Նժդեհ մարդը, հայորդին և հայրենապաշտը

0
37
Մեծ հայրենասերի կյանքի դասերն այսօր էլ ուսանելի ու օգտակար են…

Կենսապատում


     Գարեգին Նժդեհի կյանքի, անձնականի մասին շատ քիչ է խոսվել, և այսօր էլ այդ բացը զգացնել է տալիս: Ահա տվյալ առաջնահերթությունից ելնելով էլ հանդիպեցինք և զրուցեցինք նրա եղբոր` Լևոնի թոռ Վազգեն Տեր-Հարությունյանի հետ:

     -Ես Նժդեհին չեմ տեսել,-ասաց նա:-Երկու տարեկան էի, երբ արդեն Հայաստանում չէր: Մեծ հորեղբորս մասին գիտեմ պատմածներից և նրա գրած նամակներից: Առաջին տպավորությունս այն էր, որ շատ զգայուն մարդ է եղել: Այդ առթիվ հիշեմ նրա նամակներից մեկի գրառումը, որը վերաբերում է որդուն` Վրեժին. <<Երբ դեռ փոքր էր, նրա հետ <<Հիսուսի կյանքը>> ֆիլմը դիտելու էինք գնացել: Կինոթատրոնից դուրս գալուց հետո երեխաս սկսեց լաց լինել: Հարցիս հետևյալ պատասխանը տվեց. <<Տեսա, թե ոնց են մտրակում, ծեծում Հիսուսին>>: Երեխաս խիստ ազդվել էր…>>: Տեսարանը նրա վրա ևս ազդել էր, ինչի մասին էլ գրում է նամակում: Եթե սառը մարդ լիներ, ապա, բնականաբար, ոչ կհիշեր և ոչ էլ կգրեր այդ մասին: Փաստորեն, զգայունությունը հորից  փոխանցվել է որդուն… Նժդեհը նաև բանաստեղծություններ է գրել, գիրք ունի: Խաղացել է թատրոնում, մարմնավորել աբեղայի դեր: Այս ամենը ևս գալիս է հուշելու, որ շատ մարդկային ու բարձր զգացմունքների տեր մարդ էր: Հատկապես շատ զգայուն էր երեխայի հարցում: Վլադիմիրի բանտից /1944-55 թթ./ նամակներ է գրել ինչպես որդուն, այնպես էլ դստերը: Հայաստանում առաջին կնոջից աղջիկ ուներ` Լիլիա անունով: Դուստրը վախեցել է պատասխանել հոր նամակներին: Որդին, որ Բուլղարիայում ամուսնացած բուլղարուհի կնոջից էր, պատասխանել է հոր նամակներին և կապը պահպանել: Այդ նամակները հիմնականում կենցաղային բովանդակություն ունեն, որդուն, ասենք, խնդրել է օճառ, գուլպա ուղարկել: Խորհրդային կայսրության փլուզումից հետո միայն հնարավոր դարձավ Բուլղարիա մեկնել և ծանոթանալ Նժդեհի որդու` Վրեժի հետ:

Չնայած, այնպես ստացվեց, որ մի օր ինձ ասացին, որ Բուլղարիայում բարեկամ ունեք, ով ուզում է հանդիպել ձեզ: 1994-ին մեկնեցի Բուլղարիա: Գտա Վրեժին, որ ապրում էր Սոֆիայում, մի փոքր շենքում: Այցիս օրն ուժեղ անձրև էր, որից մի կերպ գլուխս ազատելով,ամբողջովին թրջված` բարձրացա այդ շենքի երկրորդ հարկ: Դուռը բացեց տարիքն առած, սպիտակահեր մի մարդ: Բացել ու շեմին կանգնած` ինձ է նայում, ես էլ, իմ հերթին, իրեն: Կարծես, ինձ ներս թողնելու որևէ ցանկություն չունի: Բավականին ժամանակ այդպես կանգնեցինք` իրար զննելով: Ասացի, թե ով եմ, բայց ոչ մի ռեակցիա: Այնուամենայնիվ, ներս հրավիրեց: Փոքրիկ բնակարան էր, խոհանոցն ու սենյակը վարագույրով էին բաժանված: Կնոջ` Պերվենայի /մակեդոնուհի/ հետ էր ապրում: Երեխա չունեին: Կարծում էի, որ այնտեղ կմնամ գիշերելու, բայց տեսածիցս հետո արդեն նման հույս չունեի: Մինչև գալս նկարս ուղարկել էի նրան, որը նկատեցի պատին փակցված, ինչն ինձ շատ ուրախացրեց: Հաճախ էի այցելում նրան, բայց անտեսանելի անջրպետը դեռ մնում էր: Ինձանից քաշվում էր, վախենում,  չէր վստահում, կարծես, չէր հավատում, որ իր ազգակից հարազատն եմ: Խուսափում էր հորից խոսել: Սակայն կամաց-կամաց մերվեցինք միմյանց, միասին շրջում էինք քաղաքում: Առիթների դեպքում հրավիրում էին: Հետո սկսեց հոր նամակները ցույց տալ, պատմել, սիրտը բանալ… Երբ Նժդեհին 1944-ին բերում են Մոսկվա, մորն ու իրեն աքսորում են Բուլղարիայի Պավլիկենի քաղաք: 17 տարի մնում են աքսորավայրում, որտեղ էլ մայրը մահանում է: Վերադառնում է իրենց երկհարկանի տուն /Ցար Բորիս 92/, որտեղ հոր հետ բնակվել էին: Նժդեհի կնոջ հայրն ստամբուլահայ էր, ոսկերիչ, և այդ տունը նրա թողած ժառանգությունն էր: Վերևի հարկն ամբողջությամբ գրքեր էին, հայրը մեծ գրադարան ուներ: Տանն ուրիշ արժեքավոր ոչինչ չկար: Սակայն… Հայրական տունն այլևս իրենցը չէր, արդեն ուրիշ մարդիկ էին այնտեղ բնակվում: Գրադարանը չկար, գրքերի ճակատագիրն անհայտ էր: Այդպես մնում է անտուն, այգիներում, դրանց նստարաններին է գիշերել: Ցանկացել է ավիաինժեներ դառնալ` թույլ չեն տվել: Լավագույնը, որ հասցրել է, բեռնատար ավտոմեքենաների տեխնիկի մասնագիտություն ձեռք բերելն է եղել: Զբաղվել է այդ գործով: Բայց երազանքը մնում էր օդաչու դառնալը կամ գոնե օդանավի սպասարկող անձնակազմում տեղ գրավելը: Շատ է պատահել, որ հայերը տեսել են իրենց հայրենակցի անօթևան վիճակը, բայց գլուխները թեքել, անցել են, քանի որ Նժդեհի անվան հետ կապված ամեն ինչ այն ժամանակ թշնամաբար էր ընդունվում: Հետո արդեն, երբ ժամանակները փոխվում են, նրան հրավիրում են դաշնակցություն կուսակցություն, որտեղ էլ հայերեն է սովորել: Այստեղ-այնտեղ վարձով ապրելուց հետո ծանոթանում է ապագա կնոջ հետ, և ամուսնանալուց հետո արդեն միասին ապրում են հիշյալ փոքր տանը… Երեք ամիս մնացի Բուլղարիայում: Վերադառնալուցս մի քանի օր առաջ խոստովանեց, որ սկզբում ինձ որպես Հայաստանից ուղարկված հատուկ գործակալ է ընդունել, ահա թե ինչու այդքան սառն էր ընդունելությունը: Ճանապարհելն արդեն բոլորովին այլ էր` նվերներ, որոնք մասունքի պես պահել եմ, ջերմ գրկախառնություններ, հուզիչ բաժանում… Մի խոսքով, լավ զգացողություններով բաժանվեցինք: Ասեմ, որ վախը, ցավոք, նրա մեջ նստած էր: 17 տարի աքսորում եղած մարդու համար դա գրեթե անխուսափելի էր, բնական, մանավանդ` Նժդեհի պես անհատի ժառանգի: Անասելի ցավ էի ապրում` նրան այդպես խեղճացած տեսնելով, նրա ծանր կյանքի պատմությունը