Նորօրյա կոմիտասյան աշխատանք…

0
16
   Ես երիտասարդ տարիքից շփվել ու մտերմություն եմ արել մեր մեծ մտավորականների հետ: Ապրել եմ իրենց արվեստով, տաղանդով ու կյանքի նկատմամբ իրենց ունեցած վեհ ու փիլիսոփայական վերաբերմունքով: Այսօր էլ շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, օրինակ, այնպիսի խոշոր մտավորականի հետ, ինչպիսին Թովմաս Պողոսյանն է: Այսօր աշուղական երգարվեստի ոլորտում մեծ ներդրում ունեցողը ինքն է, էլի կան մարդիկ, իհարկե, ովքեր ազգային երգ-երաժշտությունը զարգացնելուն նպաստում են` երգիչներ, կոնսերվատորիայի դասախոսներ: Բայց այն, ինչ անում է Թովմաս Պողոսյանը, հավասար է, կարելի է ասել, մի ամբողջ ինստիտուտի գործի: Ինչպես, ասենք, Սամվել Կարապետյանն է անում ճարտարապետության բնագավառում: Ահա այդպիսի աշխատանք, նորօրյա կոմիտասյան աշխատանք է կատարում` մեր կորսված ժողովրդական, գուսանական, աշուղական երգերը հայտնաբերելու, ժողովրդին ներկայացնելու համար: Եվ ես օգտվելով առիթից, պիտի շնորհակալություն հայտնեմ նախ Թովմասին, իմ լավ բարեկամին, ընկերոջը, ով այդքան պայծառ է և այդպես առանց ցուցափեղկային հայրենասիրության, առանց որևէ այլևայլությունների, հոգու կանչով նվիրվել է այս գործին, և համոզված եմ, որ այդ նվիրումը կտևի մինչև իր կյանքի վերջը: 
   Թովմասին ես շատ սիրում ու գնահատում եմ: Պայծառ անձնավորություն է, ես առիթ ունեցել եմ իրեն ասելու, հիմա էլ եմ ասում, որ նա մերօրյա կոմիտասյան գործ է անում, և այդ գործը խորագույն հարգանքի, ընկալման և վերաբեմունքի է արժանի: Շատ ճիշտ էր, անշուշտ, նրան ժողովրդականի կոչում տալը: Իսկապես, նա ժողովրդական է, իսկապես մեր ժողովրդի նվիրյալ զավակներից մեկն է, և պիտի կամենալ, որ երկար ու ձիգ տարիներ ստեղծագործական կյանք ունենա, պեղի ու հայտնաբերի, հայ ժողովրդին վերադարձնի իր երաժշտական գոհարները…

Մկրտիչ Մինասյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
SHARE