Նախընտրական Գեղհովիտ

0
72

Տրամադրություններ, զարգացումներ, գնահատումներ, անդրադարձներ…

Անշահախնդրություն

watermarked_Վարդան Պողոսյան - Գեղհովիտ

  2007 թվականից ղեկավարելով Գեղարքունիքի մարզի Գեղհովիտը, գործող գյուղապետ Վարդան Պողոսյանը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել: Մասնավորապես, հիմնանորոգել են անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզը` Սոցներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Կատարվել է 120 մլն դրամի աշխատանք /համայնքապետարանի ներդրումը` 5 տոկոս/, ինչի արդյունքում այսօր հանրապետության լավագույն բարեկարգ մանկապարտեզներից մեկն ունեն, որտեղ 120 երեխա է հաճախում:

  Գրեթե 90 տոկոսով փոխվել է խմելու ջրի ջրագծերի ներքին ցանցը, շուրջօրյա ջրամատակարարում ունեն: Համայնքն ամբողջությամբ գազաֆիկացված է: Գիշերային լուսավորություն է անցկացվել: Գերեզմանատունը պարսպապատվել է, ապահովվել էլեկտրականությամբ: Ոռոգման ջրագծեր են կառուցվել` բարելավելով իրավիճակը: Մշտապես առուների մաքրման աշխատանքներ են կատարվում: Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ յայլաներում է էլեկտրականություն անցկացվել: Որքան էլ աշխատանքներ կատարված լինեն, այնուամենայնիվ, խնդիրներ դեռևս մնում են, անելիք միշտ էլ կա:

  Ամենացավոտը գյուղամիջյան ճանապարհի /1650մ/ անմխիթար ու անբարեկարգ վիճակն է: Դիմել են ասֆալտապատման խնդրանքով, ընդգրկված է ծրագրում: Պարոն Պողոսյանը հավաստիացրեց, որ մարզպետարանի աջակցությամբ ծրագիրը կիրականացվի: Հաջորդ կարևոր խնդիրը Լեռնակերտում /Գեղհովիտից 5 կմ հեռու/ մշակույթի տան կառուցումն է: Այստեղ նույնպես արտաքին լուսավորության ցանց է անցկացվել, ճանապարհի, խմելու և ոռոգման ջրի խնդիրներ են լուծվել: Լեռնակերտում դաժան ձմեռ է լինում, և, ինչպես նշեց համայնքապետը, այստեղ ավելի շատ է ձմռան ծախսը, քան նրանից մի քանի անգամ մեծ Գեղհովիտում: Լեռնակերտի ճանապարհը բաց պահելու համար տարեկան 10 տոննա վառելանյութ էր ծախսվում:

  -Մարզպետի շնորհիվ,- շարունակեց համայնքի ղեկավարը,- նախորդ տարի շատ լավ ճանապարհ ենք կառուցել, որի վրա ձյուն չի մնում` քամին տանում է: Երկրորդ տարին է` այդ ճանապարհի վրա վառելիք չենք ծախսում: Գեղհովիտում նաև երկրորդային փողոցների լուսավորության հարցը պիտի աստիճանաբար լուծենք: Նշածս կիսատ գործերն ավարտի հասցնելու համար ՀՀԿ-ի կողմից կրկին առաջադրվել է թեկնածությունս…Վարդան Պողոսյան - Գեղհովիտ (3)

  8 տարին քիչ ժամանակահատված չէ. մերվել է ժողովրդի հետ, համայնքում մի տան, մի ընտանիքի պես ապրելու գիտակցություն սերմանել: Կրկին առաջադրվելով, ուզում է շարունակել իր ծառայությունը ժողովրդին: Երբ հիմնախնդիրները լուծված լինեն, մարդկանց վիճակը` բարելավված, հնարավոր է, այլևս ցանկություն չունենա տանելու այդ բեռը: Իսկ մինչ այդ… Չէ± որ այնքան ներդրում է արել, որ սիրտը ցավում է գյուղի համար, որ ուզում է ավարտի հասցնել ծրագրերն ու անելիքները: Ինչպես չհիշի, որ առաջին անգամ գյուղապետարան մտնելով, այնպիսի տպավորություն է ստացել, որ, ասես, գոմ է մտել: Եղբայրների օգնությամբ, անձնական միջոցներ ներդնելով, այն կարգի է բերել, հիմնանորոգել ու գույքով ապահովել: Վարդան Պողոսյանը 6 եղբայր ունի, 6 երեխայի հայր է, 4 թոռի պապիկ: Երեխաներից 4-ը բարձրագույն կրթություն ունեն:

