Նոր սկիզբ, նոր ճանապարհ

0
13

Առաջնահերթ

Ամասիայի զարգացման հուսադրող նախադրյալները

<<Ընկեր>>-ի հետ զրույցում Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը տեղեկացրեց, որ ԱԺ ընտրություններին առաջադրվել է ՀՀԿ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակով.

-Դա շատ բնական եմ համարում ինչպես ինձ, այնպես էլ Հանրապետական կուսակցության համար: Այդպես ասում եմ` առաջին հերթին նկատի ունենալով ՏԻՄ ընտրությանն իմ արձանագրած բավականին լավ ցուցանիշները: Բնակչության կողմից հարգանք ու վստահություն կա, ինչը հուսադրող է նաև առաջիկա ընտրություններում ևս հարազատ կուսակցության համար բարձր արդյունքներ ապահովելու տեսանկյունից: Ամասիան միավորում է 9 բնակավայր` 6700 բնակչով: Քարոզարշավը բնականոն հունով է տարվում, բնակչությունը լավ է ընդունում մեզ: Ներկայացվում են բոլոր այն աշխատանքները, որոնք վերջին տարիներին կատարվել են մեր տարածաշրջանում: Իսկ կատարվածն ու ձեռքբերումները քիչ չեն: Ունենք շատ գեղեցիկ, բարետես ու կահավորված մանկապարտեզ, համայնքային կենտրոն, արվեստի դպրոց, որի պարի խումբը հայտնի է հանրապետությունում և բարձր արդյունքների է հասել: Լավ գրադարան ունենք, որի մի մասը հատկացվել է <<Թումո>> կենտրոնի մասնաճյուղին: Այստեղ երեխաները սովորում են աշխատել համակարգչի հետ: Ունենք մարզամշակութային կենտրոն` իր մարզադպրոցով: Գործում են մարզական խմբակներ: Այնպես որ, ապրելու ու գործելու պայմաններ ունենք և շարունակում ենք վստահորեն առաջ ընթանալ:

Անդրադառնալով առկա խնդիրներին ու մտահոգություններին, համայնքապետն ասաց.

-Խնդիրներ էլ, բնականաբար, ունենք: Այսպես, մյուս բնակավայրերի հետ կապը դեռևս բավարար լուծված, կարգավորված չէ: Բնակավայրեր կան, որ կենտրոնից հեռու են 18-20 կմ, և նրանց հետ բավարար կապ առայժմ չունենք: Մեր առաջիկա ծրագրերում է ձեռք բերել 2 միկրոավտոբուս և դրանց միջոցով ապահովել անհրաժեշտ կապը, շփումը: Այսինքն, մյուս բնակավայրերի բնակչությանը, այսպես ասած, ինտեգրել կենտրոնին և հնարավորություն ընձեռել մարդկանց հավասարապես օգտվելու այն պայմաններից, կրթամշակութային օջախներից, որոնք կան այստեղ: Բայց խնդիրը հիմնականում անբարեկարգ ճանապարհների հետ է կապված: Եթե Ամասիայում լուծված են աղբահանության, արտաքին լուսավորության խնդիրները, ապա մյուս բնակավայրերում այդ առումով բավականին անելիքներ ունենք: Նախատեսում ենք առաջիկայում աղբարկղեր ձեռք բերել և տրամադրել այդ գյուղերին: Աղբատար մեքենայի հարցը լուծված է: Ողջի համայնքում բարեգործական հիմունքներով գործող մանկապարտեզին մենք էլ մեր հերթին ենք օգնում:

Համայնքների խոշորացման հետ կառավարության ծրագրերն էլ առավել մասշտաբային ու նշանակալի են դարձել: Այսպես, գյուղատնտեսության զարգացման նկատառումով համայնքին տրված է 170 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր: Այն արդեն կազմված, հաստատված է, սպասում են, որ տեխնիկայի խմբաքանակը տեղ հասնի: Պարզ է, որ դա մեծապես կնպաստի գյուղաշխատանքների արդյունավետությունն ապահովելուն, նոր ծրագրեր կյանքի կոչելուն, հնդկացորենի, ոլոռի, ոսպի և այլ կուլտուրաների մշակության ներդրմանը: Ներդրումային ևս մեկ ծրագրով նախատեսվում է սպանդանոց կառուցել: Ոչ պակաս կարևոր նախաձեռնություն է բրդի վերամշակման արտադրություն կազմակերպելու ծրագիրը, որը վարչապետի հավանությանն է արժանացել: Այս ամենի արդյունքում, անշուշտ, էապես կբարելավվի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, և համայնքն, ընդհանուր առմամբ, զարգացման ու առաջընթացի իրական հնարավորություններ կունենա:

Ջեմմա Հարությունյանը վստահ է, որ միասնական ու համախմբված աշխատանքով, համախոհների կուռ թիմով հնարավոր է հաջողության հասնել, բարձր ցուցանիշներ արձանագրել: Միայնակ հնարավոր չէ, հարկավոր է թիմային աշխատանք, հետևողական ջանքեր ու քրտնաջան նվիրում է պահանջվում: Գոհ է իր աշխատակազմից, բնակիչներից և բոլորից, որ իր կողքին են և ձեռք ձեռքի տված լծված են համայնքային խնդիրների լուծմանը:

Ամասիան այն տարածաշրջանն է, որ համեմատաբար ավելի շատ հոգսեր ու խնդիրներ ունի, ուստի և նրա նկատմամբ վերաբերմունքն էլ առանձնահատուկ պետք է լինի: Ահա այս առաջնահերթության հստակ գիտակցումն ունենալով, Ջեմմա Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու պարագայում, այնտեղ կբարձրաձայնի տարածաշրջանի ցավոտ հիմնախնդիրների մասին և հետամուտ կլինի դրանց շուտափույթ լուծմանը…

SHARE