լսելով: Նրան խնդրեցի Երևան գալ, ապրել այստեղ: Չհամաձայնեց` վախենալով, որ իրեն կարող է հայրենիքում ձերբակալեն: Հուզիչ մի դրվագ էլ պատմեց կյանքից, որ խոսում է նրա հայկական ոգու մասին: Գործի բերումով Թուրքիայով անցնելիս` հակառակ կողմից Արարատ լեռն է տեսել: Խնդրել է կանգնեցնել ավտոմեքենան, իջել է, արտասվել սուրբ լեռանը հայացքն ուղղելով և ապա միայն շարունակել ճանապարհը… Սոֆիայի մեր այդ հանդիպումն առաջինն ու, ցավոք, վերջինն էր: Որոշ ժամանակ անց /1996 կամ 97 թվականն էր/ Բուլղարիայի դեսպանատան միջոցով ցավով տեղեկացա, որ Նժդեհի միակ որդին այլևս չկա: Դժբախտաբար, Նժդեհի անմիջական ժառանգական շարունակությունը հենց Վրեժով էլ սահմանափակվեց: Տարիքով այնքան էլ մեծ չէր` 60-ն անց… Նշեմ, որ հայաստանցի կնոջ հետ Նժդեհն օրինական ամուսնացած չէր: Անկախ դրանից, դստերը երբեք չի անտեսել կամ մոռացել, ինչի վկայությունը գրած նամակներն են:

     -Մի ամբողջ հարկ գրադարան ունենալն, ինչ խոսք, խոսում է տվյալ անձի մեծ գրասեր ու ընթերցասեր լինելու մասին: Նժդեհն, այո, կարդացած, կիրթ ու գիտակ էր, ինչը և մեծ դեր է խաղացել նրա կյանքում`ցանկացած հարցի նկատմամբ փիլիսոփայական մոտեցում ձևավորելու տեսանկյունից: Քաղաքական մեծ գործիչ լինելով հանդերձ, Նժդեհը նաև փիլիսոփա էր և ամենակարևորը` ազգապահպան գաղափարախոսության կրող: Նրա հիմնական պայքարն այն էր, որ հայ մարդը չձուլվի, պահպանի իր էթնիկ տեսակն ու որակը: Այդուհանդերձ, հետաքրքիր է Ձեզանից, որպես Նժդեհի հարազատի, իմանալ, թե ի՞նչ դեր ուներ ընտանիքը նրա կյանքում:
    -Նժդեհի գրադարանն, այո, բացառիկ ու մեծարժեք հարստություն էր: Նրա աշխարհայացքն ու լայնախոհությունը գալիս են նաև այն գրքերից ու գրականությունից, որոնցով նա այդպես շրջապատված է եղել: Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա նա ժամանակ էլ չէր կարող ունենալ` վայելելու ընտանեկան ջերմությունն ու սերը: Մշտապես` կռիվների, իրադարձությունների թոհուբոհի մեջ, պատերազմական ծանր ու դժվարին իրավիճակներում: Այստեղ, կարծում եմ, հարկ չկա առանձին-առանձին անդրադառնալու նրա այդ շրջանի գործունեությանը, քանզի այն հայտնի է այսօր բոլորին: Միայն բավարարվեմ` նշելով, որ Զանգեզուրի` Լեռնահայաստանի նորագույն պատմության մեջ Նժդեհն անուրանալի դեր ունի ու լուսավոր հետագիծ է թողել: Նժդեհին ենք նաև պարտական այսօր Հայաստան ունենալու համար… Իր այդ մեծ առաքելությունը կատարելուց հետո նա հայտնվում է Եգիպտոսում, Իրանում և Բուլղարիայում, իսկ 1933-ին` ԱՄՆ-ում: Իր հայրենակիցներին օտար հողում ձուլման վտանգից փրկելու նպատակով ստեղծում է <<Ցեղակրոն ուխտեր>> կազմակերպությունը: Առավել նշանակալի ու նպատակային է դառնում նրա գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին, մասնավորապես` հայ մարդկանց փրկելու, պաշտպանելու և, ընդհանուր առմամբ, հայ ազգի նկատմամբ դրական կարծիք ու վերաբերմունք ձևավորելու առումով: Համակենտրոնացման ճամբարներում բազմաթիվ հայերի կյանք է փրկում: Ահա, այսքան նվիրումի ու այսքան մեծ բեռ իր ուսերին վերցնելու պարագայում էլ ինչ ընտանեկան կյանքի մասին կարող էր խոսք լինել: Նա մեծ առաքելություն ուներ և աննահանջ առաջ էր ընթանում որդեգրած ուղով` հետևելով իր իսկ ձևակերպած սկզբունքին, որ փոքր ազգերը սխալվելու իրավունք չունեն, քանի որ կարող են վերանալ աշխարհի երեսից: Այո, նրա համար գերխնդիր էր խառն ու խառնակ ժամանակներում հայ տեսակի պահպանությունը, հային հայ պահելը: Պարզապես, ժամանակ չուներ անձնականով զբաղվելու, ընտանիքի կողքին լինելու: Նժդեհն իր նամակներից մեկում խոստովանում է. <<1943-44 թթ. շատ լավ հնարավորություն ունեի գնալու Շվեյցարիա` հարուստ ապրելու այնտեղ: Բայց ոնց ես կարող էի թողնել Հայաստանը…>>: Եվ նա այնպես արեց, որ իրեն բերեցին Հայաստան: Ուշքն ու միտքը Հայաստանի փրկությունն էր: Լավ գիտեր, թե իրեն ինչ է սպասվում հայրենիքում, բայց չփախավ, եկավ… Քրիստոսի չարչարանքները կրեց: Մինչև կյանքի վերջին րոպեն էլ մտածում էր Հայաստանի մասին…
    -Ստացվում է, որ նա գիտակցաբար է հանձնվել, այո՞:
   -Կարծում եմ, այո: Նրա նամակներից մեկում է երևում, որ մտածված է հանձնվել, որպեսզի գա Հայաստան: Եթե երկրորդ ճակատ բացվեր` Թուրքիայի դեմ, ապա ինքը կարող էր մեծ օգուտ տալ հայրենիքին, առավել ևս, որ շատ լավ թուրքերեն էր ուսումնասիրել: Լավ հնարավորություն կարող էր ստեղծվել` վերադարձնելու հայկական հողերը: Ցավոք, երկրորդ ճակատն այդպես էլ չբացվեց: Նժդեհը մնաց բանտում և այդպես էլ 1955-ին մահացավ:   
    -Իսկ ինչպիսի՞ն էր նրա կապը հարազատների, բարեկամների հետ:
    -Նժդեհը նամակներ ունի գրած եղբորը` Լևոն պապիս, հորս` Հրանտին, որ իր եղբայրն էր: Նամակագրական կապ, այո, կար: Դրանք լակոնիկ, մտերմական հարցուփորձ պարունակող գրություններ են: Այնպես չէր, որ, ասենք, բանը հասներ <<կենացներ>> ասելուն ու հանգիստ բարեմաղթանքներ հղելուն: Դրա ժամանակը չկար, ամեն ինչ ծայրաստիճան բարդ ու դժվար էր: Նժդեհի միտքը Հայաստանով էր զբաղված: Երբ հորիցս հարցնում էի Նժդեհի մասին, հետևյալ պատասխանն էի լսում. <<Ինքը ֆանատիկ էր, ֆանատիկորեն սիրում էր Հայաստանը: Թողած ամեն ինչ, մտասևեռումը մի կետի վրա էր պահում: Սեր էլ կա, սեր էլ: Նա ոչ թե սիրում, այլ պաշտում էր…>>: Նժդեհն ինքն է գրել, որ սիրո և պաշտամունքի միջև տարբերություն կա: Սիրում ես շուկան, որից շահ ես ստանում, բայց պաշտել շուկան չես կարող: Կարելի է շատ բան սիրել, բայց պաշտել` ոչ: Պաշտել, ըստ Նժդեհի, կարող ես միայն հայրենիքը: Պաշտամունքն ավելի բարձր է, քան սերը: Ահա Նժդեհի հավատամքը… Մեր տունը, Նժդեհի շնորհիվ, յուրօրինակ հավաքատեղի էր: Գալիս էին շատ ու շատ անվանիներ` Խաչիկ Դաշտենց, Ավետ Ավետիսյան, Ժան էլոյան, բուլղարահայ գրող Օնիկ Փանիկյան… Գալիս էին ընկերները, խոսում էին, պատմում, հետաքրքրվում: Այն ժամանակ երեխա էինք և, բնականաբար, չգիտեինք, թե ինչպիսի՜ ազգական ու արյունակից ունենք… Նժդեհը, ինքն իրեն զրկելով, վտանգելով կյանքը, անձնվիրաբար հայրենիքի հետ էր: Ինչ էլ ուզում է լիներ, նա, միևնույն է, չէր փոխվի, քանզի նրա նման ֆանատները երբևէ չեն փոխվում: Մի առիթով գրել է. <<Երբ որ ես չլինեմ արդեն, բարձրանամ վերև, վերևից կհսկեմ Հայաստանը: Իմ անհանգիստ հոգին այն ժամանակ հանգստություն կունենա, երբ Նեմրութը, Մասիսը և Սիփանը իրար ձայն տան…>>: Նրա այդ  բաղձանքը բոլոր հայերիս նվիրական բաղձանքն է, որ մի օր անպայման իրական կդառնա: Նժդեհի մասին խոսելիս ակամա հուզվում եմ: Հանուն իր ազգի, իր հայրենիքի նա կամովին անցավ Քրիստոսի տանջանքների ճանապարհով: Արարչի ձեռքով ուղարկված էր, որ զոհ գնա իր ազգին: Նման մարդիկ, անհատներ հազարամյակներ մեկ են լույս աշխարհ գալիս: Նժդեհը ծնվեց և փրկեց Հայաստանը: Բայց ո՜վ է հիշում…
     -Նկատի ունեք, որ այսօր արժանին չի մատուցվում հայրենասեր հայի հիշատակին, այո՞:
   -Հրապարակը Գարեգին Նժդեհի անունով են կոչել, բայց արձանը Սուրեն Սպանդարյանինն է… Այդպես էլ մինչև օրս չեն կարողանում որոշել նրա արձանի ճակատագրի հարցը, պատշաճ չի ներկայացվում հայրենապաշտ հայի անցած ուղին, գործունեությունը: Նժդեհը մատչելի ու հասանելի պիտի դարձնել յուրաքանչյուր հայի համար, նրանով պիտի դաստիարակվի այսօրվա սերունդը: Հարկ է Նժդեհին ուղղակի <<բացել>>, ընթեռնելի դարձնել, որպեսզի երևա նրա իրական, բուն պատկերը` տաղանդավոր, ինտելեկտուալ մարդ, փիլիսոփա, անձնվեր հայորդի… Բազմակողմանի զարգացած էր, միտքը շատ ողղություններով է աշխատեցրել` մեր կյանքը բարելավված տեսնելու, առաջընթաց ապահովելու մտահոգությամբ լցված: Լրջորեն ուսումնասիրել է շատ ոլորտներ, տվել իր մեկնաբանությունները: Անձնականից, կենցաղից վեր էր. <<Սարերը ինձ համար անկողնու նման բաներ էին: Քարերը ինձ համար բարձ էին ծառայում: Քնել եմ քարերի վրա…>>: Նժդեհին սխալ է մի ուղղությամբ դիտարկելը կամ ներկայացնելը: Նա իսկական ադամանդ է` մի քանի անկյուններով ու զանազան բյուրեղներով: Ադամանդ, որտեղ ամեն մասնիկ իր լույսն է արձակում: Այնպես որ, դարձյալ պիտի ասեմ, որ Նժդեհ երևույթն ընդհանուր առմամբ հավուր պատշաճի ներկայացնելու անհրաժեշտություն կա: Նժդեհի ոգին այսօր պիտի առաջնորդ լինի մեզ բոլորիս, որպեսզի յուրաքանչյուրս մտածի հայրենին պահել-պահպանելու, ամրացնելու ու շենացնելու մասին: 
