Նախանձելի նվիրում ու եռանդ

0
31
Գարնանաշունչ ու գարնանաբույր տոնահանդես Գագարինի մանկապարտեզում

Սերունդ

   Գագարինի մանկապարտեզի սաները մի քանի ժամ տոն պարգևեցին ոչ միայն մայրերին, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր, ասես, այդ օրը հայտնվել էին հեքիաթի բարի փերիների թագավորությունում: Այդքան փոքր տարիքի և այդքան պատրաստված երեխաներ, որ արտասանում, երգում ու պարում էին առանց կաշկանդվելու, առանց շփոթվելու` համարձակ ու ինքնավստահ: Հաճելիորեն զարմանում էիր, թե այս փոքրիկների հետ որքան հմտորեն ու նրբանկատ պիտի աշխատել, որ այսպիսի արդյունք ստացվի: Նրանցով հպարտանալու զգացմանը միախառնվում էր նաև այն վստահ համոզմունքը, որ լավ սերունդ է դաստիարակվում, որ ապագայի հիմքը դրվում է այստեղ, այս հրաշալի կրթօջախում: Կրթօջախ, որ նվիրյալ մանկավարժներ ունի, որ հաջողությամբ ղեկավարվում է քաջահմուտ ու բանիմաց Ժենյա Գրիգորյանի կողմից: 
    Իրոք, գարնանաշունչ ու գարնանաբույր տոնահանդես էր Գագարինի մանկապարտեզում: Տոնահանդես, որ յուրահատուկ սեր էր ներառում` առ հայրենիք, մայրություն, բնություն, ծառ ու ծաղիկ, հոգևոր ու բարոյական արժեքներ: Միջոցառումը նաև ճանաչողական և ավելի շատ դաստիարակչական նշանակություն ուներ, հայրենասիրության ոգին էր թևածում մանուկների շուրթերից: Ինչպես դժվար չէր նկատել, այս հաստատությունը նաև ներառական մանկապարտեզի դեր է կատարում: Միջոցառմանը մասնակցում էին նաև հաշմանդամ /հիվանդ/ երեխաներ, ովքեր հասարակությանն ինտեգրվելու կարիք ունեն: Տնօրենը, մեծապես կարևորելով այդ խնդիրը, նրանց ընդգրկել է մանկապարտեզում և առանձնահատուկ ուշադրության արժանացրել: 
   Ինչպես Սևանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը նշեց, տիկին Գրիգորյանը նախանձելի աշխատասեր ու նախաձեռնող է, համառ բնավորությամբ ու հետևողական: Տնօրենը, պատկերավոր ասած, կարողանում է քարից հաց քամել, գտնել մարդկանց, բարերարների, ում օգնությամբ լուծվում են մանկապարտեզին կենսականորեն անհրաժեշտ մի շարք խնդիրներ: Խնդիրներ, որոնք ի վիճակի չէ լուծելու համայնքը: Մասնավորապես, այստեղ յուրաքանչյուր երեխայից գանձվող վարձավճարը 2 հազար դրամ է, այն դեպքում, երբ Սևան քաղաքում այդ թիվը 5-7 հազարի սահմաններում է: Քաղաքապետարանը, ճիշտ է, հովանավորում է մանկապարտեզը, բայց տիկին Գրիգորյանն իր շրջապատի շնորհիվ և ունեցած հնարավորությունների չափով նվազագույնի է հասցնում թե՛ կրթօջախի, թե՛ երեխաների առօրյա հոգսերը: 
   Տիկին Հովհաննիսյանի խոսքերով, այս ամենը բնավ  պատահական չէ, քանի որ տնօրենը մասնագիտական բարձրագույն կրթություն ունի և երկարամյա աշխատանքային փորձ, ինչն էլ օգնում է նրան և՛ լավագույնս ղեկավարել կրթօջախը, և՛ նման` օգտակար ու ուսանելի միջոցառումներ կազմակերպել: Մանկապարտեզը սերտորեն համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ, մեթոդական ցուցումներ ու մասնագիտական անհրաժեշտ օգնություն ստանում:
