Յո՞ երթաս, երկիր հայրենի…

0
41

Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ… որովհետև… վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, <<Ողբ>>

Արտագաղթ է Հայաստանից, արտագաղթ է Հայությունից… Երկիր պահելը միայն սահմաններ պահելը չէ, թե պահել է` այդ սահմանները պիտի նաև ներսից պահել: Երկիրը տիրում են մի քանի հզոր <<կենտավրոսներ>>, որոնց ֆինանսական հզորությունը շարունակում է գոյատևել թալանով, կողոպուտով, ստվերային գերշահույթով: Թումանյանը դեռ է՜ն ժամանակ է նկատել, որ <<մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը: Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը: Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած>> (<<Դառնացած ժողովուրդ>>, 1910 թ.):

Պետական այս վայրենի կապիտալիզմը` իր գայլային օրենքներով, որ փաթաթվել է ժողովրդի վզին, ոչ մի կապ չունի, ընդհանրապես, ազատության, անկախության ու ժողովրդավարության հետ: Մենք կյանքի բոլոր բնագավառները վերածել ենք ֆեոդալական տիրույթների և այսօր ունենք երկրի ազգային, տնտեսական, ֆինանսական կռվանները ուրիշներին հանձնած ղեկավարներ, <<գորշ կարդինալներ>>: Ունենք հայրենիք, որ վտանգի, փորձությունների պահերին ծանրանում է ժողովրդի ուսերին, իսկ մնացած ժամանակ իշխանություններինն է` <<ճոխ արոտավայր հարուստների ցոփ>>…

Այո՛, մենք փոքրիշատե զարգացած գյուղատնտեսությունը վերածեցինք ֆեոդալական ժամանակաշրջանին հատուկ փակ նատուրալ տնտեսության: Ավելին, մեզ համար անչափ կարևոր այս ճյուղը ետ շպրտեցինք մի քանի ֆորմացիաներով: Սեփականաշնորհումը ռազմավարական առումով, ինչ խոսք, ճիշտ քայլ էր: Հողը գյուղացուն պետք է տրվեր, բայց ի՞նչ ձևով… Շտապողականություն կար, և անցումը ոչ թե աստիճանական էր, այլ հախուռն ու զանգվածային: Մարդկության պատմությունն այդպիսի փորձ չուներ, որ պետական սեփականության հողը բաժանվեր գյուղացիներին, իսկ օրենքը մշակող-իրականացնողներն էլ շատ անհեռատես էին, ճիշտ չվարվեցին և մեզ կանգնեցրին տխուր փաստերի առջև: Անհասկանալի էր, թե ինչու գործարանը վաճառում են մի հոգու, իսկ հողը պետք է բաժանվեր բոլոր շնչերի վրա: Սոցիալական արդարության պատրանք ստեղծվեց, ինչը տնտեսապես չէր արդարացվում:

Գյուղատնտեսական միջոցները և հողը չպետք է փոշիացվեին: Հողը բաժանեցին բոլորին, իսկ անասունները` առանձին անհատների: Մինչդեռ, եթե հողը տալիս ես գյուղացուն մասնաբաժնով, այսինքն` առավելագույնը 1,5 հեկտար, ապա նա ինչպե՞ս պետք է պահի իր ֆերման: Ասում էին հինգից պակաս անասուն չպետք է բաժանել և էլի չապահովեցին այդ հինգ անասունը պահելու անհրաժեշտ պայմանները: Հետևանքն այն եղավ, որ շատերն անասունները վերցրին և ընդամենը երկու տարի էլ չկարողացան պահել: Սկսվեց անասունների զանգվածային մորթը: Մենք կորցրինք ամենակարևորը` անասնապահական գենոֆոնդը: Եթե այլ ոլորտներում պետությունը նոր հասարակարգի սոցիալ-քաղաքական հիմքեր էր ստեղծում և շտապ ձևավորում էր հարուստների խավ, ապա գյուղաշխարհի մասին գրեթե մոռացավ…

Մինչդեռ պետությունն իր պայմանները պետք է դներ` պարոն գյուղացի, հողատեր, հողը քեզ տալիս ենք էս կարգով` վճարովի, հեկտարին` էսքան, անասնագլխաքանակը տալիս ենք վճարովի: Քո ստացած եկամուտների, ասենք, 30 տոկոսը տալիս ես պետությանը: Իսկ մանր հողակտորները կարելի էր գյուղացուն անվճար տալ: Այսինքն, ճիշտ կլիներ ստեղծել ֆերմերային մեծ տնտեսություններ, քանի որ առանձին փոքր մասերի, բաժան-բաժան արած հողակտորների վրա գիտականորեն հիմնավորված գյուղատնտեսական արտադրություն կազմակերպելն անմտություն է, պարզապես` անհնար…

Արտագաղթ Հայաստանից, արտագաղթ Հայությունից. ահա մեր ազգն ինքնասպանության տանող երկու երևույթ, ինչն, ի վերջո, պիտի սթափեցնի մեզ: Մեջբերենք Սիլվա Կապուտիկյանի խոսքը. <<…Ինչպե՞ս պատահեց, որ դարերով մեր ժողովրդի հոգում փայփայվող անկախության տեսիլքը, դառնալով իրականություն, տվեց հակադարձ մի պատկեր: 1988 թվականին ազգային իդեալներով շնչող, հանուն Ղարաբաղի արդարության զոհողությունների պատրաստ, իր ազգային արժեքներով` հպարտ ոգով ու հոգեբանությամբ լցված, միակամ ու միաձույլ ժողովրդի փոխարեն այսօր ունենք պատրանաթափ, Արարատից պարպված, հայրենի երգից, գրից ու գրքից խորթացած, 80 կուսակցությունների միջև շվարած հայաստանցի, ղարաբաղցի, սփյուռքահայ որակումներով` մասնատված իշխանավորների, անուս փողավորների` ամբարտավան վարք ու բարքից բթացած ու խեղճացած, միայն հացով ու էժան զվարճանքներով սնվող, օտար վարկերին ու մարդասիրական ողորմություններին ապավինող, մտովի արտագաղթի ճամպրուկները կապած, անուղի, անդեմ, կրավորական մի զանգված: Դալեսի ասած <<անբարոյականության պաշտամունքին>> հանձնվելն էր երևի, որ մարդկանց ներշնչեց սանձազերծել իրենց մեջ եղած զազրելի բնազդները` ագահության, գողության, վայելքամոլության, կեղծիքի, եսասիրության մոլի կիրքը, երկրաշարժի աղետյալներին, որբերին, ծերերին, անգործներին տրորելու, նրանց արյան ու արցունքի վրա սեփական բարօրությունը կառուցելու անզսպելի տենդը: Այս <<անբարոյականության պաշտամունքի>> ստեղծած մթնոլորտն էր` միացած նյութական անելանելի վիճակի հետ, որ սկիզբ դրեց արտագաղթ կոչվող ողբերգությանը, և որն օրեցօր զորանում է ու թանձրանում>>…

Միով բանիվ, մենք ոչ թե պիտի ժողովրդից հեռացող հայրենիք ունենանք և հայրենիքից հեռացող ժողովուրդ, այլ ժողովուրդ պահող, ժողովուրդ վերադարձնող հայրենիք: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը դառնա մեր բոլորինը…

SHARE