Նվիրված ու սրտացավ ղեկավար

0
11
Ում համար երկրորդական, անկարևոր հարցեր չկան…

Համախմբում

   -Դեղձուտ համայնքը ղեկավարում եմ 2008 թվականից,- մեզ հետ զրույցի սկզբում ասաց Յուրիկ Մուրադյանը:- Առաջին կարևոր գործս եղել է բուժկետի կառուցումը, այն գույքով ապահովելը: Համայնքի միջոցներով գերեզմանատուն տանող` անմխիթար վիճակում հայտնված ճանապարհն է ասֆալտապատվել, ապա տարածքն է մաքրվել աղբից: Պետական օժանդակությամբ դպրոցի տանիքն է ամբողջովին փոխվել: Մեր միջոցներով գազատար ենք անցկացրել: Այսօր գյուղը 100 տոկոսով գազաֆիկացված է: Ընդ որում, համայնքի բյուջեի միջոցներով գազաֆիկացվել է մշակույթի տունը, որտեղ նաև գյուղապետարանն է: Խմելու ջրի խնդիր չունենք, թեև մատակարարումը գրաֆիկով է: Նախ անցկացվեց 2410 գծամետր, ապա, հաջորդ տարի, ևս 1800 գծամետր ջրագիծ: Մնացել է մոտ 2500 գծամետր ևս փոխել, ինչը նախատեսել ենք այս տարի: Համաշխարհային բանկի ծրագրով, համայնքի 15 տոկոս ներդրմամբ, ոռոգման համակարգում 1100 գծամետր կիսախողովակներ են անցկացվել: Հողային հուները տարեկան 2 անգամ պարտադիր մաքրվում են: Ոռոգման ջրի խնդիր չունենք: 2013-ին պետական միջոցներից 23 մլն ներդրում է կատարվել, որով դպրոցի պատուհաններն ու դռներն են փոխվել: Այն էլ ասեմ, որ մինչև 2008 թվականը համայնքում պետական միջոցներով ոչ մի ծրագիր չի իրականացվել: 2012-ին մշակույթի տան տանիքն է փոխվել, իսկ մեկ տարի անց մշակույթի տունն ամբողջովին վերանորոգվել է: Մինչ այդ, 2010-ին, ընկերներիս աջակցությամբ բարեկարգել ենք նրա տարածքը: Զոհվածների հիշատակին հուշարձան է տեղադրվել, երեխաների համար լողավազան է կառուցվել: Այս աշխատանքների իրականացման համար մեր բարեգործ ընկեր Կորյուն Վարդանյանը 10 հազար դոլար է հատկացրել: Դրանց նախաձեռնությունը նրանն է: Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, շատ հյուրեր: Կորյունը մանկությանս ընկերն է, գյուղին մեծապես նվիրված անձնավորություն: Ներկայումս բնակվում է ՌԴ-ում, ինչը սակայն չի խանգարում, որ կապը մշտապես պահպանի հայրենի եզերքի հետ, մտահոգվի նրա հոգսերով ու խնդիրներով: Ամեն տարի այցելում է գյուղ: Եթե խոսքն, առհասարակ, ընկերոջ մասին է, ապա լավ կամ վատ ընկեր չի կարող լինել: Ընկեր է և` վերջ: Ընկերությունը պետք է անշահախնդիր լինի: Լինում են պահեր, երբ հարազատիդ հետ չես կարողանում կիսվել, սիրտդ բացել, և այդ պահերին ընկերդ է կողքիդ, ում լիարժեք կարող ես վստահել: Շատ ընկերներ ունեմ: Առանց ընկեր մարդը, կոպիտ ասած, բանի պետք չէ. անհնար է ընկեր չունենալ: Մեր մարզի համայնքապետերից չկա մեկը, ում հետ վատ հարաբերություններ ունենամ: Բոլորի հետ էլ ջերմ է շփումը: Կան նաև այնպիսիները, ում հետ ընտանիքներով ենք մտերիմ: Նրանցից են Կանաչուտի Լյովան, Դիտակի Սուրիկը, Մրգավետի Լյովան, Մրգավանի Արմենը, Քաղցրաշենի Վալերիկը, Ազատավանի Սարգիսը…
Պարոն Մուրադյանը նաև հավելեց, որ ամեն տարի գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհները խճապատվում են: Չնայած կենտրոնական ճանապարհին տարեկան 3-4 անգամ փոսալցումներ են անում, այդուհանդերձ, վիճակը դրանից չի բարելավվում: Քառամյա ծրագրերից ամենակարևորները այդ ճանապարհի ասֆալտապատումն է, ինչպես նաև դպրոցի ջեռուցման հարցի լուծումը, որոնք նախատեսված են ընթացիկ և հաջորդ տարիներին: 