  Վարուժան Սարգսյան /գյուղապետի տեղակալ/.- Արտակարգ ընտանիք ունի Վարդան Պողոսյանը: Երեխաները` խելացի, դաստիարակված, կրթության մեջ բացարձակ առաջատար, ազնվությունը նրանց մեջ բարձր աստիճանի վրա է: Սրանում շատ մեծ է նաև տիկնոջ` Նորվարդի դերը: Պարոն Պողոսյանը շատ կամեցող, մարդկային բարձր հատկանիշներով օժտված անհատ է, հարգված կոլեկտիվի կողմից: Նաև եղբայր է մեզ համար, մոտիկ ու հարազատ ընկեր: Փոխադարձ հարգանքի, նվիրվածության ու վստահության մթնոլորտում ենք աշխատում: Բարեկիրթ է, հարգալից յուրաքանչյուրի նկատմամբ, հոգատար ու սրտացավ: Ճիշտ մոտեցում, վերաբերմունք ունի: Ոչ ոքի դժգոհ չի ճանապարհի, կանի անգամ առավելագույնը, որպեսզի մարդը երբևէ հիասթափության զգացում չունենա: Դժվար թե գտնվի մեկը, ում, ասենք, նեղացրած կամ վիրավորած լինի: Անձնականն էլ չի խնայի իր գյուղի, իր համագյուղացու համար: Օգնում է դպրոցին, ուսուցիչներին, աշակերտներին…

  Վարդան Պողոսյանի համար այս ամենը հոգուց, իր էությունից է բխում. <<Ամեն լավ բան ծնողներիցս եմ ժառանգել: Առաջին անգամ ինձ ընտրեցին ծնողներիս, եղբայրներիս պատվին, նրանց իմանալով ու գնահատելով: Հետո զգացին, որ չեն սխալվել, երկրորդ անգամ ընտրեցին, այն էլ` ձայների բարձր տոկոսով: Տեսան, որ աշխատանք է կատարվել, փոփոխություններ կան: Նախկինում ոչ մի ծրագիր չէր մտել գյուղ, գործ չէր արվել: Ինչ որ կատարվել է, կատարվել է իմ օրոք: Երրորդ անգամ, վստահ եմ, ավելի բարձր տոկոս կհավաքեմ, որովհետև ժողովուրդն ինձ հավատում և վստահում է: Աշխատանքներն ակնառու են: Եղբայրներս, ինչպես նաև ես, հասարակությանը պիտանի մարդիկ ենք: Մենք մեզ ճիշտ ենք պահում, ժողովրդական ենք: Այդպես` նաև մեր ընտանիքները: Ամբողջ գյուղն ինձ հարազատ է, ինձ ընկեր: Երիտասարդների դերը շատ եմ կարևորում, նրանց հետ եմ: Ուշադրության կենտրոնում նաև մեծահասակներն են, ովքեր իրենց զբաղմունքի անկյունն ունեն, իմ հոգատարությանն են արժանանում: Բոլորի համար էլ ընկեր եմ` առանց տարբերակելու: Ընկերական շրջապատս մեծ է` սփռված ամբողջ Հայաստանով: Ունեմ մանկության ընկերներ, որ արդեն ընտանիքներով ենք շարունակում ընկերությունը: Հավատարիմ ընկերներ շատ ունեմ… Առիթից օգտվելով, ասեմ, որ ընտրություններն անցնելու են ազատ, արդար ու թափանցիկ: Քաղաքակիրթ ընտրական գործընթաց ենք ապահովելու, մրցակիցների համար որևէ խոչընդոտ չի լինելու: Մեր գյուղը տարբերվում է իր քաղաքակրթությամբ, բարձր  կուլտուրայով, մակարդակով: Գնահատականը, ի վերջո, ժողովուրդը կտա: Ցանկալի կլինի, պարտվածը հաղթողին շնորհավորի և հանգիստ տուն գնա…>>:Վարդան Պողոսյան - Գեղհովիտ (1)

