերազմում: Հաղորդման վերջում բառացիորեն ասվեց, որ Մոնթեի  հրամանատարությամբ գրավվեց Քելբաջարը, իսկ նրան վերևից միացան վարդենիսցիները: Իրականությունը, սակայն, այլ է, ինչի մասին լավ գիտեն ինչպես ականատեսները, այնպես էլ, բնականաբար, մարտական ընկերներս: Չխոսվեց այն մասին, որ Քելբաջարի ամենադժվար`Նարշտարի բարձունքը գրավել է <<Սիսական>> գումարտակը` Աշոտ Երկաթի հրամանատարությամբ: Ընդ որում` առանց զոհերի: Մինչդեռ Երևանից եկած ջոկատի վրա այդ փորձը թանկ էր արժեցել` 6 զոհ, այն էլ` անհաջող: Մեր հրամանատարին բնութագրելու համար հիշեցնեմ նրա նաև այս խոսքերը. <<Ես չեմ եկել Քելբաջարը գրավեմ զոհով: Եթե իմանամ, որ մի զոհ եմ տալու ամբողջ Քելբաջարի համար, ապա նման մարտի չեմ տանի զինվորներիս…>>: Հարցը Քելբաջարն ու զինվորի կյանքը նժարին դնելը չէր: Այս փաստը խոսում է հրամանատարի բարձր պատասխանատվության մասին, հրամանատարի, որ դողում է իր զինվորի կյանքի համար: Ահա, այսպիսի հրամանատար էր Աշոտ Երկաթը և այս գաղափարով էլ առաջնորդվում էր: Նա նաև զինվոր էր, առաջին գծի մարտիկ: Չի եղել, որ իրենից առաջ թողնի զինվորներին, հետ մնա: Իրոք` առաջամարտիկ: Նրա նկատմամբ անսասան հավատը մեզ առաջ է մղել` դեպի հաղթանակ, դեպի աննվաճ բարձունքներ: Մեծապես կարևորում էր գաղտնապահությունը, տեղեկատվության արտահոսքի անթույլատրելիությունը: Աղվանը, Արմենը /Ճուտ/, Գարիկը և Արգամը հետախուզական արժեքավոր տվյալներ էին հայթայթում, որոնք հրամանատարն ուսումնասիրում, օրեր շարունակ ճշգրտում էր և ապա միայն վճռում մարտական գործողությունների դիմելու անհրաժեշտությունը: Մեր ջոկատի տղաներից զոհվեցին միայն այն դեպքերում, երբ կռվի ելան այլ տեղերում` առանց մեր հրամանատարության գիտության… Աշոտ Մինասյանին մեր ընկերն ենք համարում: Այնքան մտերմիկ հարաբերություններ են ստեղծված մեր միջև, որ իրարից թաքցնելու ոչինչ չենք ունենում: Շատ դյուրահավատ է, ծայրահեղ աստիճանի հասնող դյուրահավատ, ինչը կարող է դիմացինի կողմից ի չարս գործադրվել: Նա այն հազվագյուտ հրամանատարներից է, որ այսօր էլ շարքում է և շարունակում է զինվոր մնալ: Մարտական ընկերներս ինձ համար անչափ թանկ ու հարազատ են: Ծանր եմ տարել ընկերոջ կորուստը: Արշակին կորցնելիս արցունքները ներսից ինձ խեղդում էին, մի կերպ դիմանում էի. չէ՞ որ զինվորին սազական չէ արցունք թափելը… Աղվանի կորստի ժամանակ արդեն անհնար էր դիմանալ, ուղղակի` ժայթքեցի: Աղվանը սիրած աղջիկ ուներ, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ: Նրա հետ մեր վերջին զրույցն այդ մասին էր: Այո, շատ նվիրական երազանքներ ուներ, բայց և պատրաստ էր հանուն հայրենի հողի, հանուն մեր արդար կռվի չխնայել սեփական կյանքը: Այս երկու ձգտումները նրա մեջ հավասարազոր ուժ ունեին, ինչը խոսում է իսկական զինվորի ու մարտիկի մասին…

