Նվիրում, հավատ, վստահություն

0
28

Սիրելիի, հարազատի հանդեպ ավելի մեծ է պարտավորության զգացումդ…


Նկարագիր

   <<Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը և ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունը Ձեզ համար>>. այս հարցադրումով սկսեցինք մեր հարցազրույցը Սպիտակի քաղաքապետ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ: 
   -Որոշ մարդիկ,-պատասխանեց պարոն Սահակյանը,-դասակարգում են` ընտանիք, ընկերություն, հարազատներ, բարեկամներ: Ինձ համար նման կարգի դասակարգում գոյություն չունի: Ընկերներն այն մարդիկ են, ովքեր հոգու հետ կապված հարազատություն ունեն, գաղափարապես համակիրներ են, միմյանց նկատմամբ ազնիվ են ու անկեղծ: Սա է իմ դասակարգմամբ, մտածելակերպով ընկերություն երևույթի մեկնաբանումը… Ընկերներ բոլորն ունեն` և՛ լավ, և՛ վատ մարդիկ, այսինքն, կա ընդհանուր մի բան, որը մարդկանց միավորում է, և ըստ այդմ ընկերների խումբ է ձևավորվում, մարդկանց միավորում, որ ընկերություն են անում: Մարդը կարող է մի քանի ընկերական շրջապատ ունենալ, այսինքն, կարող է տարբեր մտածելակերպի տեր մարդկանց հետ ընկերություն անել: Եթե իմ ընդհանուր ընկերներն իրար հետ ընկերություն չեն անում, ուրեմն պատճառն այն է, որ ուղղակի ընդհանրություն չունեն: Ընկերն ընկերոջ նկատմամբ պետք է ազնիվ լինի, հարազատ, սրտացավ: Միմյանց պիտի սատար կանգնեն: Այլ կերպ չի կարող լինել… Որպես համայնքի ղեկավար էլ ասեմ, որ ոչ մեկը չի կարող համայնքապետ ընտրվել, եթե ընկերներ չունենա: Այս հարցում դա, անշուշտ, մեծ գործոն է: Մարդիկ հավատում են քեզ և տանում են իրենց հետ: Ընկերությունն ինքնին դա է ենթադրում` պարտավորվածություն միմյանց նկատմամբ: Լավ ու վատ ընկեր չի լինում: Ընկեր բառն ինքնին ասում է, որ վստահություն կա, համակրանք, պարտավորություն… Ընկերություն ձեռք բերելն էլ հեշտ չէ, բայց պահպանելու համար պիտի դիմանաս այդ ընկերությանը: Համենայնդեպս, չպետք է մտածես ընկերությունը պահպանելու մասին: Եթե իրականում այն գաղափարը, այն փիլիսոփայությունը, որն ընկած է ընկերության հիմքում և կա՛ երկու ընկերների մեջ, ապա այն պահպանելու համար ջանքեր պետք չէ գործադրել, մնում է ընդամենը ընկերություն անել… Պատահել է նաև, որ կորցրել եմ ընկերոջը: Իհարկե, ցանկացած կորուստ ծանր է, առավել ևս` մարդու կորուստը: Ընկերոջ կորուստը անցանկալի և շատ վատ երևույթ է: Խոսքը ֆիզիկական կորստի մասին չէ միայն… Չեմ կարծում, որ պարտադիր պայման է, որպեսզի համայնքի ղեկավարի ընկերները ինչ-որ ծրագրեր իրականացնելու հարցում օգնեն: Ցանկալի է դա, եթե, իհարկե, նման հնարավորություն ունեն ընկերները: Մենք նման ծրագրեր իրականացրել ենք, երբ տարբեր ոլորտի աշխատանքներում մասնակից են եղել ընկերներս:

Ընկերական շրջապատը նախ օգնում է ծանոթություններ ձեռք բերելու այլ ասպարեզներում, ինչը շատ օգտակար կարող է լինել համայնքի համար: Ընկերներս ինձ միշտ օգնել են` դա փաստ է: Իրենց միջոցներով մի քանի խաղահրապարակ են կառուցել քաղաքում, մասնակցել են շաբաթօրյակներին, զանազան միջոցառումների բերել իրենց ակտիվ մասնակցությունը: Մշտապես իմ կողքին են… Առիթից օգտվելով, ընկերներին կոչ կանեմ լինել ազնիվ, պարզապես` ընկեր: Հավելեմ, որ մտերմիկ ընկերական հարաբերություններ ունեմ Ապարանի, Վանաձորի, Ստեփանավանի /այսօր արդեն` նախկին/, Դիլիջանի քաղաքապետերի հետ…

    -Ինչպես դժվար չէ հասկանալ Ձեր խոսքից, այդ ընկերությունը նաև, միգուցե` ավելի շատ, ծառայեցնում եք համայնքի զարգացմանն ու առաջընթացին, այո՞:

   -Կարելի է նաև այդպես ասել: Մեր տարածաշրջանից ընտրված ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի հետ ընկերական լավ հարաբերություններ ունեմ: Շատ ընկերասեր է, ընկերոջ համար ամեն ինչ անելու պատրաստ: Եթե, ասենք, ընկերը վատ վիճակում հայտնվի, ապա Արկադին անպայման նրա կողքին է: Բացի այն, որ մենք ընկերական հարաբերություններով ենք կապված, մեզ յուրովի միավորողը նաև հայրենասիրությունն է: Մեր հայրենիքն սկսվում է Սպիտակից: Սպիտակցուն հուզող ցանկացած հարց հավասարապես հուզում է նաև մեր պատգամավորին: Ասեմ, որ քաղաքի մուտքի կամարը նրա միջոցներով է կառուցվել… Համայնքի ղեկավարից պահանջվում է ծառայել իր ժողովրդին: Քոնը պիտի տաս, քոնը պիտի անես: Իմ վիճակն այդ առումով այնքան էլ նախանձելի չէ, եթե հաշվի առնենք մեր ժողովրդի ընդհանուր ցածր կենսամակարդակը: Բնակարանի, աշխատատեղի և այլ խնդիրներ ունենք: Առաջին հայացքից կարող է թվալ, թե կարող ես այդ ամենը հեշտությամբ լուծել, հաղթահարել: Սակայն աշխատանքի ընթացքում միայն ի հայտ են գալիս այն բարդությունները, որոնք ստիպում են փոխել պատկերացումներդ: Մի բան է ծրագրելը, մի այլ բան` այն կյանքում իրագործելը: Ե՛վ ժամանակի առումով ես մի փոքր հետ ընկնում, և՛ մեխանիզմներն են փոխվում: Համենայնդեպս, այն ծրագրերը, որոնք կազմել ենք, իրականանալի են: Դրանց մեծ մասն արդեն իրականացվել է: Պետբյուջեի միջոցների ներդրմամբ, մի շարք կազմակերպությունների օգնությամբ հասել ենք այն բանին, որ երկրաշարժից անօթևան մնացած մեր բնակիչների մեծ մասն արդեն բնակարան ունի: Շատ շուտով կլուծվի նաև մնացած ընտանիքների բնակարանի հարցը: Մասնավորապես, 220 բնակարան կառուցվել է, 100-ն էլ կկառուցվի: Սա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, շատ լուրջ ծրագիր, որ հաջողությամբ կյանքի է կոչվում: Այսօրվա իրավիճակում նման ձեռնարկ իրականացնելը մեծ, աներևակայելի գործ է: Փառք ու պատիվ մեր նախագահին: Կառուցվել են առանձնատներ, որոնք ոչնչով չեն զիջում մայրաքաղաքի էլիտար բնակարաններին… Այնուամենայնիվ, խնդիրները դեռևս շատ են, այն խնդիրները, որոնք բնորոշ են ոչ միայն մեր համայնքին: Լավ հասկանալով, որ մեր երկիրն այսօր այն վիճակում չէ, որ միանգամից լուծում ստանան բոլոր այդ խնդիրները, զինվում ենք համբերատարությամբ ու լավատեսական հույսով սպասում ենք: Աշխատում ենք այլ ծրագրեր կյանքի կոչելու, այլ հնարավորություններ օգտագործելու և նոր ուժեր ներգրավելու ուղղությամբ: Մի խոսքով, ձեռքներս ծալած չենք նստում…
      Մեր զրույցը շարունակեցինք քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Բալայանի հետ` հիմնականում կանգ առնելով արված գործերի վրա:


    -Տարիների ընթացքում,-նշեց պարոն Բալայանը,-Սպիտակում հսկայածավալ աշխատանք է կատարվել գրեթե բոլոր ուղղություններով: Մասնավորապես` բնակարանաշինության, կոմունալ տնտեսության, բարեկարգման առումով: Առաջնահերթ, քաղաքապետի անմիջական ջանքերով, բարեկարգվեց Շահումյան փողոցը` բերվելով նախկին գեղեցիկ տեսքին: Այսօր ունենք, նաև ընկերների ներդրած միջոցներով, հանգանակված որոշ գումարի հաշվին, շատ գեղեցիկ, բարեկարգ փողոց: Քաղաքն այսօր ամբողջությամբ լուսավորված է` մուտքի կամարից սկսած մինչև Վանաձոր տանող ճանապարհահատվածը /մոտ 4 կմ/: Սա ահռելի աշխատանք է: Նոր Սպիտակի կառուցումն, իրոք, իրականություն է դառնում: Հին ու նոր քաղաքը կապեց, իրար միացրեց <<Գլենդել Հիլզի>> կառուցած Վարպետաց թաղամասը` ամբողջացնելով Սպիտակը: Զգալի աշխատանք է կատարվել աղբահանության ուղղությամբ, ձեռք են բերվել աղբատար, ջրցան ավտոմեքենաներ, այլ տեխնիկա, ինչը նախկինում չենք ունեցել: Բնակիչները չնչին վճար են մուծում այդ ծառայության դիմաց, քաղաքապետարանն է հիմնականում հոգում տվյալ  ծախսերը: Բազում ծրագրեր են իրականացվել մարզա-մշակութային ոլորտում: 2011 թ. Սպիտակի Հարավ-արևմտյան թաղամասն արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին` <<Լավագույն սպորտային բակ>> անվանակարգում: Ռոքի լեգենդար աստղ Յան Գիլանն այցելեց Սպիտակ` դրանով իսկ խթանելով  քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը: Տիգրան Մանսուրյանի 70-ամյակը նշվեց մեծ շուքով: Ոչ պակաս շուքով ու հանդիսավորությամբ նշեցինք քաղաքի անվանակոչման 60 և վերածննդի 20-ամյակները: Այդ օրն այստեղ  հանգրվանել էր <<Կիլիկիա>> առագաստանավը` զարդարված բոլոր այն երկրների դրոշներով, որոնք երկրաշարժին մեզ օգնության հասան: Այդ օրն էլ տրվեց Վարպետաց թաղամասի կառուցման մեկնարկը: Անելիքներ ևս դեռ շատ կան: Կգա ժամանակը, երբ քաղաքը կթոթափի այսօրվա հոգսերի բեռը և արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով կապրի: Սպիտակցին ստեղծող, արարող է, լավատես է, համախմբված իր ղեկավարի` քաղաքապետի շուրջ: Պարոն Սահակյանին ընդունում են որպես լավ բարեկամի ու ընկերոջ: Այո, սիրելով հայրենի քաղաքը, միասնական ու միակամ ենք բոլորս, համայնքի ղեկավարության հետ միաքայլ… Գագիկ Սահակյանը լավ ընկեր է, լավ մարդ ու ղեկավար, ընտանիքի լավ հայր ու ամուսին: Աստված չանի, ընկերը վատ վիճակում հայտնվի, առաջինն ինքն է նրա կողքը կանգնած: Լավով ուրախանում է, վատով` տխրում ու անհանգստանում: Մեր բոլորիս համար ընկեր է: Ամեն ինչ` չափի մեջ: Բնակչին ընկալում, ընդունում է որպես բարեկամի ու ընկերոջ` մեծահոգաբար, լայնասիրտ: Բնավորությամբ շատ բարի, հանգիստ մարդ է: Ամեն ինչից տեղյակ է, լավ իրազեկված բոլոր անցուդարձերից, ահա թե ինչու չի հանդուրժում, երբ փորձում են իրեն խաբել կամ ապակողմնորոշել: Կատակասեր է, ընկերասեր: Նրա պես ընկեր ունենալն արդեն իսկ հաջողություն է: Աշխատանքային, գործնական հարաբերությունները կարևորելով, միաժամանակ երկու ձեռքով մարդկային, ընկերական հարաբերությունների կողմնակից է, ջատագով: Արդյունքում թե՛ քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունն է բարձրանում, թե՛ մենք մեզ հոգեպես ու բարոյապես ավելի լավ ու ապահով ենք զգում:    
SHARE