Մի այլ որակի կերպարվեստ

0
25
Մասնագիտական կրթություն չստացած մարդը արվեստում նոր  մտածողություն, 
նոր նկարչություն է բերում…
Ցուցահանդեսի առթիվ
   Թեև Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդում ունեցած փոքր  ցուցահանդեսներին, այնուհանդերձ, Երևանում` Գեղագիտության ազգային կենտրոնում /Աբովյան 13/ օրերս բացված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսն առաջին լուրջ ցուցադրությունն էր հեղինակի` ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ, նախկին բռնցքամարտիկ, վաստակաշատ մարզիչ, ոստիկանության գնդապետ Վազգեն Բադալյանի համար: Բացման հանդիսությանը մեծաթիվ մասնակիցներ կային, ովքեր չէին կարող չարտահայտել իրենց գոհունակությունը, իսկ պրոֆեսիոնալ նկարիչների տված գնահատականը բարձր էր:
    Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն այսպես արտահայտվեց. <<Հրաշալի ցուցահանդես է: Մարդ, որ ոչ պրոֆեսիոնալ լինելով, նման անուշիկ ցուցահանդես է ունենում` ասելիքով լիքը, ներկայացնում է բարձր որակի նկարչություն, և ամենակարևորն այն է, որ շատ-շատ երկրներում ամենամեծ պրոֆեսիոնալներն անգամ այս որակի նկարչություն չունեն: Մենք պիտի գնահատենք այն, ինչ ունենք` մերոնց ձեռքով ստեղծվածը, և այն, որ ոչ պրոֆեսիոնալի մեջ Աստված այսքան շնորհք է դրել: Բադալյանը իրապես ներկայացնում է բարձր որակի նկարչություն` գծային պլաստիկայի և նկարչական մտածողության, մարդկային փիլիսոփայության իմաստներով: Աստվածատուր շնորհը, ձեռքից բացի, նաև մտքին է տված, և այդ երկուսի միասնության միաշաղախն է ներկայացնում: Երանի մեզ, որ մենք Վազգեն Բադալյան ընկեր ունենք: Նրա նկարչությունն առանձնանում է այն կարևոր հանգամանքով, որ պրոֆեսիոնալ կրթություն չստացած մարդը մի նոր մտածողություն, մի նոր նկարչական տեսակ է ներկայացնում` լրիվ տարբեր նրանից, ինչը մինչ այս տեսել ենք ու ունենք: Չենք ունեցել նման նկարչություն, սա նորովի է, նոր մտածողություն է, Բադալյանն իր ուրույն ձեռագիրն է դրել նկարչության մեջ…>>:

   <<77 գործ է ցուցադրված,- ասաց Վազգեն Բադալյանը,- հիմնականում գծանկարչություն, գրաֆիկական աշխատանքներ` արված տարբեր նյութերից, անգամ իմ տեխնոլոգիայով եմ նյութ ստացել` որոշ նկարներում շոկոլադի ներգործություն կա: Թեմաները տաբեր են` հայրենասիրություն, եղեռն, կին, երեխա, ընտանիք, աբստրակտ և այլն: Կան պայքարի ու հոգեբանական բախումների վիճակներ, որոնք ներկայացրել եմ յուրովի, իմ մոտեցման ձևով: Կա փախուստ, կողքին` լավատեսականը: Աշխատել եմ այնպես նկարել, որ ամբողջովին չասվի ասելիքը, դիտողը նաև իրենը գտնի… Երբեք չեմ մտածում, թե ինչ նկարեմ. պահի ազդեցությամբ է լինում: Ամեն ինչ միանշանակ ինձնից բխող է, դրա համար էլ ազնիվ է եղել, ստացվել է: Ես որևէ մեկի հետ պայքարի մեջ չեմ, որ նրանից լավ նկարեմ: Ես ընդամենը նկարում եմ այն, ինչ որ կարողանում եմ և նկարում եմ իմ ձևով: Քանի որ Երևանում մշակութային կյանքն ավելի աշխույժ է, որակն ու չափանիշները` ավելի բարձր, ուստի չէի պատկերացնում, որ այստեղ անհատական ցուցահանդես ունենալու հնարավորություն կունենամ: Ունեցա` Գեղագիտական ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանի առաջարկությամբ ու ընկերներիս շնորհիվ: Բացմանը ճանաչված արվեստագետներ դրվատանքի խոսքեր ասացին աշխատանքներիս վերաբերյալ, ինչն ինձ էլ ավելի է ոգևորում: Բոլորի աչքերում դրական լիցք կա: Բոլորն էլ նշում են, որ ուրույն ոճ ունեմ, ինչը նման չէ ուրիշներին: Քանի որ նկարչական կրթություն չունեմ, ապա դա ինձ շատ է ուրախացնում: Այնպիսի տպավորություն ունեմ, որ ասես մի նոր չեմպիոն տվեցի կամ մի թոռ էլ ծնվեց: Մասնագետների կարծիքներից այնքան եմ ոգևորվել, որ պետք է նորից ու նորից նկարեմ: Պետք է մեջդ կռիվ, բորբոքված վիճակ ունենաս, որ թղթին հանձնես և ձերբազատվես այդ վիճակից: Հոգեվիճակիդ թելադրանքը հանձնես թղթին: Ինչպես ծանր վիճակներում միշտ օգնության են գալիս ընկերներդ, այնպես էլ ծանր վիճակից ես ազատվում, երբ նկարում ես: Նկարելն ինձ համար հանգստություն է, նկարելուց հոգիս հանգստանում է: Հոգեվիճակս թղթին եմ հանձնում, դառնում է գործ… Պիտի ասեմ, որ միայնակ չէի կարող Երևանում ցուցահանդես բացել: Ինձ, ինչպես վերն ասացի, օգնել են ընկերներս: Շատ է աջակցել Լևոն Իգիթյանն իր տեղակալ Կարեն Կարապետյանի ու աշխատակիցների հետ մեկտեղ: Կազմակերպչական հարցերում իր ներդրումն ունի ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Էքսպոզիցիան արել է գեղանկարիչ Անատոլի Ավետյանը: Նկարների գիրք-ալբոմի /դիզայներ` Վահան Քոչար, լուսանկարիչ` Արմինե Հովհաննիսյան/ տպագրության կազմակերպման հարցում աջակցել է <<Տիգրան Մեծ>> տպագրատան նախագահ Վրեժ Մարկոսյանը, ֆինանսական աջակցություն են ցուցաբերել իմ տոհմակիցները` <<Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ>> պատմաազգագրական միությունը, նրա նախագահ Մելս Չիլինգարյանը` Կարեն Առաքելյանի հետ համատեղ: Այնպես որ, ցուցահանդեսը կարելի է ընկերության ծնունդ համարել…>>:
   Այստեղ պարոն Բադալյանին հիշեցրինք, որ կտավների մեջ <<Ընկեր>> անունով գործ ունի, ինչի առթիվ նա ավելացրեց. <<Այո, այդ գործը վերագրել եմ նվիրվածությանը: Չնայած նկարի մեջ փոքրիկ շուն է պատկերված, բայց կերպարն այնքա՜ն նվիրվածություն է ցույց տալիս: Ընդհանրապես, կենդանիներ կան, որ մարդն էլ չունի նրանց նվիրվածությունն ու հավատարմությունը: Դրա համար ընկերությունը շան կերպարով եմ ներկայացրել: Իսկ ընկերության ամրությունը հավատարմությունն է: Իմ ընկերների մեջ այդ տեսակն եմ գնահատում: Նման շատ ընկերներ ունեմ` Ավետյանը, Սևոն, Սամվելը, Փափագը, Կարեն Առաքելյանը, ում շատ հավատում եմ: Նրանք ինձ շատ օգնեցին: Եթե հարաբերությունների մեջ չկա այդ հավատարմությունը, ապա մնում են ծանոթներ: Ընկերությունն իմ կյանքում շատ մեծ դերակատարում ունի: Ծանր հոգեվիճակ ունենալու դեպքում, երբ թղթին չեմ կարող ապավինել, ունեմ հրաշալի ընկեր` Կառլեն Լևոնիչը, գնում եմ իր մոտ` Վերնատուն, հոգիս թեթևացնում: Որքան մարդկային, աստվածային, բնատուր շնորհ կա այդ մարդու մեջ, որ կարողանում է դիմացինից դժվարությունը, խնդիրը, բարդությունը հանել, այն աստիճանի, որ մարդը գա այն գծի վրա, որն անվնաս է այդ պահին նրա համար: Երբ որդիս Երևանում հիվանդանոցում էր, Կառլեն Լևոնիչը ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց, կողքիս էր: Երբ ծանր, լարված իրավիճակում կողքիդ սրտացավ մարդ է լինում, փրկվում ես, այլապես կարող է լարվածությունից մարդու հետ ինչ ասես պատահի: Անբացատրելի օժտվածությամբ մեծագույն ընկեր է նա: Եթե մարդիկ գժտված են, ապա կհրավիրի հացի սեղանի շուրջ, որպեսզի հաշտվեն, բարեկամանան: Նա ուրիշ երևույթ է: Լևոնիչի նման մարդու տեսակը պետք է լինի, որ ուրիշի ցավով ապրող լինի: Ուրիշի ցավով ապրելն աստվածատուր բնավորություն է, ամեն մեկի տրված չէ: Լևոնիչի օգնությամբ որդին` Արթուրը, <<Կառլլևոնի>> արվեստի սրահ է բացել, որը շատ գեղեցիկ մշակութային օջախ է, բայց, կարծես, ավելի շատ ընկերության համար լինի, քան բիզնեսի, ինչն իր բնավորությունից է գալիս: Ծննդյան օրս իմ դիմանկարն էր նկարել ու նվիրեց: Շատ կարևոր է, երբ մարդու կողքին կանգնող կա, երբ նա որևէ խնդիր ունի: Ընկերությունն ինքդ ես ստեղծում, ինքդ ես փնտրում,  գտնում, դրա տերն ես միշտ և ինքդ ես պարտական ամեն ինչի համար: Պիտի աշխատես մինչև վերջ տանել դա: Շիտակ պիտի ապրել: Կյանքը ծանր չի լինում, երբ սրտի թելադրանքով ես ապրում: Պետք է տաք պահել ընկերական փոխհարաբերությունները: Երբ այդ տաքությունը փոխանցվում է մեկմեկու, ապա դառնում է հզոր ընկերություն…>>:
SHARE