Յուրահատուկ խառնվածք` առաքինի ու ոգեպնդող…
ՀՐԱՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ՓՈՔՐԻԿ)
(<<Սիսական>> ինքնապաշտպանական գումարտակի առաջին վաշտի հրամանատարի տեղակալ, այնուհետև` գումարտակի հրամանատարի տեղակալ)
   Աղվանը մարդկանց այն տեսակին է պատկանում, ում, անկախ ամեն ինչից,  շարունակ կարոտում ու կարոտում ես: Նա անջնջելի հետք է թողել ոչ միայն իմ, այլև շատ-շատերի սրտերում, ողջ Սիսիանում:  Աղվանի կյանքը գեղեցիկ ֆիլմի կամ նույնքան գեղեցիկ երգի նախերգանք լինի ասես: Կյանք, որ անակնկալ ընդհատվեց և ցավալիորեն կիսատ մնաց: Աղվանը յուրահատուկ էր` իր պահվածքով, խոսելաձևով, մտածելակերպով, հումորով… Ցանկացած, անգամ` ամենածանր պահերին, իրեն ճիշտ դրսևորել գիտեր: Շատ էր սիրում կյանքը: Հիշեմ մի այնպիսի դեպք, որն առավել բնութագրական է նրա համար… Մարտակերտում օրհասական ու ծանր ժամանակներ էին: Տագնապ կար բոլորի սրտերում: Թուրքերը դիրքային առավելություն ունեին, մենք էլ թվով քիչ էինք: Հարձակումն ամեն պահ սպասելի էր, վիճակը` ծայրաստիճան լարված: Սակայն Աղվանի պահվածքում որևէ տագնապալի բան չկար, զարմանալիորեն հանգիստ էր, անխռով: Մտածում էի, միգուցե, կարողանում է իրեն զսպել, տիրապետել, որպեսզի մարտական ընկերներն իր օրինակին հետևեն, խուճապ չառաջանա: Այնքան յուրահատուկ էր դա, բնորոշ միայն Աղվանին, որ չէիր կարող նրա լավատեսությամբ ու հավատով չվարակվել: Առավոտյան պիտի գնայինք դիրքեր` հերթափոխի: Տղաների հայացքներում տագնապ կար… Աղվանն արթնացավ, նայեց բոլորին ու հայացքն ուղղեց պատուհանի կողմ: Հարցրի` ի՞նչ ես տեսել երազումդ: Նայեց տղաներին ու պատասխանեց` աղջիկների: Բոլորի դեմքերին ժպիտ խաղաց… Քիչ անց հարցրեց` կլինի՞, որ ինձ հետ դիրքեր ներքնակ վերցնեմ: Դժվար չէր հասկանալ` ամեն կերպ ջանում է ցրել տհաճ զգացումները, թեթև ու հանգիստ մթնոլորտ ստեղծել, հումորի միջոցով տրամադրություն ձևավորել: Մի խոսքով, ցրել բոլորին պաշարած տագնապը… Իմաստուն էր, գիտակցված էր ամեն բառ արտասանում: Չէ՞ որ, նաև հրամանատարի եղբայրն էր` ոչ պակաս արիասիրտ ու հայրենասեր: Մարտակերտում դեռևս հրամանատար չէր, հետո արդեն` սպա էր, հրամանատար: Իր էությամբ, մարդկային հատկանիշներով նման էր հրամանատար եղբորը` Աշոտին: Ի վերջո, Մինասյանների տոհմից էր, արժանի շառավիղ ու ժառանգորդ… Աղվանը գեղեցիկ էր բառիս բուն և լայն իմաստով: Արտաքին հմայքով հանդերձ, գեղեցիկ խոսում էր, ճաշակով հագուկապ ուներ, կարգ ու կանոնի սիրահար էր: Գեղեցիկ ժպտում էր: Գեղեցիկ էլ … զոհվեց: Ոտքի վրա: Բոլորը` խրամատներում, նա` բլրի վրա, կանգնած ընդառաջ գնաց մահվանը… Նրա ծննդավայր Լծենը լեռների ծերպերին, կուսական անտառների մեջ ծվարած գյուղակ է, որտեղ մարդիկ ավելի մոտ են Աստծուն, ազատամիտ են ու ազատաշունչ: Աղվանի մանկությունն այստեղ, այս մթնոլորտում է անցել, մեծ աշխարհի այս փոքր անկյունում: Նրա հոր` Հրանտ Մինասյանի մեկնաբանությամբ, լծենցին նա է, ով տարբերակում է աշխարհի լավն ու վատը, չարն ու բարին: Ավելի պատկերավոր այսպես է արտահայտվում` կան երկու տեսակի մարդիկ` լծենցիներ և ոչ լծենցիներ: Երանի բոլորս այսպես հայրենապաշտ լինենք և այսպես սիրենք մեր ծննդավայրը…Այս սերն ու պաշտամունքն, անկասկած, լիուլի փոխանցվել էին Աղվանին: Նա, իրոք, հազար ու մի ամուր թելերով կպած էր հայրենի իր եզերքին, նրա արմատներին և արյան կանչին հավատարիմ` նվիրյալ զավակ ու արժանավոր հայորդի էր: Նրա կյանքը պարգև էր այս հողին, այս երկրին ու ժողովրդին… 1991-ին ենք մտերմացել, երկրապահ ջոկատում: Հրամանատարը` Աշոտ Երկաթը, խումբն արդեն կազմավորել էր, և մենք առավոտյան ժամը 6-ին հետախուզության պետք է գնայինք: Նախապատրաստական իրարանցման մեջ աչքս առավ անկյունում նստած Աղվանին, որ մի լուսանկարի էր նայում: Ասաց.<<Իրերս հավաքել եմ, մնացել է այս նկարը>>: Լուսանկարում մայրն էր երկու քույրերի հետ: Հարցիս, թե դա էլ ես վերցնում, պատասխանեց`այո, եթե ինձ մի բան պատահի, ապա գոնե վերջին անգամ նայեմ նրանց… Շատ հետաքրքիր անձնավորություն էր: Հրամանատար, զինվոր լինելը նրանց բնությունից տրված շնորհ էր, իսկ դաստիարակությունը գալիս էր ընտանիքից: Հրաշալի ծնողներ, ջերմ ու սիրառատ ընտանեկան միջավայր… Մինասյաններին բնութագրող մի հետաքրքիր ընդհանրություն չեմ կարող առանձնահատուկ չնշել` ազնվությունը: Ազնվություն, որին ածանցյալ են բարությունը, կարգապահությունը, նվիրվածությունը, անշահախնդրությունը… Աղվանն անհանգիստ բնավորության տեր էր: Հետախուզության մեջ ամեն կերպ ջանում էր գործը շուտ ավարտին հասցնել: Առաջ էր ընկնում: Նրան զսպելը շատ դժվար էր: Այսպիսի մի տեսարան ներկայացնեմ: Հրամանատար եղբայրը դիմում է Աղվանին. <<Քեզ քանի անգամ եմ ասել` ինձանից առաջ մի ընկիր, մնա տանը, մի արի: Մնա` հայրիկին օգնիր, գրի՛ր, Աղվան, գրի՛ր…>>:
    Աղվանի պատասխանը. <<Աշոտ, մեկ-մեկ ավտոմատն ավելի գեղեցիկ է գրում>>… Աղվանը բանաստեղծ զինվորի կերպար էր: Նրա բանաստեղծությունների երկու գիրք հետագայում հրատարակվեց: Հետմահու գրողների միության անդամ ընտրվեց, արժանացավ Ե. Չարենցի անվան մրցանակի: Անտիպ գործեր էլ ունի: Հազա՜ր ափսոս, որ նրա նման գեղեցիկ տաղանդից վաղաժամ զրկվեցինք: Նրա ֆիզիկական գոյությունն իսկ շատ բան կփոխեր մեր կյանքում, էլ չեմ ասում հոգևոր ու բարոյական արժեքների մասին… Անհագ կարդում էր: Մտավորականի կերպարը հենց նրա աչքերից <<կաթում>> էր: Կենսասեր, կենսախինդ մարդ, ում չէիր կարող չսիրել, ում անտարբեր վերաբերվել, պարզապես, անհնար էր… Նրա զոհվելու լուրն անհավանական թվաց ինձ: Անհնար էր նման սարսափելի բան պատկերացնել: Սակայն երբ աչքերս տեսան պատգարակում անշարժ պառկած Աղվանին, այդ պահին մեջս ինչ-որ շատ կարևոր բան կոտրվեց, սիրտս անասելի սեղմեց ու… Ոչ մեկը չի կարող Աղվանին փոխարինել: Նրա տեսակն ուրիշ էր, բոլորովին ուրիշ… Շատ լավ ճանաչում եմ նրա ծնողներին: Երբ եկան Սիսիան, Աղվանը դպրոցական էր, մեր հարևանն էին: Մայրը` Ամալյան, գրադարանավարուհի էր, ազնիվ, պարզ, գեղեցիկ կին: Հայրը` ուսուցիչ, իսկական ուսուցչի կերպար: Նա մինչև օրս էլ ինձ համար ուսուցիչ է մնում: Նրանց սերունդն ուրիշ է, ուրիշ արժեհամակարգի կրող, ազնիվն ու վեհը գնահատող: Հայր Մինասյանն իսկական հերոս է, որ երկու այդպիսի հերոսների, առյուծ որդիների է սնել ու դաստիարակել: Ամալյա մայրիկը վաղաժամ հեռացավ կյանքից, ինչը չէր կարող իր հետքը չթողնել Աղվանի հետագա կյանքի վրա: Բավական է կարդալ մորը նվիրված նրա երկերը և պատկերացում կազմել որդիական իսկական սիրո, նվիրումի, կարոտի ու հավատարմության մասին: Մորն այդչափ սիրելն, անշուշտ, հայրենասիրության վառ ու յուրահատուկ դրսևորում է: Չէ՞ որ հայրենիքն սկսվում է տնից, օրորոցից, մայրական դաստիարակությունից, հայրական խրատներից… Աղվանն ուրիշ կերպ չէր կարող լինել, ուրիշ կերպ չէր կարող լինել նաև Աշոտը: Երկուսն էլ` մայրապաշտ ու հայրենապաշտ… 


Կյանքով, սիրով լեցուն…
ԵՂԻՇ ՆԻԿՈԼՅԱՆ
/<<Սիսական>> ջոկատի ազատամարտիկ/

    Ես էլ ծնունդով Լծեն գյուղից եմ և առաջին հերթին, այս առիթն օգտագործելով, ուզում եմ խոսել նախ ուսուցչիս` Հրանտ Մինասյանի մասին: Նա ինձ հայոց լեզու և հայ գրականություն է դասավանդել: Անկախ ամեն ինչից, ընկեր Մինասյանն ինձ համար միշտ կմնա ուսուցիչ, հավերժ ուսուցիչ: Այսօր էլ շարունակում ենք նրանից դասեր առնել: Նա նաև մեր ավագ ընկերն է, բայց, համենայնդեպս, մնում է որպես ուսուցիչ: Մինասյան ընտանիքը թանկ ու հարազատ է մեզ, նրա յուրաքանչյուր անդամ մեր սրտերում արժանի ու նվիրական տեղ ունի: Տիկին Ամալյային բոլորս էլ սիրում ու գնահատում էինք: Որպես կին, գեղեցկության տիպար էր, որ իր շրջապատում միայն բարին էր սփռում: Պատրաստակամ էր երեխաներին սովորեցնելու ու սովորեցնելու: Ճիշտն ասած, մեզ հանձնարարած ոչ բոլոր գրքերն էինք կարդում: Պատահում էր, որ գրադարանից վերցրած գիրքն առանց կարդալու վերադարձնում էինք: Տիկին Ամալյան դա շատ հաճախ զգում էր, բայց առանց հանդիմանանքի ու համբերատար մեզ համար կարդում էր տվյալ գիրքը, բացատրում բովանդակությունը: Այնպիսի մոտեցում, վերաբերմունք էր ցուցաբերում, որ ակամայից տրամադրվում էիր լավ ու բարի գործ կատարելուն: Օգտակար, ուսանելի դասեր էր տալիս մեզ, սեր առաջացնում գրքի ու ընթերցանության նկատմամբ… Աշոտի հետ մանկուց ընկերներ ենք