Նյութն անհրաժեշտ է

0
18
Բայց նյութապաշտությունն անընդունելի է…

Կենսակերպ

-Իմաստունները հաստատ նրանք են,- հարցազրույցի սկզբում ասաց ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը,- ում գլխներին Աստված կամ ձեռքն է դրել, կամ գոնե փոշի է թափել: Անպայման իմաստնանում են այդ տեսակի մարդիկ` լինի լավ բժիշկ, մանկավարժ, ստեղծագործող, թե այլ մասնագետ, դա էական չէ: Էականն այն է, որ այդ մարդը բազմաշնորհ է, տաղանդավոր, նաև կարողանում է կյանքի երևույթներին փիլիսոփայորեն մոտենալ` իր կենսափիլիսոփայությամբ հարստացնելով և՛ իրեն, և՛ իր շրջապատին: Եվ իմաստնությունն էլ հենց այնպես չի լինում, իմաստնությունն էլ պիտի նպատակ ունենա: Իմաստնությունը չպիտի տվյալ անձի ներսում փակված մնա` ճաք կտա, պիտի անպայման այն փոխանցվի մյուսներին. ոչ թե պարտադրանքի, այլ վարվելաձևի, կենսափիլիսոփայության, կենսակերպի, մտքի, խոսքի, վերաբերմունքի միջոցով: Հանճարեղ է, չէ՞, երբ իմաստուն մարդու հետ ես շփվում… Իմ կյանքը շատ լեցուն է եղել այդպիսի մարդկանց հետ հանդիպումների շարքով: Մեր բոլոր մտավորականների հետ առիթ եմ ունեցել հանդիպելու, շատերի հետ` նաև մտերմանալու: Իմաստուն քաղաքական գործիչների հետ եմ պատիվ ունեցել մտերիմ լինելու, այնպիսիների, ինչպիսիք  Ալեքսան Կիրակոսյանն էին, Կարեն Դեմիրճյանը, Կառլեն Դալլաքյանը, նաև` Սերգեյ Համբարձումյանի, Դոնարա Հարությունյանի… Մարդիկ, ում կյանքը շաղախված է եղել իմաստնություններով, ում ամեն խոսքն ինձ վրա ազդեցություն է գործել: Պահեր են լինում, երբ հիշում եմ նրանց խոսքն այս կամ այն երևույթի վերաբերյալ: Ասենք, օրինակ, մի առիթով Ալեքսան Կիրակոսյանն ինձ ասաց. <<Եղբայր, եթե հայ պաշտոնյան հայկական մշակույթով ներծծված չէ, ապա չարիք է իր ժողովրդի գլխին…>>:
Խորհում եմ, թե որքան խորը պիտի լինի մարդը, որքան պիտի կյանքը խորությամբ իմանա, որպեսզի պատճառահետևանքային կապն այդքան ամուր ու փոխկապակցված տեսնի: Ոչ միայն հայերի, այլև մյուս բոլոր փոքր ազգերի իշխանավորն ու մտավորականը, գլոբալացման այս ժամանակաշրջանում, պիտի ներծծված լինեն իրենց ժողովրդի մշակույթով, այլապես տիեզերքի քաղաքացին /վատ բան չէ, թող լինեն տիեզերքի քաղաքացիներ, մեկ է, դա մեր կամքից անկախ էլ  գոյություն ունի, լինելու է/ ընդամենը համընդհանուր արժեքներ կարող է զարգացնել, բայց ոչ ազգայինը, որի գոյությունը հավերժի ճանապարհով ընթանալու հիմնական ու կարևորագույն երաշխիքն է: Ահա այդ իմաստով իմ բախտը բերել է, որ շփվել եմ այդպիսի մեծերի հետ և այսօր էլ, փառք Աստծո, նման հնարավորություն ունեմ: Այստեղ հիշեմ գեղանկարիչ Զուլում Գրիգորյանին, ում համարում եմ հայ գեղանկարչության այսօրվա նահապետը: Ոչ հեռու անցյալում, երբ կար լուսահոգի Էդուարդ Իսաբեկյանը, այդ պատիվը նրանն էր: Ընդ որում, Զուլումը նահապետ է ոչ միայն գեղանկարիչ լինելով, այլև մտածողի, մտավորականի իր տեսակով, ում հետ շփվելով հոգևոր լիցքեր ես ստանում, հաղորդակցվում ես ազգային հոգևոր արժեքների հետ և, ի վերջո, մեկ անգամ ևս համոզվում, որ հոգևորի համեմատությամբ նյութականը երբևէ չպետք է առաջնային ու գերադասելի լինի: Փառք Աստծո, կան մարդիկ, ովքեր ամուր կառչած են այն փիլիսոփայությանը, որի մասին խոսեցի, և իրենց տեսակով, իրենց ապրելակերպով, իրենց մտածողությամբ, իրենց լավատեսությամբ նաև վարակում են ուրիշներին: Ընդհանրապես, ես մարդկանց անուններ տվեցի, որոնք պատիվ են բերում մեր ազգին` լինելով նրա ընտրանին: Այս շարքում շատ այլ անուններ կան: Բախտ եմ ունեցել շփվելու նաև Հրանտ Մաթևոսյանի հետ, այսօր էլ շփվում ու ընկերություն եմ անում Ռազմիկ Դավոյանի հետ: Շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ այնպիսի խոշոր մտավորականի հետ, ինչպիսին Թովմաս Պողոսյանն է, ով նորօրյա կոմիտասյան աշխատանք է կատարում: Չեմ կարող չհիշել մեր բեմի վերջին քրմուհիներից մեկին` Ժենյային, շատ հարգում եմ Վարդուհի Վարդերեսյանին` իր հետաքրքիր տեսակով, զարմանալի կենսունակությամբ: Շատ մտերիմ եմ եղել Սիլվա Կապուտիկյանի` ամենայն հայոց բանաստեղծուհու հետ, հետաքրքիր ու ինքնատիպ զրույցներ ենք ունեցել մեր ազգի, մշակույթի, արվեստի, գրականության և շատ այլ հարցերի շուրջ: Գիտեմ, որ նա միանշանակ չի ընդունվել հասարակության բոլոր խավերի կողմից,  բայց ինձ համար եղել և մնում է հայ պոեզիայի ինքնատիպ քրմուհի: Շատ եմ ափսոսում իմ մտերիմներից Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ կորուստը. պայծառագույն կին, մարդ, երգչուհի, որի երգն աղոթք էր, անզուգական: Նրա բոլոր համերգներին եղել եմ և իմ օրինակով կարող եմ ասել, որ նրա ձայնի աուրան հոգիդ լցնում էր բերկրանքով: Հպարտ եմ, որ ապրել եմ մի ժամանակահատվածում և այն սերնդի ներկայացուցիչն եմ, որ տեսել է 1960-ականների զարթոնքը: Տեսանք Տիգրան Պետրոսյանի հաղթանակը, նշեցինք Մեծ եղեռնի 50-ամյակը, առաջին անգամ, ուսանողական տարիներիս, ցույցի եմ մասնակցել, ինչը շշմեցուցիչ էր այն ժամանակների համար: Հետո եկան արդեն <<Արարատի>> հաղթանակների տարիները: Այո, զարթոնքի տարիներ էին, և մենք հնարավորություն ունեցանք հպարտանալու, որ հայ ենք և աշխարհին մեծություններ ենք պարգևել…Շարունակելով խոսքը, պարոն Մինասյանն ափսոսանք հայտնեց, որ մեր երիտասարդությունն այսօր հպարտանալու այլ ճանապարհ է ընտրել. <<Մենք հպարտանում էինք, որ Մոսկվայում ունենք հանճարեղ Արամ Խաչատրյան, հանճարեղ Առնո Բաբաջանյան, մեծագույն զորավար Բաղրամյան: Մենք ուզում էինք նմանվել նրանց, նրանցից սովորել, նրանցով ապրել: Ունեինք նաև Պավել Լիսիցյան, Մելիք Փաշայան և այլք: Պատկերացնում եք, թե ինչ հզոր դեմքեր ունեինք, և այդ մարդիկ մեզ համար կուռքեր էին: Կուզեմ, որ մեր այս նոր սերունդը ևս հպարտանա այդ արժեքներով, հպարտանա  Տիգրան Մանսուրյանով, ով, իմ կարծիքով, մեր օրերի Արամ Խաչատրյանն է. մեծագույն, հանճարեղ կոմպոզիտոր: Ափսոս, որ մենք վատ սովորություն ունենք մարդուն գնալուց հետո մեծարել: Մանսուրյանն, իրոք, մեր ժողովրդի մեծագույն, փառահեղ զավակներից մեկն է, որ պատիվ է բերում