Շռայլ տաղանդի տեր անհատը,

0
36

որ ընկերական կապերի ամրապնդման բացառիկ շնորհի ու ունակության տեր է…
Սրտի խոսք

    Պետք է ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ է և նաև պատասխանատվություն` խոսելու նման պատկառելի մարդու մասին, ինչպիսին Եփրեմ Թադևոսյանն է: Հոբելյարին ուղղված իմ երախտագիտության խոսքերը ներառել եմ հետևյալ տողերի մեջ…
    Եփրեմ Բագրատիչի կյանքն ու գործը, նվիրվածությունը կոմունիստական գաղափարներին` զարմացրել ու հիացրել են ինձ: Որդեգրած գաղափարներին նվիրվածությունը հատկապես դրսևորվեց ու անխաթար մնաց Խորհրդային Հայաստանի փլուզման տարիներին, երբ շատերը հեռացան իրենց որդեգրած գաղափարներից, փաստորեն, ասել է թե, հրաժարվեցին իրենց իսկ սեփական կենսագրությունից` ձգտելով քաղաքական ու նյութական ապահովության: Իհարկե, հանձին Եփրեմ Թադևոսյանի, շատ-շատերը հավատարիմ մնացին իրենց դավանանքին ու հարազատ կոմունիստական  կուսակցությանը և այսօր էլ պատրաստ են տեր կանգնելու իրենց վաղեմի նվաճումներին: Խորին հարգանք եմ տածում այդ մարդկանց նկատմամբ, մասնավորապես` Եփրեմ Թադևոսյանի, ճշմարիտ կոմունիստի, ով որպես քաղաքացի առանձնանում է իր ազնվությամբ ու բյուրեղյա անաղարտությամբ: Մարդ, ով  մարդասիրության ու բարեպաշտության քարոզիչ է, ստեղծարար աշխատանքի ջատագով, մարդ, ով մշտապես իր կուսակցության ու ժողովրդի հետ է,  կարիքավորի աջակիցն ու ձեռք մեկնողը, արժեքները վեր հանողն ու գնահատողը:

    Դրա վառ ապացույցը օրերս Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում Թադևոսյանի  մտերիմ ընկերոջ` հուշարձանների քայլող հանրագիտարան, պատմաբան ու հնագետ  Համբարձում Կարապետյանի <<Վայոց ձորն ու նրա հուշարձանները>> գրքի շնորհանդեսն էր, որին անձամբ մասնակցություն ունեցա:  Գիրք, որը որպես հուշարձան, կյանքի կոչվեց, ընթերցողի սեղանին դրվեց Եփրեմ Բագրատիչի անմիջական միջամտությամբ ու մեկենասությամբ: Սովորույթի համաձայն, հայրենի եզերք այցելելիս, Թադևոսյանն անպայման լինում է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, որտեղ ամփոփված են իր նախնիների հազարամյակների պատմության բազում մասունքներ: Իր այցելություններից մեկի ժամանակ թանգարանի աշխատակիցները տեղեկացնում են, որ թանգարանին ի պահ է տրված Վայոց ձորի պատմական հուշարձաններին նվիրված  Համբարձում Կարապետյանի ուսումնասիրությունը: Երբ ձեռքն է առնում մեքենագիր օրինակը, թվում է` բարեկամի սիրտն է տրոփում ափերի մեջ, թվում է` ընկերն է իր առջև` հպարտ ու գոհ հայացքով, որ ահա այսպիսի գրավոր հուշարձան է կանգնեցրել իր հայրենի հուշարձաններին: Գիտակցելով, որ այդ ծանր ու արժեքավոր գործի գնահատականը դեռ կտան պատմաբաններն ու հնագետները, ընթերցողները, ձեռնամուխ եղավ գրքի տպագրմանը: Դրանով ոչ միայն իր պարտքը կատարելով ընկերոջ նկատմամբ` հավերժացնելով նրա անունը, այլև իր սրբազան պարտքն