Նվիրումն ու սրտացավությունը փոխադարձ են

0
23
Հատկապես` բարեխիղճ աշխատանքի ու պարտավորվածության դեպքում…

Հաստատակամություն

    Հրաչիկ Սալնազարյանը, 2008 թվականից ղեկավարելով Շիրակի մարզի 3250 բնակչությամբ Փանիկ համայնքը, այդ ժամանակաընթացքում իրականացրել է բազմաթիվ նշանակալի աշխատանքներ: Մինչև դրանց անդրադառնալը, նշենք, որ փանիկցին, անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելուց զատ, նաև արտագնա աշխատանքի մեկնելու միջոցով է կարողանում բավարարել իր ընտանիքի ապրուստի կարիքները: Տարեկան 1000-1200 մարդ է այդ նպատակով բացակայում գյուղից:
   Նախ, ինչպես տեղեկացանք, այստեղ շատ բարձր մակարդակի վրա է աղբահանությունը: Ամիսը երկու անգամ համապատասխան ավտոմեքենայով կենցաղային աղբը տներից հեռացվում է` տարվելով և թափվելով տվյալ նպատակի համար հատկացված հատուկ վայր: Խոսելով կատարված աշխատանքների մասին, պարոն Սալնազարյանը տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկի միջոցների տրամադրմամբ 1 կմ խմելու ջրի ջրագիծ է փոխվել: Համայնքի բյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարի վերանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը: Այդ առումով արդեն վիճակը բավարար է: Գրեթե լուծված է նաև ոռոգման ջրի խնդիրը: <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով վերանորոգվել է Մանթաշի ջրամբարից սնվող Աջափնյա ջրանցքը, կառուցվել է 1500 մ երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում Փանիկ, Մեղրաշեն համայնքների համար ոռոգելի են դարձել 90 հեկտար հողատարածքներ: Նույն ծրագրով նախորդ տարի կառուցվել է 1050 մ երկարությամբ ջրագիծ և միացվել Աջափնյա ջրատարի Ձախափնյա գետակին, ինչի արդյունքում ոռոգելի է դարձել 250 հեկտար տնամերձ հողամաս: Համաշխարհային բանկի միջոցներով ասֆալտապատվել է 3 կմ ճանապարհահատված: Կենտրոնական ճանապարհն ասֆալտապատ է, մայթեզրերը` բարեկարգ: Երկրորդային ճանապարհներին պարբերաբար փոսալցման ու խճապատման աշխատանքներ են կատարվում, չնայած դրանք ևս վերջնականապես ասֆալտապատելու նպատակ կա: Համայնքի բյուջեի միջոցների ներդրմամբ գիշերային լուսավորություն է անցկացվել, ինչը շարունակվում է: 

    Փանիկում բարենորոգված մանկապարտեզ կա, որտեղ 90 երեխա է հաճախում: Սեփական միջոցներով արվեստի դպրոցում առանձին ջեռուցում են անցկացրել: Այս երկու հաստատությունների դրամական ծախսերը բացառապես գյուղապետարանի միջոցներով են իրականացվում: Դրա հետ մեկտեղ, շատ հարցերում աջակցում են նաև դպրոցին: Ամեն տարի ֆինանսապես սոցիալապես անապահով ընտանիքներին են օգնում դասագրքերի ձեռք բերման հարցում, դպրոցի շրջանավարտներին են ձեռք մեկնում էքսկուրսիա գնալիս, մարզական միջոցառումների անցկացման նպատակով են առանձին հատկացումներ անում և այլն:
      Կառուցվել է պոմպակայան, որի միջոցով 4 կմ հեռավորությամբ խմելու ջուր է մղվում արոտավայր` անասունների համար: 7 կմ հեռավորության վրա գտնվող ջրամբարի վերանորոգումից հետո վերջնականապես կլուծվի անասունների խմելաջրի հարցը: Գյուղապետարանի միջոցներով ցուլ է գնվել գյուղի նախիրի համար: 
Մեր զրույցը շարունակվեց գյուղապետարանի գլխավոր ֆինանսիստ Արմեն Պետոյանի հետ: Նա նշեց, որ Հրաչիկ Սալնազարյանը 22 տարի շարունակ աշխատում է գյուղապետարանում, մինչ համայնքի ղեկավար ընտրվելը վարել է գյուղապետի տեղակալի պաշտոն, ուստի և լավ տիրապետում է բոլոր գործերին.<<Նա շատ մարդկային, պարզ, հասարակ, շփվող անձնավորություն է, առանց ավելորդությունների ու ձևականությունների, անմիջականորեն կշփվի բնակիչների հետ…>>: Իսկ գյուղապետարանի առաջատար մասնագետ Գևորգ Սալնազարյանը մատնանշեց, որ բնույթով շատ բարի, կամեցող մարդ լինելով, որպես ընկերոջ կողքին միշտ կանգնած, ընկերության կողմից հարգված ու սիրված անձ, Հրաչիկ Սալնազարյանն առանձնակի հակում ունի դեպի արվեստը, մշակույթի մարդ է, գուսանական, ժողովրդական ու հայրենասիրական երգերի մեծ վարպետ: Որքան էլ սուղ լինեն բյուջետային միջոցները, այնուամենայնիվ, որևէ հնար կգտնի մշակութային միջոցառումների կազմակերպման, անցկացման, ոլորտի մարդկանց խրախուսելու համար: 
    Մեր երկու զրուցակիցներն էլ միաբերան համոզված նշեցին, որ սեպտեմբերի 9-ին այստեղ կայանալիք ՏԻՄ ընտրություններին Հրաչիկ Սալնազարյանը բնակիչների ցանկությամբ ու պահանջով կրկին առաջադրել է թեկնածությունը: Դա, ի դեպ, հաստատեց նաև գործող գյուղապետը` տվյալ հանգամանքը բացատրելով կիսատ գործերն ու ծրագրած աշխատանքները շարունակելու, ավարտին հասցնելու անհրաժեշտությամբ: Ամենամեծ խնդիրն այսօր երիտասարդների ժամանցի, հանգստի կազմակերպումն է, այդ նպատակի համար համապատասխան վայր, կառույց կամ շինություն  ունենալը: Մշակույթի տունը վթարային է, անմխիթար վիճակում: Կա՛մ պետք է այն հիմնանորոգվի, կա՛մ կառուցվի նորը: Համենայնդեպս, այնտեղ 2 սենյակ վերանորոգելով, դարձրել են խաղասենյակներ: Ինքնագործ մշակութային և այլ խմբեր ևս պետք է գործեն, ինչն այսօր առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում է: Կարևոր է նաև ճանապարհների բարենորոգման խնդիրը, ինչի մասին արդեն նշել ենք:
       Պարոն Սալնազարյանի հետ մեր հետագա զրույցից տեղեկացանք, որ բոլոր մարդիկ էլ կարող են իրեն ընկեր լինել, միայն թե ինքնատիրապետում ունենան, լինեն ազնիվ, բարի ու մարդկային: Կողմնակից է, որ մարդը երբևէ դիմացինին ցույց չտա իր առավելությունները, հատկապես, եթե ղեկավար պաշտոն է զբաղեցնում: Ավելին, եթե ղեկավար է, պաշտոնյա, ապա չպետք է երբևէ իրեն դիմացինից գերադասի, նրան, այսպես ասած, վերևից նայի… Հրաչիկ Սալնազարյանը որքան խստապահանջ ու սկզբունքային է, նույնքան էլ պարզ, հասարակ ու անմիջական, ահա թե ինչու արժանի հարգանք ու վստահություն է վայելում իր շրջապատում, համագյուղացիների լայն շրջանում: Նրա ցանկությունն է, որ ժողովրդի մեջ հանդուրժողականություն, սեր ու միաբանություն լինի: Կարևոր է, որ համայնքի մարդիկ գնահատեն աշխատանքը, արժանին մատուցեն այն ղեկավարին, ով մտահոգ է, իրոք, իրենց բարեկեցության խնդրով: Այդպիսի ղեկավար է Հրաչիկ Սալնազարյանը, ով, չնայած ընդհանուր սիրուն ու գնահատանքին, առաջին հերթին հենվում է ընկերների վրա: Տարածաշրջանի բոլոր համայնքապետերն էլ իրեն ընկեր ու հարազատ են, առավել մտերիմ ընկեր է Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը…

SHARE