Նախանձելի նվիրում հայ երաժշտարվեստին

0
16
 
   Թովմաս Պողոսյանի մասին իմ կարծիքը շատ բարձր է: Նրա մեջ հավասարապես, կարելի է ասել, մրցում են թե՛ երգիչ-գիտակը, թե՛ երգիչը, թե՛ այն մարդը, ով կարողացավ Ջիվանու, Սայաթ-Նովայի շատ տեքստեր վերծանել, բերել և ներդնել այսօրվա երաժշտական կյանքի մեջ, իր հրաշալի <<Սայաթ-Նովա>> երգչախմբով կատարել: Նաև ինքը, որպես անհատ երգիչ, կատարեց իր շատ գեղեցիկ ձայնով:  Սփյուռքի որ համայնքում էլ եղել եմ, պիտի անպայման նշեմ, միշտ նրա նկատմամբ մեծ հարգանքի ու սիրո մասին եմ տեղեկացել: 
    Դեռևս 20 տարի առաջ լսելով նրա ձայներիզը, շատ ոգևորվեցի, տոգորվեցի այդ երգերով: Շատ չանցած կայացավ մեր ծանոթությունը, որ վերածվեց բարեկամության: Նա մեր ինստիտուտում պաշտպանեց Ջիվանուն` այդ պայծառ ու հանճարեղ մարդուն նվիրված իր թեկնածուական դիսերտացիան: Հիմա էլ նոր գիրք է պատրաստել` նվիրված Ջիվանու երգարվեստին, նրա պոետական աշխարհին: Տպագրել է Ջիվանու բոլոր երգերը` գիտական ճշգրիտ ծանոթագրություններով, ինչն ինքնին արդեն մեծ` թե՛ գրականագիտական, թե՛ արվեստագիտական, թե՛ երաժշտագիտական, աշխատանք է: Բոլորովին վերջերս այն  նոր հրատարակություն ունեցավ: Ես շատ կուզեի, որ այդ գրքով Թովմաս Պողոսյանը պաշտպաներ դոկտորական ատենախոսությունը, ինչին նա իրապես արժանի է: Բացի այդ, նա հայրենի գրականության և երաժշտության մեծ բարեկամն ու ջատագովն է: Ամեն տարի Թիֆլիսում իր <<Սայաթ-Նովա>> անսամբլով Վարդատոնին է մասնակցում: Հոգնությունն, ասես, նրա համար չէ, կարող է երկար ճանապարհ կտրելուց հետո անմիջապես բարձր մակարդակով ելույթ ունենալ:

    Մեր ժողովուրդն ունի այնպիսի հոգևոր հարստություն, ինչպիսին հայկական ժողովրդական և հայ դասական երաժիշտների արվեստն է: Թովմասը դրա և՛ քարոզողն է, և՛ պահակը, և՛ նվիրյալը, և՛ ջատագովը: Իր այս մեծ նվիրումով, անկասկած, բարի հետք կթողնի հայ երաժշտության պատմության մեջ: Էլ չեմ ասում, որ որպես մարդ` հիանալի անձնավորություն է, համեստ, աշխատասեր, արդարասեր: Մինչև վերջին նոտան շատ խորը զննում է, մինչև վերջին շեշտը, ինչը եղել է մեծ երգահանի ձեռագրում, մինչև վերջնականապես չվերծանի, դա չի տպագրի կամ կատարի: Այսինքն, մեծ բարեխղճություն ունի նաև: Այսպիսի մարդիկ շատ կարևոր են հատկապես մեր օրերում: Իսկապես, շնորհակալ մեծ աշխատանք, գործ է անում: Գործ, որը հայ ժողովրդի սրտի հետ է կապված: Գիտենք, թե ժամանակակից երաժշտության թոհ ու բոհի մեջ, երբ շատ են օտար մեղեդիները, որքան կարևոր են հայ ազգային մաքուր մեղեդին, հայ երգը, ինչին իր կյանքն է նվիրել Թովմասը: 
    Հաջողություն եմ մաղթում նրան, շնորհավորում նրա փառահեղ 60-ամյակը: Ասես, այդ 60 տարիները նրա ջահելության կողքով են անցել, և թող այդպես երիտասարդ էլ միշտ մնա: Երբ մարդու հոգին մաքուր է, ծրագրերը պարզ են ու ազնիվ, նա ծերություն չունի: Թովմասին մաղթում եմ 100 տարվա կյանք, և թող 100 տարի էլ մեր ժողովրդի համար իր ձայնը հնչի: Նրա մեջ առաջին հերթին գնահատում եմ աշխատասիրությունը, նպատակասլացությունը: Զարմանալի աշխատասեր է: Այդքան հայտնի է, ողջ աշխարհում նրան լավ գիտեն` որպես ժողովրդական երգչի, բայց, տեսեք, խորասուզված մանրազնին հետազոտություններ է անում աշուղական արվեստի մեջ, որպեսզի էլ ավելի բարձրացնի այն, որը մեր արվեստի փառքերից մեկն է: Թովմասը մի ներքին կրակ ունի մեջը, գիտնականի կրակը, ինչը շատ բարձր է, շատ գնահատելի: Շատ մեծ հայրենասեր է: Անձնվեր գործիչ է, որ անվարձահատույց անում է իր գործը` ի սեր հայ երգի, հայ ժողովրդի: 

Ավիկ Իսահակյան
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան 
գրականության ինստիտուտի 
տնօրեն, բանասիրական 
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
SHARE