է համարում ճանաչել ու գնահատել տալ մեր հանճարեղ նախնիներին, հասկանալ տալ, թե ինչ հարստություն են նրանք ժառանգել հետագա սերունդներին, ինչ գանձեր են այսօր ներկայացվում հայրենական ու համաշխարհային ճարտարագիտությանը, ինչպես նաև  փակ դարակներից հանել նորերի ուսումնասիրությունը, որոնք այլևայլ պատճառներով մնացել են անտիպ: Եփրեմ Բագրատիչին հաջողվում է հաղթահարել բոլոր դժվարությունները,  առողջական լուրջ խնդիրներ ունենալու պարագայում անգամ, կարճ ժամանակում գիրքը դնել վայոցձորցիների սեղանին: Իր այդ նվիրական արարքով օրինակ դառնալ բոլորիս համար` ասելով, որ հայրենասիրությունն ու ընկերասիրությունը հենց այսպիսի նվիրական գործերով են պայմանավորված: 
    Երբ առաջին անգամ ծանոթացա իր պարտքի ու պատասխանատվության  պատվանդանին կանգնած այս պատկառելի մարդու, մեծ հպարտություն ապրեցի, որ մեր օրերում էլ դեռևս կարող ես հանդիպել մասունք դարձած այս տեսակի մարդու հետ: Մարդ, ում սերը հայրենի եզերքի նկատմամբ անսահման է ու վարակիչ: Ապրելով Երևանում, երբեք չի մոռացել իր ծննդավայր Խաչիկ գյուղը: Կապը չի խզել Եղեգնաձորից, մշտապես այցելում է, առաջարկում իր օգնության ձեռքը, օգնում` ինչով կարող է: Զարմանում ես: Գրեթե 20 տարի է` մարդը չի աշխատում, բայց կարողանում է օգնել, աջակցել բոլորին` երբեք չսպասելով, որ իրեն դիմեն, ինքն անձամբ իր օգնությունը կառաջարկի և դա այնպես կանի, որ դիմացինը երբեք իրեն վատ չզգա: Դրանում է, այո, նրա մեծությունը: Իհարկե, խոսքը միայն նյութականի մասին չէ: Իր կապերը, շրջապատը, ունեցած հեղինակությունը գործի դնելով, կարողանում է օգտակար լինել մարդկանց: Իսկ սա նշանակում է, թե ինչ հարգանք ունի  և թե նաև ինչ հարգանքի է արժանի Եփրեմ Թադևոսյանը: Իսկ հարգանքը ձևավորվում է ճիշտ ապրելակերպի, ճիշտ վերաբերմունքի, սկզբունքներին անդավաճան մնալու արդյունքում: Այս առաքինի մարդը, ով օժտված է բնածին խելքով և առասպելական ուժ ունի, իր նախաձեռնությամբ աշխատանքի դիմում երբեք չի գրել: Պարզապես, հաշվի առնելով նրա բնատուր տաղանդն ու ընդունակությունները` առաջարկել են համապատասխան աշխատանքներ: Ավարտելով միջնակարգը` անվարան նետվեց խորհրդային մեծագործությունների հորձանուտը, քայլեց ոչ դյուրին ճանապարհներով, հարազատ երկրի ամենատարբեր բնակավայրերում գտավ բարեկամներ, գործընկերներ, համախոհներ: Ստանալով բարձրագույն կրթություն` պաշտպանեց թեկնածուական թեզ, դարձավ դասախոս, բուհի ռեկտորի տեղակալ, կուսշրջկոմի երկրորդ քարտուղար: Նրա կերպարը քաղաքական ու քաղաքացիական հասունացման, կոփվածության ու դաստիարակվածության, որդեգրած գաղափարներին նվիրվածության վառ օրինակ է: Իր ծնողներից, հարազատներից, բարեկամներից ժառանգելով պատվասիրություն, հայրենիքին անմնացորդ ծառայելու ջատագովություն, Եփրեմ Թադևոսյանը հասկացել է, որ ընկերությունն ու բարեկամությունը մարդկային ուրախության