Նպատակային, արդյունավետ աշխատանք

0
38

Ի շահ համայնքի զարգացման և նրա բարեկեցության ապահովման

Հետևողականություն

Խորոնք համայնքի ղեկավար Սարգիս Նահապետյանը իր ղեկավարման սկզբնական շրջանում գերեզմանատանը ոռոգման ցանց է անցկացրել` շուրջ 2,5 կմ երկարությամբ, և 37 ջրածորակ տեղադրել այնտեղ: Խճապատվել է գերեզմանատան ճանապարհը: Այնուհետև գիշերային լուսավորություն է անցկացվել կենտրոնական փողոցում` մոտ 1200 մ տարածության վրա 54 հենասյուն տեղադրելով: ԾԻԳ-ի միջոցներով և համայնքի 10 մլն 500 հազար դրամ ներդրմամբ համատեղ ոռոգման ցանց է կառուցվել` 3800 մետրի վրա կիսախողովակ անցկացնելով: Դրա նշանակությունն անչափ մեծ էր, քանի որ հնարավորություն ստեղծվեց հնարավորինս քիչ կորուստներով ոռոգում իրականացնել:

Բացի այդ, կառավարության տրամադրած 26 մլն դրամ գումարով պոմպ են ձեռք բերել և նրա օգնությամբ 130 մ խորությունից ջուր հանելով` ոռոգելի են դարձրել 60 հեկտար հողատարածք: Մնում է 4 կմ ջրագիծ /կիսախողովակ/ անցկացնել, որպեսզի ջուրն առանց կորուստների տեղ հասնի: Այս խնդրով դիմել են պատկան մարմինների, և խնդրանքը բավարարվել է: Առաջիկայում, գումարը տրամադրելուն պես, կսկսեն աշխատանքները: Այստեղ ևս համայնքն իր 15 տոկոսի չափով ներդրումը կունենա:

Մեծ ջանքերի և հետևողական աշխատանքի արդյունքում կարգավորվել է էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրը: Եթե նկատի ունենանք, որ 500 տնտեսություն ունեցող համայնքը գյուղատնտեսության ոլորտում առաջնակարգ տեղ է գրավում, ապա դրա նշանակությունը չպետք է թերագնահատել: Այսօր 116 հեկտարի վրա գործում են ջերմատնային տնտեսություններ: Ինչպես գյուղապետը նշեց, գրեթե բոլորն էլ, նվազագույնը 1000 քմ-ի չափով, ջերմոցներ ունեն:

Նշենք, որ մարզպետի աջակցությամբ 3 մլն 700 հազար դրամ է հատկացվել` միջհամայնքային հոսանքալարերի, հենասյուների փոխման համար, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի մատակարարման վիճակն առավել բարելավվել է: 2015 թ. նոր թաղամասում են, էլեկտրացանցի հետ մեկտեղ, նոր տրանսֆորմատոր, 260 հենասյուն տեղադրել և այլն:

Համայնքապետը, իր պաշտոնավարման առաջին իսկ օրից ջանացել է տնտեսել դրամական միջոցները` նպատակային ու առաջնահերթ ծրագրեր կյանքի կոչելու համար: Նախորդ տարվա հունվարին տնտեսած 37 մլն դրամը նպատակաուղղել են ներտնտեսային ոռոգման նոր ցանց կառուցելու գործին: Շուրջ 8 կմ ոռոգման ցանց են կառուցել: Մարզպետարանն այս նպատակով հատկացրել է 7 մլն դրամ: Սպասում են կառավարության ևս 10 մլն դրամի աջակցության տրամադրմանը, ինչից հետո արդեն ներտնտեսային ցանցի կառուցումն ավարտի կհասցվի:

Ամեն տարի փոսային ասֆալտապատում են իրականացնում` տարեկան 1 մլն դրամի չափով: Նախորդ տարի պետական միջոցներից 8 մլն դրամ է տրամադրվել` ճանապարհի շուրջ 1500 մ հատվածի վերանորոգման համար:

Համայնքը խմելու ջրի խնդիր է ունեցել: Դիմել են իրավասու մարմնին /Պատրիկ Լորենին/, և նրա միջոցներով 200 տնտեսությանը ջրով ապահովելու  համաձայնություն է տրվել: Աշխատանքներն արդեն ընթանում են, շուրջ 2200 մ խողովակ է անցկացվել: Ընթանում են նաև ներտնային աշխատանքները, մոտ 100 ընտանիք արդեն ջուր ունի, իսկ մնացած 100-ը կապահովվեն առաջիկա ամիսների ընթացքում: Աշխատանքների երկրորդ փուլի իրականացման համար հարկ է ընդգրկվել որևէ ծրագրում, ինչի դեպքում համայնքը պատրաստակամ է իր բաժին ներդրումն ունենալու:

Վթարային վիճակում է մանկապարտեզը: Ինչ խոսք, ամեն տարի վերանորոգման որոշակի աշխատանքներ կատարվում են, բայց հիմնանորոգման համար զգալի միջոցներ են պահանջվում: Համենայնդեպս, այսօր նախկին 20-ի փոխարեն այստեղ շուրջ 60 երեխա է հաճախում: Վերանորոգման կարիք ունի նաև մշակույթի տունը: Ծրագրերում նաև մարզադահլիճի կառուցումն է:

Ինչպես այնուհետև տեղեկացանք, նախորդ տարի համայնքապետի ընկերոջ` Արման Միրզոյանի օգնությամբ ավտոկանգառներ են տեղադրվել, այս տարի ևս երկուսը կտեղադրվեն: Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի առթիվ խաչքար են տեղադրել մշակույթի տան դիմաց, ինչը և, կարելի է ասել, առիթ դարձավ վերանորոգելու գյուղի հին հուշարձանը:

Արված գործերում, անշուշտ, մեծ է Սարգիս Նահապետյանի ընկերների ներդրումը, արվելիքում ևս նրանց բաժինը մեծ է լինելու: Ըստ նրա, առանց ընկերների մարդը ոչինչ է: Ընկերների աջակցությամբ է այս պաշտոնին: Ընկեր են նաև բնակիչները, և յուրաքանչյուրն իր հերթին նպաստում է համայնքի զարգացմանը:

SHARE