ոչ միայն հայ ժողովրդին, այլև` իր արվեստով, նաև մարդկությանը: Այդպիսի¯ հաջողություններ Եվրոպայում, մանավանդ` Գերմանիայում, որ տվել է աշխարհի 3 մեծերին երաժշտարվեստում /Բեթհովեն, Բախ, Մոցարտ/: Փաստ է, որ այսօրվա կինոերաժշտության ասպարեզում նա անմրցելի է: Բրավո, մաեստրո… Նրա հետ էլ բավականին երկար շփումներ եմ ունեցել, հիացած եմ այդ անձնավորության հոգու կորովով, մտածելու նման կարողությամբ, լայնախոհությամբ, երբեմն նաև ընդհանրություններ անելու անսահման ունակությամբ: Ճիշտ են ասում, որ երբեմն անբացատրելի են մեծերի խոսքերը, վերաբերմունքը սովորական մահկանացուներիս համար, բայց գոնե լավ է, որ ուզում ենք հասկանալ…>>:
-Շատ լավ կլիներ, պարոն Մինասյան, որ այսօրվա երիտասարդ սերունդը նույնպես տոգորվեր Ձեր ասած հասկանալու ձգտումով ու ցանկությամբ, այնպես չէ՞:
-Գիտեք, ես համարում եմ, որ այստեղ մենք ենք մեղավոր: Ավագ սերունդն է մեղավոր: Ըստ երևույթին, մենք ինչ-որ բան բաց ենք թողել: Երիտասարդները, երեխաները մեղավոր չեն, նրանց պիտի սովորեցնել: Ոչ թե պարտադրանքով, այլ ճշմարիտ ճանապարհի վրա դնելով, ճշմարիտ խոսք ասելով, խոսքին ու գործին չդավաճանելով, ներդաշնակությամբ: Պիտի հասնել այն բանին, որ նրանք սիրեն ավելի բարձր, վեհ արժեքները, այլ ոչ թե այն, ինչ ավելի հեշտ է ու մատչելի: Սովորաբար, հեշտն ու մատչելին առանց դժվարության են տրվում, և մարդիկ էլ հենց այդ ճանապարհով են գնում: Մենք այդ պրիմիտիվ, ազգակործան, ոգեկործան և այլ քաղքենիական բաներից պիտի վեր կանգնած լինենք: Նյութն անհրաժեշտ է, բայց նյութապաշտությունն անընդունելի է: Նյութը չպիտի դառնա կուռք: Կուռքը պիտի դառնան մեծ արվեստը, մեծ պոեզիան: Պիտի Համո Սահյան կարդաս ու հոգիդ լցվի խնդության լույսով, պիտի Իսահակյանի խոսքերը հասկանաս, որպեսզի ասես, թե մեր  ազգը ոնց է ստեղծել այս տիեզերական բանաստեղծին: Կամ` պիտի գնաս Տերյանի հայրենիքը, այդ փոսի մեջ գտնվող գյուղը ու զարմանաս, թե այսքան խորը, այսքան աշխարհաճանաչ, այսքան մարդկային, այսքան լիրիկ այս ձորի մեջ ընդամենը մեր երկինքը մի փոքր տեսնող մարդը ոնց է դարձել այդպիսին: Շշմելու է, չէ՞… Թվում է, թե բարձունքից պիտի նայես, որպեսզի աշխարհը տեսնես, բայց պարզվում է, որ երբեմն պիտի ջրհորի հատակն իջնես, որպեսզի երկինքը տեսնես: Միշտ չէ, որ երկնքից ջրհորի հատակը երևում է, իսկ ջրհորի հատակն իջնելիս` երկինքը երևում է…
-Մատնանշեցիք հզոր մարդկանց, արվեստի, մշակույթի գործիչների, ում հետ փոքրիկ շփումն իսկ հպարտության զգացումով կպարուրեր յուրաքանչյուրին: Դուք, մասնավորապես, ինչպիսի՞ զգացումներ եք ունեցել նման պահերին և, առհասարակ, ի՞նչ հետք է թողել այն Ձեր կյանքում:
