Շենացնենք հայրենի հողը

0
26

Չթողնենք այն անմշակ ու անտեր…
Ծննդավայր
    <<Ընկեր լինելը շատ մեծ պարտավորություն է, մեծ հարգանք: Բանաստեղծ, երգահան, աշուղ` անպայման անդրադարձել են այդ թեմային: Քանի երկիր մոլորակը կա, կյանքը շարունակվում է, ընկերությունն իր բարձր տեղը կունենա: Իհարկե` հասկացող, ընկերասեր, մարդասեր անհատի պարագայում: <<Եթե կյանքը չես տեսնում ընկերության մեջ, նշանակում է` ոչինչ չես տեսնում կյանքում>>. սա մեր ընկերության նշանաբանն է: Անիմաստ է առանց ընկեր ապրելը: Վա՜յ այն մարդուն, ով ընկեր չունի: Ընկերը քեզ արյունակից չէ, բայց և այնպիսի կատեգորիա է, որ չես փոխի ոչնչի հետ: Բոլորս էլ մեր կյանքում շրջապատված ենք և՛ հաջողություններով, և՛ անհաջողություններով, և երբ մտածում ես, որ ցանկացած պարագայում ընկերդ կողքիդ է լինելու, ամեն ինչ տանելի ու թեթև է դառնում: Ընկեր ունենալն արդեն իսկ կյանքդ իմաստավորում է: Մարդը պետք է ուտի ապրելու համար, այլ ոչ թե հակառակը: Ընկերությունը լիարժեք է դարձնում հասարակական կյանքը…>>: Այս գնահատականի հեղինակը Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Ստեփանյանն է: Իսկ մեր այն հարցին, թե ինչպիսի ընկերություն է ձևավորված իր և գյուղապետ Հրայր Նիկողոսյանի միջև, հետևյալ պատասխանը հնչեց.
   -Աշխատանքային միջավայրում ես սովորական իր աշխատողներից մեկն եմ, միայն թե այն տարբերությամբ, որ ինձ վրա առավել մեծ պարտավորություն ունեմ: Չէ՞ որ կոլեկտիվի մյուս անդամները պիտի տեսնեն դա, զգան, որպեսզի իրենք ևս առավել պարտավորվածությամբ լծվեն իրենց պարտականությունների կատարմանը: Հրայրի հետ ենք մանկուց, մեզ 45 տարվա մտերմություն է կապում: Եղել են մեր կյանքում և՛  մակընթացություններ, և՛ տեղատվություններ, բայց, համենայնդեպս, մեզ հաջողվել է շուրջ 20 ընկերներով ամուր պահել փոխադարձ կապը: Եթե միառժամանակ իրար չենք տեսնում, միմյանց կարոտում ենք: Մենք լավ ընկերներ ենք ցանկացած պահի: Ուրիշների համար ևս, ովքեր կարողանում են մեզ հետ ընկերություն անել: Հրայրը այնքան ընկերասեր է, այնպիսի մեծ հոգու տեր անձնավորություն, որ նրա հետ ընկեր լինելն առավել քան պարտավորեցնող է: Գյուղում մեծ հարգանք ու հեղինակություն ունի և պատահական չէ, որ 10 տարուց ավելի ղեկավարում է համայնքը: Ընկերոջ հետ ընկեր է, մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր: Ունի այն, ինչ պետք է համայնքի ղեկավար լինելու համար: Արժանի ղեկավար է, իր տեղում: Դա էլ ստեղծում է բարերար այն միջավայրը, որ տրամադրում է մարդուն լավ ու բարի գործերի: Ընկերությունն, ինչ խոսք, շաղկապված է այդ ամենին: Արդեն 50-ի մոտ ենք, բայց մեր ընկերներով մինչ օրս էլ միասին ենք գնում շատ միջոցառումների: Հրայր Նիկողոսյանը, Ավետիք Եղիազարյանը, Ռաֆիկ Ստեփանյանը, Կամո Գասպարյանը և էլի շատ ընկերներով միասին ենք, անբաժան: Անկախ ամեն ինչից, մանկական ընկերությունը շարունակում ենք նաև հասուն տարիքում: Մեզ կապողը կարոտն է: Միմյանց պահանջ զգում ենք` որտեղ և ինչ շրջապատում էլ լինենք: Այս ամենը գալիս է փոքրուց, ինչը բացատրություն չունի: Մեր մեջ ավելի շատ խոսում է, արտահայտվում <<մենք>>-ը, քան ես, դու, նա-ն…Հաստատ է մի բան, որ արդեն, այս տարիքում բաժանում չկա, չի կարող լինել մեր միջև: Միայն շարունակություն ունի` որքան Աստված կամեցել  ու կյանք է պարգևել մեզ: Ցավոք, մեր ընկերներից Վարդանը, Սաքոն վաղաժամ են հեռացել կյանքից, բայց մեր ընկերությունը շարունակվում է նրանց զավակների ու ընտանիքների հետ: Մեր ընկերներին երբեք նեղ վիճակում միայնակ չենք թողել: Նման իրավունք մեզ, պարզապես, տրված չէ: Սա իրողություն է, անհերքելի փաստ, ինչին տեղյակ են բոլորը: Հարցրեք գյուղում և կասեն Հրայրի, Նորայրի, Ավոյի, Կամոյի, Մհերի և մեր մյուս ընկերների անբաժան կապի ու հարազատության մասին: Մեր ընկերությունը մեզ լիարժեք կյանքով ապրելու հաճույք է պարգևել: Մեր լավը փոխանցվել է գյուղին, հասարակությանը, մեր շրջապատին ու մարդկանց: Լավ օրինակ ենք ծառայում, մեր վարքագծով կանխում շատ ու շատ անցանկալի երևույթներ: Մարդկանց, ժողովրդի վստահությունը երբևէ չենք չարաշահի, կծառայենք այնքան, որքան ցանկություն և պահանջ կլինի: Համայնքում ստեղծված բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է: Հրայր Նիկողոսյանն այստեղ իր մեծ բաժինն ու ներդրումն ունի` նվիրվածության, գործելակերպի ու պահվածքի շնորհիվ: Դիմացինին մարդավայել է վերաբերվում, մտնում նրա դրության մեջ և պարտադիր օգնում հնարավոր ամեն ինչով: Հաշմանդամներին արդեն 10 տարի գյուղապետարանն իր նպաստն է հատկացնում` ամսական 5-հազարական դրամ: Պետական բուհերի մեր գերազանցիկ ուսանողներից յուրաքանչյուրին 100 հազար դրամի չափով խրախուսում ենք, իսկ ավագ դպրոցի գերազանցիկ  աշակերտներին 50-հազարական դրամ պարգևավճար հանձնում: Հոգում ենք նաև սոցիալապես անապահովների բուժման ծախսերը: Համայնքապետարանի օգնությունը, կարելի է ասել, անխտիր բոլորին բաժին է հասնում: Ցավալի է, բայց փաստ` գյուղացին այսօր լավ վիճակում չէ, իր դառը չարչարանքի դիմաց չնչին փոխհատուցում է ստանում, առանց չափազանցության` բանկերի գերին է դարձել…

  -Իրոք, այդքան ծա՞նր է գյուղացու վիճակը, և ստեղծված իրավիճակից ինչպիսի՞ ելք եք տեսնում:
  -Դեռ սերմը հողին պահ չտված, այդ սերմի փողը բանկից վերցված է: Գյուղացու աչքը Բարձրյալին է` կլիման, եղանակը հաջող լինի, բերք ստանա: Գյուղացին օգնության կարոտ է. այսպես է գրեթե բոլոր համայնքներում: Գաղտնիք չէ` զարգացած է այն պետությունը, որտեղ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը զարգացած են, առանց դրա անիմաստ է որևէ հաջողություն ակնկալել: Արամուսն էլի մայրաքաղաքին մոտիկ է, ուստի,   համեմատաբար, լավ վիճակում ենք, քանզի զբաղվածության խնդիրը փոքրիշատե լուծված է: Մի 5 տարի առաջ Արամուսից գրեթե արտագաղթ չկար, սակայն այսօր արդեն փակ դռներ կան, երիտասարդներին պահել չես կարող: Առաջվանը չէ, միայն գազար մշակելով չես կարող ապրել: Վերջանում է գազարը` դիմում են նորին գերազանցություն … բանկին: Արամուսցին շատ աշխատասեր է, բայց այդքան աշխատելով հանդերձ` էլի բանկերի գերին է դառնում: Թեև լավ է, որ մարդը կարող է գումար վերցնել, սակայն ճիշտ կլիներ, եթե այդ գումարը վերցներ ֆերմերը, ով բիզնեսն ընդլայնելու նպատակ ունի, այլ ոչ թե գյուղացին` տնամերձը մշակելու համար, այսինքն` հանուն գոյատևման: Թեև կառավարությունը պարարտանյութի, վառելանյութի և դեղորայքի որոշ քանակով օգնում է գյուղացուն, բայց դա խնդրի լուծում չէ: Լուծման բանալին աճեցրած բերքի իրացումն արդյունավետ ու շահավետ իրացնելու մեջ է: Մենք մեր հնարավորությունների սահմաններում աջակից ենք գյուղացուն, նա մենակ չէ:
