Մ. թ. ա.` 2009-ին և հետո…

0
52

/կարճամետրաժ կինո-էտյուդ/

Էքնոս watermarked_Eqnos

  Հետկեսօրյա միջօրեի թեքվող արևը թակում էր հյուրընկալ երեկոյի, օրվա մշակութային դռները:

  Քայլում էի մտոք հետհայաց ճանապարհորդություն կատարելով մեր ճարտարապետական մտքի և քանդակի ազգային յուրօրինակ մտածողության շուրջ, սկսած` Բարձր Հայքի, Կարին-Էրզրումյան, Հազարաշեն տաճարներից մինչև մեր օրերի վարպետ-ճարտարապետների և ոչ ճարտարապետական ինքնահնար խեղաթյուրումները:

  Ճանապարհին խախտելով ոչ պայմանական հանդիպումների ենթագիտակցական կարգախոսը, որպես առաջին հանդիսատես ներկայանում եմ Կարապի լճի հարևանությամբ տարածությունը հետաքրքիր հորինվածքներով զարդարող շնորհալի արվեստագետ Բեջանյանի, իրեն, Մեծ Կոմպոզիտորին` Բաբաջանյանին բնորոշ աստղահայաց խոյահարումների պատրաստ Հայի, նրա դեմքի և ձեռքերի վերերկրյա, երկնաբեր արարման հոգեվիճակների ներկայացման դաշտահանդեսին:

  Մայրամուտն երիզող արևի վերջին շողերի ուղեկցությամբ քայլերս ուղղում եմ նույնանուն Կոմպոզիտորի կամ, ինչպես ասում են, Հայհամերգի փոքր դահլիճ:

  Համերգային լուսասրահն ինչ-որ միջոցառման նախապատրաստությունից հոգնած, մշակութային գործիչներին հրավիրում էր ֆուրշեթի:

  Խրախճանք ոտքի վրա: Մինչ այդ, իմ ոչ ներկայանալի ներկայությունը, թե ընդհանուրի ապշահար ձանձրույթը ցրելու մտադրությամբ Ղաուրմեցի Լեյլին, որ նստած էր ինձանից ոչ հեռու, ձախ կողմի աթոռաշարի կողքի զույգ աթոռին, մի անծանոթ գեղուհու հետ, հասցրել էր կողքահայաց մտերմությամբ ողջունել իմ ներկայությունը և ցանկանում էր ծանոթացնել, իր կարծիքով, մի հետաքրքիր, մշակույթ կրող անձի հետ:

  Փորձում եմ աննկատ հեռանալ… Մի զույգ խոշոր ու խելացի, խոր մտորումների ծովածավալ աչքեր բռնում են իմ օրվա համար տարօրինակ հեռու փախչող հայացքը:

  Քիչ բան տեսած պատանու նման ուսումնասիրում էի … Նրա ներքին և արտաքին հրապույրներուն ավելանում էր առանձնահատուկ, թավշյա նրբերանգներից հյուսված գեղեցիկ ձայնը: Նրա բոլոր բառերը նրբաշաղ, նրբաշուրթ շուրթերից ելնում, տարածվում էին յուրաքանչյուր մարդու ներքին մտածողության լսարանին մտերիմ և ավելի հմայիչ դարձնում շուրջը զարդարող բնության ներկայությունը:

  Սպիտակ լուսազգեստի թավշեծալ լուսանցքից բացվող սադափե կոճկաշարի նրբաշեղ ճեղքվածքից վախվորած համարձակությամբ դուրս էին նայում զույգ արևների նմանող լուսատու աղավնիք: Թափանցիկ շապկաշարի վերև, վեր ելնող վզի պարանոցի և վար սահող ոսկեծամ երկայնավարսերը ընդգծում էին հայուհու կերպարն ավետող ներկայությունը լուսասրահի մեջ: Եվ ի զորություն արքաների նա այնքան նախընտրելի էր, և մտերիմ Աստվածների դասին, որ <<շփոթությամբ>>այլ մարդիկ մեծարանքով գլուխ էին խոնարհում…

  Զուգահեռ սեղանի ֆուրշեթակիցները խանդի և նախանձի հայացքներ էին փոխանակում նրա ամենահմա ներկայությամբ վեհացող փարավոնյան ժառանգորդիս:

  Նրանց հայացքների ուղեկցությամբ դուրս ենք գալիս:

  Դրսում, առանձնության մեջ նա գործնականորեն տարածության սահմաններում ավելի հետաքրքիր էր, խորհրդավոր և չբացահայտված:

  Ներկայանում է, թևատակին` կարմիր, թե բալագույն տիտղոսագիր օրինակներ, մակագրությամբ` 2009 թ. Մ. թ. ա. <<Ընկեր>>:

-Ընկեր:

-Ինչպես թե՞…

– …

-Այսի՞նքն…

-Գիսանե:

-Կեղծանո՞ւն, թե՞…

-Միևնույն է, ասեք մի անուն, որ նման լինի իմ նախամորը:

-Մտածում եմ …

Այս շոու-բիզնեսի, ամենաթողության, ոչ ստեղծագործական համակարգում ինչ <<Ընկեր>>… Եվ մեկն համարձակվում է ընկերային, ոչ շահութաբեր գործերի մասին խոսել…

-Ա՜յ քեզ բան, ես հարցնում եմ… Նա քրոջ պես ինձ է նայում…

Մեկը` կողքից.