    -Ինչպիսի՞ ռազմիկ ու հրամանատար էր Նժդեհը:
   -Նա երբեք չի փնովել կամ վատ անդրադարձել այլ ազգի, ուրիշին մեղադրել կամ նրա վրա մեղքը բարդել: Ոչ մի տեղ չի գրել, թե ուրիշների պատճառով այսպես կամ այնպես եղավ: Մեղադրում է մեզ` ասելով, որ մեր սխալների պատճառով պարտություն կամ դառնություն կրեցինք: Սրանով ուզում է շեշտել, որ պետք է լավ լինենք, որպեսզի օտարները չհամարձակվեն մեզ ինչ-որ բան ասել: Նա իրեն է մեղադրում, ոչ թե ուրիշի: Թուրքերի դեմ կռիվների ժամանակ հրամայել է կանանց, երեխաներին ու ծերերին ձեռք չտալ: Միայն բանակի դեմ է գնացել կռվի. <<Երբ հարձակվում են, ես պաշտպանվում եմ, ես չեմ հարձակվում…>>: Մարտի դաշտում մարդկային է եղել մինչև վերջ: Ունեցել է կարգ ու կանոնով զորք: Թույլ չի տվել որևէ շեղում կամ անկարգություն: Նամակներից մեկում գրում է. <<Ուղարկեք ինձ ցորեն, իմ զորքը կոտորվում է սովից>>: Զորքն այս վիճակի մեջ էր, բայց էլի հրաման էր տալիս ձեռք չտալ ոչնչի: Թույլ չէր տալիս, որ զինվորը վայրենի դառնա, ինչը շատ կարևոր է: Սա բարձրագույն մարդու բարձր գիտակցում էր, մարդ լինելու և մարդ մնալու գիտակցումը: Զինվորները նրան շատ էին սիրում, պաշտում էին: 700 հոգանոց խմբով կռվում էր 30 հազարանոց բանակի դեմ: Երեք տարվա ընթացքում` 7 զոհ, թշնամու կողմից` 15 հազար: Նա այնքան զորեղ էր, որ մենակ էլ կկռվեր, քանզի կռվում էր ոչ թե զենքով, այլ ոգով: Նա իր զինվորի մեջ պահպանում էր ոգին, ահա թե ինչու կռվեցին ու հաղթեցին: Հեռանալով Հայաստանից, ասաց. <<Ես կկանգնեմ Արաքսի այն կողմում և կսպասեմ այնքան ժամանակ, մինչև սովետականանա Հայաստանը: Ես պետք է տեսնեմ Զանգեզուրը միացված Հյուսիսային Հայաստանին: Երբ որ այդ փաստը լինի, նոր ես կհեռանամ: Եթե չեղավ, նորից կմտնեմ Հայաստան…>>:
     Գարեգին Նժդեհի գրքերում խոհափիլիսոփայական շատ մտքեր կան, որոնք յուրաքանչյուրի համար կարող են կյանքի ուղենիշ լինել: Ուղենիշ` նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր հուսալքված թողնում են հայրենիքը: Երիտասարդության համար են առավել կարևոր, որովհետև հայրենիքի սիրով ներշնչվելու աղբյուր են, մարդուն ոգի հաղորդող և ոգի բարձրացնող հրաշալի միջոց: Նժդեհը լուրջ ուսումնասիրության կարոտ է, հարկ է նրան պատշաճ ներկայացնել հատկապես դպրոցական ուսումնական ծրագրերում, այլ ոչ թե  սահմանափակվել նրա կենսագրությունը ներկայացնելով: Մենք պետք է երկրի վաղվա արժանավոր քաղաքացիների և հայրենիքի ուժեղ զինվորների դաստիարակենք, քանզի ինչպես մեծ հայրենասերն է պատգամում` <<Հաղթում է ուժեղը և ոչ թե արդարը: Վայ ձեզ, թույլեր…>>: 
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ

SHARE