Նպաստենք մեր երկրի բարգավաճմանը

0
32
Հավատանք նրա ապագային ու միասնական առաջ ընթանանք…

Գնահատում

Մեր զրույցը Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի հետ է: Նա, ի դեպ, ընկերական մեծ շրջապատ ունի, ընկերներ, ում շարքում ինչպես բարձր պաշտոնյաներ են ու խոշոր գործարարներ, այնպես էլ հասարակ, շարքային մարդիկ: Իսկ նման ընկերությունն, ինչ խոսք, հեշտ չի ձեռք բերվում, պետք է մարդկային բարձր հատկանիշների տիրապետել:
-Պարոն Թադևոսյան, Դուք արդեն մեկ տարի է` ղեկավարում եք Հովտաշատ համայնքը: Ի՞նչը ստիպեց Ձեզ, հայտնի գործարարիդ, ընտրվելու համայնքապետ: Եվ այս կարճ ժամանակահատվածում ինչպիսի՞ աշխատանքներ եք հասցրել անել:
-Արել եմ գործեր` իմ հնարավորությունների սահմաններում գյուղը բարեկարգ ու գեղեցիկ դարձնելու համար: Չնայած նախկինում էլ ամեն համայնքապետ արել է այնքան, որքան կարողացել է, բայց, համոզված եմ, ես ավելի շատ կանեմ, ինչի համար էլ եկել եմ: Մինչև համայնքի ղեկավար ընտրվելն էլ օգնել եմ` ինչով կարողացել եմ, սակայն այս դեպքում արդեն առավել պարտավորված եմ զգում ինձ` անելու ավելին: Այս կարճ ընթացքում հասցրել ենք մանկապարտեզում մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Անձնական միջոցներովս հիմնանորոգվել է մանկապարտեզի որոշակի հատված, ինչը և հնարավորություն է տվել բացելու ևս մեկ խումբ: Հաճախող երեխաների թիվը, բնականաբար, ավելացել է: Համայնքապետարանի տարածքն իր շենքով հիմնանորոգվել է` 50 տոկոս պետական, 50 տոկոս անձնական միջոցների ներդրմամբ: Գիշերային լուսավորություն ենք անցկացրել, ասֆալտապատում իրականացրել: Այստեղ ևս զգալի է եղել իմ կողմից կատարված անձնական ներդրումը:  Վերանորոգման որոշակի աշխատանքեր ենք տարել դպրոցում: Աղբահանության առումով ևս նկատելի աշխատանք ենք կատարել: Այսքանը` ընդամենը մեկ տարվա ընթացքում: Դեռևս մեծածավալ աշխատանքներ ունեմ կատարելու գյուղում: Ունենք եկեղեցու, նոր բուժամբուլատորիայի, մարզադահլիճի կառուցման ծրագրեր, դրենաժային գարշահոտերը նոր տեխնոլոգիաների միջոցով գյուղից վերացնելու, ասֆալտապատման, փողոցների վերանորոգման  խնդիրներ և այլն: Աստիճանաբար ամեն ինչ կարվի: 

-Ունենալով ընկերական մեծ շրջապատ, պարզ է, որ Ձեր այդ ծրագրերի իրագործման հարցում կստանաք նաև ընկերների աջակցությունը, այնպես չէ՞:
-Ընկերական շրջապատը հաստատ մեր կողքին կանգնած կլինի եկեղեցու կառուցման գործում: Բոլորն էլ պատրաստ են, եթե ես ինչ-որ հարցով դիմեմ գյուղին օգտակար լինելու համար, ապա օգնությունը չի ուշանա, անհրաժեշտ ներդրումներ կարվեն:
-Համայնքի ղեկավարը, պահանջվող աշխատանքները կատարելուց զատ, նաև պիտի մարդկանց հոգսերը կիսի: Այս առումով ի՞նչ կասեք և ապա, ըստ Ձեզ, ի՞նչ է առաջին հերթին  պահանջվում համայնքապետից:
-Մեր գյուղում մարդիկ վատ չեն ապրում, բոլորն էլ աշխատող են, պարապ մարդ չեք գտնի: Այսօր մեզ համար ավելի խնդիր է աշխատուժ ճարելը, աշխատանք շատ կա անելու: Մարդիկ անգործ չեն մնացել, որ խնդիր ունենան: Մեզ մոտ խնդիր ունի այն մարդը, ով չի ուզում աշխատել: Ցանկութան դեպքում մենք աշխատանք ունենք, յուրաքանչյուրի կապահովենք: Ձկնաբուծության ոլորտում շատ աշխատանք ունենք, այստեղ զբաղվածների գրեթե 30 տոկոսը դրսից է գալիս: Տեղում աշխատուժը քիչ է: Ունենք մսամթերքի գործարան, որտեղ ներգրավված են մեր գյուղացիները: Կարիքավորներ քիչ ունենք, եթե ինչ-որ հարցով դիմում են, ապա անպայման օգնում ենք: Համայնքապետից առաջին հերթին, իմ կարծիքով, պահանջվում է բյուջեի գումարները ճիշտ ու նպատակային օգտագործել և, ամենակարևորը, ժողովրդին նորմալ վերաբերմունք ցույց տալ: Ինչ հարց ուզում է լինի, մարդը քեզ դիմեց, ուրեմն` պիտի ինչ-որ կերպ բավարարես, գոնե բարոյապես թև-թիկունք լինես նրան: 
-Վերադառնանք կրկին ընկերության թեմային: Ինչպիսի՞ հանգամանքներով է պայմանավորված նման մեծ ընկերական շրջապատ ունենալը:
-Ընկեր հասկացողությունը շատ բարդ է, դժվար, որովհետև ընկերությունն այն է, երբ  պիտի անկեղծ լինես: Այսինքն, տարբերություն չպիտի դնես ընկերներիդ և նրանց ընտանիքների միջև: Ընկեր բառը հենց նշանակում է ընկերակցել, ընդկեր, եղբայր: Այսօր ասում են` լավ ընկերը բարեկամից լավ է: Ընկերության մեջ ամենակարևորն  անկեղծությունն է, անկեղծ շփումն ու հարաբերվելը: Ինչու են ընկերանում մարդիկ… Մարդն իր խնդրով, իր ուրախությունով կիսվում է: Օգտակար ես լինում թե՛ ֆիզիկական ներկայությամբ, թե՛ ֆինանսապես և թե՛, առհասարակ, կանգնած լինելով նրա կողքին: Դա հենց ամենալավ, ամենամտերիմ ընկերությունն է: Մեր ընկերությունով իրար կողքի կանգնած ենք ցանկացած հարցի դեպքում: Արդեն քավոր-սանիկներ ենք դարձել, բարեկամ-խնամիներ, այսինքն` ամրապնդել ու <<սրբացրել>> ենք այդ հարաբերությունը: Ցանկացած նորմալ մարդկային հատկանիշներով օժտված անձ կարող է ինձ ընկեր լինել: Առաջինը` լինի ընտանիքին նվիրված, շրջապատի նկատմամբ հարգալից, իսկ թե ինչով է զբաղված, ինչ գործունեություն ունի` արդեն երկրորդական է: Սեղանի շուրջ բոլորս էլ հավասար ենք դառնում, նույն մարդիկ ենք` անկախ զբաղմունքից, դիրքից ու պաշտոնից:
-Ձեր երեխաներն ընկերության տեսանկյունից ի՞նչ են ժառանգել իրենց հորից:
-Ինչ որ տեսել ու տեսնում են, այն էլ ժառանգել ու ժառանգում են: Եթե ես ընկերասեր եմ, բարեկամասեր եմ, այդ են ժառանգելու, հակառակի դեպքում` հակառակը:  
-Ընկերություն ձեռք բերելու հետ մեկտեղ պետք է կարողանալ այն պահպանել: Դրա համար ի՞նչ է հարկավոր:
-Հատուկ բան չկա, պարզապես, դու քո կյանքով, առօրյա շփումներով այդ մարդու հետ պիտի ապրես` նորմալ վերաբերմունք ցուցաբերելով ընկերոջդ հանդեպ: Երեկոյան ժամերին ընկերներով շփվելը, այդ թվում` հանգստյան օրերին միասին անցկացնելը ընկերությունը պահպանելու և խորացնելու հնարավորություն են տալիս: Տոները, ավանդույթի համաձայն, միասին ենք անցկացնում, ընտանիքներով: Ահա, այդ շփումները, մի կտոր աղ ու հաց միասին կտրելը պահպանում են ընկերությունը: Ժամանակի ընթացքում ընկերների թիվն ավելանում է` նոր շփումներ, հանդիպումներ: Նաև կորուստներ ենք ունենում, բայց աճն ու զարգացումն ավելի ակնհայտ են: Առիթից օգտվելով, ուզում եմ ցանկանալ, որ <<Ընկեր>> թերթը, մեր կուսակցության լեզվով ասած /ԲՀԿ անդամ եմ/, բարգավաճի, որովհետև առանց ընկերության, առանց ընկերների, առանց ընկեր ունենալու  մարդը ոչնչի պիտանի չէ: Մարդիկ ճանաչվում, հարգվում են իրենց ընկերներով, իրենց բարեկամներով: Թերթին ամենալավն եմ բարեմաղթում, թող բոլոր ընկերները հայրենի երկրին պիտանի լինեն, մտածեն հայրենիքի մասին, իրենց աշխատանքով նպաստեն, որ երկիրը զարգանա, որ ունենանք հզոր երկիր: Ամեն ինչ գնում է դրան, ձգտում ենք ունենալ լավ երկիր, կայուն ու զարգացող պետություն:
SHARE