-Իմ կարծիքով, դա տեսակի հարց է: Ես արվեստի, մշակույթի հանդեպ մանուկ հասակից էլ առանձնահատուկ սեր եմ ունեցել: Երբ դեռևս 1965-ին <<Սովետական Հայաստան>> ամսագրում կարդացի Հրանտ Մաթևոսյանի <<Կայարան>> պատմվածքը, անչափ զարմացա, թե հայը ոնց կարող է այսպիսի բան գրել, դա, ասես, ֆանտաստիկայի ժանրից լիներ, այդպիսի բան հնարավոր չէր, քանզի ես կարդացել էի մեր բոլոր հեղինակներին` դասականներին և ժամանակակիցներին: Ինքս ինձ ասում էի` այս ինչ նոր զգացում է, ինչ անկեղծ է, ինչ շիտակ է… Նույն թվականին էլ նկարիչների միության սրահում բացվեց երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը, որը նույնպես հայտնության պես էր ինձ համար, և ես սիրահարվեցի գեղանկարչությանը: Ընդամենը ուսանող էի պոլիտեխնիկական ինստիտուտում, բայց հոգուս խորքում ձգտում կար դեպի արվեստը, մշակույթը: Ըստ իս, նկարչությունը ոչ այնքան հասկանալ է պետք, որքան զգալ. այո, զգալու, ապրելու բան է այն, ինչպես պոեզիան, որը յուրաքանչյուրը յուրովի է ընկալում ու հասկանում: Դե, արի ու Թումանյանին մի հասկացի, մի սիրի, անհնար է, չէ՞: Մի խոսքով, դա մարդու ներաշխարհի խնդիր է: Ըստ երևույթին, տվյալ ներաշխարհը գենետիկորեն է տրված եղել, իսկ այդ միջավայրն էլ հնարավորություն է ընձեռել, որպեսզի ավելի շատ ձգտեմ հանդիպել, շփվել նման մարդկանց հետ: Հիշում եմ Շիրազի հետ հանդիպումները: Խորհրդային ժամանակներում մի հիմնարկում էի աշխատում /Երևանի ջերմաէլեկտրակենտրոն/, որտեղ մեծամասնությունը ռուսներ էին, միջավայրը ռուսական էր: Ընտրվելով կուսակցական կոմիտեի քարտուղար, առաջին քայլերիցս մեկն այն եղավ, որ Հովհաննես Շիրազին հրավիրեմ մեզ մոտ հանդիպման: Լավ երեկո անցկացրեցինք, մեծարեցինք բանաստեղծին: Հանդիպման ավարտին բաժանվելով, Շիրազն ասաց. <<Տղա ջան, ոնց որ թե կարգին հայեցի դաստիարակված տղա ես, իմ էլ երկրացին ես, այս Մեսրոպին ինչի՞ ես դուրս հանել քո հիմնարկից>>: Չհասկացա ասածը առաջին պահից: Հետո միայն տեսնելով, որ բոլոր լոզունգները ռուսերեն են գրված, հասկացա, որ Մաշտոցին նկատի ուներ: Հաջորդ օրը ուղղեցի սխալը… Շիրազը ֆանտաստիկ մարդ էր: Անցել է 40 տարի, բայց այսօր էլ ջերմությամբ հիշում եմ, թե ինչպես ձեռքը դրեց ուսիս: Հիշում եմ նաև Վազգեն Առաջինի հետ իմ առաջին հանդիպումը. 14 տարեկան էի, երբ ձեռքը դրեց ուսիս: Մինչև հիմա էլ ուսիս զգում եմ նրա ձեռքի ազդեցությունը, և թվում է, որ միշտ էլ զգալու եմ: Փառահեղ էր, ինչպիսի¯ աուրա ուներ` շշմելու, մեծ: Նրանից հետո բոլոր կաթողիկոսների հետ էլ շփվել եմ, իհարկե, բայց քանի որ նրա ժամանակներն ուրիշ էին, ուստի Վազգեն վեհափառի տեսակը շատ անհրաժեշտ էր, որպեսզի պահպանվեր եղածը: Այսօր էլ, ըստ երևույթին, պետք է եկեղեցիներ, հոգևոր տներ կառուցել, և լավ կլինի, որ այդ օջախները մարդաշատ լինեն, հավատացյալներով լեցուն լինեն: Հոգևորն առաջնային տեղում պետք է լինի: Նյութապաշտությունը, ցավոք, առաջ է ընկել ամեն ինչից: Միշտ եղել է այսպես, բայց մեծերը, իմաստունները, ազգի հովիվները իրենց ապրելակերպով, նյութի ու ոգու նկատմամբ ունեցած վերաբերմունքով սերունդ են դաստիարակում: Մենք այստեղ բաց ունենք: Պիտի ավելի շատ զբաղվենք նախ և առաջ մեզանով, արդար ու շիտակ լինենք ինքներս մեզ հետ, որպեսզի դիմացինը մեզ հավատա, երեխան հավատա, որ ճիշտ ապրելու կերպը դա է: Պիտի միշտ գնալ այն ճանապարհով, որը կոչվում է արդարության ու չափի զգացումի ճանապարհ: Առանց արդարության, առանց ինքդ քեզ հետ, հանրության հետ արդար ապրելու երեխաներին ոչ լավ բան կարող ես սովորեցնել, ոչ էլ նրանցից պահանջել: Ցուցափեղկային հայրենասիրություն, ցուցափեղկային նկարագիր այսօր, ցավոք, շատ կա, տարբեր մարդիկ կան, ում <<բրենդը>>, անունը բավարար են, որպեսզի երեխաները, առանց հասկանալու` լավ է դա, թե վատ, ընդօրինակեն նրանց: Ոչ ոք չի ասում, որ փողը վատ բան է, ես էլ չեմ ասում, բայց փողը պիտի Աստված չլինի, կուռք չլինի` սրա մասին է խոսքը:
-Ընկերական հարաբերություններ ստեղծելու համար ի՞նչ է հարկավոր:
-Բավարարում են ձեր հոգևոր սնունդը, թե ոչ: Դուք հաճախ ստիպված եք ձեր հարազատների հետ ամենօրյա շփումներ ունենալ, բայց ընկերական հարաբերություններ ստեղծելու, պահպանելու, զարգացնելու համար առաջին հերթին պիտի հետաքրքիր լինի մարդն իր էությամբ, խորքով, գիտակցությամբ, ենթագիտակցությամբ, ընկալումներով, վերաբերմունքով, աստվածատուր և ոչ աստվածատուր շնորհներով, մարդկային իր կերպարով: Սրանք բաներ են, որ եթե չեն բավարարում քո ստանդարտներին, ապա ընկերություն չի ստեղծվի: Չեմ ասում, որ պարտադիր է, որ դու տաղանդավոր լինես, բայց ինչ-որ տեսակ կա, որ մի տեսակին բավարարում է, որպեսզի հետը շփվի: Ես, օրինակ, ինչքան էլ շփվեմ Զուլումի հետ, չեմ հոգնի, ինչը, հավատացած եմ, փոխադարձ է: Համենայնդեպս, խոսելու բան, լուրջ խոսելու թեմա ունենում ենք: Այս մարդիկ լուրջ, կատարյալ ու մեծ մարդիկ են, իսկ ամենաբարդը նման մարդ լինելն է: Ես էլ էի մի ժամանակ փորձում հասկանալ ընկերության գաղտնիքը: Ընկերության միջավայրում եմ մեծացել: Մեծ փիլիսոփա Վոլտերը, աշխարհի մեծարանքներին արժանացած այդ մարդը, ասել է. <<Այս բոլորը ես ոչինչ եմ համարում մի իսկական ընկերոջ հանդեպ>>: Այսինքն, այդ մարդը, որ իր կյանքի փորձով, իր էությամբ զգացել է աշխարհի մեծարանքը, դա ոչինչ է համարում իսկական ընկերոջ համեմատությամբ: Ահա այդքան վեհ ու բարդ է ընկերությունը: Միշտ, երբ առիթ է լինում, ասում եմ` ընկերությունը մեզանից հազարամյակներ առաջ եղել ու լինելու է, և եթե մենք կարող ենք` գոնե դույզն-ինչ մի բան ավելացնենք, այլ ոչ թե պակասեցնենք: Միևնույն է, առանց ընկերության գաղափարի մադը, մարդկությունը, բանական էակը չեն կարող: Երբ մարդն ընտանիք կազմեց, կողքին ընկեր ունեցավ, ուրիշ կերպ չէր կարող լինել: Անգամ ընտանիքին մոտ հարթության վրա են դրվում ընկերական հարաբերությունները: Կյանքիս ընթացքում հիասթափություններ ապրել եմ, և, թերևս, ամենամեծ հիասթափությունն ապրել եմ ընկերոջը կորցնելով: Իսահակյանի հետևյալ խոսքերը հաճախ եմ հիշում. <<Ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լավություն միշտ արա>>: Ըստ երևույթին, պիտի ապրել այդ չափանիշներով:
-Մեծերի հետ ընկերությունն ի՞նչ առանձնահատկություն ունի:
-Ավելի շատ հոգևոր կապի նման մի բան է, երբ կենցաղային խնդիրները երկրորդական պլան են մղված: Զուլումի հետ երկար տարիների ընկերներ ենք, և չի եղել, ասենք, նստենք օրերից մի օր ու հիշենք, թե ինչ եմ արել ես իր համար կամ ինքը հիշի, թե ինքն ինչ է արել: Անիմաստ է դրա մասին մտածելը, որովհետև շատ ավելի բան ենք մեկս մյուսին տվել: Նույնը` Հրանտի, Ռազմիկ Դավոյանի հետ: Ես մեծագույն բավականություն եմ համարում իրենց հետ շփվելու հնարավորություն ունենալը: Առիթի դեպքում արդեն թոռնիկիս` Մկրտիչ Մինասյան թոռնիկիս, երբեմն հետս այդպիսի տեղեր եմ տանում, որպեսզի շփվի մեծերի հետ, որպեսզի ներծծվի մշակույթով: Այսօրվա երեխաներն ավելի շատ նոր մտածողության կրող են, ազգային նկարագիրը, ըստ երևույթին, նրանց գենետիկայում կա, բայց առօրյայում շատ ավելի քչացել է: Նրանք ավելի շատ արտասահմանյան գրողների են կարդում, մինչդեռ առաջին հերթին մեր պոեզիան պիտի կարդան: Եթե Տերյան չի կարդացել, ապա վաղն ինչպես պիտի սիրահարվի… Միգուցե, ես սխալվում եմ, միգուցե, արդեն իմ չափանիշներն են հնացել, չգիտեմ, համենայնդեպս, ինձ թվում է, որ պիտի մեր մեծերի հետ շփվել, առավել ևս` պոեզիայի, որպեսզի հոգիդ հայակենտրոն դառնա: Հետաքրքիր մի բան ասեմ: Ժամանակին, երբ խոսում էին տղամարդու և կնոջ ընկերության մասին, ես մի տեսակ անլուրջ էի վերաբերվում դրան` համարելով ոչ ճիշտ: Բայց հետո, տարիների ընթացքում, սեփական փորձով համոզվեցի, որ շատ ավելի նվիրյալ են կին ընկերները: Կյանքի թոհ ու բոհը նրանց վրա շատ քիչ է ազդում` սկզբունքներին դավաճանելու համար: Կանայք ավելի զգացմունքային են, եթե տղամարդիկս պիտի չարչարվենք վերլուծել, ապա նրանք իրենց վեցերորդ զգայարանով անմիջապես զգում են երևույթի էությունը: Այստեղ մենք մրցակցելու բան չունենք: Կնոջն Աստված այդպես է ստեղծել: Կնոջ մեջ գնահատում եմ հեզ ու կանացի լինելը, բայց նաև շատ գնահատում եմ երկաթյա տրամաբանությունը, բազմաշերտ ընկալումների կարողությունը: 
-Ընդհանրացնենք, պարոն Մինասյան…
-Ամփոփելով խոսքս, կուզեմ հետևյալն ասել: Վերջապես մեր ժողովրդին պետություն է տրվել, հայրենիքը շենացնելու, զորացնելու հնարավորություն: Ես այն մարդկանցից եմ, ով գիտակցում է իր պատասխանատվությունը: Պատասխանատվություն` երկրի ապագայի, աճող սերնդի հանդեպ: Տարիներիս փորձով, իմ գործունեությամբ փորձել եմ և այսօր էլ փորձում եմ հանդուրժող լինել, հավուր պատշաճի վերաբերվել հասարակության շրջանում եղած տարբեր ընկալումների հանդեպ: Եկեք ամեն ինչ չսևացնենք. եթե սևացնում ենք, ապա մեր միջավայրը մռայլ ու տխուր է դառնում: Նաև` լավը տեսնենք: Վատը համատեղ ուժերով վերացնենք: Այս երկիրը մերն է, մեր պապերի երկիրն է: Սա՛ է մեր երկիրը: Երկիրն ավետյաց պիտի դառնա մեր ապագա սերնդի համար` հրաշքների երկիր, զարթոնքի երկիր: Ինչպես Տերյանն է ասում` պիտի հառնենք, հառնենք ու հզորանանք: Մարդկության ապագան բարության մեջ է: Եթե բարություն չեղավ, ապա գեղեցկությունը կարող է դառնալ չարություն: Լավատեսությունը մեզանից պիտի անբաժան լինի…              
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE