Ո՛վ ավելին

0
43

<<Ընկեր>>-5

David GasparyanԸնկերոջ իրավունքով ու պարտականություններով շնորհավորում եմ իմ մանկահասակ <<Ընկեր>>-ի 5-ամյակը: Ինձ լավ եմ զգում, որ իմ տարիների հեռվից կարող եմ ընկերություն անել թոռներիս տարեկից մեկի հետ, ով ոչ միայն ընկերություն անելու շենք ու շնորհք ունի, այլև ընկերությունը պահել-պահպանելու ուժ և հմտություն: Ուստի ուզում եմ 5-ամյա այս <<Ընկեր>>-ին, ինչպես իմ թոռներին, իր վազքի պահին գրկել, թռցնել օդ, թուշը պաչել, գլուխը շոյել և հարցնել. <<Ո՞նց ես, ցա՛վդ տանեմ>>: Այստեղ են ասում, որ սերը տարիք չի ճանաչում, իսկ սիրո բարձրագույն արտահայտությունը ընկերությունն է:

Ծանոթ եմ <<Ընկեր>>-ի համարներին. անցած տարիներին ուրվագծվել են թերթի կառուցվածքն ու ուղղվածությունը: Հոդվածներով, հարցազրույցներով, լուսանկարներով ներկայացվել են դեմքեր, մեծարվել են մարդիկ, արծարծվել են հարցեր և աչքի առաջ ընդլայնվել է ընկերության շրջանակը` դարձել հայրենիքին նվիրված զորություն: Այստեղ թե՛ երեկվա ազատամարտիկներն են, թե՛ այսօրվա բարեգործները և թե՛ հայրենիքն իրենց գրով ու երգով շենացնողները:

– Իմ համոզմամբ <<Ընկեր>> -ի ընկերություն անելու չափանիշը հայրենիքին ծառայելու չափն է: Սկզբունքը՝ <<Ո՛վ ավելին>>:

Ինքս հարցազրույցներով առիթ ունեցել եմ հանդես գալու թերթում և վստահության բաց ու անկեղծ մթնոլորտում ներկայացնելու իմ մտահոգությունները: Բարձր եմ գնահատում թերթի խմբագիր Ռուզաննա Մանուկյանի ջանքն ու նվիրումը, ով միայնակ կարողանում է կառավարել ընկերության <<Ընկեր>>-ապահպան գործունեությունը և հրապարակ հանել թերթի հերթական համարները:

Եթե ցանկություն հայտնելու հնարավորություն կա, կասեմ` ցանկալի է կայունացնել թերթի հրատարակության պարբերականությունը. շաբաթաթե՞րթ, երկշաբաթաթե՞րթ, թե՞ ամսաթերթ` ուրեմն միմիայն այդ հաջորդականությամբ: Եվ ապա` ցանկալի է բարելավել տպագրության որակը /թուղթը, լուսանկարների հստակությունը և այլն/, որովհետև <<Ընկեր>>-ի շուրջ համախմբված ընկերությունն արժանի է դրան:

Առաջիկա հաջողությունների բարեմաղթանքներով`

Դավիթ Գասպարյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

SHARE