Նախ` շրջապատի, ապա` իր համար

0
48

Գառնին տուրիստական յուրօրինակ կենտրոն դարձնելը իրական է դառնում…
    Աշոտ Վարդանյանը Գառնին ղեկավարում է 1996 թվականից: Այս տարիների ընթացքում գյուղի բարեկարգման, մարդկանց կենսամակարդակի բարձրացման առումով բազում աշխատանքներ են կատարվել և այսօր էլ կատարվում են: Այդ ամենի հետ մեկտեղ մեծ ուշադրություն է դարձվում տուրիզմի զարգացմանը, ինչի ուղղությամբ համայնքապետը զգալի ջանքեր է ներդնում: Մեր հանդիպման օրը այդ ոլորտում ևս մի ծրագիր կյանքի կոչելու հիմք դրվեց: Նախաձեռնությունը իտալացիներինն էր: Նրանց ցանկությունն է տուրիստական խմբերով Հայաստան այցելելիս մեկ-երկու օրով գիշերել Գառնիում` ավելի մոտիկից շփվելու մարդկանց հետ, ծանոթանալու նրանց կենցաղին, սովորույթներին և այլն: Իտալական զբոսաշրջային ընկերության ներկայացուցչի հետ հանդպման ժամանակ կայացած քննարկումից պարզ դարձավ, որ Գառնիում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ընդարձակ ծրագիր վաղուց է կազմվել: Մնում է դրանում ներառել իտալական կողմի առաջարկները:
   Ինչպես քննարկման ժամանակ նշվեց, զբոսաշրջիկին հետաքրքրում են պահպանված անցյալից եկող ոչ նյութական ժառանգության մաս կազմող Գառնիի տվյալ տարածքին բնորոշ ավանդույթները, կենցաղը, բարբառը, խոհանոցը: Համայնքի ղեկավարն իր պատրաստակամությունը հայտնեց` աջակցելու իտալական կողմի նախաձեռնությանը: Պարոն Վարդանյանի խոսքերով, Գառնին 4190 տարեկան է, շատ հին ու մեծ գյուղ: Ունի 5500 հեկտար վարչական տարածք, 2500 տնտեսություն, 8000-ից ավելի բնակչություն: Հեթանոսական տաճարից բացի, 5 եկեղեցի ունեն, 7-րդ դարի կառույցներ, բնության հուշարձաններ, ժայռապատկերներ: Տարածքից դուրս Գեղարդ, Սուրբ Ստեփանոս եկեղեցիներն են: Զբոսաշրջության զարգացմանը կարող է խթանել Գառնու ամեն անկյուն: Այսօր Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ 70 տոկոսը պարտադիր Գառնի է գալիս: Սկսել են այն տեմպերով այցելել, ինչ որ խորհրդային տարիներին էր: Տեղում արվում է առավելագույնը: Զբոսաշրջիկներին տրամադրում են վրաններ, սնունդ, ապահովում նրանց անվտանգությունը, ուղեկցորդները տարածքին ծանոթ ու բանիմաց մարդիկ են: Արտասահմանցիներին այսօր հետաքրքիր է շփվել, ապրել տեղացիների հետ, գիշերել նրանց տներում, իսկ այդպիսի տներ արդեն շատ կան, որոնք տրամադրվում են մատչելի գներով, սնունդը` նույնպես: Նպատակը ոչ այնքան շահույթ ստանալն է, որքան տուրիստին գրավելը, նրան բավարարելն ու գոհացնելը:

  Ինչպես նշեց Գառնիի մարզամշակութային կենտրոնի տնօրեն, <<Գեղարդ ագրոտուրիզմ>> հասարակական կազմակերպության նախագահ Վաղինակ Թադևոսյանը, տուրիստների հետ կապված բոլոր աշխատանքները կազմակերպում են` ծառայություններ մատուցելով. <<Իտալական կազմակերպությունն ուզում է, որ պայմանները համապատասխանեն տուրիստական ծառայությունների պահանջներին: Այդ պայմանները մենք հիմնականում արդեն ունենք` օթևանատներ, տուրիստին հարմարեցված երթուղիներ, երկլեզու բուկլետներ և այլն: Մեր երկկողմ հետաքրքրությունները փոխադարձ շահավետ ու գրավիչ են: Նոյեմբերին փոքրիկ տուրիստական խմբով կգան, կփորձենք միասին տեղում ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան: Այս ամենում մեծ է, ինչ խոսք,  համայնքապետի աջակցությունը: Պարոն Վարդանյանը շահագրգռված է առաջնահերթ օգնելու գյուղացուն, ապա մեզ: Նրա հետ աշխատում ենք 1996-ից: Գյուղում նրա օրոք շատ բան է փոխվել: Գառնին ունի արվեստի, երաժշտական, մարզական դպրոցներ, գրադարան, մշակույթի տանը գործում են մարզական, թատերական անվճար խմբակներ: Գյուղացու դարդ ու ցավով, ուրախությունով ու տխրությունով ապրող մարդ է: Օգնում է կարիքավորներին` թե առողջապահական, թե ուսման և թե այլ խնդիրներում: Այդ նպատակով նաև անձնական միջոցներից է մաս հանում: Նրա բնավորության հատկանշական գիծը անմիջականությունն է, մարդասիրությունը: Հարգալից է ու սիրալիր, մարդկանց դրության մեջ մտնող: Նրա հետ հեշտ է աշխատելը…>>:
   Գյուղացիները ևս գովեստի ու գոհունակության խոսքեր չխնայեցին համայնքապետի հասցեին. <<Մեր գյուղապետը շատ բարի է, բոլորին կօգնի, կհասնի, ոչ մեկի չի նեղացնի: Գյուղը մեծ է, լեռնային, պահանջները` շատ, բայց դա չի խանգարում, որ Վարդանյանը բոլոր հարցերը մակարդակով լուծի: Շատ բարի անձնավորություն է: Գյուղի համար շատ պայմաններ է ստեղծել, հատկապես` երիտասարդության մարզա-մշակութային կյանքի աշխուժացման առումով…>>:
   Համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ գյուղն ապահովված է ոռոգման ինքնահոս ջրով: Միայն մի թաղամաս կա /600 տնտեսություն/, որտեղ ոռոգման ջուրը պոմպերով է մղվում: Համագյուղացի բարերար Աղասի Ալեքսանյանի օգնությամբ ջրագիծ է անցկացվել: 25 կմ հեռավորությունից 500 մմ տրամագծով վայրկյանում 120 լ ջուր է մղվում Գառնի: Ընդ որում, 3000 մ բարձրությունից ինքնահոս եղանակով ջուրը բերվել, հասցվել է մինչև 1400 մ բարձրության վրա: Խմելու ջրի ներտնտեսային ցանցը շատ հին է, քայքայված, որոշ հատվածներում` խցանված: Մաս-մաս փոխվել է, բայց 55 կմ խողովակ միանգամից փոխել անհնարին է: Տարեկան 20-22 մլն դրամի ասֆալտ են անում /շուրջ 3000 քմ/: Սկսել են գիշերային լուսավորության անցկացումը` երկու ամսից գլխավոր փողոցը կլուսավորվի /3500 մ/, որից հետո կանցնեն երկրորդային փողոցներին: Ունեն մսուր-մանկապարտեզ, որտեղ 150 երեխա է հաճախում, երեք միջնակարգ դպրոց /մեկը` ավագ/: Բուժամբուլատորիան ապահովված է անհրաժեշտ պայմաններով: Խոստացել են վերանորոգել մարզային ենթակայության ընտանեկան առողջության կենտրոնը: Համայնքապետի համար առաջնահերթ խնդիր է աշխատատեղերի բացումը: Գառնին կրթական շատ բարձր ցենզ ունի: Երիտասարդները, բարձրագույն կրթություն ստանալով, ստիպված են լինում զբաղվել հողագործությամբ կամ անասնապահությամբ: Թեև գյուղում մի քանի ՀԷԿ, հացի և կաշվի արտադրություններ կան, բայց դա քիչ է, ինչը աշխատունակ բնակչությանը մղում է արտագնա աշխատանքի: <<Գալակտիկա>> գործարանն այսօր չի աշխատում: Գյուղապետը հնարավոր տարբերակ է համարում դրա բազայի վրա պահածոյի գործարան հիմնելը: Այստեղ տարեկան միայն 1000 տոննա խնձոր է աճեցվում…
     Նման մեծ ու հայտնի գյուղը միայնակ ղեկավարելն, ինչ խոսք, գրեթե անհնարին է: Գյուղապետի կողքին են ընկերները: Ա. Վարդանյանի խոսքերով, եթե ուզում ես համայնքի ղեկավար աշխատել, ապա ընկերական մեծ շրջապատ պետք է ունենաս: Ամեն պատահական մարդ, անշուշտ, չի կարող ընկեր լինել: Մտերիմ ու նվիրված ընկեր կարող են լինել միայն մի քանիսը: Ունի մանկության, դպրոցական և ուսանողական տարիների ընկերներ: Նրա խոսքերով, հանրապետությունում չկա տարածք, որտեղ ընկեր չունենա: Իր ընկերը նույն գաղափարներն ու հնարավորությունները կրող անձն է: Սիրում է ավելի շատ նեղ օրվա ընկեր լինել…Ծանր մանկություն է ունեցել, շատ վաղ կորցրել հորը: Զգացել է ուրիշների օգնությունը, ահա թե ինչու այսօր լավ է հասկանում կարիքավորի վիճակը…Սեպտեմբերի 1-ի առթիվ շուրջ 50 երեխայի հագուստ է նվիրում, ուսանողների անվճար երթևեկության հոգսը հոգում և այդպես շարունակ: Դիմացինին չափից ավելի նուրբ ու բարյացակամ է վերաբերվում: Առաջնորդվում է մոր հորդորով. <<Արա այնպես, որ թշնամիներ ձեռք չբերես: Եթե ոչ, ուրեմն մի աշխատիր>>: Ամեն ինչ կանի, որ դիմացինին ինչ-որ կերպ օգնի: Գյուղապետի պարտականությունն առավել է նպաստում դրան: Այստեղից էլ, ըստ նրա, գալիս է <<ընկեր>> հասկացությունը: Ընկերություն է անում Աբովյանի տարածաշրջանի բոլոր համայնքապետերի հետ, ում որպես աշխատանքային ընկերներ է ընդունում: Մտերիմ ընկեր է Ջրվեժի համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանը…
   Այս բարի, մեծ կամեցողության տեր մարդը շատ է սիրում բնությունը, կենդանիներ: Ունի 8 կովկասյան հովվաշուն, որոնց շատ է կապված և առանց նրանց չի պատկերացնում: Դա ավելի շատ մեծ մարդասիրությունից է գալիս, մարդկային վեհանձն ու լիառատ հոգի ունենալուց: Իր լավ ու երջանիկ լինելը պատկերացնում է ընդհանուրի բարօրությամբ ու բախտավորությամբ…
SHARE