Շեն ու բարեկեցիկ Դրախտիկ

0
26

Այսպիսին են տեսնում գյուղի ոչ հեռու ապագան նրա բնակիչները…

Բնակավայր

     Վալենտին Պետրոսյանը Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքը ղեկավարում է 2010 թվականից: Ամենակարևոր գործը, որ ընտրվելուց հետո կատարվեց, գերեզմանատան տարածքն ամբողջությամբ ցանկապատելն էր: Այդ գործն իրականացավ համայնքի բյուջեի և անձնական միջոցների ներդրմամբ, աշխատանքներում ներգրավվեցին նաև համայնքի բնակիչների ուժերը: Նախկինում անասուններն անցնում էին գերեզմանատան տարածքով, ինչը, հասկանալի է, անցանկալի ու տհաճ իրավիճակ էր ստեղծում: Հաջորդ աշխատանքը` գյուղամիջյան ճանապարհներն ամբողջությամբ փոսալցվեցին ու խճապատվեցին: 50 ավտոմեքենա խիճ տեղափոխվեց այդ նպատակով: Թաղամասեր կային, որոնց ճանապարհներն ուղղակիորեն անանցանելի էին, ինչը ներկայումս չես հանդիպի: 
      Մեկ թաղամասի, ինչպես մեզ հետ զրույցում նշեց պարոն Պետրոսյանը, գազաֆիկացում են իրականացրել: Մարզպետարանի աջակցությամբ համայնքային կենտրոն են կառուցում, որի ավարտին դեռևս որոշ աշխատանքներ են մնում: Փուլ առ փուլ արվում են աշխատանքները, և մինչև հաջորդ տարեվերջ կենտրոնը պատրաստ կլինի: Հանդիսությունների համար սպասք,  սեղաններ են ձեռք բերվել և անվճար տրամադրվում են բնակիչներին: Մտադիր են այդ արարողությունների անցկացման համար համապատասխան տարածք ձեռք բերել` էլի մարդկանց հոգսը թեթևացնելու նպատակով: 

   Գյուղի եկեղեցու շրջակա տարածքը Վ. Պետրոսյանն անձնական միջոցներով ցանկապատել է: Կենտրոնական փողոցում /3 կմ/ գիշերային լուսավորություն է անցկացվել. այդ ծրագիրը պետք է  շարունակվի և ընդգրկի մնացած փողոցները ևս: Մանկապարտեզ չունեն: Այն ունենալու ծրագիրն ընթացքի մեջ է: Մասնավորապես, նախատեսում են եղած շինությունը վերանորոգելուց հետո, 2015 թ., մանկապարտեզը գործի գցել:
  1057 բնակիչ ունեցող Դրախտիկում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Բնակիչ-գյուղապետ փոխհարաբերությունները փոխադարձ հարգանքի ու վստահության հիմքի վրա են կառուցված: Ըստ Պետրոսյանի, համայնքը ղեկավարելիս առաջին հերթին կարևոր է ժողովրդի նկատմամբ մարդկային վերաբերմունքի ապահովումը: 
  Հունիսի 8-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությանն առաջադրել է թեկնածությունը, որպեսզի, առաջին հերթին, կիսատ գործերն ավարտի հասցնի, ապա նոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն ստանա: Վերընտրվելուց հետո առաջնահերթ ձեռնամուխ կլինի խմելու ջրի խնդրի լուծմանը: Կան թաղամասեր, որ զրկված են խմելու ջրից: Նոր ջրագծեր պետք է անցկացվեն, հները վերանորոգվեն կամ փոխարինվեն նորերով: Հաջորդը` մանկապարտեզի գործարկումն է: Համայնքը մեկ ընտանիքի պես է, բոլորն էլ իրար լավ ճանաչում են, այնպես որ, գործող գյուղապետը վստահ է, որ իր արածն ու ջանքերը կգնահատվեն և դարձյալ կարժանանա համագյուղացիների քվեին: Ունի մեկ մրցակից: 
   Խնդիրներ առաջանալիս իրենց աջակից է Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանը: Համայնքների ղեկավարների կողքին կանգնած է: Իրենց կողքին նաև ընկերներն են: Առանց ընկերության, Վալենտին Պետրոսյանի համոզմամբ, ոչինչ չի լինի, բոլոր հարցերում էլ ընկերներն աջակից են: Խելացի, հասկացող մարդը կարող է նրա ընկերը լինել: Մարդը միշտ իր չափի մեջ պետք է լինի. <<Ես մանկությունից եմ ընկերասեր եղել, առանց ընկերության չեմ կարող: Մեծ ընկերություն ունեմ, և դա ինձ համար ամենակարևորն է: Ե՛վ համայնքի ներսում, և՛ նրա սահմաններից դուրս ընկերներ ունեմ…>>: 
  Հավելեց, որ համայնքի բնակչին է նաև ընկեր, անձնական միջոցներից օգնում է յուրաքանչյուրին: Նաև համայնքի միջոցներն ու հնարավորություններն է օգտագործում կարիքավոր ու անապահով ընտանիքներին ձեռք մեկնելու համար: Ֆինանսապես օգնում են ծնունդների, մահվան դեպքերում: 
  Ինչպես նշեցին գյուղապետարանի աշխատակիցները, իրենց ղեկավարը խելացի է, բանիմաց, աշխատասեր, ընկերասեր, մարդկային: Գյուղի համար անում է անգամ անհնարինը, որպեսզի մարդկանց կյանքը փոքրիշատե բարելավվի: Արտագաղթ այստեղից չկա, ընդհակառակը, մարդիկ ձգտում են գալ, Դրախտիկում ապրել, քանի որ և՛ հարմար դիրքում է գյուղը, և՛ մարդիկ են լավ ու հյուրընկալ…      
SHARE