Նոր իրավիճակ` նոր պահանջներ

0
15

Գնահատում

ՆՈՐԱ ԻՎԱՆՅԱՆ (Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն,ՀՀԿ Գորիսի կանանց խորհրդի անդամ)

   Վերջերս Ծաղկաձորում կայացավ ՀՀԿ կանանց խորհրդի համագումարը, որտեղ անդրադարձ եղավ նաև նոր Սահմանադրությանը: Մեր երկրի համար այդ կարևորագույն փաստաթուղթը լայնորեն քննարկվել է միջազգային տարբեր հարթակներում և հավանության արժանացել հեղինակավոր կազմակերպությունների ու մասնագետների կողմից: Ժամանակի պահանջով է առաջացել գործող Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, և բնավ  այնպես չէ, որ դա մեկի կամ մեկ ուժի ցանկությամբ, քմահաճույքով է իրականացվում: Կյանքն առաջ է գնում, և պետք է ընթանալ ժամանակին համաքայլ, նոր իրավիճակին համապատասխան նոր օրենքներ ունենալ ու կիրառել:

  Պետք է, պարզապես, կարդալ, ծանոթանալ այդ փաստաթղթին, որից հետո արդեն հնարավոր կլինի կարծիք կամ ցանկություն հայտնել: Ցավոք, շատերն են անտեղյակ եղել, ինչը մեզ պարտադրել է լայն քարոզչություն ծավալել, իրազեկել մարդկանց, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ նախագիծը: Ասել ենք, բացատրել, ինչի արդյունքում այսօր պատկերը, բարեբախտաբար, բոլորովին այլ է: Մարդիկ համոզվել են, որ նոր Սահմանադրությամբ մեր երկիրն առաջ է ընթանալու, հաղթահարվելու են շատ խոչընդոտներ և այլն: Մեր, ինչպես և այլ աշխատանքային կոլեկտիվներում բավականաչափ վերլուծվել, մանրամասնվել են առաջարկվող փոփոխությունները, դրանց շարժառիթները:  Եթե նախկինում պարտադիր էր ղեկավար աշխատանք տանելու համար մի շարք պայմանների պարտադիր առկայությունը, ապա առաջարկվողի մեջ դա հանված է: Բարձրաստիճան անձանց, պաշտոնյաների անձեռնմխելիությունն է վերացվում, ինչը ևս շատ կարևոր է:

  Բացատրական, քարոզչական աշխատանք տանելով, մենք ոչ ոքի չենք ստիպում կամ պարտադրում, որ գնա և <<Այո>> կամ <<Ոչ>> քվեարկի: Մենք, պարզապես, ուղղորդում ենք մարդկանց, ցույց տալիս ճիշտ ճանապարհը: Մնացածը նրանց խղճի թելադրանքով է արվելու: Որպես հասարակական կազմակերպիչ, փոխտնօրեն, իմ պարտքն եմ համարել լինել հասարակության մեջ, բացատրական աշխատանք տանել, ներկայացնել նախագծի բոլոր առավելություններն ու լավ կողմերը: Եթե մարդիկ հասկանում են, ապա անպայման <<Այո>> կքվեարկեն:

  <<Այո>>-ն մեր ճիշտ ճանապարհն է, և փառք Աստծո, դա շատերն են գիտակցում: Նշանակում է, մեր աշխատանքն իզուր չի անցել, և ունենալու ենք բոլորիս շահերից բխող ցանկալի արդյունք: Ունենալու ենք նոր Սահմանադրություն, որը մեր երկիրը տանելու է առաջընթացի, զարգացման ուղիով: Համոզված կարող եմ ասել, որ <<Այո>>-ն Սյունիքում հաղթարշավ է ունենալու, ինչը բնական ու արդարացված պիտի համարել: Սյունեցին իր լավն ու վատը գիտի և, ինչպես միշտ, ճիշտ ընտրություն կկատարի: Կսատարի և՛ իր կառավարությանը, և՛ իր մարզպետին: Դա փոխադարձ է, համապատասխան վերաբերմունքի արտահայտություն: Մարզպետ պարոն  Խաչատրյանն այն անձն է, որ բոլորին սատարում է: Հնարավոր չէ, որ մեկը մոտենա նրան և անպատասխան կամ չբավարարված հեռանա: Այնպես որ, ամեն ինչ շաղկապված է, և լավն ու դրականը պիտի արժանիորեն գնահատվեն…

SHARE