Նվիրում և պատասխանատվություն

0
40

Հաջողություններն ու ձեռքբերումները շարունակելու ցանկությամբ ու պահանջով…

 ՏԻՄ

 

watermarked_Arevadasht Ohanyan

   Արևադաշտի գյուղապետ Հովսեփ Օհանյանի մասին խոսելիս, մեր կարծիքով, նախ նրա մարտական ուղուն պիտի անդրադառնալ: Մասնակցել է Արցախյան ազատամարտին: Թողնելով 5 անչափահաս երեխային, <<Սև հովազ>> ջոկատի կազմում մեկնել է Արցախ, կռվել տարբեր ռազմաճակատներում` մասնակցելով Քաշաթաղի /Լաչին/ ազատագրմանը, Օմարի գրավմանը և այլն: Արժանացել է մեդալների ու շքանշանների, վերջինը ՀՀ անկախության տոնի առթիվ նախագահի կողմից շնորհված <<Մարտական ծառայության>> մեդալն էր:

   Այսօր էլ խաղաղ պայմաններում է ծառայում հայրենիքին` նվիրվելով հայրենի գյուղի  մարդկանց ապրելակերպի բարելավման շնորհակալ գործին: Հնարավոր բոլոր միջոցներով բնակիչների կողքին է, որպեսզի թեթևացնի նրանց հոգսերը: Աշխատանքներ կատարվել և այսօր էլ կատարվում են: Փոխվում է գյուղի խմելու ջրի ջրագիծը /6 կմ/, ներկայումս ներտնային միացման աշխատանքներն են ընթանում: Արվում է գյուղապետարանի համատեղ ներդրումով: Ավարտվում է նոր թաղամասի գազաֆիկացումը: Պարոն Օհանյանի ջանքերով հակակարկտային երկու կայան է տեղադրվել:

   Նրա ղեկավարման ժամանակաշրջանում է սկսել գործել բարերար Էռնեկյանի կողմից 2009-ին կառուցված հրաշալի մանկապարտեզը, որն ապահովված է ժամանակակից լավագույն պայմաններով: Մանկապարտեզի տնօրեն Գայանե Սարգսյանից տեղեկացանք, որ այն գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ: Գյուղապետն էլ իր հերթին է նեցուկ նրա անխափան գործունեության ապահովմանը: Տիկին Գայանեն, 1984-ից ղեկավարելով մանկապարտեզը, նվիրումով ու մեծ  պատասխանատվությամբ է մոտենում մատաղ սերնդի դաստիարակությանը` կարևորելով նաև հոգևոր կրթություն ստանալու խնդիրը:

   Արևադաշտի ավագանու անդամ Վրույր Վարդանյանը, գնահատելով համայնքի ղեկավարի աշխատանքը, նշեց, որ նրա ջանքերով լուծվում է խմելու ջրի շատ կարևոր խնդիրը: Հաջողություններն ակնհայտ են նաև համայնքային կենսագործունեության այլ ոլորտներում` գազաֆիկացում, ոռոգում և այլն: Համայնքապետը, մեր զրուցակցի խոսքերով, նաև մարդկային լավ որակներով է առանձնանում, լավ ընտանիք ունի, դաստիարակված, հասարակությանը պիտանի երեխաներ:

   Դեկտեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը Հովսեփ Օհանյանն առաջադրել է իր թեկնածությունը: Նպատակն այն է, որ շարունակի կիսատ թողածը և լուծի համայնքի առջև ծառացած հիմնախնդիրները: Նրա պաշտոնավարման օրոք նաև բուժկետ է ստեղծվել, հնարավորինս լուծված է մարդկանց զբաղվածության խնդիրը: Օգնում է սոցիալապես անապահով ընտանիքներին: Ոռոգման խնդրի բարելավման նպատակով 2 ջրամբար են կառուցելու: Հիմնական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի: Նախատեսում են նաև գյուղապետարանի շենքը վերանորոգել:

  Դպրոցին կից ջերմոց է կառուցվել, ստացված եկամուտը փոխանցվում է կրթօջախի կարիքների բավարարմանը: Երեխաներն այստեղ նաև աշխատանքային լավ դաստիարակություն են ստանում: Գյուղապետարանը ցանկացած հարց առաջանալիս դպրոցի կողքին է, օգնում է հնարավոր ամեն ինչով: Ամերիկացի բարերարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փայտաշեն դպրոցի փոխարեն 2015-ին կառուցելու նոր, ժամանակակից շենք:

   Անելիքները ևս, ինչ խոսք, շատ են: Աստիճանաբար պետք է լուծում տալ բոլոր խնդիրներին: Հովսեփ Օհանյանի կյանքի ամենամեծ ձեռքբերումը հինգ երեխաներն են: Երազանքը ամուր ու ապահով հայրենիք ունենալն է, ինչի համար իր աշխատանքային կոլեկտիվի հետ ջանք ու եռանդ չի խնայում: Իր շրջապատի, հասարակության կողմից սիրված ու հարգված անձնավորություն է Արևադաշտի գործող գյուղապետը: Դա նաև հաստատեց մեզ հետ զրույցում զինկոմիսարիատի տեսուչ Սարգիս Ղազարյանը: