Նա հավատարիմ մնաց գաղափարական արժեքներին

0
22

Հայացք

    1987թ. գերազանցությամբ ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ աշխատանքի էի նշանակվել Եղեգնաձորի շրջանի Ագարակաձոր գյուղի միջնակարգ դպրոցում: Առաջին իսկ օրերից բուռն ու ակտիվ մասնակցություն բերեցի տեղի հասարակական ու մշակութային կյանքին: Այս առումով հաճախ էի շփումներ ունենում Եղեգնաձորի շրջանային ղեկավարների հետ: Ինձ համար շատ հաճելի ու տպավորիչ էին հանդիպումները ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի երկրորդ քարտուղար Եփրեմ Թադևոսյանի հետ: Նա կայուն ու հաստատակամ սկզբունքների տեր անհատ էր: Հետագայում մեկնեցի մայրաքաղաքª ուսումս ԳԱԱ պատմության ինստիտուտում շարունակելու, սակայն շփումներս Եղեգնաձորի շրջանի հասարակայնության հետ պահպանեցի: 
  1990 թվականից սկսվեց շեն ու բարգավաճ հանրապետության քայքայումն ու ավերումը: Իրենց պաշտոններից ու աշխատանքից հեռացան այդ ժամանակի պետական գործիչների զգալի մասը: Եփրեմ Թադևոսյանը նրանց շարքում էր: Նա այլ կերպ չէր կարող լինել ու գործել: Որպես գաղափարական ազնիվ անհատ,  հավատարիմ մնաց այն կուսակցության դավանած արժեքներին ու սկզբունքներին, որի շարքերում աճել էր, դաստիարակվել, սնուցվել ու կոփվել: 
   Մինչդեռ նրանց կուսակիցներից ոմանք, նույնիսկ` շատերը, առաջին իսկ վտանգի ու փորձության պահին լքեցին հարազատ կուսակցության շարքերը և անցան հակառակորդ խմբավորման կողմը, միայն թե պահպանեին իշխանական կերակրատաշտից օգտվելու պայմաններն ու հնարավորությունը: Այդպիսիների համար, հո՜գ չէ, որ երկիրը փլուզվեց և  ժողովուրդը բռնեց արտագաղթի ճանապարհը: 
    Տասնամյակներ շարունակ մարքսիզմ-լենինիզմ քարոզած կուսակցական վերոնշյալ ջոջերը, պարզվում է, նույնքան հեշտությամբ կարող են ճիշտ հակառակը քարոզել ամբիոններից, միա՜յն թե մնան  էլի բարձր ու եկամտաբեր պաշտոններում: 
  Ի հեճուկս վերոնշյալ քամելեոնների, Ե. Թադևոսյանը սոցիալիստական համակարգի փլուզումից հետո չաճապարեց դեպի հակառակորդ բևեռը և թքած չունեցավ իր կենսագրության և աշխատանքային անցյալի վրա: Նա բարձր բարոյականության կրողը եղավ այս և բոլոր առումներով, իսկ բարոյական սկզբունքներով առաջնորդվող անհատի ներկայությունը միշտ ու մշտապես կարևոր է եղել հայ իրականության մեջ` Մ. Խորենացու և Եղիշեի ժամանակներից սկսած: 
   Ավելին, հենց անբարոյական մարդկանց գորշ ու գաղջ ներկայությամբ է ապականվում ամեն մի գաղափարական արժեք և սրբազան մասունք: 
     Այս համայնապատկերին առավել գնահատելի ու իմաստավորելի են Եփրեմ Թադևոսյանի պես անհատների վսեմ, անկաշառ ու արժանապատիվ վարքն ու վարքագիծը, պահվածքն ու կեցվածքը: 
    Ուրեմն, հենց այս պարտավորեցնող զգացողողությամբ տարիների հեռավորությունից մենք նորովի գնահատենք և իմաստավորենք Եփրեմ Թադևոսյան-անհատի հավաքական դիմանկարը, նրա համակ գործունեությունը: 
Հարգա՛նք ու պատի՛վ գաղափարապես կայուն, սկզբունքային ու բարոյապես արժանապատիվ անհատին, հայրենասեր գործչին, բարեգործ հայորդուն:
     
Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, հրապարակախոս
SHARE