Մշտալույս կանթեղի նման…

0
15
Ազգային հենք ու դարավոր ավանդույթներ ունեցող հայ աշուղական զառվառ երգի խնկարկուն և նաղաշն է Թովմաս Պողոսյանը…
   Նրա ստեղծած ու պահպանած մշակութային արժեքները մեր օրերի` արշակավան հիշեցնող աննախադեպ խառնարանից զատվում են ինքնահատուկ գույներով` միշտ մնալով անխառն ու շենշող:
  Հայ բանարվեստի ու երաժշտարվեստի գաղտնագրերն աստվածահաճ առաքելությամբ վերծանող և հանրահռչակող մեծ նվիրյալի կյանքը, ասես, բեկվում է … սազի պրիզմայով, աշխարհը` դառնում վարդի ու սոխակի սիրո հանգրվան: Ինքն էլ գարնանախոս մի սոխակ է. նրա հոգեհմա ձայնից բացվո՜ւմ են սրտիդ մեջ անթեղված հուրհրան վարդերը, և երգդ հորդում է` հանց վարդագինի` հրակեզ, զգլխիչ…
   <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը, հիրավի, աշուղական բարձր մշակույթի էպոնիմ է: Բարձրարվեստ համույթի համահավաք և ընդգրկուն համերգային ծրագրերը պարբերաբար համալրվում են. մեծ աշուղների երգերի կողքին տեղ են գտնում մեր ժամանակի աշուղների երգերը: Հայ աշուղական երգերի գանձարանը, որպես ազգապահպան գործոն և հոգևոր պահանջմունք, խայտանկար և զարդարուն մատուցվում է մեր ժողովրդին` նրան տոգորելով վարդաշաղախ ու խնկավետ պոեզիայով:
   Աշուղածին Հայոց աշխարհի աշուղատե՛ր աշուղագետն է Թովմաս Պողոսյանը. նա աշուղին նաև ի կենդանվույն գնահատել գիտի: Նրա նախաձեռնությամբ կազմակերպված և <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլի մասնակցությամբ 2009 թ. հուլիսի 30-ին Երևանի <<Արամ Խաչատրյան>> հաներգասրահում կայացած ձեռնադրությանս հանդիսավոր արարողությունն ասածիս վառ դրսևորումներից մեկն է:
   Ձեռնադրվեցի. սիրտս ցնծաց, պատվանունս պարտավորեցրեց ինձ, երգս բռնեց աղոթքի՜ ճամփան…
   Մերօրյա աշուղների սուրբ ոստանը, վարպետա՛ց տունն է Ջիվանու անվան աշուղական դպրոցը, որի երգը, մշտալույս կանթեղի նման, ցրո՜ւմ է ցոլաշող հայ երգաշխարհին անհարիր ադամամութը` հասնելով հեռո՜ւ, շա՜տ հեռու ստեպներ:
   … Երգիս սրտի բոսոր վարդերից, լաջվարդ մանուշակներից ու բիլ ձնծաղիկներից հյուսված   դրասանգն ընծա՛ թող լինի բազմազբաղ մշակույթի գործչին, քնքշաքնար արվեստագետին ու Մեծ հային:
Աշուղ Աստղանուշ


ԱՇՈՒՂ ԱՍՏՂԱՆՈՒՇ

ՋԻՎԱՆՈՒ ՊԵՍ` ԱՆԹԵՎ ԹՌՉՆԻԿ,
Ո’Վ ԹՈՎՄԱՍ

Հայի’ բլբուլ, քաղցրաբարբառ հա’յ երգիչ,
Բարձրապատի’վ, ազնվազու’ն , ո’վ Թովմաս,
Քեզ զորացրեց բարի Աստված, Արարի’չ,
Ջիվանու պես`  անթև թռչնիկ, ո’վ Թովմաս: 

Աչքով տեսար ազգիս հուսո նշանը,
Երգդ ասես պեղեց Անին ու Վանը,
Նոր պատմուճան հագավ Աշուղ Ջիվանը,
Ջիվանու պես` անթև թռչնիկ, ո’վ Թովմաս: 

Ազգին` մշակ, աշուղին` տեր անվարան,
Գոհարների անհատնելի` գանձարան,
Հանդիսանաց անգի’ն զարդ ու զարդարան,
 Ջիվանու պես` անթև թռչնիկ, ո’վ Թովմաս: 

Հոգուդ նման դու սիրեցիր Ջիվանուն,
Երգիչ եղար նրա երգին բարձրանուն,
Անհայտ երգին տվեցիր կյանք ու անուն,
Ջիվանու պես` անթև թռչնիկ, ո’վ Թովմաս: 

Ազգս նետեց իր կրակե շապիկը,
Աստղանուշն էլ բացեց գինու ալ տիկը,
Իմ Տավուշում  արի’ տոնենք Զատիկը,
Ջիվանու պես` անթև թռչնիկ, ո’վ Թովմաս:

SHARE