Նվիրված, սրտացավ ու անշահախնդիր

0
41


Ծննդավայրի, նրա հիմնախնդիրների լուծման և համագյուղացիներին օգնելու հարցում

Արժևորում

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղը ջուր չուներ, ընդամենը մի քանի ծորակ կար, որից էլ օգտվում էր ողջ համայնքը: Ոռոգման ջուր, ընդհանրապես, գոյություն չուներ, ճանապարհներն անանցանելի էին և այդպես էլի շատ ու շատ խնդիրներ…

Դա ոչ այնքան հեռավոր անցյալում էր, մինչև Կորյուն Մարգարյանի պաշտոնավարումը /1999 թ./: Պարզ է, սկզբում նրա համար շատ դժվար էր և միանգամից հնարավոր չէր հաջողության հասնել: Ընկերները կանգնեցին կողքին, թև ու թիկունք եղան, և գործն աստիճանաբար տեղից շարժվեց: Առաջ ընկնելով ասենք, որ այսօր Լճաշենում հիմնախնդիրները հիմնականում լուծված են:

Մասնավորապես, խմելու ջրի խնդիր չունեն /բոլոր տնտեսություններն առանձին ջուր ունեն/, ճանlchashenապարհները բարեկարգ են, ասֆալտապատման խնդիր բացարձակապես չկա, արտաքին լուսավորություն ունեն, լուծվել է նաև ոռոգման ջրի հիմնահարցը, աղբահանություն է իրականացվում /անվճար/ և այլն: Ընդ որում, ոռոգման ջուրն արդեն 10 տարի բնակիչներին անվճար է մատակարարվում, բոլոր ծախսերը գյուղապետարանն է հոգում: Երկրորդական, ինչպես նաև դաշտամիջյան ճանապարհներն անընդհատ խճապատվում, բարեկարգվում են: Մշակույթի տունը հիմնանորոգվել է, այստեղ մոտ 10 խումբ է գործում: Սեփական միջոցներով շենք են գնել, վերանորոգել և դարձրել արվեստի դպրոց, որն արդեն երկրորդ տարին է գործում և 120 սան ունի: Մանկապարտեզը նույնպես իրենց ուժերով հիմնանորոգել են, այն մշտապես գործել է, քանզի, ըստ գյուղապետի, երեխաների հարցն ավելի կարևոր է և առանձնակի ուշադրություն է պահանջում: Մոտ ժամանակներս մտադիր են շենքի առաջին հարկը վերանորոգել և ևս երկու խումբ բացել, ինչի անհրաժեշտությունը 5000 բնակիչ ունեցող գյուղի համար կա: Մարզադպրոցը ժառանգություն են ստացել գրեթե քանդված վիճակում: Տանիք են դրել և փուլ առ փուլ սկսել շենքի վերանորոգումը: Առաջին հարկը վերանորոգել են, տեղադրել երկրորդ հարկի պատուհանները, և մինչև տարեվերջ դպրոցի դռները բաց կլինեն սաների առջև:

-Առանց ընկերների,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Կորյուն Մարգարյանը,- միայնակ չէինք կարողանա այդքան գործ անել: Այնպիսի ընկեր ունենք, համայնքին մտերիմ այնպիսի անձնավորություն, որ նա մեր ցանկացած միջոցառմանը պարտադիր պետք է ներկա լինի, իր ֆինանսական աջակցությունը ցուցաբերի: Խոսքը Աշոտ Ավետիսյանի մասին է, որ Սևանի հացի գործարանի սեփականատերն է, մշտապես ամեն ինչով մեր կողքին կանգնած: Նման անձնավորություն` մեր օրերում… Ճիշտն ասած, մի քիչ դժվար է պատկերացնել: Նա համայնքի, ընդհանուրի ընկերն է, ծնունդով` Լճաշենից: Արվեստի դպրոցի առաջին հարկը դարձրել ենք հանդիսությունների սրահ և անվճար հատկացնում ենք մեր բնակիչներին: Ինչպես սրահի, այնպես էլ դպրոցի ամբողջ պատուհանները Աշոտ Ավետիսյանի նվերն են: Հրաշալի զբոսայգի ենք կառուցել, որտեղ երկու շատրվանից մեկը տեղադրվել է Աշոտ Ավետիսյանի միջոցներով: Օգոստոսի 8-ը 2008 թվականից մեր գյուղի` Լճաշենի օրն է: Թե՛ Աշոտը, թե՛ նրա եղբայր Կառլենն իրենք են պատրաստակամ առաջարկում իրենց օգնությունը: Այդպես` բոլոր հարցերում, ցանկացած առիթի դեպքում: Ավետիսյանների մեջ գնահատելի են ընկերասիրությունը, ազգասիրությունը, մարդասիրությունը, անշահախնդրությունը և շատ այլ մարդկային հատկանիշներ: Մանկապարտեզն իր գործելու օրվանից անվճար հաց է ստանում նրանց կողմից: Գյուղի օրվա` 185-ամյակի առթիվ Աշոտ Ավետիսյանին շնորհեցինք <<Տարվա մարդ>> կոչում, բայց, միևնույն է, էլի քիչ է նրա արածի դիմաց: Բոլորս երախտապարտ ենք նրան և մտածում ենք արժանին մատուցել մեր արժանավոր համագյուղացուն, ընկերոջն ու բարեկամին: Էլի շատ լավ տղաներ ունենք` Վահագ Մանուկյանը, Վանիկ Սարգսյանը և այլք, որ կանգնած են համայնքի կողքին և մեծ ցանկություն ունեն իրենց լուման բերելու գյուղի զարգացման գործում: Նրանց` գյուղին օգնելու ցանկությունն ինքնաբուխ է, սեփական նախաձեռնությամբ, անշահախնդիր: Աշոտ Ավետիսյանը գյուղի կյանքով, նրա հոգս ու ցավով ապրող մարդ է, նվիրված ու սրտացավ ընկեր: Գյուղի համար նրա արածը, ցուցաբերվող վերաբերմունքն արժանի են մեծարանքի ու բարձր գնահատականի: Շատ լավ ընկերներ ունենք, համայնքի՛ ընկերներ: Նրանց մեջ նաև ծեփագործ բանվորներ, ներկարարներ և այլ հասարակ մարդիկ կան, ում ևս արժանացրել ենք մեծարանքի: Անշահախնդիր, առանց վարձատրության մասնակցել են մանկապարտեզի, արվեստի դպրոցի վերանորոգման աշխատանքներին, ձեռք մեկնել մեզ…

