Նախ` համայնքի, բնակչի շահը

0
333

Այդ նպատակով առավելագույնս օգտագործելով ունեցած միջոցները

Կարևորում

Էդվարդ Օհանյանը Լուսակունք համայնքը /Գեղարքունիքի մարզ/ ղեկավարել է 2005-08 թթ., իսկ այս անգամ ղեկավարում է 2012-ից: Առաջիկա ՏԻՄ ընտրությանը նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:

-Առաջին իմ ղեկավարման տարիներին,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց պարոն Օհանյանը,- պետբյուջեի միջոցներով նորոգել ենք մշակույթի տունը, ինչպես նաև դպրոցը: Անցկացվել է խմելու ջրի ջրագիծ /4,6 կմ երկարությամբ/: Ծովակից ջուրը հասցվել է Լուսակունք, ինչի արդյունքում անջուր թաղամասն ապահովվել է խմելու ջրով: Իսկ 2012-ից համայնքի բյուջեով կատարվել են մի շարք կարևոր աշխատանքներ: Գերեզմանատան ցանկապատն է կառուցվել, հոսանք անցկացվել: Տարիներ շարունակ մեզ մտահոգող խնդիրներից մեկն է լուծվել` անասունների ջրարբիացումը: Արդեն 4-րդ տարին է, որ արոտավայրերում խմոցներ ենք տեղադրել: Ամեն տարի պարտադիր նորոգվում են ներհամայնքային ճանապարհները: Կենտրոնական փողոցում լուսավորություն է անցկացվել: Մեր բյուջետային միջոցներն, ինչ խոսք, այդքան շատ չեն, որպեսզի շատ աշխատանք կարողանանք անել, սակայն եղած միջոցներն առավելագույնս իրենց նպատակին ենք ծառայեցրել: Նախատեսում ենք հիմնանորոգել կարևոր նշանակության կամուրջը, որն առայժմ չի շահագործվում: Մրցույթը հայտարարված է, աշխատանքներն սկսել ենք: Ժամանակին դաշտամիջյան ճանապարհների նորոգումներ են իրականացվել: Այս 4 տարիներին դրսից ծրագրեր չենք ունեցել, աշխատանքներն իրականացրել ենք համայնքի միջոցների հաշվին: Գործող մանկապարտեզ ունենք, երկու խմբով` յուրաքանչյուրը 30-40 սանով: Ոռոգման խնդիրներ ունենք, ինչի կապակցությամբ դիմել ենք կառավարություն` համապատասխան աջակցություն ստանալու ակնկալիքով: Ծրագրում ընդգրկել են, և, հավանաբար, հաջորդ տարի` 2-րդ փուլում 1,8 կմ երկարությամբ ջրատարի կառուցման աշխատանքները կսկսվեն…

Գործող համայնքապետի խոսքերով, համայնքի խնդիրները շատ են, որոնք տարանջատել են` յուրաքանչյուրի առաջնահերթությունից ելնելով: Առաջնայինը խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացումն է: Խմելու ջրի 2,7 կմ երկարությամբ ջրատարն ամբողջությամբ փոփոխման կարիք ունի: Ապա կարևորում են հացահատիկահավաք կոմբայնի ձեռք բերումը, ինչն էապես կթեթևացնի գյուղացու հոգսը: Ահա, հիմնական այն խնդիրները, որոնց լուծմանը ձեռնամուխ կլինի Էդվարդ Օհանյանը վերընտրվելուց հետո: Ինչ խոսք, ներհամայնքային ճանապարհների նորոգումը մշտական ուշադրության կենտրոնում է մնում:

1470 բնակչությամբ Լուսակունքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի մշակությամբ ու մեղվապահությամբ: Գյուղապետի տեղեկացմամբ, կարտոֆիլի իրացման գործում խնդիրներ են ունենում, ինչը լուծելու նպատակով իրենք էլ իրենց հերթին են ուղիներ փնտրում: Գյուղնախարարությունը, թեև ոչ բոլոր հարցերում, բայց օգնում է:

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հովիկ Պետրոսյանի խոսքով, Էդվարդ Օհանյանը շատ լավ անձնավորություն է: Ակտիվ շփման մեջ է բնակչության բոլոր խավերի հետ, հաշվի է առնում յուրաքանչյուրի կարծիքը, անմիջապես տեղեկանում առկա խնդիրների մասին: Անում է հնարավոր ամեն ինչ` բյուջետային միջոցներն օգտագործելու բնակչության խնդիրները լուծելու, կարիքները բավարարելու համար: Համայնքում փոխվստահության, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ կա: Ավագանու հետ համատեղ օգնում են սոցիալապես անապահով ընտանիքներին, կարիքավորներին. <<Օհանյանն առավելագույնն է անում գյուղի համար: Մտածում է նախ համայնքի, ապա իր և իր ընտանիքի մասին: Ապրում է գյուղի հոգսերով, ջանում թեթևացնել դրանք: Ինչ հարցով էլ նրան դիմեն, պատրաստակամ է օգնելու` դիմելով նաև ընկերների օգնությանը: Երբեք չենք լսել, որ ասի, թե այս կամ այն հարցն ինձ չի վերաբերում. կընդառաջի` իր հնարավորություններն ու կապերն օգտագործելով: Գյուղացու շահը նրա համար առաջնահերթ ու գերակա է…>>:

Էդվարդ Օհանյանը լավ ընկերներ ունի: Երկու ընկերներից մեկը դպրոցում մանկավարժ է, մյուսը հարևան համայնքի դպրոցի տնօրենն է: Ընկերություն է անում շատ համայնքապետերի հետ:

SHARE