Շանթի նվիրական երազանքները,

0
11
որ սերտորեն առնչվում են հայ մնալու և ազգային ոգին պահպանելու ցանկության հետ…

Սպորտ

       15-ամյա Շանթ Ալոզյանը ծնվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: Մանուկ հասակից շատ է սիրել բասկետբոլը և գրեթե բաց չի թողել այդ մարզաձևի հեռուստացույցով ցուցադրվող որևէ մրցում: Նույնը լսեցինք Շանթի մոր` Զինայի հետ զրույցից: Նա հիշեց, որ երբ դեռ որդուն կրում էր կրծքի տակ, հետաքրքրությամբ ու սիրով հետևել է բասկետբոլի մրցումներին: Անհամբերությամբ է սպասել այն ժամին, երբ կմիացնի հեռուստացույցը և կվայելի այդ հաճույքը: Միգուցե, հենց այդ է պատճառը, որ որդին այդպիսի  ձգտում ունի դեպի բասկետբոլը: Զարմանալի է, բայց` փաստ…
Տիկին Զինայի տեղեկացմամբ, ամեն տարի Շանթի հետ ամռանն այցելում են Հայաստան: Քանի որ այս տարի այդ այցը համեմատաբար երկար ժամկետ ուներ` երեք ամիս, ուստի որոշեցին, որ Շանթն այդ ընթացքում մասնակցի մարզումների: Անդամագրվելով բասկետբոլի Արաբկիրի թիմին, մարզվելուց զատ, նա մասնակցեց հայաստանյան մրցաշարերի և անգամ պարգևատրվեց:
     Հայաստանի բասկետբոլի հավաքականի մինչև 16 տարեկանների գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը տեղեկացրեց, որ Շանթը հաճախել է Արաբկիր վարչական շրջանի թիվ 1 մարզադպրոց, որը բասկետբոլի առումով լավագույն մարզօջախն է մեր երկրում: Այս մարզադպրոցի սաներն էլ հենց հավաքականի կորիզն են կազմում: Շանթը մասնակցել է 1996-97 թթ. ծնվածների Հայաստանի բասկետբոլի առաջնության եզրափակչին, որտեղ ընդգրկված էր 8 թիմ: Հաղթող ճանաչվեց Արաբկիրի թիմը` պարտության մատնելով <<Պոլիտեխնիկ>> ակումբի բասկետբոլի թիմին և արժանանալով ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի հավաստագրին: Շանթը, կարելի է ասել, հարուստ ավարով վերադարձավ ԱՄՆ` և՛ հավաստագիր, և՛ մեդալ: Մարզիչը` պարոն Վաթյանը, խոսելով սփյուռքահայ մարզիկի մասին, ասաց հետևյալը.

    -Շանթը մի փոքր խնդիր ուներ միայն այն հարցում, որ երկար չէր մարզվել թիմի անդամների հետ, ինչը շատ կարևոր է փոխադարձ վստահության ձևավորման առումով: Բասկետբոլը թիմային այն մարզաձևն է, որի դեպքում միասին երկարատև պարապմունք անցկացնելը շատ կարևոր է, որպեսզի դաշտում, խաղի ժամանակ, թիմակիցները կարողանան հասկանալ, վստահել միմյանց: Առհասարակ, պիտի լավ ծանոթ լինես նաև տվյալ մարզիկի կարողություններին, որպեսզի նրա նկատմամբ համապատասխան մոտեցում ու պահանջ դրսևորես: Սակայն, ի վերջո, վճռորոշ պահերին վստահեցի Շանթին, և նա  լիովին արդարացրեց մեր հույսերը: Օգնեց թիմին և իր արժանի մասնակցությունն ունեցավ թիմի հաղթանակում` դառնալով Հայաստանի չեմպիոն: Շանթը տեխնիկապես բավականին պատրաստված է, նկատվում է ամերիկյան բասկետբոլային դպրոցի ազդեցությունը: Ինչպես գիտենք, այնտեղ բասկետբոլը թիվ 1 մարզաձևն է, բոլոր երեխաների սիրելի զբաղմունքը: Քանի որ այնտեղի և մեր երեխաների միջև մտածելակերպի, աշխարհայացքի ու զարգացածության մակարդակի տարբերություն կա, ուստի փորձեցի Շանթի հետ նախ հոգեբանական աշխատանք տանել: Ջանացի, որ նա ընկերանա տղաների հետ, որովհետև, նորից եմ ասում, դա ամենակարևորն է թիմում: Այդ արգելքը, գտնում եմ, շատ շուտ հաղթահարվեց: Հաջորդ տարի կայանալու է տարիքային հիշյալ խմբի պատանիների Եվրոպայի առաջնությունը, և մենք այսօրվանից Հայաստանի հավաքական ձևավորելու, նրանում ընդգրկվելիք լավագույն մարզիկների փնտրտուքի մեջ ենք: Շանթն աչքներիս առաջ է, նրան անպայման ընդգրկելու ենք հավաքականում: Մնում է, որ նա լավ աշխատի: Կարծում եմ, մեր երկրի մարզական պատիվն այնտեղ բարձր կպահենք…
     -6 տարեկանից զբաղվում եմ բասկետբոլով,-ասաց Շանթը:-Այս մարզաձևը շատ եմ սիրում, մասնավոր պարապմունքների եմ հաճախում: Բասկետբոլի Կալիֆոռնիայի թիմի հայտնի մարզիկներին լավ ճանաչում եմ, գիտեմ նրանց կենսագրությունները, ուսումնասիրում եմ նրանց խաղաոճը: Ուզում եմ դառնալ հայտնի բասկետբոլիստ կամ այս մարզաձևի հեռուստամեկնաբան: Մասնակցել եմ մրցումների, արժանացել գավաթների ու գովասանագրերի: Շատ եմ սիրում նաև երաժշտություն: Մտքումս նաև պրուդյուսեր դառնալու ցանկությունն է: Ունեմ շատ ընկերներ: Բասկետբոլն իր հերթին է նպաստել, որ նոր ընկերներ ձեռք բերեմ: Ընկերներով մեր ազատ ժամանակն ավելի շատ տրամադրում ենք բասկետբոլին…
Շանթի մայրը երազում է, որ որդին հայտնի բասկետբոլիստ դառնա, ինչի համար ոչինչ չի խնայում: Նաև ջանք ու եռանդ չի խնայում, որ Շանթը հայեցի դաստիարակություն ստանա և հայ մեծանա, պահպանի ազգային ոգին: Այո, ինչ էլ ուզում է լինի` հավատարիմ մնա հայի իր տեսակին ու նկարագրին: 
    Թեև Շանթը ԱՄՆ-ում է ծնվել, բայց լավ տիրապետում է հայերենին: Շատ է սիրում Հայաստանը, կապված է հայրենիքին: Ընկերասեր է, նվիրված ու բարի…
SHARE