Նկարիչները` Գյումրիին

0
15
Բարեգործություն
Մերկուրովի անվան հանրահայտ նկարչական դպրոցը կվերականգնվի

 
  Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրյակին ՀՀ նկարիչների միությունում կազմակերպված միջոցառումը նախաձեռնել էր <<Շիրակ>> հայրենակցական միությունը: Ցուցադրված են շիրակցի, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերը ներկայացնող ստեղծագործողների գեղանկարչական, քանդակագործական աշխատանքներ: Ներկայացված է, ընդհանուր առմամբ, մոտ 200 գործ: Այս մասին տեղեկացրեց<<Շիրակ>> հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը:

  ՀՀ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր հերթին նշեց, որ միության հիմնադիր անդամներից մեկն է: Միության հիմնադիր նախագահը Սերգեյ Համբարձումյանն է: Ինչ վերաբերում է տվյալ ցուցահանդեսին, ապա այն նախաձեռնել են Արմեն Դարբինյանը, Գագիկ Սարգսյանը, Դոնարա Հարությունյանը և մի խումբ այլ ընկերներ: Պարոն Մինասյանի խոսքով, ինքը ևս նախաձեռնողների թվում է: Միությունն ստեղծվել է շուրջ 15 տարի առաջ: Տարիների ընթացքում այն բազմաբնույթ` մշակութային, գիտակրթական և այլ միջոցառումներ է կազմակերպել: Երկրաշարժի տարելիցին նվիրված այս ցուցահանդեսը բարեգործական է, որի նպատակը Գյումրիի Մերկուրովիանվան նկարչական դպրոցի վերականգնմանը նպաստելն է, այսինքն, ցուցահանդեսից գոյացած միջոցները նպատակաուղղվելու են դրան:

  Գյումրեցի գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը, մեծ սիրով մասնակցելով միջոցառմանը, ցանկանում է այդ կերպ օգտակար լինել հարազատ կրթօջախի վերականգնման գործին: Կրթօջախ, որի շրջանավարտն է. <<Ցավալի է, որ մեր նկարչական դպրոցն առայսօր անտեսված է, վերականգնված չէ: Դպրոցաշինության ծրագրից, չգիտես ինչու, դուրս է մնացել, այն դեպքում, երբ շատ կարևոր ու նշանակալի դեր ունի մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում: Նկարչական կրթությունն, ըստ իս, շատ կարևոր է, ես կասեի` պարտադիր պետք է բոլորն այս բովով անցած լինեն: Նկարչական դպրոցը մեր քաղաքի մեխն է: Շատ հոյակապ նկարիչներ է այն տվել` Աշոտ Մելքոնյան, Օնիկ Մինասյան, Զուլում Գրիգորյան, Ռաֆայել Աթոյան, Անատոլի ԳրիգորյանՀանրապետության լավագույն դպրոցներից մեկն է, որ հիմնադրվել է 1921 թ.>>:

  Գեղանկարիչ Ֆայենբերգ Սարգսյանն առանձնահատուկ ջերմություն է զգում այս ցուցահանդեսից: Նրա խոսքերով, էներգետիկ ջերմ դաշտ կա ցուցասրահում, ինչը ուրիշ ցուցահանդեսի ժամանակ չես զգա: Ներկայացրել է մեկ նատյուրմորտ: Շատ է ցանկանում, որ նախաձեռնությունը ծառայի իր նպատակին և կարողանան օգտակար լինել իրենց դպրոցի վերականգնման բարի ու վեհ գործին
SHARE