 -Մեր բնակչին,- հավելեց Վարուժան Սարգսյանը,- ոչ ոք չի կարող նենգափոխել, ազդեցություն ունենալ նրա վրա, համոզել: Ամեն մեկն իր ընտանիքում որոշում է, թե ում ձայն տա, իսկ գեղհովիտցին ընտրել գիտի, շատ կիրթ է: Դրա համար միշտ մաքուր ընտրություն է եղել: Վստահ ենք, որ մեր կատարած աշխատանքի դիմաց ճիշտ գնահատական կտա մեր գյուղացին: Արդար, մաքուր ու ազնիվ մրցակցություն է գնում: Ով հաղթի` իրեն հաջողություն, մենք շնորհավորում ենք առաջինը, նույն վերաբերմունքը կուզենայինք տեսնել մեր մրցակիցների կողմից…

  Գործող գյուղապետը նույնպես նշեց, որ երկու թեկնածուն էլ լավ ծնողների ժառանգներ են, հասարակության կողմից հարգված, և իրենց միջև մրցակցությունն, իրոք, առողջ է: Քաղաքականությունը մնում է քաղաքականություն, ով հաղթի` նրան էլ հաջողություն…

  Սիմոն Սուքիասյան /գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար/.- Աշխատակազմը շատ համախմբված է, գյուղապետի ամեն հանձնարարություն կատարվում է ճիշտ և ժամանակին: Աշխատանքի ձևից ու դրվածքից դժգոհող չի եղել: Եթե պետք է, անգամ կիրակի ենք աշխատում` ժողովրդին սպասարկելու և օգուտ տալու նպատակով: Արտակարգ իրավիճակներին /քամիներ, հրդեհներ, հեղեղումներ և այլն/ ամբողջ կազմով, միահամուռ կանգնած ենք ժողովրդի կողքին: Ի սկզբանե Պողոսյանն աշխատողների առաջ դրել է այն, որ բնակչին չնեղացնենք, անմիջապես, տեղում հարցերը լուծենք: Երբեք բնակչից դժգոհություն չես լսի Պողոսյանի հասցեին: Չեմ ասում, թե մյուս թեկնածուներն արժանիքներ չունեն, բայց համոզված եմ, որ Պողոսյանը կրկին վերընտրվելու է: Ժողովրդի գնահատմամբ, նա մեծ արժանիքներ ունի և շատ գործեր է արել: 6 տարի ավագանու անդամ եմ եղել, տեսնում եմ վերջին 8 տարիներին կատարած աշխատանքները և անկախությունից հետո մյուս գյուղապետերի կատարածները` շատ-շատ տարբերություն կա: Գյուղում եթե աշխատանք է կատարվել, ապա Պողոսյանի օրոք է կատարվել:

  Վարուժան Սարգսյան.- Ամենակարևորը` հեղեղումներից խուսափելու համար գետի կողքերն ամբողջությամբ գաբիոնապատվել են, հունն է մաքրվել: Կարևոր նշանակության 2 կմ առու է հանվել ձորի միջից: Ոռոգման ջրագիծ ու մեկ առու ենք հանել Քռա կոչվող տարածքում` Պողոսյանի նախաձեռնությամբ ու հետևողական աշխատանքի շնորհիվ, և մի ամբողջ անջրդի տարածք ոռոգվում է: Մեկ ուրիշ խոշոր առու Լեռնակերտից ենք խողովակներով բերել և 450 հեկտար տարածք դարձրել ջրովի…

  Ավագանու անդամ Գնունի Սահակյանը դրական գնահատեց Վարդան Պողոսյանի ներդրումը, որովհետև մոտ 7000 բնակչի համար արտակարգ աշխատել է, ուստի հուսով է, որ նա կրկին վերընտրվելու է: Մեծ է համայնքապետի շահագրգռվածությունը, որ համայնքը զարգանա, ժողովուրդը լավ ապրի: Ամեն ձեռնարկման հիմքում առաջնահերթ հենց համայնքի և ժողովրդի շահն է: Նախանձելի եռանդ ու աշխատունակություն ունի, առաջինը կարիքավորի, դժվար վիճակում գտնվողի կողքին է: Հոգատար է և շատ մարդկային, ինչի համար էլ ժողովրդի շրջանում մեծ հարգանք է վայելում: Ժողովուրդը գնահատում է նրա արածը…