   -Ի՞նչ կասեք արված գործերի, իրականացված ծրագրերի մասին:
  -2002-ին, երբ պարոն Նիկողոսյանն ստանձնեց համայնքի ղեկավարումը, շատ խնդիրներ կային: Գյուղում խմելու ջրի ընդամենը երկու աղբյուր կար: Այսօր ապահովված ենք խմելու ջրով, բնակարաններն անգամ առանձին ջեռուցում ունեն: Գազաֆիկացում կար, բայց այն ստորգետնյա էր: Գագիկ Ծառուկյանն այդ հարցում մեզ շատ մեծ օգնություն հատկացրեց` տրամադրելով գրեթե պահանջվող ողջ խողովակները: Ներկայումս մոտ 100 տոկոսով գազաֆիկացում ունենք, ինչը վերջին 10 տարում է արվել: Ոռոգման համակարգում մեծ ներդրումների անհրաժեշտություն է զգացվում` խողովակները պիտի փոխվեն: Ջուրը կա, բայց լիարժեք տեղ չի հասնում: Գյուղապետարանի միջոցներով դպրոցի պատուհաններն են փոխվել, մի քանի դասասենյակ ենք կարգի բերել` դարձնելով ցուցադրական: Սեպտեմբերին դպրոցում նոր ջրագիծ ենք անցկացրել: Կրթօջախը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Լիարժեք գործում է մշակույթի տունը` իր բոլոր խմբակներով: Նշեմ հատկապես պարի խումբը: Գործում է երաժշտական դպրոց: Մեր ուշադրությունը մշակութային կյանքի զարգացմանն առանձնահատուկ է: Ունենք ֆուտբոլի 2 թիմ, որոնք գործում են մեր աջակցությամբ: Նաև` վոլեյբոլի թիմ: Գյուղապետարանի աջակցությամբ, բարերարների որոշակի ներդրումով նորոգեցինք և հոկտեմբերին վերաբացեցինք Սուրբ Հակոբ եկեղեցին: Առաջիկայում մանկապարտեզի հարցը պիտի լուծենք: Թեև Տիգրանաձորի և Ազատամարտիկների խճուղին լուսավորված է, բայց մյուս փողոցների լուսավորման հարցը ևս պիտի լուծվի: Ճանապարհների ասֆալտապատման խնդիր ունենք: 8-րդ թաղամասը պիտի գազաֆիկացվի և այլն: Մեկս մեկի աջակցելով` պիտի կարողանանք ոտքի կանգնել և մեր երկիրը զարգացնել: Շենացնենք հայրենի հողը, չթողնենք այն անմշակ ու անտեր: 
   -Պարոն Ստեփանյան, որպես լավ ընկերոջ Արամուսի գյուղապետին ներկայացրել է Գեղաշեն համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: Նաև` ցանկություն հայտնել Հրայր Նիկողոսյան ընկերոջ մասին կարդալու <<Ընկեր>>-ի էջերում: Ի՞նչ կասեք այդ ընկերության մասին: 
   -Արթուրը մեր լավ ընկերն է: Իրոք, լիարժեք անձնավորություն է ամեն առումով: Նրան կարելի է անվերապահորեն վստահել: Բանիմաց է, մարդու տրամադրության մեջ մտնող, հրաշալի անձնավորություն: Նրան սիրում ու հարգում են Գեղաշենում: Մինչև գյուղապետ ընտրվելն էլ մտերիմ էինք: Ապա այդ կապն ավելի սերտացավ և այդպես ջերմ էլ շարունակվում է: Երկու համայնքների ղեկավարների ընկերության շնորհիվ առավել սերտացել են Արամուսի ու Գեղաշենի հարաբերությունները: Գեղաշենցիների հետ շատ լավ ընկերություն է ստեղծված: Անհրաժեշտության դեպքում հասնում ենք միմյանց, իրար ձեռք մեկնում: Այս ամենը շատ լավ խթան է` փոխադարձաբար նպաստելու երկու համայնքների զարգացմանն ու առաջընթացին…
SHARE