եղել, միասին ենք մեծացել: Նա, կարող եմ ասել, ծնվել է հենց հրամանատար լինելու համար: Նա փոքր հասակից` դպրոցում, բակում թե այլուր, լիդեր էր, ինչը բոլորն էին նկատում: Առաջնորդի շատ մեծ ձիրք ուներ, ամեն ինչ ձգտում էր անել: Ճիշտ կողմնորոշվում էր, խելացի էր ու բանիմաց… Ինչ վերաբերում է Աղվանին, ապա նա, տարիքով մեզանից փոքր լինելով, բնավորությամբ ըմբոստ էր: Միշտ ուզում էր մի բան արած լինել` ոչ թե առաջ գնալու կամ ինչ-որ բանի հասնելու, այլ, պարզապես, անելու համար: Իր ասածի տեր անձնավորություն էր, իր ուզածն անող, ուզածին հասնող: Իր նպատակին պիտի հասներ: Ձգտումն անչափ մեծ էր: Տղամարդկային բացառիկ հատկանիշներով օժտված անձնավորություն լինելով հանդերձ, նուրբ ու քնքուշ հոգի ուներ` ստեղծագործում էր: Ստեղծագործությունների տակ ստորագրում էր ՄԱՀ /ազգանվան, անվան և հայրանվան առաջին տառերի հապավումն էր/: Իմ սրտով չէր այդ անվանումը, ահա թե ինչու խնդրում, հորդորում էի փոխել: Չէր համաձայնում ինձ հետ, չէր ընդունում ասածս: Բանաստեղծություններն էլ հիմնականում տխուր ու թախծոտ էին, հոգեխռով ու մորմոքուն: Այդուհանդերձ, կյանքում շատ հումորով, ուրախ, ժպիտը դեմքին երիտասարդ էր: Կյանքով լեցուն էր…
Լծենը հայրենասեր մարդկանց <<դարբնոց>> է

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ /ՀԱԹԱՆ/
/Ազատամարտիկ/
     Ես էլ եմ եղբայր կորցրել և շատ լավ եմ հասկանում բոլոր նրանց, ովքեր նման կորուստ են ունեցել: Եղբայրս ազատամարտիկ Արշակ Գրիգորյանն էր: 26 տարեկան էր, երբ զոհվեց Զանգելանի հարձակման ժամանակ: Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցը նրա անունով է կոչվում: Ամեն տարի նրան նվիրված վոլեյբոլի հուշամրցաշար է անցկացվում: Արշակը մարզիկ էր, սպորտի վարպետ /թեքվանդո/: Պոլիտեխնիկն ավարտելուց հետո անդամագրվեց Արցախի ազատամարտին… Իմ և Աշոտ Մինասյանի ճակատագրերն այդ առումով նույնն են: Շատ ծանր է եղբորդ դին ծնողիդ հանձնելը: Հորեղբայր Հրանտի հետ մոտիկ եմ, շատ լավ եմ հասկանում նրան… Տարիքի առումով քիչ եմ շփվել Աղվանի հետ: Նա ավելի մոտիկ էր եղբորս` Արշակի հետ: Որքան տարիքս առնում եմ, այնքան մեր նահատակ եղբայրներին հիշելը հուզախռով ու սրտաճմլիկ է դառնում: Աչքերս շատ հաճախ լցվում են… Աղվանին վերջին անգամ տեսել եմ կամրջին` ավտոմատն ուսին գցած: Հարցիս, թե ո՞ւր ես գնում, պատասխանեց` ես էլ եմ գնում տղերքի հետ: Եղբայրը` Աշոտը, չէր թողել, որ գա, բայց… Հաջորդ օրը, երբ Մինասյանի առաջադրանքով Սիսիան էի գնում, լսեցի Աղվանի զոհվելու լուրը: Չհավատացի` մտածելով, որ սխալմունք կա: Բայց, դժբախտաբար, լուրը հաստատվեց… Շատ լավ, իրեն ձգող, գրագետ, խելացի, համեստ, գեղեցկադեմ երիտասարդ էր: Մեր հրամանատարի` Աշոտ Մինասյանի մասին պիտի ասեմ, որ հզոր զինվորական  