անկյունաքարն են, որ ամենամեծ հաճույքը ընկերներին հանդիպելն է, ամենամեծ դառնությունը` ընկեր ու բարեկամ կորցնելը: Հարկավ, մարդն ապրում է ոչ միայն հացիվ, այլև ընկերության, ընկերական առնչություններով, ընկերական փոխըմբռնումով, բաժանելու ուրախությամբ: Յուրաքանչյուրն իր սեփական փորձն ու պատկերացումն ունի ընկերության մասին և կարող է իր դատողություններն անել: Այնուամենայնիվ, լինում են ընկերության այնպիսի օրինակներ, որոնք հազվագյուտ են և առանձնանում են իրենց եզակիությամբ և մարդկային մտերմության նոր ու անհայտ գույներով: Այդպիսին է Եփրեմ Բագրատիչի ընկերությունը: Նրա ընկերական կապերի այդ բացառիկ ջերմությունը բացատրություն չունի: Երբ խոսք է գնում իրական ընկերության և ընկերոջ մասին, անմիջապես, որպես մեծագույն ընկերոջ, Եփրեմ Բագրատիչն է միտքդ գալիս: Նա ընկեր է բոլորիս համար, իր ընկերությունը կտանի մինչև վերջ և մեծ նվիրումով: Այստեղ տեղին է ասել` ընկերությունը ծառի նման է, պիտի խնամես, որ բերք տա, ու բերքն էլ համով լինի: Այս խորհրդով է առաջնորդվում մեր մեծ ընկերը: Մարդկանց հետ շփվելու տաղանդը Աստվածատուր շնորհ է, Եփրեմ Թադևոսյանը շռայլորեն է օժտված այդ տաղանդով: Շատ հեշտությամբ է ծանոթանում մարդկանց հետ, միանգամից գրավում նրանց, շատ բարյացակամ վերաբերվում բոլորին: Նրա հատկանիշներից են բարձր պատասխանատվությունն ու բարեխղճությունը: Օժտված է մարդկանց ճանաչելու մեծ շնորհով: Շատ արագ կարող է տալ տվյալ անձնավորության գործնական և մարդկային հատկանիշների գնահատականը: Կարողանում է օգտագործել մարդու դրական կողմերը և կանխել բացասականների դրսևորումը, չի կարող տանել սուտը, կեղծիքը, բամբասանքը, իսկ նշածս բազմաթիվ դրական հատկանիշները ձևավորել են նրա բարի համբավը: Եփրեմ Թադևոսյանն օժտված է զորեղ զգացմունքներով: Կարողանում է իր շուրջը համախմբել ու առաջնորդել մարդկանց: Մարդկությունը զարգանում է միմիայն ի շնորհիվ նման մարդկանց:  
   Եփրեմ Բագրատիչի` մեծանուն մարդու, վերոնշյալ հատկանիշները կարող են շատ լավ օրինակ դառնալ ներկայիս երիտասարդության համար` կյանքում կայանալու և ճիշտ մարդ դառնալու տեսանկյունից:
    Հարգելի Եփրեմ Բագրատիչ, ինձ հրաշալի առիթ է ընձեռվել արտահայտելու այս խոսքերն ու այն ջերմ զգացմունքները, որ ամփոփված են բոլորիս սրտերում: Դուք ազնվագույն հայի կերպար եք: Հրաշալի ու նվիրական ընկերոջ օրինակ: Շնորհավորելով Ձեր ծննդյան 75-ամյա հոբելյանը, ցանկանում եմ գալիք տարիները զարդարեք Ձեր ներկայությամբ: Հարստացնեք Ձեր իսկ ստեղծած մարդկային արժեքային համակարգով: Հպա՛րտ եմ, որ կաք: Շնորհակա՛լ եմ, որ կաք: Դուք բոլորի՛ս եք հարկավոր: Մենք բոլորս Ձեզ շատ սիրում ենք: Բոլորիս ցանկությունն է ապրեք առողջ:
       Կրկին անգամ ծնունդդ շնորհավոր, սիրելի հոբելյար, սիրելի ընկեր` Եփրեմ Թադևոսյան:
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE