Գյուղի կողքին, նրա հոգս ու ցավի հետ

0
78

Նաև` ի նպաստ երկրի պետականամետ քաղաքականության իրագործման

Հոգածություն

Շիրակի մարզ, Փոքր Մանթաշ համայնք: Ժիրայր Հակոբյանն այն ղեկավարում է 2008 թվականից: Այս ընտրությանը ևս առաջադրել է թեկնածությունը, ընդ որում, մրցակից չունի:

-Նման բան,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց պարոն Հակոբյանը,- մեր գյուղում չի եղել: Սա իմ աշխատանքի լավ պտուղը պիտի համարել: Գյուղը միշտ երեք մասի է բաժանված եղել, այս անգամ նման բան չկա: Ճիշտ է, առաջադրման փորձեր արվեցին, սակայն ժողովրդի հետ շփումից զգացին, որ անիմաստ է ինձ հետ ընտրապայքարի մեջ մտնելը: Ընտրվելուցս հետո արել եմ այն, ինչը նախկինում երբևէ չէր արվել: Գազաֆիկացում, արտաքին լուսավորության անցկացում, մշտական ուշադրություն սոցիալապես անապահով ընտանիքներին և այլն: Զինծառայողների ընտանիքներին ենք շարունակաբար օգնել եղբայրներիս` Իշխան և Ջոն Հակոբյանների հետ միասին: Արտագնա աշխատանքի մեկնած եղբայրներս իրենց անձնական միջոցներից հատկացում են անում թե՛ գյուղացիների, թե՛ գյուղապետարանի կարիքների համար: Մասնավորապես, գազաֆիկացման 10 տոկոսի չափով ներդրումն իրենց վրա են վերցրել եղբայրներս, հատկապես` Իշխանը: Վլադիվոստոկում ևս ունենք բարերարներ, որ միշտ մեր կողքին են: Մոտ 60 համագյուղացի տղաներ, որ շատ հարցերում են մեզ օգնել ու ձեռք մեկնել: Այսօր մոտ 30 տոկոսը բնական գազ չունի: ԻՖԱԴ-ի ծրագրով էր այն արվում, սակայն կիսատ մնաց: Դիմել ենք կառավարություն, խոստացել են ընդառաջել…

-Ի դեպ,- որոշ դադարից հետո շարունակեց մեր զրուցակիցը,- 6 եղբայր ենք, 4-ը դրսում են: Ջոնը Երևանում է ապրում, ընկերական լավ շրջապատ ունի, նաև` կառավարական շրջանակներում: Ջավախքի տղաների հետ է մտերիմ: Ամեն հարցում մեր կողքին կանգնած է: Մի խոսքով, եղբայրներով մեր համագյուղացիների կողքին ենք և ցանկացած հարցում միասնաբար սատար ենք կանգնում գյուղին: Անհրաժեշտության դեպքում եղբայրներս նաև ձեռք են մեկնում մեր` Արթիկի տարածաշրջանի գյուղերի բնակիչներին, հատկապես նրանց, որ դրսում են և փորձության են ենթարկվել: Լավ ընկեր, բարերար ունենք նաև Սոչիում` Լավրենտ Մարգարյանը, որ համայնքի ու մեր կողքին է մշտապես: Արայիկ Մաթևոսյանը` Տյումենից, Գևորգ Մաթևոսյանը /հորեղբոր տղաներ/, Անդրանիկ Մակարյանը` Վլադիվոստոկից, Գրիշա, Աշոտ Պալոյանները և էլի շատ-շատերը կան, որ մերոնքական են, մեզ հետ, մեր կողքին: Սանկտ Պետերբուրգից եղբայրս` Սամվելը ևս ակտիվ մասնակցում է համայնքային ծրագրերի բարեհաջող իրականացմանը: Վլադիվոստոկից 60 բարերար ընկերների նախաձեռնությամբ գյուղում մատուռ ենք կառուցել: Այս գործին մասնակից են նաև Լավրենտը, Մոսկվայում բնակվող Իշխան եղբայրս: Գյուղի եկեղեցին, որ խորհրդային շրջանում պահեստի էր վերածվել, մյուս եղբայրս` Գեղամն է վերանորոգել, բացումը Հայոց վեհափառ հայրապետը կատարեց: Ի դեպ, Գեղամը 1999-2005 թթ. ղեկավարել է համայնքը: Վիրաբ Հակոբյանը, որ այսօր տեղակալս է, ժամանակին ևս բարեգործական հիմունքներով օգնել է համայնքին, իր լուման ունի շատ գործերում: Հոր բարի գործն այսօր շարունակում է որդին, որ Մոսկվայում է բնակվում…

Համայնքը 100 մլն դրամ պարտք ուներ, <<Հայջրմուղկոյուղուն>> էր միացված: Գործող գյուղապետի խոսքով, իր ընտրվելուց հետո այդ պարտքը զրոյացվեց, որից հետո խմելու ջրի մատակարարումն անցավ գյուղապետարանի տնօրինությանը.

-Խմելու ջուրը կեղտոտ վիճակում վաճառում էին ժողովրդին, ամեն տնտեսության վրա 1100 դրամ պարտք գրում: Մերն արտեզյան աղբյուրների ջուր է, ինքնահոս եղանակով մատակարարվող: Ներկայումս 4 համայնքի բնակիչներ առանց գումար վճարելու օգտվում են դրանից: Մյուս 3 համայնքի` Մեծ Մանթաշ, Արևշատ և Գեղանիստ, պարտքերն էլ եմ զրոյացրել, իսկ Սպանդարյանի 60 տնտեսություն ևս օգտվում է այդ ջրից: Որակի առումով մի քիչ այն չէ, քանի որ 4 կմ բաց հունով է գալիս, միայն 3 կմ-ն է փակ: Այս տարի ջրարբիացման ծրագիր եմ արել, ուզում ենք Արթիկի կողմից ջուր բերել, որն ավելի մաքուր ու որակյալ կլինի, որպեսզի գոնե մանկապարտեզն ու դպրոցն այդ ջրից օգտվեն…

Փոքր Մանթաշը երաժշտական դպրոց ունի, որը գյուղապետարանի հետ տեղավորված է մանկապարտեզի շենքի երկրորդ հարկում: Այստեղ հաճախող երեխաների թիվը 80 է, չնայած ցանկացողներն ավելի շատ են: Համայնքային կենտրոն չունեն, ինչի առթիվ համայնքի ղեկավարը դիմել է կառավարություն: Այս խնդրի բարեհաջող լուծման դեպքում մանկապարտեզի շենքի երկրորդ հարկը կազատվի և հնարավորություն կստեղծվի նոր երեխաներ ընդունելու: Մտահոգող է նաև շենքի վթարային վիճակը, ինչն առաջին իսկ հնարավորության դեպքում կգտնի իր լուծումը:

Ժիրայր Հակոբյանի հավաստիացմամբ, իրենց գործունեությամբ կանգնած են եղել պետության, երկրի ղեկավարության քաղաքականության կողքին, նպաստել ազգանպաստ ծրագրերի իրագործմանը: Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտությամբ ևս մի շարք ծրագրեր են իրականացվել գյուղում: Կենտրոնական փողոցի 600 մ ճանապարհահատվածն է ասֆալտապատվել, դպրոցի տանիքն է ամբողջությամբ վերանորոգվել: Մոտ 40 հեկտար անտառապատման ծրագիր է իրականացվելու այստեղ, ներկայումս ծառատունկ է արվում: Ոռոգման համակարգը, գյուղապետի խոստովանությամբ, շատ վատ վիճակում է, կորուստները բավականին զգալի են, ինչը և էապես բարձրացնում է ոռոգման ծախսը: Դիմել են, որպեսզի այդ խնդիրը ևս ներառվի որևէ ծրագրում:

Վերընտրվելուց հետո, ինչպես նշեց պարոն Հակոբյանը, առաջնահերթ զբաղվելու է նաև տվյալ խնդրի լուծմամբ: Իրենց անձնական միջոցներով, Ջոն Հակոբյանի գլխավորությամբ, հուշարձան են կառուցում` նվիրված բոլոր ժամանակներում զոհված արժանավոր հայորդիների հիշատակին: Առհասարակ, բոլոր միջոցներն ու հնարավորություններն օգտագործում են` համայնքի բնականոն գործունեությունը լիարժեք ապահովելու, նրա բնակիչների հոգսն ու ցավը թեթևացնելու համար…

 3050 բնակիչ ունեցող Փոքր Մանթաշը հայտնի է իր հայրենասեր, նվիրված որդիներով, որ ամուր կապված են հարազատ հող ու ջրին և չնայած ստիպված են արտագնա ժամանակավոր աշխատանքի մեկնել, այնուամենայնիվ, ամեն ինչով նպաստում են նրա զարգացմանն ու բարգավաճմանը: Տարեկան շուրջ 40 երիտասարդ ամուսնանում է, 30-40 ծնունդ են ունենում: Բոլոր լավ գործերն ու լուրջ, ծանրակշիռ ծրագրերն իրականացվել են Ժիրայր Հակոբյանի պաշտոնավարման շրջանում: Վստահեցնում է, որ նույն ոգևորությամբ ու եռանդով շարունակելու է գործունեությունը և ժամանակի ընթացքում, աստիճանաբար լուծում է տալու այն բոլոր խնդիրներին, որ կանգնած են իրենց բնակավայրի ու համագյուղացու առջև: Առողջ սերունդ դաստիարակեն, արժանի հերթափոխ` նրա համար բավարար պայմաններ ստեղծելով: Իսկ ամենակարևորը` համախմբվածություն, փոխադարձ սեր, հարգանք ու միասնություն կա համայնքում, ինչն ամենակարևոր նախապայմանն է ապագա մեծ հաջողությունների…

Գյուղապետի տեղակալ Վիրաբ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ժիրայր Հակոբյանի հետ բարեկամական կապ չունեն, այլ մարդկայնորեն ու ընկերաբար են միմյանց մտերիմ ու հարազատ. <<Ավագ եղբոր հետ եմ շփվել, ապա` նրա: Համատեղ աշխատանքն առավել է մտերմացրել մեզ և միասին ջանում ենք որքան հնարավոր է լավ գործերի, նախաձեռնությունների հեղինակ դառնալ: Լավ աշխատանքը տեսանելի է և արժանիորեն գնահատվում է գյուղի բնակչության կողմից: Հակոբյանը կազմակերպչական մեծ ջիղ ունի, ծով համբերություն, մարդկային է ու ընկերական: Արժանի է մեծ հարգանքի ու վստահության…>>:

SHARE