  Ինչպես մեր զրույցի ավարտին նշեց պարոն Պողոսյանը, գյուղում 465 անդամից բաղկացած կոոպերատիվ է ստեղծվել, որի անդամներն օր օրի ավելանում են: Ձեռք են բերել 3 տրակտոր, 3 հակավորող տեխնիկա, ձեռքի խոտհնձիչներ: Սա` արոտավայրերի զարգացման ծրագրի շրջանակներում: Համայնքն էլ իր հերթին է ներդրում արել: Գյուղտեխնիկան մատչելի գներով, գյուղապետարանի հսկողությամբ, կտրամադրվի գյուղացուն:

***

  Փորձեցինք հանդիպել նաև համայնքապետի մյուս երկու թեկնածուի հետ: Միքայել Նալբանդյանը, ով նախկինում անվտանգության համակարգում է աշխատել և այսօր Մարտունու բժշկական քոլեջի փոխտնօրենն է, մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Հաջողվեց հանդիպել Էդվարդ Ասլանյանի հետ, ով դպրոցում ուսուցիչ է:

  -Առաջադրվել եմ սեփական նախաձեռնությամբ,- ասաց նա,- ինչպես նաև բնակիչներից շատերի խնդրանքով: Գյուղում շատ խնդիրներ են առաջացել, գլոբալ խնդիրները տարիներ շարունակ մնալով` չեն լուծվել: Մարդիկ գտել են, որ այդ խնդիրները ես կարող եմ լուծել: Հաշվի է առնվել նաև այն, որ 1990-ականներին գյուղխորհրդի նախագահ եմ եղել: 11 ամիս աշխատեցի, կարողացա գումար ստեղծել և մի քանի թաղամասի համար 500 մ խողովակաշարով խմելու ջուր անցկացնել: Հացի փուռն աշխատեցնում, կտրոնով հաց էինք տալիս: Քարհանքերն ուզում էին տալ ուրիշ կազմակերպությունների, կանգնեցինք` չտվեցինք, և հիմա ամբողջ գյուղն է օգտվում դրանցից: Չհամակերպվելով տարածաշրջանի գործադիր կոմիտեի ղեկավարության հետ և առաջնահերթ համարելով ժողովրդի շահերը, հրաժարական տվեցի… Այսօր ինձ մտահոգում են ճանապարհների անմխիթար վիճակը, ոռոգման խնդիրը: Գետ կա, բայց ոռոգման աշխատանքները ճիշտ չեն կազմակերպվում, կան թաղամասեր, որտեղ շատ դժվար է ոռոգում իրականացվում: Ջուրը մինչև հասնում է հողատիրոջը, 70 տոկոս կորուստ է ունենում: Առուներն ընդհանրապես չեն վերանորոգվում, աշխատանք այդ ուղղությամբ չի տարվում: Մեծ մասը հողային է, մինչդեռ խողովակներ կամ կիսախողովակներ պետք է դրվեն: Ոռոգման ջուր ունենք, պետք է հավասարաչափ բաշխվի առուներին, որպեսզի բոլորն էլ կարողանան օգտվել: Հաջորդը խմելու ջրի խնդիրն է: Թաղամաս կա, որ խմելու ջրի  ջրամբարից մի ամբողջ գյուղի չափ ջուր է օգտագործում ոռոգման համար, ինչի հետևանքով մյուս թաղամասերը գրեթե ջուր չեն ստանում: Այսինքն, խմելու ջուրն անհավասարաչափ է բաշխվում: Պետք է լրացուցիչ ջրագծեր անցկացնել, փականներ տեղադրել և եղած ջուրը բաշխել ըստ բնակչության թվի: Քարի արտադրամասեր կան, որ խմելու ջուրն օգտագործում են տեխնիկական նպատակներով, ինչը պետք է արգելվի: Տեխնիկան քիչ է, մարդիկ դժվարանում են ժամանակին կազմակերպել բերքահավաքը, հրաժարվում են անասնապահությունից: Հիմա կոոպերատիվներ են ստեղծվում, ինչը հնարավորություն կտա կազմակերպելու գյուղատնտեսական աշխատանքները: Մեր գյուղում էլ է նման կոոպերատիվ ստեղծվել, սակայն կոոպերատիվի նախագահ Բաբիկ Խաչատրյանը դժգոհում է, որ տեխնիկան, առանց իրեն տեղյակ պահելու, տվել են ինչ-որ մարդկանց: Կոոպերատիվի նախագահին ինքնուրույնություն պետք է տրվի, որպեսզի կարողանա զբաղվել տվյալ գործունեությամբ: Գյուղապետը նման հնարավորություն չի տվել: Երկու դպրոցն էլ անմխիթար վիճակում են, պետք է գյուղապետն օժանդակի, որպեսզի խնդիրը լուծվի: Պետք է բեռնաթափել գյուղապետարանի աշխատակազմը… Ես գոհ չեմ գյուղապետի աշխատանքից: Բնականաբար, եթե գոհ լինեի, ինքն էլ ինձ բարեկամ է, ապա թեկնածությունս չէի առաջադրի: Աշխատանքները չի կարողանում ճիշտ կազմակերպել: Գյուղապետի կողմից մի քանի մանր-մունր աշխատանք է կատարվել… Ինձ ուժեղ մրցակից միայն գործող գյուղապետին եմ համարում, ինքը ունի նաև հնարավորություն` բարձր տոկոսներ տանելու: Լինելով ուսուցչական կոլեկտիվի անդամ, պիտի ցավով նշեմ, որ դպրոցի կոլեկտիվն էլ համախմբված կանգնած չէ իմ կողքին: Այնտեղ էլ տարբեր խմբավորումներ են, քաղաքականացված են, կանգնած են գործող գյուղապետի կողքը: Բայց ժողովուրդն է պահանջում, որ ես գամ: Չեմ կարծում, որ ընտրությունների օրը որևէ խախտում գրանցվի, ժողովուրդը թույլ չի տա: Ով ընտրվեց, նրան էլ կշնորհավորեմ: Ինչպես ասում են, ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին…

   Պարոն Ասլանյանի հարցադրումների առնչությամբ մեր կողմից փոքրիկ <<հետաքննություն>> անցկացրեցինք` պարզելու դրանց արդարացիությունն ու հիմնավորվածությունը: Այսպես, վերն արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ կենտրոնական ճանապարհն, իրոք, անմխիթար վիճակում է, ամեն տարի մի քանի մլն դրամ գումար է ներդրվում խճապատման համար, բայց անձրևաջրերն այն մաքրում, տանում են: Պիտի ասֆալտապատվի, ներառված է ծրագրում, մնում է որոշակիանա գումարի հարցը:
  Դպրոցները, հանուն արդարության պիտի ասել, գյուղապետարանի ուշադրությունից դուրս չեն: Մասնավորապես, Էդվարդ Ասլանյանի դասավանդած դպրոցում գյուղապետի եղբոր հովանավորությամբ նորոգվել է տանիքը և համակարգչային կաբինետ է ստեղծվել: Պողոսյաններն ուսուցչանոցն են վերանորոգել և գույքով ապահովել, ինչի առթիվ պարոն Ասլանյանը ժամանակին ելույթ է ունեցել և ամբիոնից իր շնորհակալական խոսքն ասել…
Ինչ վերաբերում է խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելուն, ապա պիտի ասել, որ երբ տարին սակավաջուր է լինում, ապա թույլ է տրվում, որ խմելու ջրով նաև ոռոգվի մարդկանց ցանածն ու աճեցրածը: Դա, ինչպես ասում են, լավ օրից չի գալիս և հարկադրական, ճարահատյալ քայլ է: Ինչպես արգելես, երբ աչքիդ առաջ չորանում է դառը քրտինքով աճեցրածը…
  Կոոպերատիվի խնդրով ասենք հետևյալը: Այն դեռ նոր է կազմավորվում, տեխնիկան նոր է ձեռք բերվել և նոր միայն պիտի աշխատի: Գյուղապետարանի վերահսկողությունն անհրաժեշտ է, որպեսզի արդյունավետ հունով ընթանա աշխատանքը, և համայնքը դրանից միմիայն կշահի: Այնպես որ, պետք է համբերատար լինել և օժանդակել կոոպերատիվի կայացմանը` խելամտությամբ, առաջնահերթ ընդհանուրի շահն ու օգուտը հաշվի առնելով, այլ ոչ թե անձնական շահախնդրությամբ առաջնորդվել:
   Գեղհովիտցի մեր զրուցակիցներից մեկն այսպես արտահայտվեց. <<Խելացի մարդն իր ընտրարշավը պիտի ոչ թե ուրիշին վարկաբեկելու վրա կառուցի, այլ խոսի իր ծրագրերից, ներկայացնի իրեն ու իր համախոհներին, շրջապատին…>>:
SHARE