է. նրա փոքր մարմնում, ասես, հսկաների ուժ կա ամբարված: Երբեք չի թողել, որ զինվորն իրենից առաջ մարտադաշտ դուրս գա: Առաջինն ինքը պիտի լիներ, ընդ որում, շատ խիստ էր. <<Ինձնից առաջ մարդ եղավ` կխփեմ…>>: Նման հրամանատարի, թերևս, քիչ կարելի է հանդիպել: Շատ լավ հիշում եմ` Սիսիանի երկրապահն ու սպայական կազմն առաջին գծում էին, զինվորները` երկրորդ: Այո, նման հրամանատար ենք ունեցել, հրամանատար, ում <<կարգադրություններն>> այսօր էլ պատրաստ ենք կատարել: Մեկ հեռախոսազանգը բավարար է, որ կրկին, ցանկացած հարցով, մարտական ընկերներով նրա կողքին կանգնենք: Աստված մի արասցե, եթե վտանգ սպառնա մեր հայրենիքին, ապա մենք, թեև արդեն տարիքներս առած ենք, դարձյալ շարքում կլինենք… Մեր հրամանատարի հայրը շատ խելացի, գրագետ անձնավորություն է, փոքրի հետ փոքր է, մեծի հետ` մեծ: Նրա խոսքն օրենք է բոլորիս համար: Մեծություն` բառիս բուն իմաստով: Մեզ համար մեծ հայրիկ է, մեծ ընկեր… Լծենում ծնվածը չի կարող, պարզապես, հայրենասեր չլինել, չսիրել իր հողն ու ջուրը: Լծենը պիտի սեփական աչքերով տեսնել, պատմելով հնարավոր չէ նրա մասին իրական պատկերացում կազմել: Մեր գյուղից շատ լավ ազատամարտիկներ ունենք: Լծենցին կանգնած է եղել հայրենի երկրի պաշտպանության դիրքերում և այսօր էլ կանգնած է` անսասան, հերոսաբար…


Մարդկայինի լավ տեսակից…

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ /ՃՈՒՏ/
/Ազատամարտիկ/
    Աղվանի հետ մեր ընկերությունն սկսվեց վեճից… 1988-89 թթ. էին: Աղվանը մեր դասարանից մի աղջկա էր սիրում, անունը` Ռուզաննա: Ընկերություն էին անում, համակրանքը փոխադարձ էր: Աղվանը նեղացրել էր աղջկան, և երբ դասարանցիներով միասին էինք, մոտեցավ և նրան դուրս հրավիրեց: Աղջկա սրտով չէր դա, ահա թե ինչու դիմեց իմ օգնությանը: Ստիպված էի Աղվանին դուրս հրավիրել: Թեև մեր զրույցը վիճաբանության վերածվեց, բայց, այդուհանդերձ, ինքս իմ հերթին նպաստեցի, որ հաշտվեն… Ահա, այդպես ծանոթացանք, ինչն էլ սկիզբ դարձավ մեր ընկերության: Հետո բանակ գնացինք: Երբ երկրապահ կամավորական ջոկատում հանդիպեցինք, արդեն այնպիսի ընկերներ էինք, որ անհնար էր մեզ առանց իրար պատկերացնել: Մեր ընկերությունն այդտեղ, բնականաբար, ավելի ամրապնդվեց: Միասին դասընթացների էինք գնում, միասին քնում-վեր կենում… Միասին էինք` ուր էլ գնայինք: Հետախուզության էլ միասին էինք գնում: Մեզ հետո պարտադրաբար իրարից բաժանեցին` առանց իմ կամքը հարցնելու ինձ տեղափոխեցին զինվորական ոստիկանություն… Աղվանն ամեն մեկի, ամեն ինչի հանդեպ ուշադիր էր: Հնարավոր չէր, ասենք, որ ինքն ունենար ինչ-որ բան, իսկ դու չունենայիր: Ունեցածը սիրով կկիսեր քեզ հետ: Քեզ պատրաստակամ կծառայեր ու ձեռք կմեկներ: 
Իր մասին չէր մտածի` ուշքն ու միտքը ծնողի, եղբոր, ընկերոջ կողմն էր: Արտասահման մեկնելու հնարավորություն կար, բայց հայրենիքը, հարազատներին թողնելը նրանը չէր: Ընկերոջ հետ պարտադրաբար կիսվում էր: Մեջը պահել չգիտեր` անպայման պիտի լիցքաթափվեր: Համարձակ էր: Մարդկայինի լավ տեսակիցն էր… Մի անգամ գերի էինք վերցրել: Բերում էինք Սիսիան: Ամբողջ ճանապարհին նրան երգացրեց, քանի որ երգը մոր մասին էր: Աղվանի մեջ մոր հանդեպ ահավոր մեծ սեր ու կարոտ կար: Գերուն լավ էր վերաբերվում, խղճով էր…
***

    Խղճի առումով ոչ պակաս զգայուն էր նաև Աշոտ Երկաթը: Մարտական ընկերների հավաստիացմամբ, այդ զգացումը փոխանցվել էր նաև ջոկատի մյուս բոլոր մարտիկներին: Թուրք գերուն մտադիր էին փոխանակել իրենց ընկերներից մեկի` հրամանատարի մորաքրոջ որդու հետ: Պատմում են, որ Աշոտ Մինասյանը գերու թեյի բաժակի մեջ քաղցր է գցում և հյուրասիրում նրան: Այդտեղ են լինում Աղվանը, Արմեն Գրիգորյանը /Ասկյար/, Աշոտը /Գիտուն/:  
***
   ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Ասկյար) Բաքվից էր, ընտանիքին այնտեղ էր թողել: Աղվանը մորաքրոջ որդի էր կորցրել (ենթադրվում էր, որ գերի է ընկել): ԱՇՈՏԸ (Գիտուն) վիրավոր էր, հակառակորդի գնդակից որովայնը ցրիվ էր եկել, մի կերպ փրկվել էր: Ծխախոտը սակավ էր, հերթով էին ծխում` չմոռանալով անգամ թուրք գերուն: Վերջինիս նաև կերակրում էին: Սա, բնականաբար, խոսում է հայի մարդասիրության, խղճմտանքի մասին: Ինչ էլ լինի, ընկած գերուն կոխկրտելու իրավունք չունես` որքան էլ ցավ տեսած լինես նրա ազգակիցներից: Այսպիսին էր նաև Աշոտ Մինասյանը: Որքան հզոր էր մարտադաշտում, նույնքան էլ խղճմտանքով, մեծահոգի` առօրեական թվացող շատ հարցերում: Շատ բարձր մարդ, իրոք` մեծություն… Փորձում են գերուն խոսեցնել, հարցուփորձ են անում: Գերին <<բացվում>> է. <<Մայրս ասաց` տղաս, մենք Սումգայիթի համար պատասխան ենք տալու…>>:
     Մարտական ընկերները, խոսելով Աղվանի ու Արմենի մտերիմ փոխհարաբերությունների մասին, նշեցին, որ նրանք շատ մոտ, նախանձելի ընկերներ են եղել: Ահավասիկ, Արմենն իր որդուն ընկերոջ անունով է կնքել… 
    Պատմեցին նաև, որ Աղվանն իր տեղը չէր գտնում, երբ ընկերոջը ռազմական ոստիկանություն տեղափոխեցին` իրարից բաժանելով…
Պակասը զգացվում է,  տեղը դատարկ է…

ԳԱՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ /ՄՇԱԾ/
/Ազատամարտիկ/
      Ես Աղվանին հասակակից եմ: Նրա հետ նաև հարազատական կապ կար: Նրա մորաքույրը քեռուս կինն է: Երբ Աղվանը Լծենում էր ապրում, այդքան էլ մտերիմ չէինք: Սիսիան տեղափոխվելուց հետո արդեն այլ կարգի հարաբերություններ ստեղծվեցին, շփվեցինք ու մտերմացանք: Հետո, պատերազմի տարիներին, էլ ավելի մտերիմ ու հարազատ դարձանք միմյանց: Շուտ մերվող էր Աղվանը, մարդկանց հետ շատ շուտ մտերմանում