Ո՛չ թուրքական բանջարեղենին

0
66

Դրա <<ներխուժումը>> Հայաստան մեծ վնաս է տեղի արտադրողին ու սպառողին…

Խելամտություն

watermarked_Ararat Darakert Xukas Simonyan

 – Արարատի մարզի Դարակերտ համայնքը ղեկավարում եմ 2000 թվականից, ասաց Ղուկաս Սիմոնյանը: Այդ ընթացքում լուծվել են բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, ոռոգման ջրի խնդիր գրեթե չունենք: Համակարգն ինքնահոս է: Ներտնտեսային ցանցի 11 կմ հատվածը վերանորոգվել է <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով և համայնքի ներդրումով: Մայրաքաղաքին մոտիկ համայնք է, ինչն էլ նպաստում է, որ մարդիկ կարողանան զբաղվածության հարցը որոշակիորեն լուծել և աճեցրածը համեմատաբար հեշտ իրացնել: Միայն թե ամեն տարի այս սեզոնին խնդիր է առաջանում: Մեր բնակիչների հիմնական զբաղմունքը վաղահաս կարտոֆիլի, լոլիկի և վարունգի մշակությունն է: Ջերմոցային տնտեսություններն են թափ հավաքում: Այստեղ զարգացման հիմնական խոչընդոտ մնում է թուրքական բանջարեղենի ներկրման հանգամանքը: Բանն այն է, որ թուրքականը, որակապես զիջելով հայկականին և ցածր ինքնարժեք ունենալով, շուկայում վաճառվում է էժան` հաճախ նաև տեղական ներկայացվելով: Այսպիսով, անհավասար, անարդար մրցակցություն է առաջանում, որից տուժողը մեր գյուղացին է: Ջերմոցատերերն իրենց արդարացի բողոքի ձայնն են բարձրացնում` դիմելով կառավարությանը, որպեսզի տեր կանգնի տեղի արտադրողին և արգելի /գոնե այս սեզոնին/ թուրքական բանջարեղենի ներկրումը Հայաստան: Ինչի՞ Թուրքիայից ներկրել, երբ մեր արտադրողն ինքը կարող է ապահովել տեղի շուկան, ընդ որում` որակյալ գյուղմթերքով: Հարկ է ամեն գնով դրա դեմն առնել` ի շահ մեր երկրի, մեր տնտեսության և մեր բնակչության: Մենք մերը բնական եղանակով ենք աճեցնում` երաշխավորելով դրա որակական բարձր հատկությունները, իսկ հարևան երկրում այդ ամենն արհեստական ճանապարհով է ստացվում, թունաքիմիկատների և վնասակար այլ նյութերի ու տեխնոլոգիաների գործադրմամբ: Խելամիտ լինենք և ազգովի <<ո՛չ>> ասենք թուրքական անորակությանն ու վնասակարությանը…
Շարունակելով զրույցը, պարոն Սիմոնյանն ասաց, որ 1980ից գյուղատնտեսության ոլորտում է, աշխատել է բրիգադավար, գյուղատնտես, սովխոզի տնօրեն: Պետությունը նախկինում լրավճարներ էր հատկացնում այս ոլորտին, ուստի դրա եկամտաբերությունն ապահովվում էր: Այսօր, ըստ էութան, գյուղացին մենակ է մնացել իր դարդ ու ցավի հետ` բանկային տոկոսները շալակին: Այդուհանդերձ, տեղից արտագաղթ չկա, քանի որ շատ են կապված հողին և այն առավելագույնս են օգտագործում: Երիտասարդությունը ևս գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, քանզի եկամուտը քիչ չէ:
Նշենք, որ համայնքի ղեկավարի ձեռքբերումներն ակնհայտ են: Մանկապարտեզ հիմնելու նպատակով համայնքապետարանը ժամանակին ձեռք բերեց խանութի շենքը: Այն արդեն 11 տարի իրենց ուժերով գործում է, ապահովված է անհրաժեշտ պայմաններով, հաճախում է մոտ 100 երեխա: Մանկապարտեզի շենքային պայմաններն ընդարձակելու անհրաժեշտություն է առաջացել: Այս խնդրով դիմել են ՀՀ նախագահին` հույս ունենալով նրա միջնորդությամբ լուծել նաև մշակույթի տան հարցը: Աժ պատգամավոր Մուրադ Մուրադյանի աջակցությամբ արդեն 20 մլն դրամ հատկացրել են դպրոցի վերանորոգմանը: Դռներն ու պատուհաններն ամբողջությամբ փոխվել են, մարզադահլիճն ու տանիքն են վերանորոգվել, ջեռուցման հարցն է լուծվել: Գյուղը խմելու ջրով ապահովված է, ներքին ցանցը 4 տարի առաջ է, 60 տոկոսի չափով, վերականգնվել: Համայնքի ուժերով 5 փողոց լուսավորվել է:
Պետք է աշխատել և հավատով լցվել` այս սկզբունքով է առաջնորդվում համայնքապետ Ղուկաս Սիմոնյանը: Նրա համոզմամբ, համայնքի ղեկավարը պետք է ազնիվ ու բարոյական բարձր նկարագրի տեր անհատ լինի, իր գործունեության մեջ զանազանի առաջնայինը երկրորդականից, զերծ մնա բնակիչների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելուց: Ամեն ոլորտ պետք է նրա ուշադրության տեսադաշտում լինի և, առհասարակ, կանգնի ժողովրդի կողքին: Այս դեպքում ժողովուրդն էլ իր ղեկավարի կողքին կլինի, և փոխվստահության դեպքում հաջողություններն ապահովված են: Համայնքի բյուջեն կատարում են 100 տոկոսով, եղած միջոցները նպատակաուղղում գյուղի զարգացմանը:
Դարակերտի բնակիչները 1946ին հայրենադարձվել են Սիրիայից: Բնակչությունը շատ միատարր է, բոլորն էլ իրար բարեկամ, ընկեր ու հարազատ են: Միասնական են ու համախմբված: Ղ. Սիմոնյանի գնահատմամբ, որտեղ ազնվություն, այնտեղ էլ` ընկերություն: Իսկ ընկերության դեպքում արդեն մարդկությունն անպակաս է: Սա որ եղավ, համայնքը ղեկավարելն էլ կհեշտանա. <<Մեր տարածաշրջանի 78 համայնքների քաշող ուժն եմ` ընկերության առումով: Այն ամեն լավը, որ ունեմ, փոխանցում եմ հարևան համայնքներին, իմ հերթին նպաստում դրանց առաջխաղացմանը: Մարդիկ հավատում են ինձ, իմ փորձը ներդնում իրենց մոտ, և արդյունքն ակնառու է դառնում: Ամբողջ մարզով մեկ այդ ընկերության համար գնահատում են: Լավ եմ զգում դրա համար, հաճելի է վստահության արժանանալը, հարգանք ու հեղինակություն վայելելը: Պիտի հարգես, որպեսզի նույնը նաև քեզ վերադարձվի…>>: