Նվիրված, սրտացավ, մարդասեր…

0
91
Սոլակցու գնահատմամբ, այսպիսի որակներ ունի իրենց գյուղապետը


Լավատեսություն
    <<…Ընկերությունը շատ բարդ ու դժվար հասկացություն է: Որպեսզի լավ ընկեր ձեռք բերես, առաջինը դու պիտի լավ ընկեր դառնաս: Ընկերությունը հենց այնպես չի լինում, դա տարիների, ինչպես նաև դժվարին փորձառության արդյունք է: Ընկերության համար երկար ճանապարհ պիտի անցնես: Մանկական 10-15 ընկերներ ենք եղել, հիմա 1-2-ն են մնացել, ում հետ և ընտանիքներով ենք նաև մտերիմ: Ընկերությունն ապրածդ կյանքի անմիջական արդյունքն է: Այն չի կարող միակողմանի լինել: Այն, ինչ ցանկանում ես ընկերոջդ, նույնը և քեզ պիտի ցանկանաս: Առաջինը դու պիտի լավատեսորեն տրամադրվես, լավ վարվես և լավի փոխադարձն ստանաս: Ինքդ ազնիվ ու մաքուր պիտի լինես: Ընկեր բառը կյանքի մի ամբողջ շղթա է` ընկերովի ապրել, ընկերովի զրուցել, ընկերովի կիսվել: Ընկերությունն այն չէ, երբ միասին աշխատում ենք, միասին գումար վաստակում. դա ընդամենն աշխատանքային պրոցես է: Միայն նրանով չէ, որ այսօր հաջողություններ ունի, իրենով հպարտանում ես, վաղը չունեցավ` կմոռանաս: Լավ ընկերները եղբայրների պես են: Հայերս նման կերպ ենք մտածում` լավ ընկերը նաև եղբայր է: Բնական է, եղբոր արյունը, հարազատությունն այլ են, բայց մաքուր ու ազնիվ ընկերության դեպքում գրեթե նույն հարազատությունն է ստեղծվում: Ինչ-որ տեղ, ինչ-որ առումով ընկերն ու եղբայրը գալիս հավասարվում են, միևնույն հարթության վրա կանգնում: Շատ եմ ցավում, որ օրերս այդպիսի լավ ընկերոջ, եղբոր կորցրինք ավտովթարի պատճառով: Խաչիկը եղբոր պես էր, և մեր միջև մաքուր ու պարզ ընկերական փոխհարաբերություններ էին ստեղծված: Նրա կորուստը շատ ծանր էր: Բարի, կամեցող ընկեր էր, ազնիվ ու նվիրված: Նա ոչ միայն քեզ, այլև քո ընկերական շրջապատի համար էր ջանում օգտակար ու հասնող լինել: Խաչիկի բարությամբ, հոգեբանությամբ ու մաքրությամբ ընկերներ շատ քիչ են լինում: Նրա տեսակն, առհասարակ, քիչ է: Հազար ափսոս, որ նա չկա… Ունենում ես տարբեր` մանկության, պատանեկության  և այլ ընկերներ, բայց տարիների ընթացքում այդ շրջանակը գնալով նեղանում է: Ժամանակը, հասարակարգը փոխում են մարդկային  պատկերացումները, հաճախ նաև` սկզբունքները: Կյանքի դժվարություններն էլ իրենցն են անում, և մարդն իր էությամբ պարզ երևում է: Մնում է որոշել` արժե՞ շարունակել ընկերությունը, միասին առաջ գնալ, թե՞ ամեն մեկն իր ճանապարհով գնա: Դժվար է այսօր ընկեր ունենալը, ձեռք բերելն ու պահպանելը, եթե նկատի առնենք, որ անձնական շահը, նյութապաշտությունն առաջին պլան են մղվել: Իսկ որտեղ շահ կա, այնտեղ ընկերություն չի կարող լինել: Այն, ինչ ընկերոջիցդ պահանջում ես, նախ դու պիտի դա անես, ինքդ այդպիսին լինես: Ընկերությունն ավելի ամուր դարձնելուն երբեք չի խանգարի փորձությունը, որի միջով պարտադրաբար պիտի անցնեն ընկերները: Դիմանալ, դիմակայել, կոփվել` այս հանգամանքը շատ կարևոր է ընկերական փոխհարաբերությունների ամրության համար: Սխալներն անխուսափելի են, բայց դրանք չպիտի ճակատագրական դառնան: Թերին ու կիսատը պիտի կարողանալ շտկել, ճշմարտության աչքերին ուղիղ ու հստակ նայել: Ընկերություն անելիս, ինչ խոսք, հաշվի ես առնում դիմացինիդ սոցիալական ծագումը, ընտանեկան դրությունը, բարոյահոգեբանական վիճակը: Եթե տվյալ ընտանիքը հասարակության մեջ հարգված չէ, ընդունված չէ, ապա չի կարող նրա անդամը լավ ընկեր կամ լավ մարդ լինել: Եթե ընտանիքում դաստիարակությունը ճիշտ հիմքերի վրա չէ, խարխուլ է ծնողների ու երեխաների փոխկապվածությունը, ապա տվյալ երեխան ապագայում ճիշտ մարդ, ճիշտ ընկեր չի դառնա: Պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը, կարևորը մարդկային որակն է, ժառանգականությունը: Ընդհանուր առմամբ, կարևորը որակն է, այլ ոչ քանակը: Ավելի լավ է մի քանի ընկեր ունենաս, բայց` հարազատ ու իսկական, քան շատ ընկերներ ունենաս, ովքեր կարող են շահադիտական տեսանկյունից ելնելով քեզ գնահատել: Մեկն ունեցիր, բայց` լավը…>>, -ահա ընկերության շուրջ այսպիսի մտորումներով ու խոհերով մեզ հետ կիսվեց Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը

      1995-ից Սոլակի գյուղապետը լինելով, մարդկային փոխհարաբերությունների, զանազան փորձությունների երկար ու ձիգ ճանապարհ է անցել: Գործնական ու ջերմ ընկերություն է ստեղծել հարևան համայնքների ղեկավարների` Քաղսիի Սեդրակի, Բջնիի Արմենի, Արզականի Նորիկի, Գյումուշի Արմենի, Ալափարսի Վարդանի հետ: Օգնում են միմյանց, իրար սատարում` ի շահ համայնքների զարգացման: Ընկերները գյուղին վերաբերող շատ հարցերում են իրեն աջակցել: Այդպիսի ընկերներից են համագյուղացիներ` շինարար, գործարար ու բարերար Ֆրունզիկ Գրիգորյանը և Հրազդանի կադաստրի պետ Դերենիկ Գևորգյանը. <<Տեսնելով, որ գյուղին նվիրված աշխատում ենք, իրենք էլ պատրաստակամ են օգնելու ցանկացած հարցում: Երկուսն էլ շատ հոյակապ մարդիկ են, ունեն լավ ընտանիքներ: Գյուղացիներից շատերը Ֆրունզի շինարարական կազմակերպությունում են աշխատում: Գյուղի բոլոր միջոցառումներին ֆինանսապես օգնում է, ներդրում է անում: Բոլոր հարցերում մեր կողքին է: Գյուղի եկեղեցին, որ ժամանակին պահեստ էր դարձել, Ֆրունզի բարեգործությամբ վերականգնվեց և այսօր գործում է: Դերենիկ Գևորգյանն իր անձնական միջոցներով հարսանյաց սրահ է կառուցում, շատ հարցերում է հնարավորության սահմաններում օգնում մեզ: Մեր ընկերների նպատակը ժողովրդին ծառայելն է: Տարբեր ոլորտներում աշխատող լավ ընկերներ ունենք, ովքեր օգնում են իրենց բարի խորհուրդներով, առաջարկներով ու ունեցած կապերն օգտագործելով: Նրանցից են Դերենիկ Հունանյանը, Մելսիկ Մկրտչյանը, Ջհան Հովհաննիսյանը և այլք…>>:
     Խոսելով վերջին տարիներին կատարված աշխատանքների մասին, Բ. Սարգսյանը նշեց, որ 2008-ից իրականացվել է 1 մլն 200 հազար դոլարի ներդրում: Մեծածավալ աշխատանք է կատարվել ոռոգման համակարգում: Նախկին պոմպակայանների փոխարեն նոր` ինքնահոս ջրամատակարարման ջրատար է /2,5 կմ երկարությամբ/ կառուցվել. Հրազդան-Գյումուշ ջրատարից ջուրը հասցրել են գյուղ և մի ամբողջ թաղամաս ապահովել ոռոգման ջրով: 2013-ին նախատեսել են 50 հազար դոլարի ներդրում անել, ինչով ընդհանուր ոռոգումը լիարժեք կդառնա: Երկու տարի առաջ Համաշխարհային բանկի հետ համատեղ, կառավարության աջակցությամբ, խմելու ջրի քայքայված ներքին ցանցը, գլխամասային ջրատարները փոխվեցին, կառուցվեց 300 խմ ջրատարողությամբ ջրամբար: Գյուղը շուրջօրյա ջուր ունի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կառավարության հատկացրած գումարով մանկապարտեզն են վերանորոգում: Շուտով կավարտվեն այդ աշխատանքները, և մանկապարտեզը կսկսի գործել: Այն տիպային, երկհարկանի նորակառույց է` նախատեսված 100-120 երեխայի համար: Մանուկ Վարդանյանի առաջարկով ընթացիկ տարվա գարնանը փոստային նոր բաժանմունք կառուցվեց: ՀԲ միջոցներով, համայնքի 5 տոկոս համաֆինանսավորմամբ, բուժամբուլատորիա է կառուցվելու, շինաշխատանքները շուտով կսկսվեն: Մշակույթի տունը գործում է: <<Ինչպես երկրի իշխանություններն են դեմքով ուղղվել դեպի գյուղը և գյուղացին,-ասաց պարոն Սարգսյանը,-այնպես էլ մեր գյուղացին իր գնահատականը տվեց` ԱԺ ընտրություններին ամենաբարձր տոկոսն ապահովելով: Սա խոսում է բնակչության վստահության մասին, վստահություն` դեպի համայնքի ղեկավարը, կառավարությունը, երկրի նախագահը: Գյուղում չլուծված երկու խնդիր է մնացել: Ճանապարհների ասֆալտապատում և գիշերային լուսավորության անցկացում…>>:
   Բադալ Սարգսյանը 1997-ից ՀՀԿ շարքերում է, երբեք իր սկզբունքներին չի դավաճանել: Համոզված է, որ երկրի գործող նախագահի ծրագրերը հուսադրող են, ուստի ժողովուրդը պետք է հավատով լցվի ապագայի նկատմամբ: Զրուցեցինք գյուղացիների հետ, ովքեր նշեցին, որ գյուղապետը աջակցում է բոլորին` ինչով կարող է: <<Գյուղում գործում են խոհարարական, մաքրամեի, ասեղնագործության, ուլունքագործության, հելունագործության, դաշնամուրի, նկարչության, պարի, վոկալի, թատերական, գոբելենի խմբակներ: Ունենք <<Մուշ>> պարային համույթ: Յուրաքանչյուր խմբակ 10 երեխա է հաճախում: Բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացնում: Գաղափարը գյուղապետը տալիս է, մենք իրագործում ենք: Մասնակցում ենք փառատոների և միշտ մրցանակային տեղեր ենք գրավում: Բադալ Սարգսյանը բոլորիս համար ընկեր է, ամեն հարցում` մեր կողքին կանգնած: Պահանջկոտ ղեկավար է, անձամբ կհսկի, որ իր հանձնարարությունը մինչև վերջ և բարեխղճորեն կատարվի: Հետևողական է, մեծ ազնվությամբ լցված: Սիրված ու հարգված է բոլոր մակարդակներում: Գյուղի համար նրա արածն անգնահատելի է>>,-ասաց մշակույթի տան տնօրեն, համայնքապետի մանկության ընկեր Սամվել Ստեփանյանը: Իսկ գեղարվեստական մասի վարիչ Մարիամ Հայրապետյանի խոսքերով, գյուղապետը ժամանակի, իրադրության մեջ կարողանում է ճիշտ կողմնորոշվել և իրավիճակն օգտագործել ի շահ գյուղի: Ցանկացած նախագիծ համաձայնեցնում են համայնքի ղեկավարի հետ: <<Պարոն Սարգսյանի ջանքերի շնորհիվ մեր մշակույթի տունը գործել է անգամ այն մութ ու ցուրտ տարիներին: Բնական է, այսօր մշակութային կյանքն առավել աշխույժ ու բազմազան է: Առաջընթացն ակնհայտ է, գործերը` խրախուսելի: Մեր գյուղապետը մշակույթի հարգն իմացող ու գնահատող է>>,- ասաց խոհարարական խմբակի ղեկավար Ռաիսա Խաչատրյանը: <<Հայփոստի>> Սոլակի բաժանմունքի պետ Վեներա Գրիգորյանը նշեց, որ վերանորոգված շենքում աշխատելը շատ հաճելի է: Շնորհակալ են պարոն Սարգսյանից, որ բոլորին ընդառաջում է, կանգնած է գյուղացու կողքին: Շատ գնահատելի են նրա մարդասիրությունն ու ընկերասիրությունը: Նվիրված է համայնքին և անչափ սրտացավ է…
SHARE