Նվիրում և հավատարմություն

0
18

Համայնքի ղեկավարի պարագայում այս հատկանիշներն ամենակարևորն են
Գյուղ

      Հուլիսի 8-ին Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել գործող գյուղապետ Գևորգ Դանիելյանը, ով համայնքը ղեկավարում է 2002 թվականից: Անցած տարիներին այստեղ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել: Կան նաև դեռևս կիսատ մնացած գործեր, ահա թե ինչու դրանք ավարտի հասցնելու նպատակով է հիմնականում պայմանավորված կրկին վերընտրվելու ցանկությունը: Ինչ խոսք, հնարավոր չէ միանգամից գործերն ավարտի հասցնել, քանի որ ժամանակի հետ նոր խնդիրներ են ծագում, նոր առաջնահերթություններ առաջ գալիս: Այնպես որ, աշխատանքը շարունակական է…
Այսպես, կենտրոնական փողոցի գիշերային լուսավորության համակարգն ամբողջացնելու առաջնահերթ անհրաժեշտություն է զգացվում: Ընթացիկ տարում <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով, համայնքի 15 տոկոս ներդրմամբ, 7,5 կմ կիսախողովակներ պետք է անցկացվեն ոռոգման ջրի համակարգում: Ճանապարհների ասֆալտապատման, երաժշտական և հանրակրթական երկու դպրոցների հիմնանորոգման անհրաժեշտություն կա, ինչը, դժվար չէ հասկանալ, համայնքի միջոցներով անհնար է իրականացնել: 
    Պարոն Դանիելյանի հետ մեր հետագա զրույցից տեղեկացանք նաև այն աշխատանքների մասին, որոնք հիմնականում տեղ են գտել համայնքի կյանքում վերջին տարիներին: Ոռոգման ջրի անբավարար վիճակից ելնելով, խորքային 5 հոր են հորատել: Օրերս դրանք վերակառուցվեցին <<Մերձափնյա>> ՋՕԸ-ի հետ համատեղ և արդեն գործում են: Ոռոգման ջրի նոր կիսախողովակներ են անցկացվել: Կենտրոնական փողոցի խմելու ջրի նախկին խողովակները փոխարինում են պոլիէթիլենայինով: Մոտ 4 կմ արդեն փոխվել է /ընդհանուրը` մոտ 18 կմ/, աշխատանքները շարունակվում են: Այս աշխատանքներն ընթանում են ասֆալտապատումից առաջ, որպեսզի հետագայում ասֆալտը չվնասվի: Համայնքի միջոցներով հիմնանորոգվել է գյուղապետարանի շենքը, համաֆինանսավորմամբ` նաև բուժամբուլատորիան: Գործում է մանկապարտեզը, որը բարենորոգվել է, համալրվել նոր գույքով և որտեղ 90 երեխա է հաճախում:

Համայնքի ղեկավարության ուշադրության կենտրոնում է դպրոցը, որի համար գնել են անհրաժեշտ գույք` սեղան, աթոռ, գրատախտակ: Այլ հարցերում էլ է զգացվում այդ աջակցությունը` թե° մանկավարժների, թե° աշակերտների նկատմամբ: Հիմնանորոգվել է մշակույթի տունը, որտեղ տիկնիկային թատրոնի հետ գործում են նաև մշակութային և մարզական զանազան խմբակներ: Մրգաշատն ունի ֆուտբոլի, ըմբշամարտի թիմեր: Երաժշտական դպրոց է հաճախում 90 երեխա, այն համայնքապետարանի հովանավորության ներքո է: Առհասարակ, բարձր մակարդակի վրա է համայնքի մարզա-մշակութային կյանքը: Ուշադրությունից, հոգատարությունից դուրս չեն մնում նաև տարեցները: Համայնքի ղեկավարի անմիջական նախաձեռնությամբ ամեն տարի նրանց համար էքսկուրսիաներ են կազմակերպվում դեպի Սևան, Դիլիջան, Ծաղկաձոր և տեսարժան այլ վայրեր: Հատուկ նշում են նաև Մարտի 8-ն ու Ապրիլի 7-ը` մեծարելով մանկավարժներին, տատիկներին, մայրերին: Իսկ Մայիսի 9-ին արդեն ուշադրության կենտրոնում պատերազմի վետերաններն ու մասնակիցներն են, ում նաև դրամական օգնություն է հատկացվում: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում հաճելի անակնկալներ են մատուցվում փոքրիկներին, ուրախ  միջոցառում է կազմակերպվում: Համայնքի ղեկավարը իր գյուղացիների կողքին է հատկապես դժբախտ դեպքերի, սգո արարողությունների ժամանակ` օգնություն է տրամադրվում և այլն: Երիտասարդ նորաստեղծ ընտանիքներին խրախուսելու, ծնունդների աճին նպաստելու համար ևս միջոցներ չեն խնայում: Մրգաշատը հրաշալի ավանդույթ ունի` ամեն տարի մեծ շուքով նշվում է Մաճառի տոնը…

    Սիրով տեղեկացանք նաև, որ վերակառուցել են գյուղի եկեղեցին, բարեկարգել նրա տարածքը, ինչի համար Գևորգ Դանիելյանն աժանացել է Գարեգին Բ վեհափառի Կոնդակին: Նաև անձնական միջոցներից է գյուղապետը մասհանում կատարել և, ընդհանրապես, կատարում համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելիս: Բնավ պատահական չէ, որ 2006 թ. ՀՀ նախագահի կողմից, որպես լավագույն համայնքապետ, արժանացել է <<Անանիա Շիրակացի>> մեդալի: Բազում պատվոգրեր, պարգևներ ու մրցանակներ, որոնք գալիս են վկայելու նրա անբասիր աշխատանքի ու նվիրվածության մասին: 
        Պարոն Դանիելյանի խոսքերով, իր ամենամեծ ձեռքբերումը նվիրվածությունն է հարազատ գյուղին ու գյուղացիներին, ինչը փոխադարձ ջերմ ու մտերմիկ է: Սիրով է կապված բոլորին, բոլորի հետ ընկեր է ու բարեկամ: Փոխադարձ վստահություն կա, հարգանք ու բարյացակամություն, ինչն, անշուշտ, որոշիչ կլինի առաջիկա ընտրությունում…
SHARE