-Այս ամենը այնքան էլ այնպես չէ… Թողեք ընթերցողի լայն մտահորիզոնից ելնող ընկերային քննարկումներին:

Միջամտում եմ.

-<<Ընկերը>>փոքրիկ, մանրանկարչական վրձնահարվածներով և մտահղացմամբ իր ուրույն խոսելաձևով մեզ տեղեկացնում է վերանկախ երկրի ընկերային, մշակութա-քաղաքական երևույթների կտավին համապատասխան, համանվագ պատկերներ… Նա բացահայտում է գեղեցիկը <<գեղեցիկից>>առանձնացնելու արվեստի ընկերային, հատուկ խմբագրական, նրբամեծար մտերմությամբ և ճշգրիտ մեկնությունների եզրահանգումներով:

…Ընթերցողն իր կարծիքն է ձևավորում, իսկ <<Ընկերը>>մոռացել է… Այս մտորումներով, ինքս իմ անհեթեթ, աբսուրդի հասնող ոտնահետքերով քայլում եմ, արդեն` մ. թ. ա. 2014-ի, նորից նորանկախ Երկրի, կիսանկախ աշնանային փողոցներով… Եվ ինչ, ինձ շփոթեցնելու աստիճան, անակնկալ հեռուների հիշողությունից արթնացած մեկը զանգում է.

-<<Ընկերն>>հինգ տարեկան է:

-Հենց էդպես, առանց նախաբանի…

-Ո՞վ ասաց:

Քառասուն և քանի հազար տարիների Երկիր…

-Եվ…

-Ոչ, իհարկե, ոչ:

  Խոսքը քառասուն և քանի հազար տարիների արմատներից վեր բարձրացող լեռների Աստվածների Երկրի, վերանկախ Նաիրի պետության <<Ընկեր>>պարբերաթերթի մասին է:

-…

-Չեմ կարդացել:

-…

-Չէ, չի ճարվում:

-Խոնարհաբար ներողություն եմ խնդրում:

-Ինչո՞ւ…

-Չգիտեմ:

-…

-…

-Հավանաբար…

-Հավանաբար ի՞նչ…

  Բացատրում եմ…, որ էսպես, էսպես… <<Ընկերն>>արթնանում է երեկոների ստեղծագործական հոգեվիճակների հոգնության մեջ վեհացող տրամադրությամբ… Եվ առանձնահատուկ հետաքրքրություն շարժող տեղեկությունների ներկայությամբ բացում է իր գեղեցիկ էջերը:

-Կեցցես…

Կողքից ինչ-որ մեկը ոգևորվում է.

-Մի-մի բաժակ սուրճ և կոնյակ նախամոր կեղևի տակ թաքնված Գիսանեի ընկերներին:

Նա փորձում է համոզել… Մինչդեռ, բոլորովին վերջերս, հումորով, թե կես-լուրջ, իմ մտերիմ ընկերներից մեկին խոստովանել եմ…

-Չե՛մ գրում: Եվ որևէ մեկի ներողամտությունն ու ներկայությունը իմ կողքին չեմ ընդունում: Կարելի է ասել, ոչ մի աշխատանք չեմ հավանում:

-Այդ դեպքո՞ւմ…

-Չեմ կարող չգրել: Ինքնաբացահայտման ճանապարհին յուրաքանչյուր մտածող աբսուրդի և խելագարության իր չափանիշների սահմաններում տեսնում է իրեն… Զրուցում է իր ներկա գիտակցության, բանականությունն արարող պայմանական ներկայության հետ: … Երբեմն որևիցե գործ հանձնում եմ հայտնի կամ անհայտ գրական-գեղարվեստական թերթերի և հանդեսների էջերին…

-Որ ի՞նչ…

-Թող ընթերցողն էլ համոզվի:

-…

-Ես գրում եմ նեղ լսարանի համար:

-…

-Հայհոյանքներն ինձ չեն սպառնում: Ես ավելի եմ ամրանում: Իմ ես-ը շարունակում է որոնել… Մեր և մեր միջև խելագարության նույն գիծն է անցնում:

-Եվ դու… Դու ինչ ես շահում:

-Ես շահի ետևից չեմ գնում:

-Եվ ի՞նչ… Քեզ ո՞ւր է տանում քո <<Ընկերը>>, որի մասին էդպես էլ չխոսեցիք:

-Արդեն յոթը հարյուր հազար քանի հարյուր տարի քայլում եմ իմ ենթագիտակցության արահետներով… Ձգտում եմ պարզել իմ ծագման վաղնջական ներկայությունն այստեղ:

-Բա՞յց…

-…

Նա նորից հիշեցնում է.

-<<Ընկերն>>հինգ տարեկան է:

-Կլոր թիվ:

-Կարելի է ենթադրել…

-Հո-բե՞լ-յա-նա-կան:

-…

-Իսկ դո՞ւ…

-Ես ի՞նչ… Ուշանում եմ:

-Ինչպե՞ս…

-<<Ընկերն>>ինձ է սպասում:

Երեկո է:

Ես դուրս եմ գալիս իմ նախամոր ենթակեղևից: Վերադառնում եմ Մեծ Լեռան այն կողմ` Աստվածների մոտ:

Մ. թ. ա.

2014 թ. Աշուն

SHARE