   Միջոցառմանը բանիմացորեն ու առանձնակի ճաշակով ներառված էին գարնան բոլոր տոները, որոնցով այնքան հարուստ է Հայոց տոնացույցը: Գարնան զարթոնք, Ավետում,  Ծաղկազարդ, Սուրբ Հարություն, Համբարձում, նաև` Մայիսի 9, Մայիսի 28… Յուրօրինակ քննություն, ասես, լիներ, ընդ որում` ոչ միայն սաների, այլև մանկավարժ-դաստիարակների, ողջ կոլեկտիվի և ծնողների համար: Եվ այն, ի պատիվ բոլորի, հաջողությամբ ու պատվախնդրորեն հանձնվեց: Շնորհիվ, առաջին հերթին, այս հրաշք մանկապարտեզի երեխաների, որ կարողացան իրենց լավագույնս դրսևորել և, կրթության ու գիտության նախարարության մշակած չափորոշիչների սահմաններում, ի ցույց դնել համապատասխան գիտելիքներ, բարձր ունակություն: Այդ առթիվ անկեղծ շնորհավորանքներ պետք է հղել բոլորին և հատկապես, իհարկե, տիկին Գրիգորյանին, ով նախանձելի նվիրում ու եռանդ է դրսևորում այս անչափ մեծ ու ազգանվեր գործում:

   Կրթօջախի ղեկավարն իր հերթին նշեց, որ իրենց սաների փայլուն ելույթն ու կատարումները դաստիարակ-մանկավարժների քրտնաջան աշխատանքի, անմնացորդ նվիրման արդյունք են: Առիթն օգտագործելով, տիկին Գրիգորյանը խնդրանքով դիմեց Սևանի քաղաքապետարանի ղեկավարությանը` ի դեմս փոխքաղաքապետ Համլետ Սահակյանի, որ ներկա էր միջոցառմանը, որպեսզի մանկապարտեզում բացվի 3-րդ խումբը: Շուրջ 30 երեխա անհամբեր սպասում է դրան, որպեսզի համալրի կրթօջախի սաների շարքը: Հավատալով, որ իր խնդրանք-առաջարկը համարժեք վերաբերմունքի կարժանանա վերադասի կողմից, տիկին Գրիգորյանը միաժամանակ շնորհակալության ջերմ խոսքեր հղեց Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հասցեին, ով հնարավորինս աջակցում է մանկապարտեզի բնականոն գործունեության ապահովմանը, ըմբռնումով է մոտենում բարձրացված հարցերի բավարարմանը: 
   Սաների ծնողները ևս, ջերմորեն տպավորված միջոցառման հաջողությամբ, հատուկ շնորհակալություն հայտնեցին տիկին Գրիգորյանին, ողջ կոլեկտիվին: Նշեցին, որ տնօրենը 37 տարի ղեկավարում է մանկապարտեզը և նման հանդեսներ շատ են տեսել` մեկը մեկից լավ, մեկը մեկին գերազանցող: Նրանց խոսքերով, տիկին Գրիգորյանի շնորհիվ է կրթօջախը կայուն ու ապահով վիճակում: Այն այսօր չի զիջում քաղաքի մանկապարտեզներին. դաստիարակությունն ու կրթությունը` տեղին, սնունդն ու մաքրությունը` տեղին, ղեկավարի խստապահանջությունը` տեղին: Ընդհանուր մթնոլորտը, վերաբերմունքն այնպիսին են, ասես, ընտանիքի ջերմ հարկի տակ լինես, ընտանեկան հոգատարությամբ շրջապատված: 
   Սևանի փոխքաղաքապետ պարոն Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց. <<Մեր համատեղ և, անշուշտ, առաջին հերթին տիկին Ժենյայի ջանքերի շնորհիվ մանկապարտեզը պահպանվել է և այսօր իր մակարդակով չի զիջում քաղաքի մյուս մանկապարտեզներին: Անգամ, կարելի է ասել, ինչ-որ առումով գերազանցում է մյուսներին: Միջոցառումը շատ հաջող էր ստացվել, իրոք, քննություն էր, որը երեխաները հաղթանակով հանձնեցին: Այդ հաղթանակը նաև մանկավարժ-դաստիարակներինն էր, տնօրենինը, ծնողներինը և, առհասարակ, մեր բոլորինը: Այստեղ մարդիկ անչափ նվիրված ու պատասխանատու են: Համախմբված են, միևնույն նպատակին ձգտող: Այս միջոցառումն էլ այդ ամենի արդյունք է, և ամենամեծ գնահատականի է արժանի: Եթե տիկին Ժենյան իր տեղում չլիներ, ապա այս հաջողությունը չէր լինի: Հաջողության գրավականը հենց դրանում է: Նրա հետ ծանոթ եմ 1976 թվականից: Շատ անմիջական, պատասխանատու, նվիրյալ անձնավորություն է: Կարճ բնութագրելու համար երկու բառն էլ բավական է` նվիրում աշխատանքին: Կարելի է ասել, տիկին Ժենյան իր գործում պրոֆեսոր է, տարիների երկարատև փորձությունն է բերել, հանգեցրել դրան: Եղածով չի բավարարվում, ձգտում է ավելիին, շարունակում է նախաձեռնել, ստեղծել: Նա միշտ պատրաստակամ է` լավ գործի, նորանոր ձեռքբերումների, միշտ առաջ է ձգտում: Շատ լավ մանկավարժ է: Մի ամբողջ կյանք է <<դրել>> մանկապարտեզի համար և հասցրել այսօրվա լավ վիճակին: Բոլոր նվիրյալներն էլ տիկին Ժենյայի պես են լինում…>>:
  Անահիտ Հովհաննիսյանն իր խոսքում ասաց հետևյալը. <<Ժենյա Գրիգորյանը վառ անհատականություն է Գագարինում: Բոլորը նրան ճանաչում են, հարգում նրա խոսքը: Կարողանում է բնակիչներին ներգրավել իր կողմը, շատ համոզիչ երևալ: Պատրաստի լիդեր է, առաջնորդ, դրա համար ունի բոլոր հատկանիշները: Անկոտրում, համառ բնավորություն ունի: Կարողացավ պահել, պահպանել մանկապարտեզը, ինչն այն տարիների համար հերոսության պես բան էր: Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա այն բարձր մակարդակ ուներ, խոր իմաստ ու բովանդակություն էր կրում…>>:
   Ժենյա Գրիգորյանն իրապես բազմաշնորհ մանկավարժ, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործի հմուտ կազմակեպիչ է: Պատահական չէ, որ միջոցառումը ծաղկազարդ ու ծաղկաբույր էր, և բնությանն այդքան մեծ կարևորություն, նշանակություն էր վերապահված: Ծաղիկները բնության մեջ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն: Նրանք միասին, փունջ կազմելով, ավելի գեղեցիկ են լինում: Այդպես էլ, թերևս, մարդկային փոխհարաբերություններն են, երբ առանձին անհատները միավորվում են, խումբ կազմում, ապա նրանց առաջադրած գաղափարներն էլ ավելի վեհ են լինում, ավելի նպատակասլաց ու համոզիչ: Հենց այդտեղից էլ սկիզբ է առնում, ձևավորվում ընկերությունը:
   Այո, ընկերությունը վեհ գաղափարների միաձուլում ու միահյուսում է և,  բնականաբար, ազնիվ հիմքի վրա պետք է կառուցված լինի: Եթե այն առողջ հիմք չունի, ապա վերածվում է քծնանքի: Գովեստի հետ նաև քննադատություն պետք է լինի, եթե, իհարկե, այն տեղին է, հանդուրժողականությունը շատ կարևոր հատկանիշ է ընկերական հարաբերություններում: Տիկին Գրիգորյանը, հարկ է ընդգծել, առողջ ընկերություն ստեղծող է, դրա ջատագով ու կողմնակից: Իր էությամբ, բնավորությամբ ու գիտակցական բարձր ըմբռնումով: Շատ հյուրասեր, հաց տվող, մարդու հարգն ու պատիվն իմացող, գնահատող անձնավորություն, պատվարժան տիկին: 
   Մեզ մնում է հավելել` փառք ու պատիվ քեզ, հարգարժան տիկին Գրիգորյան…         
Ռ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE