Նշանակալի ներդրումներ, խոշոր ծրագրեր

0
21
Որոնք գյուղին ժամանակակից կյանքի բնականոն ռիթմով ընթանալու հնարավորություն կտան…

Անհրաժեշտություն

   -Գետափում /Վայոց ձորի մարզ/ իմ ղեկավարման տարիներին իրականացված աշխատանքները բազմաթիվ են,- ասաց համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանը:- Հատկապես մատնանշեմ մշակույթի տան հիմնանորոգումը, այն համապատասխան գույքով ապահովելը /դահլիճի աթոռներն ամբողջովին նոր են, նոր ձայնային սարքավորումներ, երաժշտական գործիքներ ունենք/: Ակորդեոնի, դաշնամուրի, շվիի, դհոլի և զուռնայի խմբակներ են գործոմ: Ունենք նաև պարի խմբակ, որտեղ եթե նախկինում 15 երեխա էր ընդգրկված, ապա այսօր այնտեղ ցանկացողների թիվը գրեթե 60-ի է հասնում: Ակտիվությունն այնքան մեծ է, որ վախենում ենք բոլորին չկարողանանք բավարարել: Մեծահասակների համար առանձին սենյակ ենք կահավորել` զբաղմունքի անհրաժեշտ պարագաներով: Բացի այս, մանկապարտեզի հատվածում, մոտ 500 մ, փողոցային լուսավորություն ենք անցկացրել: Ապա, նախորդ տարվա դեկտեմբերին ևս 1 կմ 100 մ լուսավորություն անցկացրեցինք` Ամանորի նախաշեմին հաճելի անակնկալ մատուցելով մեր բնակիչներին: Ներկայումս էլի այդ ողղությամբ աշխատանք է տարվում մեր կողմից. կենտրոնական փողոցում ևս 500 մ հատված կլուսավորվի: Գյուղի մի հատված, կոյուղի ունենալով, մաքրման կայանից զրկված է եղել: Այդ աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են: Գյուղապետարանը, որը մշակույթի տան շենքում է, այսօր արդեն կոյուղի ունի: Գյուղում ոչ միայն բոլոր տոներն են հանդիսավորությամբ նշվում, այլև շատ հաճախ մեր խմբակների սաների ուժերով զանազան միջոցառումներ են կազմակերպվում: Առհասարակ, գյուղում աշխատանքն անպակաս է, միշտ պիտի ինչ-որ բան անես: Մանկապարտեզի /90 տեղ/ շենքի վերանորոգման աշխատանքներ են ընթանում, և հուսով եմ, որ սեպտեմբերին նրա վերաբացումը մեծ շուքով կնշենք: Արդեն 60 երեխայի համար նախատեսված գույքը ձեռք ենք բերել: Երկու տարի առաջ խմելու ջրի ցանցն ամբողջովին վերականգնվել է: Վերանորոգվել են օրվա կարգավորիչ  ջրամբարները: Շուրջօրյա ջրով ապահովված ենք: Ձախ ափում մի փոքր խնդիր ունենք այդ առումով: Պատրիկ Լորենի հետ արդեն պայմանավորվածություն ունենք, և շուտով այդ խնդիրը կլուծվի: Կամբողջանա համակարգը, և վթարներ այլևս չենք ունենա: Աղբատար մեքենայով ապահովված ենք: Թեև աղբահանության հարցում մարդկանց մոտ պասիվություն է նկատվում, բայց ջանում ենք բոլորին ընդգրկել այդ գործում և ընդհանուր ուժերով մեր համայնքը մաքուր պահել: Հարկերի հավաքագրումը պատշաճ մակարդակով է ընթանում, և իրականացվող բոլոր ծրագրերում համայնքի մասնակցությունն ապահովվում է, մեր միջոցներից ներդրում արվում է: ԻՖԱԴ-ից հայտ ենք ստացել` գյուղի մնացած 40 տոկոս գազաֆիկացումն իրականացնելու համար: Այստեղ ևս մեր ներդրումն ունենալու ենք: Գլխավոր խնդիրը ճանապարհների ասֆալտապատումն է, ինչը մեծ գումար է պահանջում, և, բնականաբար, մեր ուժերից ու հնարավորություններից վեր է: Եթե այս խնդիրն էլ լուծվի, ապա կարելի է ասել, որ գյուղում այլ գլոբալ խնդիր չի մնա…
  Համայնքապետից տեղեկացանք նաև, որ գետափցին հիմնականում զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Նրան ամենաշատ մտահոգում է այն ցավալի իրողությունը, որ մարդիկ, այնուամենայնիվ, գյուղից գնում են, արտահոսք կա: Եթե ոչ հեռու անցյալում այստեղից քիչ էին գնում, ապա այսօր այդ հոսքը նկատելիորեն ավելացել է: Գյուղտեխնիկա ունեն, 5-6 տրակտոր, բայց անգամ այս պայմաններում հողն անմշակ է մնում:
   -Պարոն Ալոյան, համոզված ենք, որ գյուղի զարգացման գործում անպայման իրենց դերակատարությունն են ունեցել և ունենում ընկերները: Այդպես չէ՞:
  -Ընկերական շրջապատը շատ-շատ է օգնում: Այդ օգնությունն ակնհայտ է, և գնալով ընկերական հարաբերությունները նաև այդ ամենի շնորհիվ զարգանում ու առավել ջերմանում են: Եթե մարդը եղբայր կամ քույր չունի, ապա դա այնքան էլ սարսափելի չէ, որքան այն, երբ զրկված է ընկերոջից: Առանց ընկերոջ մարդը ոչ մեկի պետք չէ: Ինձ ընկերությունն ամեն ինչ տալիս է: Մարդը ձգտում է ընկերության, որպեսզի մենակ չմնա: Ընկերությունը պահպանելու համար ազնվություն է պահանջվում, մաքրություն: Գետափից շատ ղեկավար ընկերներ կան, որ լավ հարաբերությունների մեջ ենք, բոլորս էլ մեր աշխատանքները ճիշտ կատարում ենք և կարողանում ենք միմյանց օգնել: Էլեկտրացանցի, ՋՕԸ-ի պետերը ընկերներս են: Սոցապ բաժնի պետը նույնպես ընկերս է: Փոխադարձ աշխատում ենք, առաջացած խնդիրները համատեղ քննարկում և գյուղին օգնելու միջոցներ գտնում:
   Այսօր գյուղաբնակների աշխատանքի հարցը փոքրիշատե լուծված է. ծխախոտի մշակմամբ են զբաղված, աշխատում են գինու գործարանում, բանջարեղեն են աճեցնում և այլն: Գետափը գերեզմանատան խնդիր ունի. մեկը փակ է, մյուսը` կիսափակ: Նոր գերեզմանատան տարածք է հատկացվել /4-5 հեկտար/, մնում է ճանապարհի հարցը լուծվի այս տարի: Երկրորդ տարին անընդմեջ համայնքը մարզում լավագույնն է ճանաչվում: Գագիկ Ալոյանի հայրը 17 տարի սովխոզի տնօրեն է աշխատել, բարի համբավ ու հեղինակություն վայելել, ինչն իր հերթին է պարտավորեցնում նրան` ավելին անելու, բարձր պահելու այդ պատիվն ու հարգանքը: Հեռանալուց պիտի արժանի անուն ու երախտիք վաստակել: Արժանի ժառանգորդ դառնալ, եղածին ինչ-որ բան ավելացնել և փոխանցել եկող սերնդին:

  -Օգտվելով առիթից,- նշեց նա,- ուզում եմ մի հարցի մասին բարձրաձայնել: Պետք է օրենսդրորեն ամրագրվի այն դրույթը, որ համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող անձը պետք է անպայման բարձրագույն կրթություն ունենա: Եթե հնարավոր է, նաև այն խնդիրը կարգավորվի, որ այդ պաշտոնը նշանակովի լինի: Համայնքը դրանից, կարծում եմ, միայն կշահի, ավելի մաքուր, բարետես կլինի և ավելի մեծ հնարավորություն կունենա շուտ ոտքի կանգնելու: Կոպիտ ասած, կախման մեջ չլինի գյուղացուց, կարողանա իր արդարացի պահանջն ու հորդորը տեղ հասցնել, արդյունք ապահովել…
  Համայնքի տարեց բնակիչների հետ իրենց հատկացված սենյակում մեր զրույցից տեղեկացանք, որ գյուղում միջոցառումներ միշտ էլ լինում են: Գյուղապետի տարած աշխատանքներից գոհ են, գնահատում են նրա ջանքերը, եղած միջոցները նպատակային են ծախսվում: Ցանկալի է, որ աշխատատեղեր ավելի շատ լինեն, մարդիկ կարողանան հոգալ իրենց ապրուստի միջոցները: Բնակլիմայական անբարենպաստ պայմանները հաճախ հիասթափեցնում են մարդկանց, հողից երես թեքելու պատճառ դառնում: Խոշոր ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի գյուղը դուրս չմնա ժամանակակից կյանքի բնականոն ռիթմից, առաջընթացի ուղով ընթանա:   
SHARE