    Դեղձուտում զբաղվում են հողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, ունեն հիմնականում խաղողի, ծիրանի, դեղձի այգիներ: Մարդիկ շատ աշխատասեր են, գյուղատնտեսական անհրաժեշտ միջոցառումները ճիշտ և ժամանակին են կատարում: Համայնքի ղեկավարի գլխավոր նպատակն էլ այն է, որ գյուղում համերաշխության մթնոլորտ տիրի, մարդիկ միասնական լինեն, հարգալից միմյանց նկատմամբ: Ցանկացած հարցով համագյուղացիների կողքին է, օգնում է մարդկանց թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին: Հատկապես դժբախտ դեպքերում այդ օգնությունն առավել մեծ է լինում, և բոլորն են մասնակից դառնում դրան: Գյուղապետարանում բնակիչն ստանում է իրեն հուզող հարցերի պատասխանները, գոհ ու բավարարված հեռանում: 
     Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Կատյա Գիշյանն իր խոսքում ասաց. <<Մեր ղեկավարը` պարոն Մուրադյանը, այն բացառիկ համայնքապետերից մեկն է, ով շատ է նվիրված գյուղին ու նրա մարդկանց: Չի եղել դեպք, երբ բնակիչը դիմի նրան և մերժում ստանա: Անկախ ամեն ինչից, աջակցում է ամեն կերպ, օգտակար լինում` անգամ անձնական միջոցները զոհաբերելով: Նրա շնորհիվ այսօր շատ կարգապահ ու կուռ կոլեկտիվ ունենք, հրաշալի ու նվիրված թիմ է ձևավորվել: Առաջնայինը բնակչի խնդիրն է, որին պետք է անպայման լուծում տրվի: Աշխատում ենք` որքան կպահանջվի, այսօրվա գործը վաղվան չենք թողնում: Պարտաճանաչ ամեն ինչ ժամանակին արվում է: Յուրիկ Մուրադյանը շատ նվիրված ընկեր է, բոլորիս հոգսերով մտահոգվում է, բոլոր առիթների դեպքում մեր կողքին է: Նրա համար մանրուք չկա, երկրորդական հարցեր չկան, ամեն ինչին պատշաճ կարևորություն է տալիս, ամեն ինչ հաշվի առնում: Համայնքի համար շատ բան է արել և շարունակում է անել: Ամենակարևորը` շատ հետևողական է, սկզբունքային, արդարամիտ: Կցանկանայի, որ բոլոր համայնքներում պարոն Մուրադյանի նման ղեկավարներ լինեին: Շատերի հետ եմ աշխատել, ուստի սեփական փորձով համոզվել եմ, որ նա իսկապես իր տեղում է, արժանի ամենաբարձր գնահատականի: Նրա պատասխանատվությունը, սրտացավությունը շատ մեծ են, ձգտում է բոլորին օգնել և ամեն ինչ հասցնել: Ամբողջովին ժողովրդի հետ է, ապրում է նրանով: Նվիրվածությունն աներևակայելի է…>>:
    Դեղձուտում, կարելի է ասել, ամեն քայլափոխի զգում ես այն հոգատարությունն ու սրտացավությունը, որ տեղի իշխանության կողմից դրսևորվում է թե՛ համայնքի, թե՛ նրա բնակիչների նկատմամբ: Արվում է առավելագույնը, որպեսզի մարդը իրեն  հնարավորինս լավ զգա, պաշտպանված, ինչում և շատ մեծ են համայնքի ղեկավարի` Յուրիկ Մուրադյանի անձնական ներդրումն ու անսահման նվիրումը…
SHARE