Նոր մատենաշար` Ընկեր

0
31

Օրակարգ

 

Ընկերն ու ընկերությունն, ինչպես ասել ենք ու պիտի մշտապես հպարտորեն բարձրաձայնենք, արժեք են, մեծ ու բարձր արժեք: Եվ ահա, արժանին մատուցելով այդ արժեքներին և շարունակաբար դրանք առավելագույնս կարևորելու նոր ու բազմազան ուղիներ որոնելով, ցանկանում ենք հիմք դնել, մեր համոզմամբ, հրաշալի ու անհրաժեշտ մի նախաձեռնության:

Խոսքը, սիրելի՛ ընթերցող, թերթի խմբագրության կողմից <<Ընկեր>> անունով մատենաշար ստեղծելու և այդ մատենաշարով գրքեր հրատարակելու մտահղացման, գաղափարի մասին է: Մենք այս տարիների ընթացքում բարեպատեհ առիթներ ենք ունեցել հանդիպելու շատ լավ ընկերների, ընկերական սիրո, հավատարմության ու միասնության լավագույն դրսևորումների փայլուն օրինակների: Թերթի էջերում հնարավորինս անդրադարձել ենք դրանց, բայց պարզ ու հասկանալի է, որ թերթային, լրագրային ձևատեսակը, ցավոք, սահմանափակ հնարավորություններ ունի և, ըստ էության, ի վիճակի չէ լիարժեք, պատշաճորեն ընդգրկելու ընկերների մասին մեր ունեցած պատմությունները, խոհերն ու դիտարկումներն ամբողջությամբ, առանց սեղմ ու կրճատ տարբերակների:

Ուստի և, մատենաշարի հիմնադրումով նպատակ ունենք լրացնել այդ բացը, առանձին գրքեր հրատարակելով պատմության սեփականությունը դարձնել ընկերների ու ընկերության մասին իրապատում վավերագրեր, հիշողություններ ու խորհրդածություններ: Մեր նպատակն ազնիվ ու առաքինի է` գնահատանքի խոսք հնչեցնել արժանավորների, հատկապես այն անձանց, ընկերների հասցեին, ովքեր անժամանակ հեռացել են կյանքից, նրանց օրինակն ի ցույց դնել` նպաստելու եկող սերունդների հայեցի դաստիարակության, մարդկային նկարագիրն անաղարտ պահելու վեհ ու շնորհակալ գործին: Հրատարակել նրանցից մնացած գրավոր, փաստացի վկայությունները, հիշատակություններն ու իրենց հիշատակը վառ պահող գրերը:

Մեզ մնում է հավելել` ձեզ տեսնենք, ընկերներ, միացեք մեր նախաձեռնությանը և ձեր մասնակցությունը բերեք այս հայրենանվեր ու մարդասիրական նախաձեռնութունը կյանքի կոչելու գործին…

<<Ընկեր>> թերթի խմբագրություն

SHARE