Նոր կյանքում ապրում են

0
214

Երկարակեցություն

 

Իրենց ներկայով ու ապագայի լավագույն երազանքներ փայփայելով

-Նոր կյանքի ղեկավարն եմ 1991 թվականից,- ասաց Արա Սուքիասյանը:- Այսքան տարի, շուրջ քառորդ դար, գյուղի բնակչությունը ինձ վստահել է: Նորից եմ ակնկալում այդ վստահությանն արժանանալ, որպեսզի շարունակեմ գործունեությունս և ավարտի հասցնեմ այն ծրագրերն ու անելիքները, որոնք, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, կիսատ են մնացել: Ծանր ու դժվարին տարիների միջով ենք անցել և կարողացել մեր հույսն ու հավատը պահելով` առաջ ընթանալ: Աշխատանք, այն էլ` բավականին, կատարվել է: Ղարաբաղյան պատերազմի տարիներին մեր համայնքը ապահով թիկունք է եղել, իր լուման բերել հաղթանակի գործում: Ազատամարտին ես ինքս <<Սասունցի Դավիթ>> ջոկատում եմ եղել: Մեր անկախության 25-ամյա տարեդարձը նշեցինք, անկախություն, որի կռողներից մեկն էլ ես եմ եղել: Ղեկավարմանս ընթացքում կարողացել եմ իրագործել այն, ինչը հնարավոր է եղել: Մի մասը` համայնքի բյուջեի միջոցներով, մի մասը` պետական, մի այլ մաս էլ` տարբեր ծրագրերում ընդգրկվելով: Մասնավորապես, <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով շուրջ 1 կմ ոռոգման ցանց ենք անցկացրել: Լինսի հիմնադրամի միջոցներով վերակառուցվել է միջնակարգ դպրոցի մասնաշենքը: Ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել: Այս պահին խմելու ջրի խնդիրն է լուծվում, ինչը մեզ համար շատ կարևոր ու առաջնային է: Խմելու ջուր, կարելի է ասել, դարերով չենք ունեցել: Այսօր արդեն շուրջօրյա ջրամատակարարում ունենք: Աշխատանքները վերջնական փուլում են: Մոտ 13 կմ խմելու ջրի առանձին ջրագիծ է անցկացվում: Գիշերային լուսավորություն ենք անցկացրել, հանգստի պուրակ ստեղծել, տաղավարներ տեղադրել: Ամեն տարի ծառատունկ ենք իրականացնում: Համայնքի բնակչության միջոցներով խաչքար ենք տեղադրել, եկեղեցու տանիքը նորոգել: Բարերարների միջոցներով մատուռն է  վերանորոգվել: Գերեզմանատան ցանկապատն է նաև ամբողջությամբ նորոգվել: Շատ այլ կատարված աշխատանքներ կան, որոնց մասին դժվար է այս պահին հիշել կամ թվարկել…

-Այդ ամենով հանդերձ,- շարունակեց գործող համայնքապետը,- ունենք նաև խնդիրներ, որոնք երբևէ մեր ուշադրությունից դուրս չեն մնում: Մեր հիմնական նպատակն է դրանք ժամանակի ընթացքում լուծել, որպեսզի համայնքը կարողանա լիարժեք <<շնչել>>: Համայնքի թիվ մեկ խնդիրը ոռոգման ջրի բացակայության հետ է կապված: 1994 թ. Նոր կյանքի վարչական տարածքում գտնվող Արթիկի ջրամբարը փլուզվեց, և մենք զրկվեցինք ոռոգման միակ աղբյուրից: Մեր հույսը այդ ջրամբարի վերակառուցումն է, և սպասում ենք այդ աշխատանքների կատարմանն ու ավարտին: Այս պահին, ցավոք, շինաշխատանքները դադարեցված են: Հուսանք` ժամանակավորապես: Չունենք մշակույթի տուն, շենքը երկրաշարժից հետո վթարային է դարձել, և ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ դրա վերակառուցման համար: Ունենք մանկապարտեզ, որի շենքը անցած դարի սկզբների կառույց է, այժմ չի օգտագործվում: Մանկապարտեզը ժամանակավորապես տեղափոխել ենք դպրոցի շենք: Հուսով ենք գտնել բարերարների և նրանց միջոցով լուծելու այդ խնդիրը: Ունենք նաև երաժշտական դպրոց: Գյուղն ամբողջովին գազաֆիկացված է: Ունենք մարզադաշտ: Այս ամենով հանդերձ, կարողանում ենք կյանքը փոխել Նոր կյանքում` նոր տեմպ հաղորդելով նրան: Երբևէ չենք բավարարվում ձեռք բերածով և միշտ հայացքներս վաղվա օրվան, ապագային է ուղղված: Նշեմ, որ 2009-ին ճանաչվել ենք ՀՀ լավագույն համայնք, իսկ 2011-ին` ՀՀ լավագույն մարզական համայնք: Այդ թվին էլ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել եմ <<Անանիա Շիրակացի>> մեդալով…

Խոսելով ընկերների մասին, պարոն Սուքիասյանն առանձնակի հպարտություն ու երջանկություն ապրեց: Ունի ընկերական մեծ շրջապատ, լավ ընկերներ, որ պատրաստ են նաև համայնքին օգնելու: Ինքն էլ, բնավորությամբ ընկերասեր, հանդարտ, հանգիստ ու համբերատար լինելով, նախընտրում է այդպիսի մարդկանց հետ շփվել: Ընկերությանը նվիրվում է ամբողջությամբ, անմնացորդ: Ընկերոջը նվիրվում, սիրում ու հարգում է` որպես մաքուր, շիտակ ու զուլալ մարդու:

Արա Սուքիասյանի համոզմամբ, ամեն լավ բան ու բարի գործ ընկերության արգասիք է: Որպես համայնքի ղեկավար, մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր: Մարդկանց հետ հարաբերություններում պարզ ու շիտակ է: Ամենամեծ ձեռքբերումն այն հարգանքը, սերն ու վստահությունն է, որ վաստակել է տարիների ընթացքում: Այսօր յուրաքանչյուր նոր կյանքցի գիտի, որ անհրաժեշտության դեպքում Արա Սուքիասյանի ընկերները նաև իր ընկերներն են: Պետք է արժանի լինել ընկեր կոչվելու պատվին…

SHARE