Նախընտրական զարգացումներ

0
21

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում

watermarked_Spartak Gorancyan - Nerqin Getashen

  -Ինչո՞ւ եմ առաջադրել թեկնածությունս,- հենց այսպիսի` ինքն իրեն ուղղված հարցադրումով սկսեց մեր զրույցը Սպարտակ Գորանցյանը:- Այստեղ երկու հանգամանք կարող է լինել. կա՛մ առաջադրում են կարիերայի, պաշտոն ձեռք բերելու թելադրանքով, կա՛մ դեր է խաղում տվյալ անհատի ըմբոստությունը, որ կարող է <<ոչ>>ասել այն ամենին, ինչն անցանկալի է իր շրջապատում: Իմ պարագայում երկրորդն է: Մենք ճիշտ երկրում չենք ապրում, ամեն ինչ ծուռն է: Ինչպես ասում են, ուզում էինք լավը լինի, բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ… Այս տագնապալի վիճակը տարեցտարի շարունակվում է, ուստի պետք է այն փոխելու մասին մտահոգվել: Մարդկանց է պետք առաջին հերթին փոխել, նրանց մոտեցումներն ու աշխարհայացքը: Ժողովուրդն, ի վերջո, պիտի հասկանա, որ սա ի՛ր երկիրն է: Երկիր, որի քաղաքացին արժանապատիվ ապրելու իրավունքի է արժանի: Մինչև այս գիտակցությունը չսերմանվի յուրաքանչյուրիս մեջ, մենք ավելի կխորացնենք մեզ կործանման տանող աղետալի ճանապարհը: Հատկապես գյուղական բնակավայրերում արտագաղթի ծավալները հասել են ճգնաժամային աստիճանի: Առավել տագնապեցնողը երիտասարդների արտագաղթն է. գյուղերն օր-օրի ծերանում են: Մարդը միմիայն իր հողի վրա կարող է իրեն մարդ, լիարժեք մարդ զգալ: Չգիտեմ, թե ինչպես պետք է այս խաթարված իրավիճակում այդ ամենն իրենց տեղը գցել, բայց որ մի բան պիտի արվի, արմատապես փոխվի, դա հաստատ է: Ներկայումս գյուղում շինարարական աշխատանքներ են կատարվում. հերթական նախընտրական բումը: 3-4 տարի ոչինչ չեն անում, գալիս` հասնում է այս օրը, շոուն կազմակերպում են: Գումարը վերցնում են և սկսում ընտրություն խաղալ… Լկտիությունը հասել է այն աստիճանի, որ ընտրության անվան տակ բացահայտ թալանով են զբաղված: Հասարակ գյուղացին բոլորովին անտեղյակ է, չգիտի, որ եթե, օրինակ, ինչ-որ շինարարություն է իրականացվում համայնքում, ապա ինչպիսին պետք է լինի այն իրականում` ըստ նախատեսված փաստաթղթերի: Լուսավորություն են անցկացրել, ողջ գյուղը լուսավորել են, բայց չեն տեղադրվել այն լամպերը, որոնք նախատեսված են եղել: Գործ ունենք խաբեբայության, կեղծիքի ու գողության դեպքի հետ, իսկ թե ով է այստեղ իր սև գործն արել, այսպես ասած` պղտոր ջրում ձուկ որսացել, միայն կռահել կարելի է: Ահա քեզ կոռուպցիա, բայց ով պիտի գա, որ այն բացահայտի… Լինելով մասնագիտությամբ ինժեներ, լավ հասկանում եմ գործից, պատկերացնում եմ անգամ մանրուքները, այնպես որ… Նույն կոռուպցիոն ռիսկերը, թերևս, ավելի շատ, կան ասֆալտապատման գործում. անում են այնպես, որ իրենց ավելի շատ օգուտ լինի, այլ ոչ թե այդ ճանապարհից օգտվողներին: Եթե ասեմ, որ գործ ունենք, ընդհանուր առմամբ, մի ամբողջ կոռուպցիոն ցանցի, հանցավոր օղակի հետ, չափազանցություն չի թվա, կարծում եմ: Նախագծողից մինչև կատարված աշխատանքն ընդունող` թաթախված են այդ արատի, այդ կեղտի մեջ: Հուսով եմ, որ ընտրվելուցս հետո իմ կատարած աշխատանքների վերաբերյալ որևէ մեկն այդպիսի մեղադրանք չի հնչեցնի իմ հասցեին: Որտեղ աշխատել եմ, այնտեղ իմ աշխատանքային սկզբունքներն եմ դրել, կարգ ու կանոնը: Ձգտել եմ կառուցել, լավ բան ստեղծել, չեմ մտածել շահի, թալանի մասին: Ինչպես կարելի է թալանել աղքատ, նոր միայն ոտքի կանգնող երկրից…