Կորյուն Մարգարյանը մարդկայինը, հոգևորն ու բարոյականը բարձր գնահատող, արժևորող անձնավորություն է: Արածդ գործով, քո պատվով ու հարգանքով արժանի հեղինակություն պիտի ստեղծես, բարի համբավ ու անուն թողնես: Իր հորդորը երեխաներին, ժառանգներին այն է, որ առաջին հերթին կարևորեն մարդկայնությունը, ճիշտ ու ազնիվ ապրեն: Իր անձնական օրինակով, ապրած կյանքով է ապացուցում դա: Այո՛, մարդ լինելն իր համար կոչում է, ապրելակերպ: Երբ խոսում էր ընկերոջ` Աշոտ Ավետիսյանի մասին, հաճելի հուզում էր ապրում, հոգեպարար ջերմությամբ ու անսպառ էներգիայով լցվում.

-Նա ընկեր է համայնքի բնակչի համար, խոսքը գործ դարձնող անձնավորություն: Առհասարակ, ինձ ընկեր կարող է լինել այն մարդը, ով իմ ձևով է մտածում: Այն մարդը, ով պատրաստ է ընկերոջ համար ամեն ինչ անել, իր հասարակության կողքին լինել: Փառք Աստծո, այդպիսին են իմ ընկերները: Ճիշտ է, շատ չեն այդ ընկերները և չէին էլ կարող շատ լինել, բայց ես սրտանց հպարտանում եմ նրանցով: Որքան ընկեր ունես, այդքան մարդ ես` այս խոսքը մեծ խորհուրդ ունի իր մեջ: Այն մարդիկ, ովքեր կանգնում են կողքիդ, քեզ ուժ ու զորություն են հաղորդում: Իմ ամենամեծ ձեռքբերումն այդ մարդիկ են, այդ մտերմությունը, հարգանքն ու պատիվը: Մանկության ընկեր ունեմ` Հակոբ Վարդանյանը: Նրա մեջ այնքան մեծ բան կա, այնքան մարդկություն, որ այդ պարագայում մարդու սոցիալական վիճակը հետին պլան է մղվում: Իսկական ընկեր է, իրոք` նեղ օրվա ընկեր: Ես էլ այդպիսին եմ: Ընկեր եմ համայնքի բնակիչների համար, նրանց խնդիրներն իմն են և լուծվում են էլի ընկերներիս շնորհիվ: Համայնքում, ճիշտ է, այսօր հիմնախնդիր չունենք, բայց դա չի նշանակում, թե կարող ենք մեզ հանգիստ զգալ և չաշխատել: Աշխատանք միշտ էլ կա, ամենօրյա աշխատանք: Համայնքի բնակչի քվեն միշտ պարտավորեցնող է, անգամ այն ժամանակ, երբ մրցակից չես ունենում: Այս անգամ էլ մրցակից չունեմ, բայց, անկախ այդ հանգամանքից, աշխատում ու աշխատում եմ: Ինձ համար երբևէ նպատակ չի եղել համայնքի ղեկավար լինելը: Դա, պարզապես, ընդամենը միջոց է` նպատակներս իրականացնելու, ավելի որոշակի` համայնքը զարգացած ու բարեկեցիկ տեսնելու համար: Այս տեսանկյունից տուժում է իմ անձնականը, քանի որ ժամանակի, ջանքերի առյուծի բաժինը ծախսվում է դրա վրա, և տակը, ինչպես ասում են, բան չի մնում… Համենայնդեպս, վերընտրվելուս նպատակը կիսատ գործերս ավարտի հասցնելու հրամայականն է: Պետք է մեր սեփական մոմը վառելով` առաջ գնանք, և հույս ունեմ, որ մի քանի տարի հետո ավելի լավ համայնք ենք ունենալու, ավելի լավ երկիր: Գյուղատնտեսության արոտների ջրարբիացման ծրագրով կոոպերատիվ ենք ստեղծել, գյուղտեխնիկա բերել, որից մեր գյուղացին մատչելի գներով օգտվում է: Դա ևս կնպաստի նրա սոցիալական վիճակի բարելավմանը…

<<Ընկեր>>-ի համար հաճելի առիթ ներկայացավ ծանոթանալու և զրուցելու նաև Աշոտ Ավետիսյանի հետ: Նա ոչ միայն Լճաշենում, այլև Սևանի տարածաշրջանում, մարզում է ճանաչված ու հեղինակավոր: Տեղին է հիշել` հաց թխողի ձեռքերը պետք է մաքուր լինեն: Աշոտ Ավետիսյանի պարագայում, ինչպես ասում են, առկա է ավելին` ոչ միայն ձեռքերն են մաքուր, այլև սիրտն ու հոգին…

-Կորյուն Մարգարյանին շատ-շատ հարգում ու սիրում եմ,- ասաց պարոն Ավետիսյանը,- առավել ևս հարգել ու սիրել եմ նրա երջանկահիշատակ հորը, ում հետ նույն գործարանում ենք աշխատել: Նա այնքան պարտաճանաչ էր, որ չէիր կարող նրա հանդեպ հարգանքով ու սիրով չլցվել: Այդ և շատ այլ հատկանիշներ, հավատացած եմ, Կորյունին փոխանցվել են հորից: Կորյունի աշխատանքն այսօր իմ համագյուղացիները շատ են գնահատում. արդեն որերո՜րդ անգամ է ընտրվում և մրցակից չի ունենում: Դա նրա լավ աշխատանքի, մարդկային լավ տեսակի մասին է վկայում: Բոլորի կողքին կանգնած անձնավորություն է, շրջապատի համար անձնականը չխնայող, ազնիվ զոհաբերության գնացող հրաշալի մարդ: Լճաշենցին բարձր ինտելեկտով ժողովուրդ է, ուստի և նրա ընտրությունն էլ այդ սահմաններում է ու բնավ պատահական չի կարող լինել: Իմ ընկերն է, իմ ողջ հնարավորություններով նրա կողքին կանգնած եմ, ուզում եմ, որ իր գործերը շատ լավ լինեն, քանզի սրտով ու հոգով նվիրված է հարազատ գյուղին: Մեզ շատերիս առաջին հերթին միավորում է ծննդավայրը, հայրենի եզերքը, և բոլորս էլ նրա համար պատրաստ ենք ամեն ինչի: Իմ գյուղը, նրա մարդկանց շատ եմ սիրում: Ցավում եմ, որ գյուղն այսօր խեղճացած է, որ նման վիճակ է մեր երկրում: Ամեն դեպքում, գյուղի նկատմամբ պետք է առանձնահատուկ վերաբերմունք դրսևորել, քանի որ երկրի, պետության զարգացումն սկսվում է գյուղից: Միայն քաղաքը զարգացնելով` սպասված արդյունքի չենք հասնի: Գյուղացու մեջքը պետք է ամրացնել, որպեսզի աշխատի, ստեղծի, երկիրը շենացնի: Ամեն մեկը պետք է իր հնարավորության չափով օգնի հարազատ գյուղին, պարտավորվածություն զգա նրա հանդեպ: Այո՛, ավելի շատ սեր, հոգածություն այն եզերքին, որը քեզ կյանք է պարգևել: Դա ինձ համար առաջնահերթ է ու անչափ կարևոր: Իմ գյուղի կողքին եմ և նրա համար ամեն ինչ սրտով ու հաճույքով եմ անում: Այս դեպքում կարևոր է ոչ այնքան առանձին, կոնկրետ անձը, որքան ծննդավայրը, նրան օգտակար լինելու ձգտումն ու ցանկությունը: Անկախ տվյալ պահի իրավիճակից, մենք պարտավոր ենք նաև մատաղ սերնդի հանդեպ առանձնակի ուշադիր ու հոգատար լինել, մտահոգվել մեր վաղվա օրվա, ապագայի մասին… Մարդուս կյանքն այնքան կարճ է, որ ամեն օրը, ամեն ժամը պիտի իմաստավորել` լավ ու բարի գործեր անելով, մարդկանց աջակից ու օգտակար լինելով…

SHARE