Շարունակել աշխատել

0
12
Ավարտին հասցնել կիսատ գործերն ու նախանշած ծրագրերը…

Բնակավայր

     Էդվարդ Հակոբյանը Արարատի մարզի 4090 բնակչութամբ Մարմարաշեն համայնքը ղեկավարում է դեռևս 1987 թվականից: Այն ժամանակ, ինչպես գիտենք, գյուղ էր, գյուղական խորհուրդ, որի նախագահն էր: 1996-ից համայնքի ղեկավարն է: Առաջիկա` սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրությանն ինքնառաջադրվել է: Անկուսակցական է: 
   -Ցանկությունս է,-նշեց պարոն Հակոբյանը,-շարունակել դեռևս կիսատ մնացած գործերը, շարունակել աշխատել, քանի որ գյուղում բավականին չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրներ կան: Մեծ ծրագիր ունեմ առաջիկա չորս տարիների համար: Առաջնահերթ են գյուղի բարեկարգման խնդիրները: Փողոցների գիշերային լուսավորության գործն է կիսատ մնացել: Նոր կառուցվող մանկապարտեզը պետք է կահավորվի, հարակից տարածքը բարեկարգվի: Օրակարգում նաև դպրոցի վերանորոգումն է, ջեռուցման խնդրի լուծումը: Ոռոգման ներքին ցանցում վերանորոգման, վերականգնման աշխատանքներ պետք է իրականացվեն: Մեր հողատարածքների առանձին հատվածներ ոռոգման ցանցի բացակայության պատճառով չեն մշակվում: Առաջիկա ծրագրերում նաև խորքային հորերի կառուցումն է: Հասարակական տրանսպորտի խնդիր ունենք. եղածը գերծանրաբեռնված է, մայրաքաղաքի հետ կապը դժվարություններ ունի: Ահա, այս խնդիրները կան, որոնք ընթացիկ լուծման կարոտ են: Այդուհանդերձ, չնայած առկա խնդիրներին, նախորդ 25 տարիներին գյուղում բավականին աշխատանք է կատարվել զանազան ծրագրերի շրջանակներում: Նախ` գյուղատնտեսական գործունեության բարելավման առումով: Ոռոգման ներքին ցանցի /կիսախողովակներով/ կառուցման որոշակի աշխատանքներ ենք կատարել: Կառուցել ենք խորքային հոր, որն սպասարկում է մոտ 50 հեկտար հողատարածք: Արդեն 5-րդ տարին է, որ դպրոցում վերանորոգման աշխատանքներ ենք կատարում: Նոր` 100 տեղանոց մսուր-մանկապարտեզ է կառուցվում: 4 տարի շինարարական աշխատանքներ են կատարվում, այս տարի կավարտենք: Փողոցներն ենք բարեկարգել: Գազաֆիկացում ենք անցկացրել: Խմելու ջրի ներքին ցանցն ենք վերանորոգել և նորը կառուցել` մոտ 90 տոկոսով: Խմելու ջրի խնդիր չունենք, ցանցը լավ վիճակում է: Փողոցների գիշերային լուսավորություն ենք անցկացրել, ինչը շարունակվում է: Հաջորդ տարիներին ևս` փուլ առ փուլ: Նոր թաղամասերի փողոցներն ենք բարեկարգել: Աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են, ընթացիկ ծրագրեր ևս ունենք, որոնք պետք է իրականացվեն: Նշեմ, որ չնայած նոր մանկապարտեզի կառուցմանը, այն գործել և գործում է մեկ խմբով` դպրոցի շենքից հատկացված մի քանի սենյակներում: Նորի շահագործման դեպքում արդեն կունենանք 4 խումբ: Նման մանկապարտեզ ունենալու անհրաժեշտություն, ինչ խոսք, կար, քանի որ գյուղն աճում, զարգանում է: Մշակույթի տան շենքը հին կառույց է, արդեն` կիսաքայքայված: Վերանորոգման նախագիծ-նախահաշիվը կազմեցինք, բայց մասնագետ շինարարը խորհուրդ չտվեց վթարային շենքում վերանորոգում իրականացնել: Նորը կառուցելու համար, ինչպես հասկանում եք, հսկայական միջոցներ են հարկավոր, և այդ ուղղությամբ դեռևս ոչինչ չենք ձեռնարկել: Չմոռանամ այստեղ հիշատակել նաև եկեղեցին, որը կառուցվել է 2002-ին` բարերար Սերգեյ Ղազարյանի և նրա ընկերոջ անձնական միջոցներով…

    Համայնքի գործող ղեկավարի համոզմամբ, պահանջվող աշխատանքները պատշաճ կատարելուց զատ, գյուղապետը նաև աշխատասիրություն, նվիրվածություն պետք է ունենա և ջանա անպայման լուծում տալ համայնքի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներին: Ծրագիր ունենալն, անշուշտ, լավ  բան է, բայց հաշվի պիտի առնել, որ այն խելամիտ ու իրատեսական լինի: Ամենակարևորն, ի վերջո, տվյալ ծրագիրը կյանքի կոչելն է, նախատեսածը կատարելը: 
   -Կարծում ենք, որ Ձեր մատնանշած աշխատանքներում իրենց արժանի մասնակցությունն են ունեցել նաև ընկերները, այդպես չէ՞:
     -Առաջին հերթին իմ աշխատակազմն ամբողջությամբ լծված է այդ գործին: Ունեմ նաև մեծ հարգանք համայնքի բնակիչների ու ընկերների կողմից, ովքեր ընդունում ու սիրում են ինձ: Համոզված եմ, որ նաև հավատում են իմ աշխատանքին ու ծրագրերիս իրականացմանը: Ընկերության մեծ բանակ ունեմ: Կանգնած են իմ կողքին: Ընկերներս ինձ են նվիրված, ես էլ` իրենց: Ընկերությունը կյանքի, աշխատանքի, ապրելու իմաստն է: Ընտանիքի հիմքում էլ ընկերության վեհ գաղափարն է: Ընկեր հասկացողությունն ինձ համար շատ մեծ գաղափար է: Երբեք չեմ անտեսում ընկերներիս, ամեն ինչում նրանց հետ կիսվում եմ: Ապրում եմ ընկերներով, ինչը փոխադարձ է: Ընկերներս իրենց ներդրումն ունեն համայնքի զարգացման գործում: Նրանց մասնակցությունը, ներդրումը հատկապես մեծ է եղել գազաֆիկացման իրականացման հարցում: Ընկերներիս միջոցով է, որ շատ աշխատանքներ հաջողությամբ կյանքի են կոչվում: Հանուն համայնքի ու նրա բնակչի ընկերներս շատ հաճախ նաև իրենց պաշտոնեական դիրքն են օգտագործում: Ամենակարևորը մարդկային ճիշտ փոխհարաբերություններ ձևավորելն է: Մարդուն պետք է վստահես, հավատաս, ինչը մեծապես նպաստում է աշխատանքների բարեհաջող կատարմանը: Համայնքում փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ կա: Համոզված եմ, որ մեր բնակիչները այս անգամ ևս վստահության քվե կտան ինձ, քանզի տեսել են ավելի քան 25 տարիների իմ աշխատանքը և հավատում են, որ դեռ էլի շատ բան կարող եմ անել իրենց համար…  
SHARE