  Պարոն Գորանցյանն այնուհետև նշեց, որ եթե գյուղապետը ճիշտ ու ազնիվ աշխատի, ապա ոչ ոք նրա ենթականերից չի փորձի նման բան անել: Օրենքի տառին պիտի հավատարիմ մնալ: Ամեն ինչ սկսվում է համայնքից, պիտի լավ օրինակ դառնալ. <<Ամենակարևորը` գյուղացուն, քո՛ գյուղացուն, որ քեզ վստահել, ձայն է տվել, պիտի թև ու թիկունք լինես, նրան դռնեդուռ չգցես, լուծես մտահոգող հարցերը: Այսօր դպրոցի խնդիր ունենք: Մարզի ամենամեծ դպրոցը գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցն է, որտեղ երեխաները երկհերթ են ուսանում: 10 հազար բնակիչ ունեցող գյուղի համար 3-րդ դպրոցը պիտի կառուցել, որպեսզի երեխաներն ավելորդ դժվարությունների չհանդիպեն: Թաղամասեր կան, որ ոռոգման ջրի խնդիր ունեն: Համայնքի բյուջեն պետք է նպատակային ու արդյունավետ օգտագործել: Գործող գյուղապետը 10 տարվա ընթացքում երբևէ հաշվետու չի եղել համայնքին, իր ընտրողին: Բնակիչները սեփական հողակտորների փաստաթղթավորման խնդիրներ ունեն և ստիպված են իրենց միջոցներով, որոշակի գումար ծախսելով լուծել այն: Այն դեպքում, երբ այդ հոգսը համայնքապետարանը կարող էր վերցնել իր վրա և իր միջոցներով հոգալ նման խնդիրները: Օրենքը, պատասխանատվությունը չեն գործում, ավելի շատ` ցանկություն, կամայական վերաբերմունք ու քմահաճույք: Այդպիսի մոտեցմամբ նաև ինձ են մերժում: Բացառված չէ, որ ես անգամ Եվրադատարան դիմեմ, եթե իմ օրինական պահանջն ու խնդիրը օրենքի սահմաններում չուզենան լուծել: Համենայնդեպս, սա` այս անձնական խնդիրը չէ, որ շարժառիթ է դարձել առաջադրելու թեկնածությունս: Ինձ համայնքի, գյուղի ընդհանուր ճակատագիրն է մտահոգում: Օրենքը պիտի գործի, մարդը պիտի պաշտպանված լինի իր երկրում, իր հողի վրա: Օրենքի գերակայությունը ոչ թե խոսքով պիտի լինի, այլ գործով, իրական կյանքում զգացվի, մարդն իր աչքերով տեսնի, որ այդպես է: Նաև լավ պիտի հասկանանք, որ մեր իրավունքները մենք պիտի պաշտպանենք, ոչ մեկը չի գա և մեր փոխարեն մեր երկիրը երկի՛ր դարձնի: Այնպես որ, անկախ այս ընտրությունների վերջնական արդյունքից, կյանքը շարունակվելու է,   և մենք պիտի հստակ գիտակցենք, որ այս երկրի, այս հողի տերը մենք ենք, մենք էլ պիտի մեր օրինական ու արդար պահանջի տերը լինենք…>>:

SHARE