էր, ընկերանում: Հարազատորեն էր վերաբերվում շրջապատի մարդկանց, բոլորին` հավասարապես: Շատ արագ աչքի ընկնող էր, իսկը`շրջապատի ոգին: Նրա հետ, պարզապես, անհնար էր ընկերություն չանել: Իր հմայքով մագնիսի պես դեպի իրեն էր ձգում բոլորին: Անմիջական ու անկեղծ էր: Նրա համար, այսպես ասած, փակ սահմաններ, արգելքներ չկային: Սիսիան տեղափոխվելով, նա շատ արագ աչքի ընկավ, երևաց երիտասարդության շրջանում, քանի որ առանձնահատուկ գծեր, հատկանիշներ ուներ: Աղվանը, Արմենը, Ջոնը, Արտյոմը և ես մտերմիկ շրջապատ ստեղծեցինք: Մեր աշխարհայացքները մեզ մտերմացրին… Աղվանը մեծ ուղեղի տեր անձնավորություն էր: Զարմանալի էր, թե ինչպես էր ուղեղն այդպես արագ աշխատեցնում: Պահի ազդեցությամբ, մեկեն այնպիսի առաջարկ կաներ, որ անհնար էր չընդունել: Այնքան համոզիչ էր նրա խոսքը, որ ցանկացած առարկություն անիմաստ էր դառնում: Միտքը մեխի պես <<խրում>> էր մեջդ: Նրա մոտեցումներն այլընտրանք չունեին: Իր հնարամտությամբ ու հումորով մեզ, ուղղակի, փրկում էր: Առավել ևս` դիրքերում եղած ժամանակ…Աղվանի զոհվելը մեզ համար գերագույն կորուստ էր: Աղջիկս բանաստեղծություններ է գրում` ոգեշնչվելով Աղվանի ստեղծագործություններով: Ես ապրում եմ բանաստեղծ ընկերոջս փիլիսոփայական խոր մտքերով ու եզրահանգումներով: Իմ բոլոր ծանոթներին անթաքույց հպարտությամբ խորհուրդ եմ տալիս կարդալ նրա գրքերը: Շատ հաճախ այնքան եմ տարվում Աղվանի պոեզիայով, որ անգիր արած տողերն ինքնաբերաբար լեզվիս ծայրին են գալիս` արտասանում եմ: Ավելի շուտ` աղոթքի պես մրմնջում… Մեզ համար Աղվանն ապրում է և կապրի: Բոլոր մեր զոհված ընկերների ջերմ ու նվիրական հոգիները մեզ հետ են, մեզանից անբաժան… Աղվանի մեջ խաչաձևվում էին հազար ու մի մտքեր, զգացումներ, և այդ առումով, թերևս, նրա հոգին հակասական ու անըմբռնելի էր: Հաճախ էր առանձնանում, միայնակ նստում ու մտքերով չգիտես դեպի ուր սլանում: Այդ պահերին և՛ մեզ հետ էր, և՛ մեզ հետ չէր… Նրանով ոգեշնչվել եմ նաև ես: ժամանակին բանաստեղծություններ էի գրում և անպայման նրան տալիս` կարդալու: Ոգևորված կարդում էր, անկեղծ կարծիքն ասում, բանաստեղծորեն հիանում ու ուրախանում… Աղվանն ուրիշ էր` շատ հետաքրքրասեր, մեծ հոգու տեր, մեծ մտահորիզոն ունեցող  անձնավորություն: Այնպիսի բարձր հումոր ուներ, ինչը վայել է միայն հարուստ, շռայլ հոգու տեր մարդ անհատին… Աղվանի կորուստն անգնահատելի մեծ ու անսփոփ է: Եթե նա այսօր մեր կողքին լիներ, եթե մեր կողքին լինեին Աղվանի նման տղերքը, ապա թե՛ մեր հարազատ Սիսիանում, թե՛ մեր երկրի և թե՛ մեր ժողովրդի կյանքում շատ բան բոլորովին այլ կերպ կլիներ: Իհարկե, դրական առումով, քանզի կյանքից անժամանակ հեռացած լավագույն տղերքի պակասը մեծապես զգացվում է, նրանց տեղը ցավալիորեն դատարկ է…
SHARE